Jump to content

Քսենոփոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսենոփոն
հուն․՝ Ξενοφών
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 430
ԾննդավայրԷրքիա
Մահացել էմոտ մ. թ. ա. 354
Մահվան վայրԿորինթոս, Պելոպոնես, Հունաստան
ՔաղաքացիությունՀին Աթենք
ԵրկերHiero?
Մասնագիտությունպատմաբան, վարձկան, փիլիսոփա, ռազմական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններստրատեգոս
ԵրեխաներGryllus?[1] և Diodorus?[2]
 Xenophon Վիքիպահեստում

Քսենոփոն (հին հունարեն՝ Ξενοφῶν, մոտ մ. թ. ա. 430, Էրքիա - մոտ մ. թ. ա. 354, Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան), հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ։ Նրա գրական ստեղծագործություններից առավել հայտնի են «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները, որոնք, ի թիվս այլ արժանիքների, եզակի տեղեկություններ են պարունակում Հայաստանի մ.թ.ա. VI-IVդդ. պատմության վերաբերյալ (երկու աշխատությունները թարգմանվել են հայերեն Սիմոն Կրկյաշարյանի կողմից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոկրատեսը և երիտասարդ Քսենոփոնը (հատված Ռաֆայելի «Աթենական դպրոց» որմնանկարից)

Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. Աթենքի մոտ գտնվող մի փոքր քաղաքում։ Սերվել է ազնվական ընտանիքից։ Երիտասարդ տարիներին նա մասնակցել է Կյուրոս Կրտսեր կողմից իր ավագ եղբոր՝ Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսես Երկրորդի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.։ Քսենոփոնը գրում է, որ երբ խորհուրդ է հարցրել Սոկրատեսից՝ արդյոք արժե ընդունել Կյուրոսի առաջարկությունը և մասնակցել այդ արշավանքին, Սոկրատեսը նրան խորհուրդ է տվել գնալ մի դելֆյան իմաստունի մոտ, իսկ վերջինս էլ նրան տվել է հետևյալ պատասխանը.

- Ընտրի´ր. թե որ աստծուն ես ուզում աղոթել, և զոհաբերություն արա այն բանի համար, որ նա հաջողությամբ ավարտի իր նպատակադրած արշավանքը։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին։ Քսենոփոնը, լինելով Թուկիդիդեսի երկրպագու, հանձն առավ շարունակել նրա՝ Պելոպոնեսյան պատերազմին նվիրված անավարտ «Պատմությունը»։ Քսենոփոնը այդ կատարեց «Հունաստանի պատմություն»-ում՝ «Հելլենականք» աշխատության մեջ, որն ունի պատմական մեծ նշանակություն։ Այս աշխատությունը իրենից ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի մասին Թուկիդիդեսի «Պատմություն» անավարտ աշխատության շարունակությունը և սկսվում է «Այս դեպքերից հետո» բառերով։ Երկը ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի վերջին 7 տարիները։ Այն բաղկացած է յոթ գրքից ու սկսվում է մ.թ.ա. 411 թ. դեպքերի շարադրությամբ և ավարտվում է մ.թ.ա. 362 թ. Մանտինեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտով, երբ բեովտացիների ու նրանց դաշնակիցների զորքերը ջախջախեցին սպարտացիներին։

Գրել է նաև «Հիշողություններ Սոկրատեսի մասին» երկը, որտեղ շարադրել է Սոկրատեսի փիլիսոփայական հայացքները՝ իր պատկերացմամբ, «Խնջույք» գործը՝ իբրև նախորդի լրացում, «Սոկրատեսի պաշտպանականը» փիլիսոփայական ուսումնասիրությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքական և գործնական բնույթի այլ գործեր։ Քսենոփոնը մեծապես սիրում էր իր հայրենի Աթենքը, սակայն չէր ընդունում նրա քաղաքական կարգը, որի պատճառով շատերը կարծում էին, որ նա օլիգարխ է։ Ավելի ուշ Քսենոփոնն արտաքսվել է Աթենքից, հավանաբար այն պատճառով, որ մասնակցել էր սպարտացի թագավոր Ագեսիլայոս Երկրորդի՝ Կոռոնեայում Աթենքի դեմ կատարած արշավանքին։ Քսենոփոնի մահվան թվականը և վայրը ստույգ հայտնի չէ։ Նա մահացել է կա´մ Կորնթոսում, կա´մ Աթենքում։ Ընդունված է, որ նա մահացել է մ.թ.ա. 354 կամ 355 թվականին։

Քսենոփոնը նաև գրել է տարբեր թեմաներով մի շարք մանր գործեր («Լակեդեմոնյան պոլիտեա», «Տնտեսության մասին», «Սոկրատական աշխատություններ»)։ Քսենոփոնի աշխատությունները, հատկապես «Անաբասիսը», առավելապես ընթերցվում են հունարենի սկսնակ ուսումնասիրողների կողմից։

Քսենոփոնը Հայաստանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։
- Քսենոփոն, «Անաբասիս»
Քսենոֆոնի արշավանքը մինչև Սև ծով
  • Քարտեզում պատկերված է Կյուրոս Կրտսերի վարձկան հույն զորամասերի արշավանքի երթուղին մ.թ.ա.401 - մ.թ.ա.400 թվականներին։ Հայաստանի սահմաններ մուտքն ու տեղաշարժի ուղղությունը մինչև Եփրատի ակունքներ համապատասխանում են ընդհանուր ընդունված կարծիքին։ Այդտեղից արդեն դեպի հյուսիս տեղաշարժը հանդիպել է մի շարք պատմաբանների քննադատությանը։ Հակոբ Մանանդյանն իր աշխատություններից մեկում մանրամասն անդրադառնում է Քսենոփոնի Հայաստանյան երթուղուն և առաջարկում սեփական տարբերակը։ Ակադեմիկոս Հ. Մանանդյանը, Հարպասոս գետը նույնացնելով Արաքսի հետ, գտնում է, որ Գյումնիաս քաղաքը, հետևաբար նաև սյութական (սկյութինների) երկիրը, գտնվում է այժմյան Շիրակում, Գյումրի քաղաքի հարևանությամբ[3]։

Փիլիսոփայական հայացքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
10 հզ ջոկատի ուղղին՝ ըստ Քսենոփոնի

Քսենոփոնի պատմափիլիսոփայական հայացքները իրենց արտացոլումն են գտել «Կյուրոպեդիա» աշխատությունում, որտեղ նկարագրել է Աքեմենյանների պետության հիմնադիր Կյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունը։ Այդ գործը բարոյախոսական քաղաքական վեպ է, որի գլխավոր հերոսը մարմնավորում է իդեալական միապետի կերպարը, որը դաստիարակված է Սոկրատեսի սկզբունքներով։ «Կյուրոպեդիան» համարվում է համաշխարհային գրականության մեջ առաջին պատմավեպը։ Երկն ունի նաև գեղարվեստական բարձր արժեք, ատտիկյան դասական լեզվի վառ օրինակ է։ «Կյուրոպեդիայի» տվյալները մ.թ.ա. 6-րդ դարերի Հայաստանի մասին համահունչ են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հետ։

Ընդհանուր տեղեկություններ Քսենոփոնի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում։ Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները։ Քսենոփոնը տևական ժամանակ ապրել և ստեղծագործել է Սպարտայում։ Մ. թ. ա. 401 թվականին եկել է Փոքր Ասիա և 10-հզ-անոց հույն վարձկանների հետ մասնակցել Կյուրոս Կրտսերի ապստամբությանը նրա եղբոր՝ Պարսից արքայի դեմ։ Պատերազմում Կյուրոսը պարտվել է և սպանվել։ Հայրենիք վերադառնալու համար հունական բանակի հետ Քսենոփոնը հարկադրված էր Սև ծովի ափերը նահանջել Միջագետքով ու Հայաստանով և իր տեսածը հետագայում նկարագրել է 7 գրքից բաղկացած «Անաբասիս» («Նահանջ բյուրոց») պատմահուշագրական երկում, որն անփոխարինելի սկզբնաղբյուր է հատկապես Հայաստանի հնագույն պատմության վերաբերյալ։ Գիրքը 1970 թվականին, Սիմոն Կրկյաշարյանի թարգմանությամբ, հրատարակվել է Երևանում։ Մ. թ. ա. 365–358 թվականներին Քսենոփոնը գրել է «Կյուրոպեդիա» («Կյուրոսի դաստիարակությունը») պատմափիլիսոփայական, բարոյախոսական-քաղաքական երկը՝ առաջին պատմավեպը համաշխարհային գրականության մեջ։ Այնտեղ նկարագրված են Աքեմենյանների տերության հիմնադիր Կյուրոս II Մեծի կյանքն ու գործունեությունը։ «Կյուրոպեդիա»-ում արժեքավոր տեղեկություններ կան մ. թ. ա. IV դարի կեսի Հայաստանի, հատկապես հայ-մարական և հայ-պարսկական փոխհարաբերությունների, երկրի ներքին կյանքի ու հասարակական հարաբերությունների մասին, որոնք հավաստվում են Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում։ Քսենոփոնի «Հելլեկանանք» աշխատությունը Պելոպոնեսյան պատերազմի (մ. թ. ա. 431–404 թվականներ) մասին Թուկիդիդեսի (մ. թ. ա. 460–400 թվականներ) անավարտ երկի՝ «Պատմության» շարունակությունն է։ Գրել է նաև «Հունական պատմություն», «Սոկրատեսյան ստեղծագործություններ» («Սոկրատեսի արդարացումը», «Հուշեր Սոկրատեսի մասին», «Խրախճան»), «Տնային տնտեսության մասին», «Հիերոն», «Լակեդեմոնական պետական կառուցվածքը» և այլ աշխատություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kirchner J. Gryllos 3 (գերմ.) // Kategorie:RE:Band VII,2 — 1912.
  2. Kirchner J. Diodoros 10 (գերմ.) // Kategorie:RE:Band V,1 — 1903.
  3. Հ.Հ. Մանանդյան - Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Երևան 1944 էջ 13-17
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենոփոն» հոդվածին։