Քյորմենդ (հունգարերեն՝ Körmend, գերմաներեն՝ Kirment, առավել հին անվանաձևը՝ Girmend[2]), քաղաք Հունգարիայի արևմտյան մասում՝ Վաշ կոմսություն-մարզում (մեդյեում); Գտնվում է մարզկենտրոն Սոմբատհեյից 25, Ավստրիայի հետ պետական սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը տրանսպորտային խոշոր հանգույց է, որտեղ խաչվում են երեք ուղղությամբ գնացող երկաթուղիներ (դեպի Սոմբատհեյ, Զալալյովյո և Ավստրիա) ու ավտոմայրուղիներ. E66-ը՝ Սեկեշֆեհերվար-Գրաց և E65-ը՝ Բրատիսլավա-Զագրեբ ուղղությամբ։ Քաղաքի հարավարևմտյան ծայրամասից սկիզբ է առնում Էրշեգ ազգային պարկը։
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1238 թվականին՝ որպես Curmend terra: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին հունգարական համբավավոր Բատյանի ազնվականական տոհմի ներկայացուցիչ իշխան Լասլո Բատյանի-Ստրատմանը, որ լայն ճանաչում ունեցող, հմուտ բժիշկ էր ու մարդասեր-բարեգործ, իր տոհմական դղյակի մի թևն ամբողջությամբ վերածել է հիվանդանոցի, որտեղ բոլոր կարիքավորները անվճար բուժում են ստացել նաև պատերազմից հետո։ Նրան անվանում էին «աղքատների բժիշկ»։ Կաթոլիկ եկեղեցին նրան ներառել է երանելիների դասի մեջ[4][5]։ Ներկայումս Բատյանիների տոհմական դղյակի սեփականատերը հունգարական պետությունն է։
Քյորմենդում գործող արտադրական ձեռնարկություններից հիշատակման է արժանի հատկապես կահույքի խոշոր ֆաբրիկան, որ պատկանում է ADA Möbelfabrik GmbH ընկերությանը։