Ծնվել է Ղարաքիլիսա քաղաքում։ 1905 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, 1912 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մի քանի տարի ապրել է Բաքվում, մասնակցել տեղի գրական-մշակութային կյանքին։ Բաքվում աշխատակցել է «Գործ» ամսագրին և «Բաքվի ձայն» թերթին, մասնակցել տեղի հայկ. համայնքի գրական-մշակութային կյանքին։
Գրական պրոցեսին բուռն մասնակցություն է ունեցել 1910-1920-ական թթ.՝ հիմնականում հանդես գալով մարքսիստական գրականագիտության դիրքերից։ Այս շրջանում է գրել «Ակամա Հերոստրատները» (1913), «Րաֆֆիի գեղարվեստական հայացքները» (1913), «Քննադատության իրավունքը» (1913), «Ռեալիզմը թատրոնում» (1913), «Ալեքսանդր Ծատուրյան» (1917), «Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ» (1933) և այլ հոդվածներ (մի մասը՝ «Գրասեր» կեղծանվամբ), որոնք կարևոր ներդրում են հայ գրականագիտության մեջ։ Րաֆֆու, Նալբանդյանի, Ծատուրյանի, Թումանյանի ստեղծագործություններին տրված Խանզադյանի բնութագրումները հայ գրականագիտական մտքի լավագույն արտահայտություններից են։
1921 թվականին հրավիրվել է Երևան, նշանակվել նորաստեղծ համալսարանի հասարակական ֆակուլտետի դեկան, ապա եղել է ռուս և անտիկ գրականության ամբիոնի վարիչ։ 1922 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, եղել է համալսարանի ռուս գրականության ամբիոնի վարիչը։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է Լենինի երկերի թարգմանությամբ։ Մահացել է 1935 թվականին Մոսկվայում, թաղվել է Երևանում, Կոմիտասի անվան պանթեոնում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 12)։