Ցավի ֆիզիոլոգիա
Ցավ, ֆիզիոլոգիական երևույթ, որն ունի պաշտպանական և նախազգուշացնող նշանակություն։
Ցավը կարող է լինել տհաճ, անտանելի և առաջանալ հյուսվածքների կամ որոշ ֆունկցիաների խանգարման հետևանքով։ Ցավի զգացողության շեմքը կախված է տարբեր գործոններից, ներառյալ՝ ազգային պատկանելիությունից, սեռից, ժառանգականությունից[1]։
Ներկայումս ցավի ամենատարածված բնորոշումն է Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի (International Association for the Study of Pain) կողմից տրվածը. ցավը տհաճ զգայական և հոգեհուզական զգացողություն է, որն առաջանում է հյուսվածքների իրական կամ հնարավոր վնասման դեպքում, կամ բնութագրվում է նման վնասվածքի շրջանակներում[2]։
Մյուս զգայնությունների համեմատությամբ ցավն առավել քիչ տեղեկատվություն է հաղորդում, սակայն այն ունի հզոր պաշտպանական նշանակություն[3]։
Ցավի բնութագրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցավը ոչ հաճելի սուբյեկտիվ զգացողություն է։
- Ցավն ուղեկցվում է անհատի հուզական վիճակի փոփոխմամբ և անհարմարավետության զգացողությամբ։
- Ցավն առաջացնում է վնասակար գործոնից խույս տալու ռեակցիա։ Սրա շնորհիվ հնարավորության դեպքում անհատը խուսափում է ցավային գրգռիչի ներգործող ազդեցությունից։
- Ցավի դեպքում առաջանում են ոչ յուրահատուկ ռեակցիաներ, որոնք ուղղված են օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։
Ցավի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ առաջացման բնույթի լինում է մարմնական և ընդերային։ Մարմնական ցավը լինում է մակերեսային (առաջանում է մաշկի, լորձաթաղանթների և ենթամաշկային ճարպային բջջանքի էքստերոռեցեպտորների դրդմամբ) և խորանիստ (առաջանում է ոսկրերի, մկանների, ջլերի, հոդերի պրոպրիոցեպտորների դրդմամբ)։
- Ըստ ընկալիչների տեսակի ցավը լինում է ներընկալչական (ինտերոցեպտիվային), արտաընկալչական (էքստերոցեպտիվային), պրոպրիոցեպտիվային։
- Ըստ կլինիկական բնույթի ցավը լինում է նոցիգենային, նեյրոգենային[4][5] և հոգեծին (պսիխոգենային)։ Նոցիգենային ցավն առաջանում է նոցիցեպտորների դրդման դեպքում։ Նեյրոգենային ցավն առաջանում է կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի վնասման դեպքում և կապված չէ նոցիցեպտորների դրդման հետ։ Պսիխոգենային ցավն անմիջական կապ չունի օրգանների ախտահարման հետ և հիմնականում հանդիպում է ընկճախտի, անհանգստության, ֆոբիաների և այլնի ժամանակ[6]։
- Ըստ առաջացման և երկարատևության լինում է սուր և քրոնիկական։
- Ըստ ցավային զգացողության տեղակայման ցավը լինում է տեղային (առաջանում է վնասող գործոնի ազդման տեղում) և ճառագայթված (առաջանում է ախտահարված օջախից հեռու գտնվող տեղում)։
- Ըստ տարածման արագության լինում է արագ և դանդաղ։ Արագ ցավը սուր է, տեղակայված, արագ վերանում է, հիմնականում պայմանավորված է A-դելտա նյարդաթելերի դրդմամբ, ունի նախազգուշացնող նշանակություն։ Դանդաղ ցավը պայմանավորված է C նյարդաթելերի դրդմամբ։ Այն վատ է տեղայնացված, բութ բնույթի է, գաղտնի շրջանը 0,5-1 վրկ է, հաջորդում է առաջնային ցավին[7][8]։
Ցավի յուրահատուկ դրսևորումներից է ֆանտոմային ցավը։
Ցավային ընկալիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցավային ընկալիչները՝ նոցիցեպտորները (լատ. nocere - քայքայել) զգացող նյարդաթելերի ազատ վերջույթներ են։ Նոցիցեպտորները հանդիպում են ողջ օրգանիզմում, բացառությամբ՝ գլխուղեղի։ Նրանք հատկապես շատ են տարածված մաշկում և ավելի քիչ՝ ներքին օրգաններում[9]։ Հիմնական ցավային ընկալիչները (նոցիցեպտորներ) երկուսն են.
- A-դելտա նյարդաթելեր - միելինապատ են, հաղորդում են մինչև 20 մ/վրկ արագությամբ, պատասխանատու են արագ ցավի առաջացման համար[10]
- C նյարդաթելեր - հաղորդում են 0,5-2 մ/վ արագությամբ, պատասխանատու են դանդաղ ցավի առաջացման համար[11]։
Ցավի հաղորդող ուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցավի վերընթաց հաղորդող ուղին հիմնականում եռնեյրոնային է։ Պարանոցից, իրանից և վերջույթներից ցավային ազդակները կենտրոնական նյարդային համակարգ են մտնում ողնուղեղային նյարդերով։ Երկրորդ կարգի նեյրոնների մարմինները տեղակայված են ողնուղեղի հետին եղջյուրների գորշ նյութում, իսկ երրորդ կարգի նեյրոններինը՝ տեսաթմբում։ Գլխի հատվածից ցավային ազդակները հիմնականում հաղորդվում են եռորյակ նյարդով[12][13]։
Նոցիցեպտորները ողնուղեղ են մտնում ողնուղեղի հետին արմատիկներով։ Ողնուղեղով ցավային ազդակները հաղորդվում են երկու ուղիներով՝ նեոսպինոթալամիկ և պալեոսպինոթալամիկ[14]։
Նեոսպինոթալամիկ ուղիով ազդակները ուղիով հասնում են տեսաթումբ և սինապսներ առաջացնում երրորդ կարգի նեյրոնների հետ։ Վերջիններիս աքսոններն ուղղվում են գլխուղեղի կեղևև։ Այս ուղին պատասխանատու է արագ ցավի ընկալման համար։ Պալեոսպինոթալամիկ ուղին ավելի տարածական ազդեցություն ունի, ավարտվում է միջին ուղեղի և վարոլյան կամրջի ցանցանման գոյացությունում, տեսաթմբում, ենթատեսաթմբում և լիմբիական համակարգում, որոնք պատասխանատու են ցավի ժամանակ անհատի վարքի, հույզերի, ինչպես նաև վեգետատիվ ֆունկցիաների և հորմոնային մակարդակի փոփոխման համար։ Միաժամանակ, ազդակներն ուղղվում են նաև միջին ուղեղի հարջրածորանային գորշ նյութ, որը մեծ դեր է խաղում հակացավային զգացողության կարգավորման գործում։ Այս ուղով հիմնականում հաղորդվում են C նոցիցեպտորներում ծագած ազդակները[15]։
Ցավի դարպասային ղեկավարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցավի դարպասային ղեկավարումը օրգանիզմում հակացավային համակարգերից է։ Հայտնի է, որ մաշկի որոշակի հատվածների շփումը փոքր-ինչ մեղմացնում է ցավը։ Պատճառն այն է, որ շոշափելիքի Aβ նյարդաթելերով ընթացող ազդակները դրդում են ողնուղում տեղադրված արգելակիչ նեյրոններին, որոնք արգելակում են ցավային երկրորդ կարգի նեյրոններին և թուլացնում ցավը։
Ընդերային ցավի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին օրգանների ցավի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ցանկացած գրգռիչ, որը գրգռում է ներքին օրգանների ցավային վերջույթները։ Նման գրգռիչներից է իշեմիան, հարթ մկանների սպազմը, խոռոչային օրգանների գերձգումը և այլն։ Որոշ ներքին օրգաններ համարյա անզգայունակ են ցավի նկատմամբ, օրինակ՝ լյարդը, թոքաբշտերը։ Սակայն լյարդի պատիճը, լեղածորանները, բրոնխները, թոքամզի ընդերային թերթիկը խիստ զգայուն են ցավի նկատմամբ։ Ընդերային ցավը սովորաբար վատ է տեղակայված, ուղեկցվում է ճառագայթված ցավերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bonham VL. Race, ethnicity, and pain treatment: striving to understand the causes and solutions to the disparities in pain treatment . J Law Med Ethics. 2001;29(1):52–68. PMID 11521272
- ↑ International Association for the Study of Pain: Pain Definitions [Retrieved 10 Sep 2011]. "Pain is an unpleasant sensory and emotional experience associated with actual or potential tissue damage, or described in terms of such damage" Derived from Bonica JJ. The need of a taxonomy. Pain. 1979;6(3):247–8. doi:10.1016/0304-3959(79)90046-0 . PMID 460931
- ↑ Lynn B. Cutaneous nociceptors . In: Winlow W, Holden AV. The neurobiology of pain: Symposium of the Northern Neurobiology Group, held at Leeds on 18 April 1983. Manchester: Manchester University Press; 1984. ISBN 0-7190-0996-0. p. 106.
- ↑ Treede RD, Jensen TS, Campbell JN, Cruccu G, Dostrovsky JO, Griffin JW, Hansson P, Hughes R, Nurmikko T, Serra J. Neuropathic pain: redefinition and a grading system for clinical and research purposes . Neurology. 2008;70(18):1630–5. doi:10.1212/01.wnl.0000282763.29778.59 . PMID 18003941
- ↑ Paice JA. Mechanisms and management of neuropathic pain in cancer . J. Support Oncol.. 2003;1(2):107–20. PMID 15352654
- ↑ "Psychogenic pain - definition from Biology-Online.org" Biology-online.org. Retrieved 2008-11-05.
- ↑ Merskey H & Bogduk N. Classification of Chronic Pain. 2 ed. Seattle: International Association for the Study of Pain; 1994. ISBN 0-931092-05-1. p. 3 & 4.
- ↑ Woolf CJ, Bennett GJ, Doherty M, Dubner R, Kidd B, Koltzenburg M, Lipton R, Loeser JD, Payne R, Torebjork E. Towards a mechanism-based classification of pain?. Pain. 1998;77(3):227–9. doi:10.1016/S0304-3959(98)00099-2 . PMID 9808347
- ↑ Woolf CJ, Ma Q (August 2007). "Nociceptors--noxious stimulus detectors". Neuron 55 (3): 353–64. doi:10.1016/j.neuron.2007.07.016 . PMID 17678850
- ↑ Marchand S. Applied pain neurophysiology. In: Beaulieu P, Lussier D, Porreca F & Dickenson A. Pharmacology of pain. Seattle: International Association for the Study of Pain Press; 2010. ISBN 978-0-931092-78-7. p. 3–26.
- ↑ Skevington S. Psychology of pain. New York: Wiley; 1995. ISBN 0-471-95771-2. p. 9.
- ↑ Skevington, S. M. (1995). Psychology of pain. Chichester, UK: Wiley. p. 18. ISBN 0-471-95771-2.
- ↑ "Pain Pathway" . Webcache.googleusercontent.com. Retrieved 24 July 2010.
- ↑ Romanelli P, Esposito V. The functional anatomy of neuropathic pain. Neurosurg. Clin. N. Am.. 2004;15(3):257–68. doi:10.1016/j.nec.2004.02.010 . PMID 15246335
- ↑ Melzack, R; Wall, PD (1996). The challenge of pain (2 ed.). London: Penguin. pp. 22–23. ISBN 978-0-14-025670-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Pathophysiology of Pain Արխիվացված 2012-09-11 Wayback Machine
- The Pathophysiology of Pain Արխիվացված 2013-09-22 Wayback Machine
- Pain and pain pathway
- The role of the nervous system in the experience of chronic pain Արխիվացված 2014-07-30 Wayback Machine
- Pain and how you sense it
- Physiology of pain Արխիվացված 2017-08-09 Wayback Machine
- Физиология боли. Современные концепции и механизмы. Обзор иностранной литературы
- АНАТОМИЯ И ФИЗИОЛОГИЯ БОЛИ
- Анатомия и физиология боли Արխիվացված 2015-01-28 Wayback Machine