Ողնուղեղային նյարդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողնուղեղային նյարդեր (լատ.՝ nervi spinales), ողնուղեղից սկիզբ առնող, կարճ՝ մինչև 2 սմ երկարությամբ նյարդեր։ Դրանցից յուրաքանչյուրն առաջանում է ետին կամ զգացող և առաջային կամ շարժիչ արմատներից, որոնք միանալով կազմում են ողնուղեղային խառը նյարդը։ Զգացող նյարդարմատի ճանապարհին՝ առաջային և ետին նյարդարմատների միացման տեղին մոտ, գտնվում է միջողնային հանգույցը։

Ողնուղեղային նյարդ

Ողնուղեղային խառը նյարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուրաքանչյուր ողնուղեղային խառը նյարդ, միջողնային անցքով դուրս գալուց հետո, բաժանվում է չորս ճյուղի՝ ետին, ուղեղապատյանային, ընդերային և առաջային։ Ետին ճյուղերը նյարդավորում են ծոծրակի մաշկը, պարանոցի և իրանի ետին երեսի մկաններն ու մաշկը։ Ուղեղապատյանային ճյուղերը կարճ և բարակ են, միջողնային անցքերով անցնում են ողնաշարի խողովակ և նյարդավորում ողնուղեղի պատյանները։ Ընդերային ճյուղերը միանում են սիմպաթիկ ցողունի հանգույցներին և նյարդավորում օրգանները։ Առաջային ճյուղերից ծագող նյարդերը նյարդավորում են պարանոցի, իրանի փորային երեսի և վերջույթների մկաններն ու մաշկը։

Ողնուղեղային նյարդերի քանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղային նյարդերը 31 զույգ են․ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբոսկրային՝ 5 և պոչուկային՝ 1։ Պարանոցային, գոտկային, սրբոսկրային և պոչուկային նյարդերի առաջային ճյուղերը կազմում են պարանոցային, բազկային և գոտկա-սրբոսկրա-պոչուկային հյուսակներ։ Կրծքային նյարդերի առաջային ճյուղերը հյուսակ չեն կազմում, այլ շարունակվում են որպես միջկողային նյարդեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 614 CC-BY-SA-icon-80x15.png