Վրոցլավի ազգային թանգարան (լեհ.՝ Muzeum Narodowe we Wrocławiu), ազգային թանգարան Վրոցլավում։ Հիմնադրվել է 1947 թվականին, համարվում է Լեհաստանի ազգային թանգարանի համակարգի գլխավոր մասնաճյուղերից մեկը։ Թանգարանում ներկայացված է երկրի ժամանակակից արվեստի ամենամեծ հավաքածուն[1]։
Վրոցլավի թանգարանի հավաքածուն սերտորեն կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կենտրոնական Եվրոպայի սահմանային տեղաշարժերով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Խորհրդային Միության կողմից Լեհաստանի երկրորդ հանրապետության արևելան հատվածի բռնակցումից հետո Լեհաստանի արվեստի հավաքածուների մեծ մասը տեղափոխվեցին ԽՍՀՄ-ին միավորված քաղաքներից, այդ թվում Լվովից, Կիևից[2]։ 1946 թվականին տեղափոխված մշակութային ժառանգությունը ներառում էր 17-19-րդ դարերի լեհական և եվրոպական կտավներ։ 1948 թվականին նոր վայրում բացված լեհական կտավների Վրոցլավի պատկերասրահը ներառում էր յուրացված թանգարանների ազգային գանձերը և խորհրդանշական իմաստ ուներ՝ մարդկանց հիշեցնելով, որ իրենք կրկին ապրում են Լեհաստանում[1]։
Թանգարանի մուտքը կիրակի օրերին անվճար է։ Տարբեր հարկերում տեղավորված չորս բաժիններում ներկայացված թանգարանի մշտական ցուցադրությունը բաժանվում է ըստ արվեստի ժամանակաշրջանների և պատմական դարաշրջանների։ Ամենահին հավաքածուն «12-16-րդ դարերի սիլեզյան արվեստն է», որը ներկայացնում է սիլեզյան իշխանների գերեզմանները և Լեհաստանի միջնադարյան մշակույթի ամենաարժեքավոր գործերը։ Երկրորդ բաժնում ներկայացված է «16-19-րդ դարերի սիլեզյան արվեստը»՝ սիլեզյան վերածննդից մինչև ռոմանտիզմի շրջանի քանդակներ, կտավներ, դեկորատիվ արվեստի նմուշներ։ Հաջորդը «17-19-րդ դարերի լեհական արվեստի» բաժինն է, որտեղ ներկայացված են լեհական բարոկկոյի դիմանկարներ, այդ թվում Մարչելլո Բաչչարելլիի, Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի աշխատանքներից։ «17-19-րդ դարերի Եվրոպական արվեստ» բաժնում ներկայացված են Պիտեր Բրեյգել Կրտսերը, Անոլո Բրոնզինոն, Կոզիմո Ռոսսելին, Ջովաննի Սանտին, Լուկաս Կրանախ Ավագը, Պարիս Բորդոնեն, Ֆրանս Ֆլորիսը, Օզիաս Բեերտը, Յան Ֆրանս վան Բլումեն, Ֆրանսիսկո Սուրբարանը, Լովիս Կորինտը, Էլիզաբեթ Վիժե լը Բրոնը, Վասիլի Կանդինսկին[3]։
Բացի այս ցուցադրությունները, թանգարանն ունի նաև «20-րդ դարի լեհական արվեստ» հավաքածուն, որտեղ ներկայացված են արվեստագետներ Տադեուշ Մալկովսկին, Ստանիսլավ Վիտկևիչը, Վլադիսլավ Ստրժեմինսկին, Հենրիկ Ստաժևսկին, Ալինա Շապոչնիկով, Տադեուշ Կանտորը, Եժի Նովոսելսկին, Յուզեֆ Շայնան, Մագդալենա Աբականովիչը։ Թանգարանի վերանորոգված ձեղնահարկում 2011 թվականի սեպտեմբերին բացվել է «Ժամանակակից արվեստի նոր պատկերասրահը»[4]։
↑ 1,01,1Iwona Gołaj, Grzegorz Wojturski (2006). «The National Museum in Wrocław. History». Muzeum Narodowe we Wrocławiu. Przewodnik (Polish and English). Muzeum Narodowe we Wrocławiu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Ewa Likowska (2010). «Wędrówka do Rosji». Odzyskiwanie zabytków (Polish). Tygodnik PRZEGLĄD, 40/2001. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)