1920-1922 թվականներին, որպես հայկական ժողովրդական պարերի պարուսույց, աշխատել է հայազգի պրոֆեսոր Վ․ Էտարյանիի պարի դպրոցում (Թիֆլիս), միաժամանակ ավարտել (1922) Վրաստանի Լուսժողկոմատին կից պարերի դասատուների հատուկ դպրոցը (ղեկավար՝ իտալացի բալետմայստեր Ա. Ֆ. Ինոչենցի)։ 1922 թվականին կազմակերպել է Վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչ և դասատու, նաև՝ Վրաստանի պետական օպերայի և բալետի արտիստ։ 1924 թվականին հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան), որը ղեկավարել է մինչև 1932 թվականը։ Նույն ստուդիայում 1925 թվականին կազմակերպել է հայկական ազգագրական պարերի անսամբլը, որ նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ (որպես հայկական ու կովկասյան պարերի լավագույն մենակատար) առաջին մրցանակներ է շահել Համամիութենական սպարտակիադայում (1928, Մոսկվա) և Անդրկովկասի առաջին օլիմպիադայում (1934, Թբիլիսի)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 62)։