Երևանի պարարվեստի պետական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի պարարվեստի պետական քոլեջ
Տեսակքոլեջ և պարարվեստ
Հիմնադրված է1924
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Բայրոնի 5

Երևանի պարարվեստի ուսումնարան, Yerevan State Choreographic college, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, հիմնադրվել Է 1924 թվականին, Երևանում՝ որպես պարարվեստի պետական ստուդիա։ Հիմնադիրն էր Վ. Արիստակեսյանը։ 1937 թվականից պարարվեստի ուսումնարան (գեղարվեստական ղեկավար՝ Զ. Մուրադյան, 1940-1944 թվականներին՝ Մ. Ֆ. Մոիսեև)։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում է 10-ամյա հանրակրթական ուսուցմամբ, հայկական ժողովրդական պարերի բաժնով (1957-1960 թվականներին՝ ղեկավար Ա. Ղարիբյան, 1960 թվականից՝ Ն. Խաչատրյան)։ 1939 թվականին և 1956 թվականին ուսումնարանը մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի տասնօրյակներին։

1960-ական թթ. դասական պարի ուսուցման գործում մեծ ավանդ են ներդրել ՀՀ վաստակավոր ուսուցիչներ Դ. Գացինան, Ա. Բոգանկովան։ 1985 թվականին պարարավեստի ուսումնարանի սաների ուժերով Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը և հաստատվել օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում։ Ուսումնարանի սաները հաջողությամբ ելույթներ են ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Պերմում, Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում և այլուր։ Պարարվեստի ուսումնարանը պատրաստում է պարողներ և մասնագետ ղեկավարներ օպերայի և բալետի թատրոնի, պարի, երգի և պարի ու պետական այլ համույթների, ինքնագործ խմբերի համար։ Սովորում են նաև սփյուռքահայ ուսանողներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի զարգացման ուղին Հայաստանում ճիշտ ըմբռնելու համար անհրաժեշտ է ըստ արժանվույն գնահատել Երևանի պարարվեստի ուսումնարանի մեծ դերը, քանզի այն պրոֆեսիոնալ պարային մշակույթի առաջին օջախն էր մեր երկրում, որի ծնունդը մոտ 10 տարով առաջ ընկավ օպերայի և բալետի թատրոնից։ Սակայն անգամ երաժշտական թատրոնի ստեղծումից հետո միայն դպրոցը կարող էր վերածել հայկական բալետը իսկապես «հայկականի»` դարձնելով վերացական գաղափարը ճշգրիտ իրականություն, այսինքն` մատակարարել հայ պարողների, բալետմեյստրների և պարուսույցների ազգային կադրեր։ 1922 թվականին Խորհրդային Հայաստանը ընդամենը 2 տարեկան էր, սակայն արդեն նախաձեռնում էր քայլեր պետական պարային կրթօջախ ստեղծելու համար։ Լուսավորության նարկոմ Ա.Մռավյանը բանակցություններ էր վարում Վահրամ Արիստակեսյանի հետ՝ վերջինիս Երևան աշխատանքի հրավելու նպատակով։ Մարիա Պերինիի ստուդիայի շրջանավարտ, Թիֆլիսի պետբալետի մենակատար Վ. Արիստակեսյանը համաձայնեց, և 1924 թվականին Երևանում հայտարարվեց ընդունելություն խորեոգրաֆիկ ստուդիայում։ Ազդագրերը տեղեկացնում էին, որ Հայաստանում բացվում է «պլաստիկայի և բեմական, արևելյան, բնորոշ, կովկասյան, եվրոպական պարերի» դպրոց։ Սկզբնաշրջանում պարարվեստի պետական ստուդիան զբաղեցնում էր մի համեստ սենյակ (26քմ2), որտեղ ուսանում էին 60 սովորող։ Քանակակազմը ընդգրկում էր տարբեր տարիքային խմբեր. երեխաների կողքին սովորում էին մեծահասակները։ Ստուդիան բաղկացած էր նախապատրաստական երեք խմբերից, որոնք նախատեսված էին 5-10 տարեկան երեխաների համար, և չորսամյա կրթությամբ պարարվեստի դպրոցից, որտեղ ուսանում էին 10-15 տարեկան աշակերտներ։ Ստուդիայում ուսումնասիրում էին տարբեր ազգերի պարեր, պլաստիկա, եվրոպական պարարհանդեսային պարեր, թատրոնի և զգեստի պատմության հիմունքներ, պարի մեթոդաբանություն և պատմություն, շարժումների ֆիզիոլոգիա։ Դասական պարը ընդգրկված էր պարտադիր ուսումնական ծրագրում, սակայն հիմնական առարկա չէր հանդիսանում և ծառայում էր մասնագիտական ունակությունների զարգացման միջոց։ 1926 թվականից ստուդիան պարբերաբար հանդես էր գալիս համերգներով, որոնց ծրագիրը բաղկացած էր ժողբնորոշ, հայկական և դասական (կիսամատների վրա) պարերից։ 1926 թվականին Երևանում կայացավ Դելիբի «Կոպելիա» բալետի պրեմիերան, որի բեմադրությունը իրագործել էր պարարվեստի ստուդիան։ Բալետում օգտագործված չէր պուանտների կանացի դասական տեխնիկան։ Աշակերտների անհրաժեշտ ունակությունների բացակայությունը աղքատացրել էր խորեոգրաֆիկ տեքստը։ Սակայն ինքը՝ փաստը` առաջին բալետային ներկայացման բեմադրությունը Հայաստանում, ուշագրավ էր։ 1927 թվականի նոյեմբերին Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակին նվիրված տոնակարությունների օրերին Մոսկվայում Գեղարվեստական գիտությունների պետական ակադեմիան կազմակերպվել էր ԽՍՀՄ ժողովուրդների ցուցահանդես, որի համերգներին մասնակցեց նաև Երևանի պարարվեստի ստուդիան։ 1927 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայի Միությունների տան Երկնագույն սրահում ստուդիացիները հանդես եկան համերգային ծրագրով, որը լիովին բաղկացած էր հայկական ժողովրդական պարերից և ընդգրկում էր ազգագրական նմուշներ հանրապետության տարբեր շրջաններից։ Փաստորեն իր գոյության առաջին տարիներին Արիստակեսյանի ստուդիայի հիմնական խնդիրը հայկական ժողովրդական պարի մասնագիտացումն էր և նրա լավագույն նմուշների փրկությունը մոռացությունից։ Երևանում դասական ուղղվածության պարարվեստի դպրոց ստեղծելու մասին այդ տարիներին կարելի էր միայն երազել։ Նման նախաձեռնության համարձակությունը ավելի ակնհայտ էր, քան դրա անհրաժեշտությունը։ Բանն այն է, որ 20-ական թվականներին պրոֆեսիոնալ երաժշտական թատրոն իր բալետային խմբով Հայաստանում չկար։ Այնինչ նման կոլեկտիվի ստեղծումը, փոխադարձ կապի օրենքից ելնելով, կպահանջեր դպրոցից կատարողներ և բալետմեյստերներ թատրոնի գործունեությունը ապահովելու համար։ 1927 թվականին Երևանում բացվեց Ռիթմի և պլաստիկայի ստուդիա Աննա Դուրինյանի և Հասմիկ Սիրունյանի ղեկավարությամբ; Նրանք ավարտել էին Դելսարտի սկզբունքներով գործող Հազարապետյանների նմանատիպ հաստատությունը Թբիլիսիում; 1920-ական թվականներին ստուդիական շարժումը ողողել էր Մոսկվան և Պետերբուրգը, որտեղ մեկը մյուսի հետևից հայտնվում էին ժամանակակից ուղղություններ՝ դունկանիզմից և ռիթմոպլաստիկայից մինչև ակրոբատիկ պար և ուրիշ նորույթներ քարոզող ստուդիաներ։ Դրանց միավորում էր ժխտողականությունը անցած դարաշրջանների բալետային մշակույթի հանդեպ, նոր ոճային ուղղություն և զգացմունքայնության պլաստիկ արտահայտություն ստեղծելու ձգտումը։ Մոդայիկ երևույթներին տուրք տվեց նաև Երևանի ռիթմի և պլաստիկայի ստուդիան; Սակայն այն իր առջև չէր դնում ամպագոռգոռ էսթետիկ ծրագրեր, այլ լուծում էր ավելի համեստ խնդիրներ՝ զբաղվելով երեխաների դաստիարակությամբ, զարգացնելով նրանց ռիթմի զգացումը և ֆիզիկական պատրաստվածությունը։ 1930 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 10-ը կայացավ Հայկական արվեստի առաջին օլիմպիադան, որը նվիրված էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տասնամյակին։ Մեծածավալ համերգային ծրագրերով հանդես եկան Երևանի պարարվեստի դպրոցները` հոկտեմբերի 7-ին` Վ.Արիստակեսյանի, իսկ դեկտեմբերի 8-ին` Ա.Դուրինյանի ստուդիաները։ Այդ հաշվետու ելույթներից հետո ծագեց գաղափար` միաձուլել երկու դպրոցները՝ ստեղծելով մեկ կրթօջախ։ 1930 թվականին կազմավորվեց Երևանի ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի պետական տեխնիկումը։ Մեկ տարի անց ֆիզկուլտուրան անջատվեց, և տեխնիկումը դարձավ խորեոգրաֆիկ:Նոր ուսումնական հաստատությունը ղեկավարելու համար Թբիլիսիից հրավիրվեց հայտնի պարագետ Սրբուհի Լիսիցյանը։ 1933 թվականին կատարվեց պատմական իրադարձություն, որը հայ մշակույթի համար ունեցավ բացառիկ նշանակութուն և դարձավ շրջադարձային Պարարվեստի տեխնիկումի կյանքում. հունվարի 20-ին բացվեց Օպերայի և բալետի պետական թատրոնը։ Բալետային թատրոնի ձևավորումը թելադրում էր խորեոգրաֆիկ կրթության զարգացման հիմնական ուղղությունը Հայաստանում՝ դասական պարի աներկբա առաջնություն։ Այդ պատճառով շուրջ 10 տարի դեսուդեն ընկնելուց հետո, շեղվելով դեպի ֆոլկլոր, ռիթմիկա, պլաստիկա, անգամ մարմնամարզություն և ֆիզկուլտուրա, Երևանի պարարվեստի ուսումնարանը (1937-1938 ուստարվանից տեխնիկումը վերանվանվեց ուսումնարանի) հաստատվեց դասական դպրոցի ամուր հիմքի վրա։ Դասական պարի դասավանդումը կատարելագործելու նպատակով դպրոց հրավիրվեց Ալ.Սպենդիարյանի անվան թատրոնի բալետայի խմբի առաջատար մենակատարների մի ամբողջ խումբ՝ Լ.Վոյնովա-Շիկանյան, Ռ.Թավրիզյան, Ս.Սարկիսով, Զ.Մուրադյան, Վ.Ֆոմիչովա և այլք։ Նրանք ժամանել էին Երևան Մոսկավայի և Լենինգրադի դպրոցները ավարտելուց և մայրաքաղաքների թատրոններում աշխատելուց հետո։ Տիրապետելով Մոսկվայի և Լենինգրադի դպրոցի գաղտնիքներին՝ նրանք կարողացան դնել Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական կողմնորոշման հիմնաքարը։ Այսպիսով, նախկին Միությունում ստեղծվեց դասական պարի միասնական ռուսական դպրոցը, որի ներքո հետզհետե ձևավորվում էր հայկական ազգային բալետային արվեստը, քայլ առ քայլ հասունանու էին տղամարդկանց կատարողական դպրոցի առանձնահատկությունները՝ բնածին շռայլ պլաստիկ օժտվածություն, խորեոգրաֆիկ գործողության գեր էմոցիոնալ ընկալում և արտահայտում, տղամարդկային ուժը ընգծող չափազանցված բեմական խառնվածք։ Կարելի է ասել՝ Երևանի պարարվեստի պատմության նախնական՝ կազմավորման և ինքնորոշման փուլը, ավարտվեց 1941թվականին՝ դասական բաժնի առաջին շրջանավարտներ տալու հետ։ Ավարտական դասարանի ուսուցիչներն էին Լ.Վոյնովա-Շիկանյանը, Կ. Սալնիկովան, Ս.Սարկիսովը, Մ.Մոիսեևը (1940-44 թվականներին ուսումնարանի գեղարվեստական ղեկավար)։ Ուսումնարանը կրկին անդրադարձավ Լեո Դելիբի «Կոպելիա» բալետին, որի բեմականացումը իրագործեց Միխայիլ Մոիսեևը, իսկ գլխավոր դերերը կատարեցին Թերեզա Գրիգորյանը և Ազատ Ղարիբյանը (հետագայում ՀՀ ժողովրդական արտիստներ)։ Բեմադրության մեջ վերջապես օգտագործված էր մատների վրա կանացի պարի դասական տեխնիկան։ Չնայած խորեոգրաֆիկ կրթության տարեգրությունը Հայաստանում սկսվում է 1924 թվականից, կարելի է համարել, որ բալետային դպրոցը Երևանում ծնվեց այն օրը,երբ նրա աշակերտուհիները կանգնեցին մատների վրա։ 1940-50-ական թվականները ուսումնարանի ստեղծագործական կյանքում կազմեցին ինքնահաստատման շրջան, երբ զանազան հաջող և անհաջող փորձերից հետո ի հայտ եկան առաջին նվաճումները, և հիմնադրվեց այն խարիսխը, որն ապահովեց հայկական դպրոցի և բալետի ծաղկման շրջանը հաջորդ 30 տարիների ընթացքում։ Ամենահրատապ խնդիրներից մեկը ուսումնարանում բարձրակարգ մասնագետ-պարուսույցներ ներգրավելն էր։ Ուսումնարանի ղեկավարությունը (տնօրեն՝ Ա.Կարատով, գեղարվեստական ղեկավար՝ Ա.Դուրինյան), ձգտելով հայկական բալետը ապահովել կատարողների և մանկավարժների ազգային կադրերով, ամեն տարի տաղանդավոր շրջանավարտներին ուղարկում էր Մոսկվա և Լենինգրադ կատարելագործվելու նպատակով։ Հետագայում այդ նախաձեռնությունը շարունակվեց։ Վերադառնալով Հայաստան՝ երիտասարդ պարուսույցները ոչ միայն աշխատում էին մեծ խանդավառությամբ, այլև կրկնապատկում էին մասնագիտական պահանջները և՛ իրենց, և՛ աշակերտների հանդեպ։ Այսօր այդ կապը, ավաղ, խզվել է։ Հարցը միայն նյութական պատճառները չեն (ֆինանսական տեսակետից ուսումը Մոսկվայի կամ Պետերբուրգի բալետային ակադեմիաներում մատչելի չէ հասարակ մահկանացու օտարերկրացու համար)։ Մեր օրերում շնորհալի երիտասարդների համար բաց են ճանապարհները դեպի աշխարհի ցանկացած հեղինակավոր դպրոց, բայց, որպես օրենք, ուսումը ավարտելուց հետո բոլորը գերադասում են շարունակել բեմական կյանքը օտարության մեջ։ Քչերին է գրավում ազգային բալետի վերածննդի գաղափարը։ 1940-ական թվականներին Ալ.Սպենդիարյանի անվան թատրոնի բալետային խումբը համալրվեց տաղանդաշատ պարողներով, որոնց բախտ էր վիճակվել կարևոր դեր խաղալ հայկական բալետի ճակատագրում հաջորդ երկու տասնամյակների ընթացքում։ Նրանց մի մասը ավարտել էր Երևանի պարարվեստի ուսումնարանը՝ Վանուշ Խանամիրյան, Ֆրունզե Ելանյան, Սիլվա Մինասյան, մյուսը ժամանել էր Լենինգրադից՝ Լյուդմիլա Սեմանովա, Վիկտոր Բորիսով, Իրինա Ուշակովա։ Լենինգրադի դպրոցի շրջանավարտները միանգամից ներգրավվեցին ուսումնարանի ստեղծագործական կյանքում։ Սեմանովան դասավանդում էր դասական պար, իսկ Բորիսովը հիմնադրեց «Ժողբնորշ պար» առարկայի դասավանդման սկզբունքները; Ժողովրդական պարը մշտապես եղել է Խորհրդային պարարվեստի գերակայող ուղղություններից մեկը։ Չէ՞ որ այն ներդաշնակ էր «ինտենացիոնալիզմի» սիրված գաղափարի հետ։ 1936 թվականին՝ Մոսկվայում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների պարերի առաջին փառատոնից մեկ տարի անց, ստեղծվեց Իգոր Մոիսեևի աշխարհահռչակ անսամբլը։ Ենթադրաբար հենց այդ ստուգատեսի ժամանակ Ագրիպինա Յակովլևնա Վագանովան ծանոթացավ հայկական պարերի հետ, որոնց մասին հետագայում արտահայտվեց հիացական։ 1948 թվականին Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում կատարվեցին մեծ փոփոխություններ «ժողբնորոշ պար» առարկայի ծրագրում։ Որոշվեց հատուկ ուշադրություն դարձնել ԽՍՀՄ ժողովուրդների պարային մշակույթին։ Ուրույն ոճ ունեցող յուրահատուկ բարդ պարերը, որոնց թվում նաև` հայկականը, առանձնացվեցին որպես առարկայի ինքնուրույն ճյուղեր։ Մոսկվայում կազմակերպվեցին սեմինար պարապմունքներ։ Դրանց ընթացքում պարուսույցները կարող էին մանրամասնորեն ուսումնասիրել ազգագրական նյութը, նրա մշակման եղանակները և բալետային բեմի համար կիրառելի նոր որակ ստանալու մեթոդները։ Նյութի վերածումը չէր կարող դիպչել պարի ազգային ինքնատիպությանը; Այս գործընթացը իրականացնելու համար հրավիրվում էին մասնագետներ հանրապետություններից։ Հայաստանը` որպես խորհրդատու, ներկայացնում էր Իլյա Արբատովը, և հայկական ժողովրդական պարի դասարանները համարվեցին ցուցադրական։ Հայկական պարի մասին Վագանովան գրել է. «Հայաստանի ժողովրդական արվեստը մշտապես գրավել է ինձ բարձր մշակութային արժեքներով, գեղարվեստական նրբագեղությամբ և ստեղծագործական բովանդակության հարստությամբ։ Հայ ժողովուրդը, որը աչքի է ընկել մեծանուն բանաստեղծներով և գեղանկարիչներով, իսկական արվեստաստեղծ ժողովուրդ է, որը երբեք չի կորցնի իր համար հատկանշական խորը էսթետիկական զգացումը և դարերի խորքից եկած բացառիկ ճաշակը։ Խորհրդային մշակույթի գանձարան հայկական արվեստը նվիրաբերել է բազմաթիվ թանկարժեք ընծաներ. դրանցից գերագույնը ժողովրդական պարն է….Բազմերանգ պարերը պերճորեն մարմնավորում են ժողովրդի բնավորության գծերը և ողջ խորությամբ հաղորդում են այն զգացմունքները , որոնցով ապրել է և շարունակում է ապրել հայ ժողովուրդը։» 1957թվականին ուսումնարանում Ազատ Ղարիբյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ բացվեց հայկական ժողովրդական պարի բաժինը, որը տարբեր տարիներին ղեկավարել են Նորայր Խաչատրյանը, Փայլակ Սարգսյանը, Նելլի Կարապետյանը, Հովհաննես Խաչիկյանը; Այսպիսով, պրոֆեսիոնալ խորեգոգրաֆիկ կրթության զարգացումը Հայաստանում իրականացվում էր երկու ուղղությամբ՝ մի կողմից՝ դասական պարի կատարելագործում և բալետի արտիստների նախապատրաստում, մյուս կողմից՝ հայկական պարի սիստեմատիկ ուսումնասիրություն և ժողովրդական համույթների համալրում որակյալ պարողներով։ 60-ական թվականները Երևանի պարարվեստի ուսումնարանի պատմության մեջ դարձան ստեղծագործական անշեղ աճի և ինքնահաստատման ժամանակաշրջան; Դպրոցի վերելքը նկատեցին Հայաստանի սահմաններից դուրս; Երևանի պարարվեստի ուսումնարանը դուրս եկավ համամիութենական ասպարեզ՝ մշտապես մասնակցելով բոլոր դիտումներին և սեմինարներին, ինչը գրավեց պարարվեստի անվանի գործիչների ուշադրությունը և արժանացավ միաձայն դրվատանքի։ 60-ականների շրջանավարտների մակարդակը այնքան աճեց, որ հնարավոր դարձավ հաշվետու համերգների ծրագրում ընդգրկել ամբողջական տեսարաններ դասական բալետներից՝«Ժիզել»-1961թ, «Ստվերների տեսարանը»-«Բայադերկայից» -1966թ, «Դոն Կիխոտի» երրորդ գործողությունը -1969թ։ Իր հաջողություններով ուսումնարանը պարտական էր գեղարվեստական ղեկավար, հետագայում Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանին։ Երևանի պարարվեստի ուսումնարանում Մարտիրոսյանը դասավանդում էր «դասական պար» և «դասական զուգապար» առարկաները, իսկ գեղարվեստական ղեկավարի պարտականությունները կատարում էր 1958-1971թվականները, և, անկասկած,կկատարեր շատ ավելի երկար, եթե չստանար հրավեր Մոսկավայի աշխարհահռչակ բալետային դպրոցից նույն պաշտոնը զբաղեցնելու համար։ Այդ փաստը ինքնին վկայում է Երևանի ուսումնարանի նվաճումների մասին։ Որքան պետք է աչքի ընկներ մեր դպրոցը, որ անգամ բալետային տաղանդներով լեցուն Մոսկվան որոշեր օգտվել հայ մասնագետի ծառայություններից։ 1959թվականին Մաքսիմ Մարտիրոսյանի դասարանը ավարտեցին հայ պարարվեստի ականավոր գործիչներ Վիլեն Գաստյանը, Նորայր Մեհրաբյանը, Աննա Մարիկյանը։ Հայկական բալետի կարկառուն կատարող Վիլեն Գալստյանը առաջինն էր, ով հաղթեց Վարնայի միջազգային մրցույթում, և առաջինը, ում բախտ վիճակվեց պարել Մեծ թատրոնի բեմում որպես փառապանծ խմբի լիիրավ անդամ։ Արդարությունը պահանջում է նշել, որ խորհրդային տարիներին մեր անծայրածիր պետության գլխավոր թատրոնի բեմը յուրաքանչյուր պարողի բաղձալի երազանքն էր։ Երևանում բացահայտվեց Մարտիրոսյանի ոչ միայն բացառիկ մանկավարժական օժտվածությունը, այլ նաև նրբաճաշակ բալետմեյստերական տաղանդը:Մի քանի տարվա ընթացքում նա լրիվ թարմացրեց ուսումնարանի համերգային խաղացանկը։ Ըստ որում, բոլոր համարները նա ստեղծում էր՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները՝«Ձնծաղիկը» Չայկովսկու երաժշտությամբ, «Ուսումնական ադաջիո», ըստ Լանգեի երաժշտական ֆանտազիայի Ռիխարդ Վագների թեմաներով, «Հիրոսիմա» Ֆերենց Լիստի երաժշտությամբ։ Հատկապես հետաքրքիր էին այն բեմադրությունները, որտեղ ակադեմիական պարը զուգակցվում էր ժամանակակից ոճի և ժողովրդական պարերի հետ՝ «Մանրապատում» Ս.Բարխուդարյանի երաժշտությամբ, «Իրիկնային» Խ.Ավետիսյանի երաժշտությամբ, «Տղամարդկանց պար» Ծ.Համբարձումյանի երաժշտությամբ։ Սաների ուժերով Մարտիրոսյանը ստեղծեց նաև խոշոր կտավներ՝ «Հանուն երջանկության» Ռ.Դավթյանի երաժշտությամբ, Կոմիտասի երաժշտությամբ «Դաս-համերգը» ուսումնարանի 50-ամյակի արթիվ ևԴոնիցետիի, Օֆենբախի, Շոպենի, Շտրաուսի երաժշտությամբ «Էտյուդներ» 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։ 1990-ական թվականներին կրտսեր դասարանների աշակերտների ուժերով Մարտիրոսյանը ստեղծեց «Պարմանի» մանկական թատրոնը։ 1969թվականին Մոսկվայում կայացավ ստուգատես, որին մասնակցեցին 19 ուսումնարաններ։ Երևանի դպրոցը ցուցադրեց ուսումնական նյութ երրորդ մասնագիտական դասարանի տղաների ուժերով /ուսուցիչներ՝ Մ.Մուրադյան, Ս.Հովնանյան, Ս.Հակոբջանյան/ և համերգային համարների ընտրանի Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ։ Երևանի ուսումնարանը արժանացավ ստեղծագործական բանավեճի մասնակիցների գովեստի խոսքերին։ Մեծ թատրոնի գլխավոր բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը նշեց Շոստակոցիչի IX սիմֆոնիայի առաջին մասի խորեոգրաֆիկ մարմնավորումը. «Դա դասական ավանդույթների ժամանակակից մեկնաբանությամբ և բարձր ճաշակի ներդաշնակ համադրություն է»։ Կիրովի (Մարինյան) թատրոնի գլխավոր բալետմեյստեր Կոնստանտին Սերգեևը առանձնացրեց այն բեմադրությունները, որտեղ օգտագործված էին ազգագրական շարժումներ. «Ժողովրդական պարը բալետային դպրոցում չպետք է նմանվի համույթի , այդ առումով օրինակ կարող է ծառայել Երևանը, որը, իբրև հենակետ ընդունելով դասականը, ժողովրդական թատերականցված պարի միջոցով ցուցադրեց բարձրակարգ գեղարվեստական պատկեր»։ 1960-70-ական թվականներին ուսումնարանի պատերից դուրս եկավ մի սերունդ, որը ապահովեց հայկական բալետի «ոսկե դարը»՝ Էլվիրա Մնացականյան, Հովհաննես Դիվանյան, Ռուդոլֆ Խառատյան, Նադեժդա Դավթյան, Սերգեյ Պետրոսյան, Հովհաննես Խաչիկյան, Ելենա Պավլիդի, Սերգեյ Բարանով։ 1970-ական թվականներին Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը Նորայր Մեհրաբյանն էր, իսկ տնօրեն 1974թվականին դարձավ Թերեզա Գրիգորյանը, որը զբաղեցրեց այդ պաշտոնը շուրջ 30 տարի։ 70-ականները արտակարգ բեղմնավոր շրջան դարձան ուսումնարանի ստեղծագործական կյանքում։ Գործունեության ծավալները ապշեցուցիչ էին՝ մասնակցություն բոլոր կառավարական համերգներին, պաշտոնական միջոցառումներին և համամիութենական ստուգատեսներին, նոր համերգային համարների և ամբողջական ծրագրերի ստեղծում։ Մեհրաբյանը կատարեց բազմաթիվ բեմադրություններ, որոնցից ամենանշանավորը «Պատանեկան սիմֆոնիա» մեկ գործողությամբ բալետն էր Ժորժ Բիզեի երաժշտությամբ։ Բեմադրությունը ներկայացվեց 1977 թվականին։ Այն իրականացվել էր «Դանս-սիմֆոնիայի » ժանրում, որի հիմնական արտահայտչամիջոցը «նեոկլասիկան» էր, այսինքն ոճավորված, շարժումների նոր համակցություններով և անակնկալ կեցվածքներով հարստացված դասական պարը; 1973-74 թվականներին Երևանի ուսումնարում որպես խորհրդատու աշխատում էր հանրահայտ մասնագետ Վագանովայի աշակերտուհի Ֆեյա Իվանովնա Բալաբինան, նա մեթոդապես վերլուծում էր բոլոր դասարանների աշխատանքը և կատարելագործման պարապմունքներ անկացնում մասնագետների հետ։ 1980-ական թվականներին Երևանի բալետային դպրոցում կատարվեցին տեսանելի փոփոխություններ ոչ միայն դասավանդման, այլև կատարողական որակի մեջ։ 1980 թվականին դա նկատեցին Լենինգրադում ստուգատես-սեմինարի ժամանակ, որին մասնակցում էին 18 ուսումնարաններ։ Ծրագիրը չափազանց ընդարձակ էր՝ դասական պարի ցուցադրական դասեր և արտադրական պրակտիկայի խաղացանկը բոլոր ժանրերում՝ դասական ժառանգություն, ժամանակակից խորեոգրաֆիա, բնորոշ պարեր։ Ուսումնական պրոցեսի ցուցադրումը «Վագանովկայում»՝ ռուսական ակադեմիզմի օրրանում, խիզախ, անգամ հանդուգն քայլ էր, որը համարձակվեցին կատարել ընդամենը 6 ուսումնարաններ։ Նրանց թվում էին նախկին Միության առաջատար դպրոցները՝ Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, Պերմի և, որքան էլ անակնկալ թվա, Երևանի ուսումնարանը։ Տղաների մասնագիտական V դասարանը, որը վարում էր Նորայր Մեհրաբյանը, հաճելիորեն զարմացրեց հեղինակավոր հանձնաժողովին։ Կոնստանտին Սերգեևը, Վախթանգ Ճաբուկիանին, Ալեքսանդր Պրոկոֆևը նշեցին Երևանի պատվիրակության աշխատանքի որակը։ Կիրովի (Մարինյան) թատրոնի բեմում կայացած եզրափակիչ համերգի գագաթնակետը դարձավ Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ, Նորայր Մեհրաբյանի բեմադրությամբ «Զարթոնք» պարային պատկերը, որ ներկայացնում էր հայկական շարժումների և ժամանակակից արտահայտչամիջոցների ձուլվածք։ 1981 թվականին Երևան վերադարձավ Բալաբինան, որը համարյա մեկ տարի մանկավարժական և բալետմեյստերական գործունեությունը համատեղում էր գեղարվեստական ղեկավարի պարտականությունների հետ։ 1982 թվականին Լենինգրադում «Սպիտակ գիշերներ» փառատոնի շրջանակներում կայացած բալետի ապագա արտիստների երեկոյին մասնակցեցին տարբեր ուսումնարանների սաներ։ Երևանի դպրոցի համարներից կրկին գովերգեցին «Զարթոնքը» և «Կալոսի պրկեն» (Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, Ազատ Ղարիբյանի բեմադրությամբ), որը լուծված էր զույգակատար ժողովրդական պարի միջոցով։ Երևանի ուսումնարանի որակական նոր մակարդակի վկայությունը դարձան ամբողջական բալետների բեմադրությունները։ Մեծ ներկայացման իրականացումը աշակերտների ուժերով բարդ խնդիր է։ Մի բան է համերգային ծրագիրը՝ թեկուզ և տեխնիկապես բարդ շարժումներով առատ հագեցած, մեկ ուրիշ՝ մի քանի գործողությամբ բալետը։ Ավելի հեշտ է աշակերտներին տրամադրել մի քանի րոպեանոց համարի կատարմանը, սովորեցնել ճիշտ բաշխել ուժերը փոքր ժամանակամիջոցում, քան խթանել նրանց մտազգաստությունը, երբ բեմական գործողության տարածականությունը բազմակիորեն աճում է; Լիամետրաժ բալետը հիշեցնում է խճանկար, միասնական պատկեր ստանալու համար բավարար չէ բոլոր հատվածների գունագեղությունը, դրանք անհրաժեշտ է ճշգրիտ համադրել։ Տպավորության ամբողջությունը ցանկացած մեծ բալետի առաջին անհրաժեշտ պայմանն է, որը չի թողնում որ ներկայացումը տարրալուծվի առանձին վառ բեկորների։ 80-ական թվականների սկզբին Երևանի պարարվեստի ուսումնարանը ներկայացրեց երկու բալետային առաջնախաղեր ՝ «Չոփչոփիկը» (1981) և«Շչելկունչիկը» (1985); «Չոփչոփիկը» Բ. Սակիլարիի երաժշտությամբ Ն.Մեհրաբյանի բեմադրությամբ, հումորով լի, զվարճացնող և միաժամանակ դաստիարակող մանկական ներկայացում էր։ Չայկովսկու հանճարեղ բալետային «եռյակի» մարգարիտներից մեկը ՝ «Շչելկունչիկը», ըստ էության (լիբրետոն և հանդիսատեսը) նույնպես մանկական ներկայացում էր, սակայն առաջարկում է կատարողներին միանգամայն հասուն տեխնիկական և դերասանական խնդիրներ։ Վասիլի Վայնոնենի բեմադրությունը Հայաստան փոխադրելու համար հրավիրվեց Պերմի ուսումնարանի գեղարվեստական ղեկավար Լյուդմիլա Սախարովան, որը կատարեց հսկայական փորձավարական աշխատանք։ Վայնոնենի խորեոգրաֆիկ տեքստը փոքր-ինչ պարզունակ էր, հատկապես առաջին գործողությունում, թեև «Շչելկունչիկի» բոլոր բեմադրիչները «դեմ էին առնում» անհաղթահարելի հակասության, որը առաջանում է միամիտ լիբրետոյի և Չայկովսկու խորիմաստ դրամատիկ երաժշտության միջև։ Այդ երաժշտությունը առաջադրում էր հոգեբանական և բարոյախոսական բարդ գաղափարների բախում և պայքար, որը դուրս էր գալիս «տիկնիկային» չքավոր երևակայության թշվառամիտ սահմաններից և հասնում էր փիլիսոփայական ընդհանրացումների իրական բարձունքներին։ Համաչափության առումով բալետում կային երկու դժվարին կորդեբալետային տեսարաններ՝ «Ձյունափաթիլները» և «Վարդագույն վալսը»։ Ընդհանուր առմամբ երկրորդ դիվերտիսմենտային գործողությունը շատ ավելի դինամիկ էր, քան առաջինը՝ սյուժետայինը։ Զուր չէ, որ հետագայում մի քանի անգամ վերականգնվել է բալետի հենց երկրորդ գործողությունը՝ իր բազմերանգ համարներով և դասական խաղացանկի գագաթնակետերից մեկը հանդիսացող՝ գլխավոր հերոսների զուգապարով։ Ուսումնարանի 60-ամյա հոբելյանին նվիրված «Շչելկունչիկի» առաջնախաղը կայացավ 1985 թվականին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմական թատրոնի բեմում։ 1980-ականների և 90-ականների առաջի կեսի շրջանավարտների ուսերին ծանր բեռ ընկավ։ Նրանք ստիպված էին ոչ այնքան զարգացնել սիրելի արվեստը, որքան մի կերպ փրկել մոռացությունից մեր երկրի համար բախտորոշ՝ ցուրտ ու մութ տարիներին։ Արմեն Գրիգորյանի, Մարինա Միհրանյանի, Ֆելիքս Գրիգորյանի, Զավեն Հարությունյանի, Ժակելինա Սարխոշյանի, Սոնա Առուստամյանի, Մարիա Դիվանյանի ուժերով այդ տարիներին պահպանվում էր բալետի ծայրահեղ սուղ խաղացանկը։ 90-ականների առաջին կեսը կործանիչ էր հայկական բալետի համար։ Այնուամենայնիվ, մեր ազգային բալետային թատրոնը կենդանի մնաց և ապրում է առայսօր` շնորհիվ Երևանի պարարվեստի ուսումնարանի։ Այն ակնհայտ փաստը, որ մեր ուսումնարանը գոյատևեց 90-ականների սկզբին, կարելի է առանց չափազանցության սխրանք համարել։ Այդ քաջագործությունը կատարեցին մանկավարժները և աշակերտները՝ տնօրեն Թերեզա Գրիգորյանի գլխավորությամբ։ Դա իրենց գործին սիրահարված մարդկանց իսկական ֆանատիզմ էր։ Թերեզա Գրիգորյանի դերը ուսումնարանի պահպանման հարցում գերագնահատել հնարավոր չէ։ Նա որոշեց փրկել ուսումնարանը ամեն գնով, փրկել անխափան աշխատանքով՝ թեկուզ առանց ջերմության, թեկուզ առանց գումարի։ Եթե բալետային դպրոցը այդ տարիներին փակվեր, ոչ ոք չէր զարմանա և գուցե չէր էլ նկատի, որ ցուրտ և կիսասոցված երկրում պարելու տրամադրություն չկա։ Այնինչ, մասնագետները քաջ գիտակցում էին՝ քանի դեռ կրթվում են պարողները, պարարվեստի վերածնունդը հնարավոր է անգամ բարդ ռազմական իրավիճակում։ Բայց եթե «ժամանակների կապը» ընդհատվի, առանց կատարողների նոր սերնդի բալետը քիչ-քիչ կխամրի և անդառնալի անկում կապրի, և ոչ մի, թեկուզ արտակարգ փրկարարական աշխատանք, այլևս չի օգնի։ Զարմանալի է, որ հենց 90-ականներին կենաց-մահու պայքար տանող բալետային դպրոցը ապրեց աննախադեպ վերելք։ Մեկը մյուսի հետևից հայտնվեցին «աստավածատուր» շնորհալի տղաներ։ Նրանցից ոմանք դարձան միջազգային մրցույթների դափնեկիրներ, կատարելագործվեցին արևմուտքի առաջատար դպրոցներում և այժմ պարում են Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի լավագույն բեմերում։ Տիգրան Միքայելյանը, Դավիթ Կարապետյանը, Արսեն Մեհրաբյանը, Արման Գրիգորյանը, Վահե Մարտիրոսյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Բաբաջանյանը, Ավետիք Կարապետյանը, Արման Զազյանը, Արշակ Ղալումյանը, Կարեն Ազատյանը,Մելքոն Խաչիկյանը և շատ ուրիշներ միջազգային ճանաչում բերեցին Երևանի պարարվեստի ուսումնարանին։ XXI դարում ավանդույթը շարունակվեց. ամեն տարի Երևանի պարարվեսի պետական քոլեջից (ուսումնարանը «պետական» դարձավ 2003թ, իսկ «քոլեջ»՝ 2006 թ) դուրս են գալիս տաղանդաշատ շրջանավարտներ, որոնցից ոմանք աշխատում են Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մյուսները մեկնում են Արևմուտք։ 2008 թվականին միջազգային մրցույթի դափնեկիրներ դարձան Ռուբեն Մուրադյանը և Սևակ Ավետիսյանը, որոնք այժմ հայկական բալետի մենակատարներն են։ 2013թվականի հունիսին Գդանսկում կայացած «Պատանի պարողների Եվրոտեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց քոլեջի սան Վահագն Մարգարյանը։ 2013 թվականի աշնանը առաջին Նավասարդյան խաղերի դափնեկիրներ դարձան քոլեջի աշակերտները։ Նրանք շահեցին երկու ոսկե մեդալ «ժողովրդական պար» անվանակարգում և բոլոր մեդալները «դասական պար» անվանակարգում։ 2014 թվականին քոլեջը տոնեց իր 90 ամյա հոբելյանը։ Երևանի Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացվվեց Պ․Չայկովսկու « Շչելկունչիկ» բալետի 2-րդ գործողությունը։ 2015 թվականին քոլեջը մեծ հաջողությամբ մասնակցեց ՌԴ Վորոնեժ քաղաքում կայացաց ԱՊՀ երկրների պարարվեստի պրոֆեսիոնալ ուսումնարանների «Անտրե» առաջին փառատոնին։ 2016 թվականին քոլեջի սաները մասնակցեցին Գյումրիում կազմակերպված «Վերածնունդ » փառատոնին և Երևանում կայացած հայ-վրացա-իսրաելական «Ժողովուրդների բարեկամություն» փառատոնին շահելով բազմաթիվ մրցանակներ, դրանց թվում նաև ոսկե մեդալներ «Դասական պար» և «Ժողովրդական պար» անվանակարգերում և «Գրան պրի»։ 2016 թվականի Ալ․Սպենդիարյանի անվան թատրոնի բեմում քոլեջը ներկայացրեվ Լ․Մինկուսի Դոն Կիխոտ բալետի 3-րդ գործողության բեմականացմանը։ Վերջին տարիների ընթացում առանձին հաշվետու համերգներով հեծ շուքով հանդես է գալիս նաև ժողովրդական պարի բաժինը։ Այսօր քոլեջի ողջ անձնակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր այն երախտավորներին, որոնց շնորհիվ հիմնադրվեց, զարգացավ, հաստատվեց, ծաղկեց, գոյատևեց, ճանաչվեց և ի վերջո կայացավ հայկական բալետային դպրոցը; Նրանք են. Ստուդիայ հիմնադիր`Վահրամ Արիստակեսյանը։ Տնօրեններ՝ Սրբուհի Լիսիցյանը, Ալեքսանդր Կարատովը, Վլադիլեն Բալյանը, Սիլվա Մեքինյանը, Թերեզա Գրիգորյանը, Վիլեն Գալստյանը, Արմեն Գրիգորյանը, Հասմիկ Մարկոյանը[2]։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003
  2. «ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]