Jump to content

Ստեփանոս Դաշտեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Դաշտեցի
Ծնվել է1653
ԾննդավայրՆոր Ջուղա
Մահացել է1720
Մահվան վայրանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ

Ստեփանոս Դաշտեցի (1653, Նոր Ջուղա - 1720, անհայտ), հայ բանաստեղծ, հանելուկագիր, ժամանակագիր, հրապարակախոս։

Մինչև Աբբաս I շահի կազմակերպած բռնագաղթը (1604) նախնիները բնակվել են Գողթն գավառի Դաշտ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցում, ձեռնադրվել սարկավագ, ապա թողել կրոնավորի պաշտոնը և զբաղվել վաճառականությամբ, եղել աշխարհի տարբեր երկրներում։ Ենթադրվում է, որ ուսանել է Հռոմի Ուրբանյան վարժարանում։ Ստեփանոս Դաշտեցին գրել է բազմաթիվ երգիծական-պարսավական և խրատական-իմաստասիրական տաղեր, որոնք պատմական, ազգագրական, բարբառագիտական և բանահյուսական արժեք ունեն։ Գրել է աշխարհիկ բովանդակությամբ 22 հանելուկ՝ կիրառելով հանելուկների ստեղծման նոր հնարանքներ։ Ստեփանոս Դաշտեցին թողել է նաև մի ժամանակագրություն՝ «Կարգ թագավորաց հնդկաց» (մոտ 1719, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 1786), որտեղ արժեքավոր տեղեկություններ կան 18-րդ դարի սկզբի Հնդկաստանի քաղաքական անցուդարձերի մասին։ Ստեփանոս Դաշտեցին հեղինակել է դավանաբանական-հրապարակախոսական երկեր, որոնցից առավել արժեքավոր են «Սաղախ փշրանաց» (1700, նույն տեղում, ձեռագիր № 9689), «Խնդիր ուղղության» (1706, նույն տեղում, ձեռագիր № 673), «Կոչնակ ճշմարտության» (1714-1715, մեզ է հասել իրարից էապես տարբեր երկու օրինակով, նույն տեղում, ձեռագիր № 8111 և ձեռագիր № 9049) երկերը։ Գրանցում հեղինակը հայտնում է ինքնակենսագրական մանրամասներ, հազվագյուտ տեղեկություններ իր գաղափարական հակառակորդների, անցյալի ու իր ժամանակի նշանավոր դեմքերի ու դեպքերի, տարբեր ժողովուրդների կենցաղի, սովորույթների, կրոնի ու քաղաքական կարգերի մասին։ Իբրև կաթոլիկամետ մտածող, ելնելով Թովմա Աքվինացու գաղափարներից, հակադրվել է հակամիարարականներին (Ալեքսանդր Ջուղայեցի, Հովհաննես Մրքուզ և ուրիշներ)։ Հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորում էր կաթոլիկության ընդունմամբ։ Նա մերժել է բողոքականությունը և պաշտպանել Հռոմի պապի գերագահությամբ քրիստոնեական աշխարհի միավորման գաղափարը։ Խոսելով 17-18-րդ դարերի սահմանագծում Հայաստանի ծանր կացության մասին, Ստեփանոս Դաշտեցին հավատում է իր ժողովրդի վերածննդին, թեն նրա կարծիքով, ազգային անկախության բացակայությունը և օտար լծի տակ գտնվելը հայ ժողովրդին զրկել են արհեստները, արվեստը և գիտությունը լիարժեք զարգացնելու հնարավորությունից, մղել վաճառականի վտանգավոր կենսաձևին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 134