Սզնի պոնտական
Սզնի պոնտական | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Crataegus pontica | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Սզնի, ալոճ պոնտական (լատին․՝ Crataegus pontica), վարդազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ 5-10 սմ բարձրությամբ ծածկասերմ երաշտադիմացկուն մեղրատու դեկորատիվ անփուշ ծառ։ Բնի տրամագիծը հասնում է 20-40 սմ-ի։ Ճյուղերը մուգ մոխրագույն են։ Միամյա շիվերը և ընձյուղները թաղիքամազմզուկապատ են։ Տերևները ձվաձև են կամ ձվաձև շեղանկյուն, լայն սեպաձև հիմքով, 5-7 խոր կտրատված բաժիններով, որոնք ամբողջաեզր են, կամ ունեն 1-4 խոշոր, ատամնաեզր բլթակներ, 4,5-6,5 սմ երկարությամբ, ամուր, կապտականաչ, սեղմված մազմզուկապատ, հետագայում՝ գրեթե մերկ։ Տերևակոթունն ունի 1-1,5 սմ երկարություն։ Ծաղկաբույլերը կոմպակտ են, 3-5 սմ տրամագծով, 6-14 ծաղիկներից կազմված։ Պտուղները բավականին խոշոր են և համեղ[1]։
Ծաղիկներն ունեն 1,5-2 սմ տրամագիծ։ Բաժակաթերթիկները սրածայր են, հիպանթիումի նման թաղիքամազմզուկապատ, առէջները 20 հատ են, սպիտակ փոշանոթներով, սռնակները 2-3-ն են։ Պտուղները բևեռների կողմից խիստ սեղմված են, 1,5-2,8 սմ տրամագծով, կանաչադեղնավունից մինչև նարնջադեղին, ուտելի են։ Կորիզների թիվը հասնում է 2-3-ի։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին[1]։
Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Արևմտյան Հայաստանում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Արարատի մարզում, Մեղրիում, Վայքում, որտեղ աճում է չոր, քարքարոտ թեքություններում, անտառների եզրերին, ծովի մակերևույթից 900-1200 մ բարձրություններում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]3-6 մ բարձրությամբ ոչ բարձր ծառ կամ թուփ է։ Եռաբլթակ սեպաձև հիմքով և կաշենման տերևները երկու կողմից փափուկ մազոտ են, պարզ, հակաձվաձև կամ ռոմբաձև, խոր 5-7 բաժան։ Պտուղները կլորավուն օվալ կամ տանձաձև են, դեղին, թեթևակի կողերով, թույլ թավոտ։ Կորիզները 4-5-ն են։ Գեղազարդային, լավ մեղրատու բույս է։ Ունի արժեքավոր բնափայտ, որն օգտագործում են իրեր պատրաստելու համար[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելոց, Ուրցաձոր, Դագնա) և Դարեղեգիսի (գյուղ՝ Արենի) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Կենտրոնական և Արևելյան Հարավային Կովկասում, Իրաքում, Իրանում և Միջին Ասիայում[2]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կաղնու և գիհու նոսրանտառներում։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիս-հոկտեմբերին[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Արեալի տարածքում հազվադեպ է հանդիպում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 374։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի պոնտական» հոդվածին։ |
|
|