Սզնի պոնտական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սզնի պոնտական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի պոնտական
Լատիներեն անվանում
Crataegus pontica
Հատուկ պահպանություն

Սզնի, ալոճ պոնտական (լատ.՝ Crataegus pontica), վարդազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ 5-10 սմ բարձրությամբ ծածկասերմ երաշտադիմացկուն մեղրատու դեկորատիվ անփուշ ծառ։ Բնի տրամագիծը հասնում է 20-40 սմ-ի։ Ճյուղերը մուգ մոխրագույն են։ Միամյա շիվերը և ընձյուղները թաղիքամազմզուկապատ են։ Տերևները ձվաձև են կամ ձվաձև շեղանկյուն, լայն սեպաձև հիմքով, 5-7 խոր կտրատված բաժիններով, որոնք ամբողջաեզր են, կամ ունեն 1-4 խոշոր, ատամնաեզր բլթակներ, 4,5-6,5 սմ երկարությամբ, ամուր, կապտականաչ, սեղմված մազմզուկապատ, հետագայում՝ գրեթե մերկ։ Տերևակոթունն ունի 1-1,5 սմ երկարություն։ Ծաղկաբույլերը կոմպակտ են, 3-5 սմ տրամագծով, 6-14 ծաղիկներից կազմված։ Պտուղները բավականին խոշոր են և համեղ[1]։

Ծաղիկներն ունեն 1,5-2 սմ տրամագիծ։ Բաժակաթերթիկները սրածայր են, հիպանթիումի նման թաղիքամազմզուկապատ, առէջները 20 հատ են, սպիտակ փոշանոթներով, սռնակները 2-3-ն են։ Պտուղները բևեռների կողմից խիստ սեղմված են, 1,5-2,8 սմ տրամագծով, կանաչադեղնավունից մինչև նարնջադեղին, ուտելի են։ Կորիզների թիվը հասնում է 2-3-ի։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին[1]։

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Արևմտյան Հայաստանում: Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Արարատի մարզում, Մեղրիում, Վայքում, որտեղ աճում է չոր, քարքարոտ թեքություններում, անտառների եզրերին, ծովի մակերևույթից 900-1200 մ բարձրություններում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3-6 մ բարձրությամբ ոչ բարձր ծառ կամ թուփ է։ Եռաբլթակ սեպաձև հիմքով և կաշենման տերևները երկու կողմից փափուկ մազոտ են, պարզ, հակաձվաձև կամ ռոմբաձև, խոր 5-7 բաժան։ Պտուղները կլորավուն օվալ կամ տանձաձև են, դեղին, թեթևակի կողերով, թույլ թավոտ։ Կորիզները 4-5-ն են։ Գեղազարդային, լավ մեղրատու բույս է։ Ունի արժեքավոր բնափայտ, որն օգտագործում են իրեր պատրաստելու համար[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելոց, Ուրցաձոր, Դագնա) և Դարեղեգիսի (գյուղ՝ Արենի) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Իրաքում, Իրանում և Միջին Ասիայում[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կաղնու և գիհու նոսրանտառներում։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիս-հոկտեմբերին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Արեալի տարածքում հազվադեպ է հանդիպում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 374։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6