Սամանթա Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամանթա Սմիթ
անգլ.՝ Samantha Smith
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1972(1972-06-29)[1][2]
ԾննդավայրՀոուլթոն, Մեն, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 25, 1985(1985-08-25)[1][2] (13 տարեկան)
Մահվան վայրՕբըրն, Մեն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, մանկական դերասան և հակապատերազմային ակտիվիստ
Կայքsamanthasmith.info
Ստորագրություն
Изображение автографа
 Samantha Smith Վիքիպահեստում

Սամանթա Սմիթ (ամբողջ անունը` Սամանթա Ռիդ Սմիթ (անգլ.՝ Samantha Reed Smith), հունիսի 29, 1972(1972-06-29)[1][2], Հոուլթոն, Մեն, ԱՄՆ - օգոստոսի 25, 1985(1985-08-25)[1][2], Օբըրն, Մեն, ԱՄՆ), ամերիկյան դպրոցական, ով աշխարհում հայտնի էր դարձել` «Սառը պատերազմ»-ի ամենաթեժ տարիներին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովին գրած նամակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանթա Սմիթը ծնվել է ԱՄՆՄեն նահանգում գտնվող Հոուլտոն քաղաքում, Արթուր և Ջեյն Սմիթների ընտանիքում։ Նրա հայրը Հոուլտոնի քոլեջում հրահանգիչ էր, իսկ հետո դասավանդում էր Օգաստայի համալսարանում, իսկ մայրը զբաղված էր սոցիալական աշխատանքով։ Երբ Սամանթան հինգ տարեկան էր, նամակ էր գրել Եղիսաբեթ II-ին` արտահայտելով իր հիացմունքը թագուհու նկատմամբ։ Երբ նա երկրորդ դասարան էր, 1980 թվականին, նրանց ընտանիքը տեղափոխվեց Մեն նահանգի Մանչեսթեր փոքրիկ քաղաք, որտեղ էլ Սամանթան շարունակում էր ուսումը։

Սամանթայի նամակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1982 թվականին, ԽՍՀՄ-ում Լեոնիդ Բրեժնևին փոխարինեց Յուրի Անդրոպովը, աշխարհի բոլոր լրատվամիջոցները իրենց առաջին էջերում սկսեցին հոդվածներ տպագրել նրա մասին։ «Time Magazine» ամսագրի շապիկի վրա տեսնելով Յուրի Անդրոպովի լուսանկարը, 10-ամյա Սամանթան կարդացել էր այդ ամսագրում տպված հոդվածներից մեկը, որտեղ նշված էր, որ ԽՍՀՄ-ի նոր ղեկավարը հանդիսանում է աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը և նրա ղեկավարությամբ, ԽՍՀՄ-ը իրական վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի անվտանգության համար։

Հոդվածը կարդալուց հետո Սամանթան հարցրել էր մորը. «Եթե բոլորը Անդրոպովից վախենում են, ապա ինչու ոչ մեկը նրան նամակ չի գրում և հարցնում, պատրաստվում է նա արդյոք պատերազմ սկսել, թե ոչ»։ Մայրը կատակով ասել էր` դու ինքդ էլ գրիր։ 1982 թվականի նոյեմբերին, Սամանթան Անդրոպովին նամակ գրեց հետևյալ բովանդակությամբ.

«Հարգելի պարոն Անդրոպով,

Իմ անունը Սամանթա Սմիթ է։ Ես տասը տարեկան եմ։ Շնորհավորում եմ Ձեզ` Ձեր նոր աշխատանքի առիթով։ Ես շատ եմ անհանգստանում, թե չի՞ սկսվի արդյոք միջուկային պատերազմ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Դուք պատրաստվու՞մ եք արդյոք Ձեր ձայնը տալ պատերազմն սկսելու համար, թե՞ ոչ։ Եթե Դուք դեմ եք պատերազմին, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս եք Դուք պատրաստվում օգնել պատերազմը դադարեցնելու գործին։ Դուք, իհարկե, պարտավոր չեք պատասխանել իմ հարցին, բայց ես կցանկանայի իմանալ` ինչու՞ եք Դուք ուզում գրավել ողջ աշխարհը կամ ծայրահեղ դեպքում մեր երկիրը։ Աստված ստեղծել է Երկիրը, որպեսզի մենք բոլորս միասին ապրենք աշխարհում և չկռվենք։

Անկեղծ Ձեր` Սամանթա Սմիթ»։

Սամանթա Սմիթի նամակը ուղարկվել է ԽՍՀՄ և 1983 թվականի սկզբին տպագրվել «Правда» թերթում[3]։ Սամանթան ուրախացել էր, երբ իմացել էր այդ մասին, սակայն պատասխան դեռևս չէր ստացել։ Նա նույնիսկ նամակ գրեց ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանին, հարցնելով` պատրաստվու՞մ է արդյոք Անդրոպովը պատասխանել իրեն։ 1983 թվականի ապրիլի 26-ին` նա Անդրոպովից ստացավ նամակ[4]։

Անդրոպովի նամակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոպովի նամակը գրված էր ռուսերեն և անգլերեն լեզուներով և ուներ հետևյալ բովանդակությունը.

«Թանկագի'ն Սամանթա,

Ստացա քո նամակը, ինչպես և մյուս նամակները, որոնք այս օրերին ինձ են հասնում և' քո երկրից, և' աշխարհի մյուս երկրներից։ Դատելով քո նամակից` ինձ թվում է, որ դու շատ խիզախ ու ազնիվ աղջիկ ես և նման ես Բեքքիին` Թոմ Սոյերի ընկերուհուն, քո հայրենակից Մարկ Տվենի հայտնի գրքից։ Այդ գիրքը գիտեն և շատ են սիրում մեր երկրի բոլոր աղջիկներն ու տղաները։

Դու գրում ես, որ շատ ես անհանգստացած, թե չի՞ լինի արդյոք միջուկային պատերազմ մեր երկու երկրների միջև և հարցնում ես` արդյո՞ք մենք անում ենք ինչ-որ բան, որ հանկարծ չծագի պատերազմ։ Քո հարցը ամենագլխավորն է այն հարցերից, որ կարող է տալ ամեն մի մտածող մարդ։ Կպատասխանեմ քեզ ամենայն անկեղծությամբ և լրջությամբ։ Այո', Սամանթա, մենք Խորհրդային Միությունում աշխատում ենք անել ամեն ինչ նրա համար, որպեսզի մեր երկրների միջև պատերազմ չլինի, որպեսզի պատերազմ ընդհանրապես չլինի աշխարհում։ Այդ է ցանկանում խորհրդային ամեն մի քաղաքացի։ Այդպես է սովորեցրել մեզ մեր պետության մեծագույն հիմնադիր Վլադիմիր Լենինը։

Խորհրդային մարդիկ լավ գիտեն, թե ինչ սարսափելի և կործանարար է պատերազմը։ 42 տարի առաջ Նացիստական Գերմանիան, որը ձգտում էր տիրանալ ամբողջ աշխարհին, հարձակվեց մեր երկրի վրա, հրկիզեց և ամայացրեց մեր հազարավոր քաղաքներն ու գյուղերը, սպանեց միլիոնավոր խորհրդային քաղաքացիների` տղամարդկանց, կանանց և երեխաների։

Այդ պատերազմում, որն ավարտվեց մեր հաղթանակով, մենք դաշնակից էինք Միացյալ Նահանգներին, միասին պայքարում էինք նացիստական զավթիչներից շատ ժողովուրդների ազատելու համար։ Ես հույս ունեմ, որ դու այդ գիտես դպրոցի պատմության դասերից։ Այսօր մենք շատ ենք ուզում ապրել խաղաղության մեջ, համագործակցել և առևտուր անել մեր հեռավոր ու մոտ հարևանների հետ ողջ երկրագնդով մեկ և իհարկե, նաև այնպիսի մեծ երկրի հետ, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։

Ե'վ Ամերիկան, և' մենք, ունենք միջուկային զենք։ Դա շատ ահավոր զենք է, որը կարող է մի ակնթարթում սպանել միլիոնավոր մարդկանց։ Սակայն մենք չենք ցանկանում, որ երբևէ այն գործածվի։ Այդ իսկ պատճառով Խորհրդային Միությունը հանդիսավորությամբ, ամբողջ աշխարհով մեկ հայտարարել է, որ երբեք, երբեք, չի գործածի միջուկային զենքն առաջինը` ոչ մի երկրի հանդեպ։ Եվ ընդհանրապես մենք առաջարկում ենք դադարեցնել դրա հետագա արտադրությունը և անցնել ամբողջ աշխարհում գոյություն ունեցող դրա ողջ պաշարի ոչնչացմանը։

Ինձ թվում է, որ դա բավարար պատասխան էր քո երկրորդ հարցին. «Ինչու՞ եք Դուք ուզում գրավել ողջ աշխարհը կամ ծայրահեղ դեպքում Միացյալ Նահանգները»։ Նման բան մենք չենք ուզում։ Մեր երկրում ոչ ոք` ոչ բանվորները և ոչ էլ գյուղացիները, ոչ գրողները և ոչ էլ բժիշկները, ոչ մեծահասակները և ոչ էլ երեխաները և ոչ էլ կառավարության անդամները, չեն ցանկանում ո'չ մեծ և ո'չ էլ փոքր պատերազմ։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք ունենք բավականին այլ զբաղմունքներ` հաց աճեցնելը, շինարարությամբ զբաղվելը, գյուտեր անելը, գրքեր գրելը, ինչպես նաև տիեզերք թռչելը։ Մենք խաղաղություն ենք ցանկանում մեզ համար և մոլորակի բոլոր ժողովուրդների համար, մեր երեխաների և քեզ համար, Սամա'նթա։

Եթե ծնողներդ թույլ կտան, հրավիրում եմ քեզ գալ մեզ մոտ, լավ կլինի ամռանը։ Կիմանաս մեր երկրի մասին, կհանդիպես քո հասակակիցներին, կլինես ծովի ափին գտնվող երեխաների միջազգային «Արտեկ» ճամբարում և ինքդ կհամոզվես, որ Խորհրդային Միությունում բոլորը խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության կողմնակից են։

Շնորհակալություն քո շնորհավորանքների համար։ Ցանկանում եմ քեզ լավագույնը` քո նոր սկսված կյանքում։

Յու. Անդրոպով»։

Ուղևորություն դեպի ԽՍՀՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի հուլիսի 7-ին, Սամանթան ծնողների հետ միասին այցելեց ԽՍՀՄ։ Օդանավակայանում նրան դիմավորելու էին եկել բազմաթիվ մարդիկ[5]։ Նրանց ընտանիքը Մոսկվայում ապրում էր «Սովետսկայա» հյուրանոցում։

ԽՍՀՄ-ում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում Սմիթների ընտանիքն այցելեց Մոսկվա և Լենինգրադ քաղաքներ, ինչպես նաև Ղրիմում գտնվող «Արտեկ» պիոներական ճամբար։ Այնտեղ Սամանթայի գալուն նախապատրաստվել էին նախօրոք։ Վերակառուցել էին ճաշարանը, նրա համար պատրաստել ամենալավ սենյակը։ Հասակակիցների առաջարկով Սամանթան նույնիսկ հագնում էր պիոներական համազգեստ։ Այդ համազգեստը նրան շատ էր դուր եկել և նա այն տարավ իր հետ։ Ճամբարում նա իր հասակակիցների նման ապրում էր սովորական օրակարգով։ Չնայած ծանր հիվանդության պատճառով Անդրոպովը այդպես էլ չհանդիպեց Սամանթային, սակայն նրանք զրուցեցին հեռախոսով։ Ամբողջ աշխարհի լրատվամիջոցները հետևում էին Սամանթայի յուրաքանչյուր քայլին և արտահայտություններին։

Հուլիսի 22-ին տուն մեկնելիս` թռիչքից առաջ, Սամանթան ժպտաց հեռուստախցիկների առջև և ռուսերեն լեզվով, ժպիտը դեմքին` ասաց. «Կապրենք...»: Իր «Ճանապարհորդություն Խորհրդային Միություն» գիրքը Սամանթան եզրափակել էր «Նրանք այնպիսին են, ինչպիսին մենք ենք» արտահայտությամբ։

Ողբերգական մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի օգոստոսի 25-ին Սամանթան իր հոր հետ վերադառնում էր Ռոբերտ Վագների «Lime Street» սերիալի նկարահանումներից, որտեղ նա կատարում էր դերերից մեկը։ Ջեյն Սմիթը սպասում էր ամուսնուն և դստերը Օգաստա քաղաքի օդանավակայանում։ Սակայն ինքնաթիռը ուղևորվել էր Օգաստայից հարավ-արևմուտք գտնվող Օբերն-Լյուիսթոն օդանավակայան։ Վատ տեսանելիության պատճառով` վայրէջքի պահին օդաչուն վրիպել էր, որի հետևանքով ինքնաթիռը վայր էր ընկել թռիչքուղուց 200 մետր հեռավորության վրա։ Երկու օդաչուները և բոլոր վեց ուղևորները մահացել էին։ Սամանթայի և նրա հոր մարմինները հուղարկավորվել են Սամանթայի ծննդավայրում` Հոուլտոնում։

ԱՄՆ-ում Սամանթայի զոհվելու մեղավոր էին համարում ՊԱԿ-ին, իսկ ԽՍՀՄ-ում՝ ԿՀՎ-ին։

Ի հիշատակ Սամանթայի` ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, հետագայում նաև ԱՊՀ մյուս երկրներում ստեղծվել են հասարակական կազմակերպություններ, վերանվանվել են փողոցներ, թողարկվել են հուշամեդալներ, կերտվել են հուշարձաններ, գրվել գրքեր, նկարահանվել ֆիլմեր և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Watson N. Encyclopædia Britannica
  3. Chazanov, Mathis (1983 թ․ ապրիլի 12). «PRAVDA says it has letters from America». The Philadelphia Inquirer. էջեր E16.
  4. «Yuri Andropov's Response». www.SamanthaSmith.Info. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  5. «Саманта Смит — американская школьница, растопившая лед холодной войны». ՌԻԱ Նովոստի. 25 августа 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանթա Սմիթ» հոդվածին։