Սամանթա Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամանթա Սմիթ
անգլ.՝ Samantha Smith
U.S. girl Samantha Smith in Artek cropped.jpg
Ծնվել է հունիսի 29, 1972(1972-06-29)[1][2][3]
Ծննդավայր Հոուլթոն, Մեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է օգոստոսի 25, 1985(1985-08-25)[1][2][3] (13 տարեկանում)
Մահվան վայր Auburn, Անդրոսկոգին շրջան, Մեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն հեռուստատեսային դերասանուհի, մանկական դերասան և հակապատերազմային ակտիվիստ
Կայք samanthasmith.info
Samantha Smith Վիքիպահեստում

Սամանթա Սմիթ (ամբողջ անունը` Սամանթա Ռիդ Սմիթ (անգլ.՝ Samantha Reed Smith), հունիսի 29, 1972(1972-06-29)[1][2][3], Հոուլթոն, Մեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 25, 1985(1985-08-25)[1][2][3], Auburn, Անդրոսկոգին շրջան, Մեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկյան դպրոցական, ով աշխարհում հայտնի էր դարձել` «Սառը պատերազմ»-ի ամենաթեժ տարիներին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովին գրած նամակով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանթա Սմիթը ծնվել է ԱՄՆՄեն նահանգում գտնվող Հոուլտոն քաղաքում, Արթուր և Ջեյն Սմիթների ընտանիքում: Նրա հայրը Հոուլտոնի քոլեջում հրահանգիչ էր, իսկ հետո դասավանդում էր Օգաստայի համալսարանում, իսկ մայրը զբաղված էր սոցիալական աշխատանքով: Երբ Սամանթան հինգ տարեկան էր, նամակ էր գրել Եղիսաբեթ II-ին` արտահայտելով իր հիացմունքը թագուհու նկատմամբ: Երբ նա երկրորդ դասարան էր, 1980 թվականին, նրանց ընտանիքը տեղափոխվեց Մեն նահանգի Մանչեսթեր փոքրիկ քաղաք, որտեղ էլ Սամանթան շարունակում էր ուսումը:

Սամանթայի նամակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1982 թվականին, ԽՍՀՄ-ում Լեոնիդ Բրեժնևին փոխարինեց Յուրի Անդրոպովը, աշխարհի բոլոր լրատվամիջոցները իրենց առաջին էջերում սկսեցին հոդվածներ տպագրել նրա մասին: «Time Magazine» ամսագրի շապիկի վրա տեսնելով Յուրի Անդրոպովի լուսանկարը, 10-ամյա Սամանթան կարդացել էր այդ ամսագրում տպված հոդվածներից մեկը, որտեղ նշված էր, որ ԽՍՀՄ-ի նոր ղեկավարը հանդիսանում է աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը և նրա ղեկավարությամբ, ԽՍՀՄ-ը իրական վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի անվտանգության համար:

Հոդվածը կարդալուց հետո Սամանթան հարցրել էր մորը. «Եթե բոլորը Անդրոպովից վախենում են, ապա ինչու ոչ մեկը նրան նամակ չի գրում և հարցնում, պատրաստվում է նա արդյոք պատերազմ սկսել, թե ոչ»: Մայրը կատակով ասել էր` դու ինքդ էլ գրիր: 1982 թվականի նոյեմբերին, Սամանթան Անդրոպովին նամակ գրեց հետևյալ բովանդակությամբ.

«Հարգելի պարոն Անդրոպով,

Իմ անունը Սամանթա Սմիթ է: Ես տասը տարեկան եմ: Շնորհավորում եմ Ձեզ` Ձեր նոր աշխատանքի առիթով: Ես շատ եմ անհանգստանում, թե չի՞ սկսվի արդյոք միջուկային պատերազմ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Դուք պատրաստվու՞մ եք արդյոք Ձեր ձայնը տալ պատերազմն սկսելու համար, թե՞ ոչ: Եթե Դուք դեմ եք պատերազմին, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս եք Դուք պատրաստվում օգնել պատերազմը դադարեցնելու գործին: Դուք, իհարկե, պարտավոր չեք պատասխանել իմ հարցին, բայց ես կցանկանայի իմանալ` ինչու՞ եք Դուք ուզում գրավել ողջ աշխարհը կամ ծայրահեղ դեպքում մեր երկիրը: Աստված ստեղծել է Երկիրը, որպեսզի մենք բոլորս միասին ապրենք աշխարհում և չկռվենք:

Անկեղծ Ձեր` Սամանթա Սմիթ»:

Սամանթա Սմիթի նամակը ուղարկվել է ԽՍՀՄ և 1983 թվականի սկզբին տպագրվել «Правда» թերթում [4]: Սամանթան ուրախացել էր, երբ իմացել էր այդ մասին, սակայն պատասխան դեռևս չէր ստացել: Նա նույնիսկ նամակ գրեց ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանին, հարցնելով` պատրաստվու՞մ է արդյոք Անդրոպովը պատասխանել իրեն: 1983 թվականի ապրիլի 26-ին` նա Անդրոպովից ստացավ նամակ[5]:

Անդրոպովի նամակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոպովի նամակը գրված էր ռուսերեն և անգլերեն լեզուներով և ուներ հետևյալ բովանդակությունը.

«Թանկագի'ն Սամանթա,

Ստացա քո նամակը, ինչպես և մյուս նամակները, որոնք այս օրերին ինձ են հասնում և' քո երկրից, և' աշխարհի մյուս երկրներից: Դատելով քո նամակից` ինձ թվում է, որ դու շատ խիզախ ու ազնիվ աղջիկ ես և նման ես Բեքքիին` Թոմ Սոյերի ընկերուհուն, քո հայրենակից Մարկ Տվենի հայտնի գրքից: Այդ գիրքը գիտեն և շատ են սիրում մեր երկրի բոլոր աղջիկներն ու տղաները:

Դու գրում ես, որ շատ ես անհանգստացած, թե չի՞ լինի արդյոք միջուկային պատերազմ մեր երկու երկրների միջև և հարցնում ես` արդյո՞ք մենք անում ենք ինչ-որ բան, որ հանկարծ չծագի պատերազմ: Քո հարցը ամենագլխավորն է այն հարցերից, որ կարող է տալ ամեն մի մտածող մարդ: Կպատասխանեմ քեզ ամենայն անկեղծությամբ և լրջությամբ: Այո', Սամանթա, մենք Խորհրդային Միությունում աշխատում ենք անել ամեն ինչ նրա համար, որպեսզի մեր երկրների միջև պատերազմ չլինի, որպեսզի պատերազմ ընդհանրապես չլինի աշխարհում: Այդ է ցանկանում խորհրդային ամեն մի քաղաքացի: Այդպես է սովորեցրել մեզ մեր պետության մեծագույն հիմնադիր Վլադիմիր Լենինը:

Խորհրդային մարդիկ լավ գիտեն, թե ինչ սարսափելի և կործանարար է պատերազմը: 42 տարի առաջ Նացիստական Գերմանիան, որը ձգտում էր տիրանալ ամբողջ աշխարհին, հարձակվեց մեր երկրի վրա, հրկիզեց և ամայացրեց մեր հազարավոր քաղաքներն ու գյուղերը, սպանեց միլիոնավոր խորհրդային քաղաքացիների` տղամարդկանց, կանանց և երեխաների:

Այդ պատերազմում, որն ավարտվեց մեր հաղթանակով, մենք դաշնակից էինք Միացյալ Նահանգներին, միասին պայքարում էինք նացիստական զավթիչներից շատ ժողովուրդների ազատելու համար: Ես հույս ունեմ, որ դու այդ գիտես դպրոցի պատմության դասերից: Այսօր մենք շատ ենք ուզում ապրել խաղաղության մեջ, համագործակցել և առևտուր անել մեր հեռավոր ու մոտ հարևանների հետ ողջ երկրագնդով մեկ և իհարկե, նաև այնպիսի մեծ երկրի հետ, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներն է:

Ե'վ Ամերիկան, և' մենք, ունենք միջուկային զենք: Դա շատ ահավոր զենք է, որը կարող է մի ակնթարթում սպանել միլիոնավոր մարդկանց: Սակայն մենք չենք ցանկանում, որ երբևէ այն գործածվի: Այդ իսկ պատճառով Խորհրդային Միությունը հանդիսավորությամբ, ամբողջ աշխարհով մեկ հայտարարել է, որ երբեք, երբեք, չի գործածի միջուկային զենքն առաջինը` ոչ մի երկրի հանդեպ: Եվ ընդհանրապես մենք առաջարկում ենք դադարեցնել դրա հետագա արտադրությունը և անցնել ամբողջ աշխարհում գոյություն ունեցող դրա ողջ պաշարի ոչնչացմանը:

Ինձ թվում է, որ դա բավարար պատասխան էր քո երկրորդ հարցին. «Ինչու՞ եք Դուք ուզում գրավել ողջ աշխարհը կամ ծայրահեղ դեպքում Միացյալ Նահանգները»: Նման բան մենք չենք ուզում: Մեր երկրում ոչ ոք` ոչ բանվորները և ոչ էլ գյուղացիները, ոչ գրողները և ոչ էլ բժիշկները, ոչ մեծահասակները և ոչ էլ երեխաները և ոչ էլ կառավարության անդամները, չեն ցանկանում ո'չ մեծ և ո'չ էլ փոքր պատերազմ: Մենք խաղաղություն ենք ուզում: Մենք ունենք բավականին այլ զբաղմունքներ` հաց աճեցնելը, շինարարությամբ զբաղվելը, գյուտեր անելը, գրքեր գրելը, ինչպես նաև տիեզերք թռչելը: Մենք խաղաղություն ենք ցանկանում մեզ համար և մոլորակի բոլոր ժողովուրդների համար, մեր երեխաների և քեզ համար, Սամա'նթա:

Եթե ծնողներդ թույլ կտան, հրավիրում եմ քեզ գալ մեզ մոտ, լավ կլինի ամռանը: Կիմանաս մեր երկրի մասին, կհանդիպես քո հասակակիցներին, կլինես ծովի ափին գտնվող երեխաների միջազգային «Արտեկ» ճամբարում և ինքդ կհամոզվես, որ Խորհրդային Միությունում բոլորը խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության կողմնակից են:

Շնորհակալություն քո շնորհավորանքների համար: Ցանկանում եմ քեզ լավագույնը` քո նոր սկսված կյանքում:

Յու. Անդրոպով»:

Ուղևորություն դեպի ԽՍՀՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի հուլիսի 7-ին, Սամանթան ծնողների հետ միասին այցելեց ԽՍՀՄ: Օդանավակայանում նրան դիմավորելու էին եկել բազմաթիվ մարդիկ[6]: Նրանց ընտանիքը Մոսկվայում ապրում էր «Սովետսկայա» հյուրանոցում:

ԽՍՀՄ-ում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում Սմիթների ընտանիքն այցելեց Մոսկվա և Լենինգրադ քաղաքներ, ինչպես նաև Ղրիմում գտնվող «Արտեկ» պիոներական ճամբար: Այնտեղ Սամանթայի գալուն նախապատրաստվել էին նախօրոք: Վերակառուցել էին ճաշարանը, նրա համար պատրաստել ամենալավ սենյակը: Հասակակիցների առաջարկով Սամանթան նույնիսկ հագնում էր պիոներական համազգեստ: Այդ համազգեստը նրան շատ էր դուր եկել և նա այն տարավ իր հետ: Ճամբարում նա իր հասակակիցների նման ապրում էր սովորական օրակարգով: Չնայած ծանր հիվանդության պատճառով Անդրոպովը այդպես էլ չհանդիպեց Սամանթային, սակայն նրանք զրուցեցին հեռախոսով: Ամբողջ աշխարհի լրատվամիջոցները հետևում էին Սամանթայի յուրաքանչյուր քայլին և արտահայտություններին:

Հուլիսի 22-ին տուն մեկնելիս` թռիչքից առաջ, Սամանթան ժպտաց հեռուստախցիկների առջև և ռուսերեն լեզվով, ժպիտը դեմքին` ասաց. «Կապրենք...»: Իր «Ճանապարհորդություն Խորհրդային Միություն» գիրքը Սամանթան եզրափակել էր «Նրանք այնպիսին են, ինչպիսին մենք ենք» արտահայտությամբ:

Ողբերգական մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի օգոստոսի 25-ին Սամանթան իր հոր հետ վերադառնում էր Ռոբերտ Վագների «Lime Street» սերիալի նկարահանումներից, որտեղ նա կատարում էր դերերից մեկը: Ջեյն Սմիթը սպասում էր ամուսնուն և դստերը Օգաստա քաղաքի օդանավակայանում: Սակայն ինքնաթիռը ուղևորվել էր Օգաստայից հարավ-արևմուտք գտնվող Օբերն-Լյուիսթոն օդանավակայան: Վատ տեսանելիության պատճառով` վայրէջքի պահին օդաչուն վրիպել էր, որի հետևանքով ինքնաթիռը վայր էր ընկել թռիչքուղուց 200 մետր հեռավորության վրա: Երկու օդաչուները և բոլոր վեց ուղևորները մահացել էին: Սամանթայի և նրա հոր մարմինները հուղարկավորվել են Սամանթայի ծննդավայրում` Հոուլտոնում:

ԱՄՆ-ում Սամանթայի զոհվելու մեղավոր էին համարում ՊԱԿ-ին, իսկ ԽՍՀՄ-ում՝ ԿՀՎ-ին:

Ի հիշատակ Սամանթայի` ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, հետագայում նաև ԱՊՀ մյուս երկրներում ստեղծվել են հասարակական կազմակերպություններ, վերանվանվել են փողոցներ, թողարկվել են հուշամեդալներ, կերտվել են հուշարձաններ, գրվել գրքեր, նկարահանվել ֆիլմեր և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. Chazanov Mathis (1983-04-12)։ «PRAVDA says it has letters from America»։ The Philadelphia Inquirer։ էջեր E16 
  5. «Yuri Andropov's Response»։ www.SamanthaSmith.Info։ Վերցված է 2008-03-03 
  6. «Саманта Смит — американская школьница, растопившая лед холодной войны»։ РИА Новости։ 25 августа 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-09-04