Ռութ Բեքքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Բեքքեր
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1899(1899-10-28)[1]
ԾննդավայրGuntur, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհուլիսի 6, 1990(1990-07-06)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունուսուցչուհի
 Ruth Becker Վիքիպահեստում

Ռութ էլիզաբեթ Բեքքեր (անգլ.՝ Ruth Elizabeth Becker; հոկտեմբերի 28, 1899(1899-10-28)[1], Guntur, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 6, 1990(1990-07-06)[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ուսուցչուհի, Տիտանիկ շոգենավի վերջին փրկված ուղևորներից մեկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Բեքքերը ծնվել է Հնդկաստանի Գունտուր քաղաքում՝ ամերիկացի լյութերական միսիոներ Ալեն Օլիվեր Բեքքերի և Նելլի Բաումգարդների ընտանիքում։ Ռութի կրտսեր եղբայրը՝ Լյութեր Ռութը մահացել է երկու տարեկան հասակում։ 1907 թվականի դեկտեմբերին Նելլին ունեցել է երկրորդ դստերը՝ Մարիոն Լուիզային, իսկ 1910 թվականին որդուն՝ Ռիչարդին[3][4][5]։

1912 թվականի սկզբին Ռիչարդը հիվանդացել է, և մայրը դուստրերի հետ որոշել է տեղափոխվել ԱՄՆ Միչիգան նահանգի Բենտոն Հարբոր քաղաքը։ Ալենը ընտանիքին պետք է միանար մեկ տարի անց։

«Տիտանիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկուամյա Ռութը մոր, քրոջ Մարիոնի և եղբոր Ռիչարդի հետ Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոն քաղաքում 1912 թվականի ապրիլի 10-ին նստել են «Տիտանիկ» շոգենավը։ Նրանք ճանապարհորդել են երկրորդ կարգով։ 1912 թվականի ապրիլի 14-ին, այն բանից հետո, երբ ժամը 23:40-ին նավը բախվեց այսբերգին, Ռութը հիշում է, թե ինչ է ասել ստյուարդը իր մորը. «Մի փոքր վթար է տեղի ունեցել։ Նրանք պատրաստվում են ամեն ինչ վերացնել և մենք կշարունակենք մեր ճանապարհը»[6]։ Հասկանալով, որ նավը շատ է վնասվել՝ Նելլին վերցրել է երեխաներին և նստել փրկարարական նավակը։

Ստյուարդը օգնել է նստեցնել Մարիոնին և Ռիչարդին 11-րդ փրկարարական նավակը, սակայն չի թողել նստել Նելլիին։ Նա աղաչել է թողնել իրեն, որին ստյուարդը համաձայնել է, սակայն հրաժարվել է նավակ նստեցնել Ռութին։ Նելլին բղավել է, որ Ռութը նստի փրկարարական ուրիշ նավակ։ Ռութին փրկարարական 13-րդ նավակն է նստեցրել վեցերորդ սպա Ջեյմս Փոլ Մուդին[7]։

Նելլին և իր երեխաները փրկվել են «Կարպատիա» նավի անձնակազմի կողմից։ Նյու Յորքում նրանք նստել են Միչիգանի Բենտոն Հարբոր մեկնող գնացքը։ Ալենը, 1913 թվականին Հնդկաստանում միսիոներական աշխատանքը ավարտելուց հետո, միացել է ընտանիքին[8]։

Կարիերա և հարսանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութը սովորել է Օհայոյի միջնակարգ դպրոցներից մեկում։ Ավարտել է Վուսթերի քոլեջը և որպես ուսուցիչ աշխատել Կանզասում, այնուհետև Բենտոն Հարբորում։ Ամուսնացել է իր համադասարանցի Դենիել Բլենչարդի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա։ 23 տարվա ամուսնությունից հետո ամուսինները բաժանվել են[8]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարին հաջորդող մի քանի տարիների ընթացքում Ռութը հրաժարվել է խոսել «Տիտանիկի» վրա տեղի ունեցած դեպքերի մասին։ Անգամ նրա երեխաները և աշակերտները չեն իմացել, որ Ռութը եղել է նավի վրա։ Այն բանից հետո, երբ Ռութը տեղափոխվեց Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաք, սկսեց բացահայտ խոսել այդ մասին[3]։

1982 թվականին Ռութը միացել է Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում գործող «Տիտանիկի պատմական միություն» կազմակերպության հավաքին, որն հավաքել էր Տիտանիկ նավի աղետից փրկվածներին։ Հավաքը նվիրված էր նավի կործանման 70- ամյակին։ Ավելի ուշ, նա մասնակցել է նաև 1987 և 1988 թվականների հավաքներին։ 1990 թվականի մարտին մեկնել է իր երկրորդ ծովային ճանապարհորդությանը՝ դեպի Մեքսիկա[3][7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Բեքքերը մահացել է 1990 թվականի հուլիսի 6-ին 90 տարեկան հասակում Կալիֆոռնիայում։ 1994 թվականի ապրիլի 16-ին նրա դիափոշին թափվել է Ատլանտյան օվկիանոսում՝ այն վայրում, որտեղ խորտակվել էր «Տիտանիկը»[9]։ Նախկինում, այդ վայրում թափվել էր նաև Ֆրենկ Գոլդսմիթի և չորրորդ սպա Ջոզեֆ Բոքսհոլլի դիափոշիները[3][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopedia Titanica — 1996.
  2. Robbins, William (April 18, 1982, Sunday). «Screams, Then Sea's Silence, Still Haunt 5 Survivors Of Titanic». New York Times. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. «Out of a night so cold that ice crystals formed whiskers around the lights, as old sailors put it, over the dark waters and across 70 years, the screams still haunt these five survivors, aging men and women for whom the nightmare of the sinking of the Titanic is ...»
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ruth Elizabeth Becker». Encyclopedia Titanica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. «Mrs Allen Oliver Becker (Nellie E. Baumgardner), 36, boarded the Titanic at Southampton. she was travelling with her children Ruth, Richard and Marion from Guntur, India to Benton Harbour, Michigan.»
  4. «The Hindu: The Titanic survivors from Guntur». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Nellie E. Becker». Encyclopedia Titanica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. «Miss Ruth Elizabeth Becker, 12, boarded the Titanic at Southampton. She was travelling with her mother Nellie, brother Richard and sister Marion from India to Benton Harbour, Michigan.»
  6. «Ruth Elizabeth Becker». Encyclopedia Titanica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. «Mrs. Allen Oliver Becker (Nellie E. Baumgardner), 36, boarded the Titanic at Southampton. she was travelling with her children Ruth, Richard and Marion from Guntur, India to Benton Harbour, Michigan.»
  7. 7,0 7,1 «NationMaster — Encyclopedia: Ruth Elizabeth Becker». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 «Children of the Titanic — Ruth Becker». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. «Ruth Blanchard Dies». Santa Barbara News-Press. 1990 թ․ հուլիսի 8. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. «Ruth Becker Blanchard, a survivor of the 1912 sinking of the Titanic, died Friday at home in Santa Barbara. She was 90.»
  10. «Titanic Today: Exhibition of Titanic Artifacts - The Salvage Controversy». Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին. «On April 16, 1994, the ashes of Titanic survivor Ruth Becker Blanchard were cast over the area by a USCG chaplain, where they will join Fourth Officer Boxhall and Frank Goldsmith, also Titanic survivors who requested they be returned to the sea where hundreds of people perished.»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Բեքքեր» հոդվածին։