Պողոսյան թատերախումբ
![]() | |
---|---|
Տեսակ | թատերախումբ |
թատերախմբի ղեկավար | Էդուարդ Պողոսյան |
Հիմնադիրներ | Էդուարդ Պողոսյան |
Երկիր | Արևմտյան Հայաստան, ԱՄՆ |
Գտնվելու վայրը | ԱՄՆ |
Հիմնադրման ամսաթիվ | 1923 թվական, մարտ |
Անվանված է | Պողոսյան թատերախումբ |
Գլխավոր ռեժիսոր | Էդուարդ Պողոսյան |
Պողոսյան թատերախումբ, ԱՄՆ-ում գործունեություն ծավալած հայկական թատերախումբ։ Ղեկավարը Էդուարդ Պողոսյանն էր։ ԱՄՆ-ում գործել է մոտ 40 տարի։ Ներկայացումները խաղացել են բացառապես արևմտահայերենով, հիմնականում` պոլսահայ բարբառով[1]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերախմբի ղեկավարը` Էդուարդ Պողոսյանը, ԱՄՆ է հասել 1923 թվականի սկզբին։ Նույն թվականի մարտ ամսին ԱՄՆ-ի ամենահայաշատ քաղաքներում սկսել են հայտարարություններ տարածվել թատերախմբի ելույթների վերաբերյալ։
Թատերախումբ տերմինը, ըստ ամերիկահայ թատրոնի պատմություն ուսումնասիրող արվեստաբան Գառնիկ Ստեփանյանի, պայմանական է Պողոսյանի խմբի համար։
![]() |
«Պողոսյան թատերախմբի» հետ կապված հարցերից մեկն էլ «թատերախումբ» հասկացության ճշտումն է։ «Թատերախումբ» բառը առհասարակ պայմանական հասկացություն է եղել ամերիկահայ գաղութում։ Անգամ երբ թերթերում հանդիպում ենք «Զարիֆյան թատերախումբ», «Սուրաբյան թատերախումբ», նկատի պիտի ունենալ, որ դրանցում մնայուն դերակատարումները եղել են երկու-երեք հոգի, մնացածները փոփոխվող ուժեր են, այսօր այս մեկը, վաղը մյուսը, հազվադեպ ամբողջ խաղաշրջանի համար պայմանավորվածներ։ Այս բանը շատ ավելի հատուկ պիտի լիներ «Պողոսյան թատերախմբին», որը չի ունեցել և չէր կարող ունենալ իր հետ մշտական կապված դերասան-դերասանուհիներ։ Եթե պատահական սիրող ուժերի հետ ներկայացումներ տալը անգամ Զարիֆյանի ու Աբելյանի համար սովորական էր, ապա ավելի հասկանալի պիտի լիներ Պողոսյանի համար, որը հազվադեպ է ամբողջական պիեսներ բեմադրել. հավատարիմ մնացել հեղինակային տեքստին։ Նրան անհրաժեշտ են եղել սրամիտ, պատրաստաբան մարդիկ, որոնք կարողանային բեմում ստեղծել աշխույժ մթնոլորտ, բնագրից դուրս երկխոսություններով, սրամիտ արտահայտություններով։
- Գառնիկ Ստեփանյան, «Ամերիկահայ թատրոնի պատմություն», Երևան, 2008, էջ 254-255
|
![]() |
Էդուարդ Պողոսյանը հանդես է եկել ինչպես այլ դերասանների հետ, այնպես էլ` ելույթներ է ունեցել միայնակ, հաճախ նաև` ոչ թե բեմում, այլ մարդկանց տներում, նրանց դաշտային աշխատանքների ժամանակ, կազմակերպել է, այսպես ասած` «դաշտահանդեսներ»` այդպես ևս փորձելով լուծել թատերախմբերի առջև մշտապես կանգնած ֆինանսական խնդիրները։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պողոսյան թատերախումբը» բեմադրել է թե՛ դրամաներ, ողբերգություններ, թե՛ կատակերգություններ։ Նախասիրած թեման հիմնականում եղել է պոլսահայ կյանքը` արտահայտված գրական տարբեր սեռի գործերով` երգախառն զավեշտներ, դասական կատակերգություններ, վոդևիլներ, նմանակման պատկերներ, որոնք հիմնականում պատրաստվել են խմբի ղեկավար Էդուարդ Պողոսյանի կողմից։ Թատերախումբը հաճախ վերցրել է հայտնի ստեղծագործություններ և դրանք փոփոխել է ըստ հայեցողության։ Մշտապես շփվելով ամերիկահայ գաղութաբնակների հետ` Պողոսյանը ձգտել է ներկայացնել այնպիսի գործեր, որոնք հանդիսատես կունենան, այդ պատճառով թատերախմբի հիմնական խաղացանկը կազմված է եղել կատակերգություններից ու հումորային ելույթներից։ Թատերախմբի կողմից բեմադրված առավել հայտնի ներկայացումներն են.
- «Թատրոն և թշվառներ»-Պետրոս Դուրյան
- «Արշակ Երկրորդ»-Մկրտիչ Պեշիկթաշլյան
- «Արա Գեղեցիկ»-Սրապիոն Թղլյան
- «Սանդուխտ կույս»-Թովմաս Թերզյան
- «Մեծն Ներսես հայրապետի թունավորումը»-Երիցյան
- «Հին աստվածներ»-Լևոն Շանթ
- «Վարդանանց պատերազմը»-Սմբատ Բյուրատ
- «Թալաթի անկումը», «Քսան կախաղաններ»-Սեդրակ Շահեն
- «Կույր նկարիչը», «Տանը պատիվ», «Սերը կույր է»-Գևորգ Սիմոնով
- «Գազազ Արթին ամիրա»-Վահան Քյուչյուկյան
- «Չար ոգի», «Պատվի համար», «Նամուս», «Եվգինե»-Շիրվանզադե
- «Արքայն զբոսնու»-Վիկտոր Հյուգո
- «Աշխարհի դատաստանը»-Ալեքսանդր Դյումա
- «Ավազակները»-Ֆրիդրիխ Շիլլեր
- «Արցունքի հովիտը»-Ավետիս Ահարոնյան
- «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»-Հակոբ Պարոնյան
- «Չարշըլը Արթին աղա», «Թաղականին կինը»-Երվանդ Օտյան
- «Ստամբոլցի Տայի Կարապետը», «Ամերիկահայ փեսացուն», «Կնիկ կուզեմ, հիմա կուզեմ»-Գրեմ Սիմոն
- «Խահվեճի Մկոն»-Գևորգ Սիմոնով
- «Մոտեաճի Գասպարը», «Փարիզի Կավռոշը»-Ե. Թոլայան
- «Թիվ հինգ խելագարը», «Արևելյան սափրիչը», «Նասրեդդին Հոճա»-Հ. Հ. Ամիրենց
- «Քիթ Կարապետ կամ ամերիկահայ փեսացուն»
- «Բառնաբաս տղայի ամուսնությունը»
Ցանկը ներկայացրել է Պողոսյանի խաղընկեր և կենսագիր Ա. Բագրատունին, մեկ այլ հետազոտող` Գառնիկ Ստեփանյանը, որոշ կասկածներ ունի ներկայացված ցանկի վերաբերյալ, քանի որ այդ ժամանակի մամուլում որևէ հիշատակություն չկա նշված ներկայացումների մի մասի վերաբերյալ[2]։
Թատերախմբի ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերախմբի հիմնադիր և ղեկավար Էդուարդ Պողոսյանը ծնվել է 1900 թվականին, Կոստանդնուպոլսում, Պեզճյան վարժարանի ուսուցիչ Նազարեթ էֆենդիի ընտանիքում։ Կրթություն է ստացել Կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներից հետաքրքրվել է թատրոնով, փոքր դերեր է ստացել հայերեն ներկայացումներում։ 1918 թվականին մի խումբ ընկերների հետ Գում Գափու թաղամասում ստեղծել է «Արևելյան թատերախումբ», որը հանդես է եկել ներկայացումներով։ Թատերախմբի երիտասարդ դերասանների հետ աշխատել է Միհրդատ Հայկազը։ Ժամանակի մամուլն անդրադարձել է թատերախմբի գործունեությանը` երիտասարդներին անվանելով «համեստ տղաք, որ իրենց հանապազորյան կշահեին գրաշարությամբ... անկեղծորեն կսիրեին թատրոնը և բեմին նվիրված էին երիտասարդական ամբողջ խանդավառությամբ»[3]։ Այլ հրապարակումներ անդրադարձել են Պողոսյանին, նկարագրել նրան որպես բարձրահասակ, արտահայտիչ աչքերով[4]։ Թատերախումբը, և Էդուարդ Պողոսյանն էլ նրա հետ, ապագայի մեծ ծրագրեր են ունեցել, սակայն 1922 թվականին Իզմիրում տեղի ունեցած մեծ հրդեհից հետո թատերախմբի բոլոր անդամները ցրվել են աշխարհով մեկ։ Պողոսյանը Նյու Յորք է հասել երկու ընկերների` Խաչիկ Չուխաճյանի և Գևորգ Սիմոնովի հետ։ Այստեղ սկզբնական շրջանում մեծ դժվարություններ է ունեցել[5]։ ԱՄՆ-ում ապրելու տարիներին էլ իր ներկայացումներում հիմնականում պատկերել է հայկական իրականություն` հանդիսատես ունենալով ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների։
Թատերախմբի հետ աշխատած դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերախմբում աշխատել են ինչպես ժամանակի հայտնի հայ դերասաններ, այնպես էլ սիրողական դերասաններ, որ հիմնականում եղել են Պոլսից ու Իզմիրից գաղթած արևմտահայեր։ Պողոսյան թատերախումբը շատ փոփոխություն է կրել` գրեթե չունենալով մշտական կազմ և շատ դերասաններ են որոշ ժամանակ աշխատել խմբի հետ, այնուհետև` հեռացել Պողոսյանից։ Պողոսյան թատերախմբի հետ համագործակցող քիչ թե շատ պրոֆեսիոնալ դերասանները հաճախ նաև ինքնուրույն ելույթներ են ունեցել, երբեմն` իրենք են ժամանակավոր թատերախմբեր հիմնել, սակայն դա որևէ կերպ չի խանգարել նրանց նաև համագործակցել Է. Պողոսյանի հետ։
![]() |
Դերասան Պողոսյանի խումբին հաջողության սատարող գլխավոր դերակատարներն էին դերասան Հակոբ Վեզիրյան, Տիգրան Պագալյան, Սոնիկ և իր մայրը` տիկին Քաջոյան, դերասանուհի Հրաչուհի Փափազյան (Վահրամ Փափազյանի նախկին կինը) և դերասանուհի տիկ. Գայուշ։ Դերասան Հայկ Չուխաճյան և դերասան Գևորգ Սիմոնով եղած են շատ մոտիկ ընկերներ Պողոսյանին հետ, որպես եռանկյուն, զիրար կռթնելով աշխատակցած են կարգ մը քաղաքներուն մեջ։ Պողոսյանի ամերիկածին հայ դերասանուհիներեն մին ալ եղած է օրիորդ Անահիտ Եղիազարյանը, թե իր պարերով և թե ալ իր խաղարկությամբ։ Հիշողության արժանի է Հարություն Պողոսյան, եղբայրը` Էդուարդ Պողոսյանի, որ կրցած է օգնել իր եղբորը, իր դերակատարությամբ և թե ալ նվագով[6]։ | ![]() |
Հիշատակված դերասաններից որոշները չեն բարձրացել սիրողական մակարդակից, որոշներն էլ կարողացել են անուն ձեռք բերել ու լայն գործունեություն ծավալել ԱՄՆ-ի տարբեր հայաշատ քաղաքներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 251
- ↑ Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 273-274
- ↑ «Քուլիս», Կ. Պոլիս, 1970, հուլիսի 15
- ↑ Նույն տեղում
- ↑ Ա. Բագրատունու հոդվածաշարը Էդուարդ Պողոսյանի մասին, տպագրվել է Նյու Յորքում լույս տեսնող «Լրաբեր» թերթում
- ↑ Ա. Բագրատունի, «Լրաբեր» թերթ, 1972