Հայկ Չուխաճյան
Հայկ Չուխաճյան, հայ դերասան։ Հայտնի է ամերիկահայ մի շարք թատերախմբերում (Պողոսյան թատերախումբ, Սուրաբյան թատերախումբ) խաղացած հիմնականում կատակերգական դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Չուխաճյանը ծնվել է Կեսարիայում (Թուրքիա)[1]։ Մանկության տարիներին ծնողների հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ կրթություն է ստացել և ձեռք բերել բեմական առաջին փորձերը։ 1890-ական թվականներին միանալով Արշակ Պենկլյանի օպերետային խմբին` թուրքերեն ներկայացումներով եղել է Ռումինիայում, Բուլղարիայում։
Օսմանյան կայսրությունում հայերի դեմ սկսված մեծ բռնաճնշումների արդյունքում դերասան Գևորգ Սիմոնովի հետ հասել է Ամերիկա։ Այնտեղ սկզբնական շրջանում խաղացել է Պողոսյանի թատերախմբում։ Գաղթի տարիներին շատ դժվարություններ է կրել[2]։
Համագործակցել է նաև ԱՄՆ-ում գործող մեկ այլ` Սուրաբյան թատերախմբի հետ` ներկայացումներում խաղալով գլխավոր դերեր։
![]() |
Պ. Հայկ Չուխաճյան որպես կատակերգակ դերասան գնահատելի հաջողությամբ խաղաց Լեպլեպիճի Հոր հոր աղայի ծանր ու պատասխանատու բաժինը։ Իր խիստ բնական շարժուձևերը իրավամբ զինք կդարձնեն ողբացյալ դերասան Պենկլյանի արժանավոր հաջորդը[3]։ | ![]() |
1925 թվականին Հայկ Չուխաճյանն ստեղծել է «Զվարթ» կատակերգական թատերախումբը, որի հետ ներկայացրել է մի քանի կատակերգություն և օպերետներ, այդ թվում՝ իր բեմականացումը՝ «Հոճա Նասրեդդինը», ինչպես նաև` Տիգրան Չուխաճյանի օպերետներից։ Մամուլը դրական է արձագանքել «Հոճա Նասրեդդինը» ներկայացմանը, որտեղ գլխավոր դերը կատարել է հենց ինքը՝ Հայկ Չուխաճյանը։
Հետագայում կրկին փորձել է թատերախումբ ստեղծել, սակայն խաղընկերներ չունենալով` հաջողության չի հասել։
ԱՄՆ-ում մեծ հաջողություններ չգտնելով` Սիմոնովի հետ մեկնել է Ֆրանսիա, սակայն 1930-ականների կեսերին կրկին վերադարձել է ԱՄՆ։ Այստեղ էլ 1944 թվականին աղքատության ու անհայտության մեջ ինքնասպան է եղել[4]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Չուխաճյանը հիմնականում հայտնի է որպես կատակերգակ դերասան։ Իր ստեղծագործական կյանքի հիմնական մասն անց է կացրել ԱՄՆ-ում գործող «Պողոսյան» թատերախմբում` ներկայացումներում հիմնականում գլխավոր դերեր խաղալով։ Երբեմն հեռանալով «Պողոսյան» թատերախմբից` հայ մեկ այլ դերասանի` Գևորգ Սիմոնովի հետ խումբ է կազմել և հանդես եկել առանձին ներկայացումներով[5]։ Առանձին ներկայացումները, սակայն, երկար կյանք չեն ունեցել։ Հայտնի է եղել մի շարք ներկայացումներում խաղացած («Լեպլեպիճի Հոր-հոր աղա», «Հոճա Նասրեդդին») գլխավոր դերերով, որոնց անդրադարձել է ժամանակի մամուլը[6]։ Երբևէ չի փորձել խաղալ արևելահայ ներկայացումներում, միշտ ընդգրկված է եղել արևմտահայ ներկայացումների մեջ։
![]() |
Այս շատ տաղանդավոր դերասանը, որուն հետ համագործակցելու լայն պատեհություն ունեցած եմ, թոռն է մեր անմահ երգահան և օպերայի հիմնադիր Տիգրան Չուխաճյանի... ան մնացորդն էր Պոլսո արևելյան բեմի լավագույն տիտաններուն, ինչպիսիք էին Մ. Մնակյան, Ֆելեկյան, Ա. Պենկլյան, Հակոբյան և ուրիշներ։ - Ա. Բագրատունի, հայ դերասան[7]
|
![]() |
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լեպլեպիճի Հոր հոր աղա»-Հոր հոր աղա
- «Հոճա Նասրեդդին»-Հոճա Նասրեդդին
- «Արիֆի խարդախությունը»
- «Քեոսե Քեհյան»
Մահ և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին ինքնասպան է եղել։ Համեստ թաղմանը, որը կազմակերպել են արվեստագետ ընկերները, մասնակցել են Պողոսյանն ու Սիմոնովը։ Դերասանի գերեզմանաքարը պատրաստել է մեկ այլ հայ դերասան` Կյուրեղ Սրաբյանը[8]։ Հայկ Չուխաճյանի «Շվարած վարժապետը կամ Հոճա Նասրեդդինը» ստեղծագործությունը դերասան Գևորգ Սիմոնովը տպագրել է իր «Տաղք և թատերգությունք» ժողովածուի 4-րդ հատորում` հետևյալ նշումով. «Թարգմանեց և ամփոփեց թրքերենե կատակերգակ դերասան Հայկ Չուխաճյան։ Այս կատակերգությունը ի լույս կնծայեմ բարեկամիս և ընկերոջս հիշատակը անմոռաց պահելու համար[9]»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 293
- ↑ նույն տեղում, էջ 294-295
- ↑ Երիտասարդ Հայաստան, 1925, դեկտ. 17
- ↑ Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 297
- ↑ Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 295
- ↑ Երիտասարդ Հայաստան, 1924, դեկտեմբերի 17
- ↑ Լրաբեր, 1972
- ↑ «Լրաբեր», 1972
- ↑ Գ. Սիմոնով, տաղք և թատերգությունք, հատ. 4, Նյու Յորք, 1951