Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ուսումը շարունակել է Վենետիկի Ռաֆայելյան վարժարանում, ավարտել է 1858 թվականին, վերադարձել Կ. Պոլիս, դարձել Տատյան ամիրաների տան ուսուցիչ, միաժամանակ ֆրանսերեն ավանդելով մի շարք տներում և դպրոցներում։ Երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է Սկյուտարի ճեմարանում աճեցնելով բազմաթիվ աշակերտներ, որոնք հետագայում դարձել են հայտնի դեմքեր, ինչպես Պետրոս Դուրյանը, Հարություն Մրմրյանը, Մելքոն Կյուրճյանը, Արշակ Չոպանյանը։ 1860-ականների սկզբներից գրել է պիեսներ, որոնք բազմիցս բեմադրվել են պոլսահայ բեմում։ Այդ պիեսներից են՝ «Էլեոնորա», «Դարանակալ պանդոկը», «Մասյաց դյուցազնուհի», «Կույրն Տիրան», «Մեծն Տրդատ», «Սափփո քերթողուհի» և այլն։ Եղել է պոլսահայ թատրոնին մոտ կանգնած անձնավորություն։ 1860-1870-ականներին Պոլսում խաղացվող եվրոպական մելոդրամաներից շատերը թարգմանել է նա, ինչպես՝ «Արյան բիծ», «Արքայն զբոսնու», «Երկու հիսնապետք», «Լիոնի սուրհանդակը», «Լյուսի Դիդիե», «Սեր առանց համարման»։ Ապրել է երկար, բայց 1880-ականներից հեռացել է հասարակական-մշակութային կյանքից[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 192)։