Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, հետագայում ինքնակրթությամբ խորացել աստվածաբանության, փիլիսոփայության և լեզուների ուսումնասիրության մեջ։ Թարգմանել է Հերոդոտոսի, Շ․ Մոնտեսքյոյի, Ժ. Ռուսոյի, Հ․ Տենի, Հ․ Սպենսերի և այլոց գործերը։ Իր ուսուցիչ Միսաքյանի և Հ․ Չամուռճյանի (Տերոյենց) կենսագիրն է («Հին օրեր։ Պոետ Խաչատուր Միսաքյան և իրեն ժամանակակից իմացականին վրա հայացքներ, 1815 թ. 1891»,1907, «Տասննիններորդ դար և Հովհ․ Պրուսացի Տերոյենց», 1908)։ Մրմրյանը կրոնաիդեալիստական երկերի հեղինակ է («Ալելույա։ Տասնյակ իմաստասիրական», 1908 և այլն)։ Պատմաբանասիրական հետազոտությունները վերաբերում են հայ առևտրական բուրժուազիայի ձևավորման և զարգացման պատմությանը («Հին օրեր ու այդ օրերուն հայ մեծատունները։ 1550-1870», 1901, «Թուրքահայոց հին վաճառականությունն և վաճառականք։ 1740-1890», 1908, «Մասնական պատմություն հայ մեծատուններու։ 1400-1900», 1909) և հայ գրականությանը («Պատմություն հայ գրականության», մաս 1, 1910)։ Մրմրյանի միստիկական խորհրդածությունները, խրթին գրելաոճը և ճգնավորական ապրելակերպը քննադատել են Գրիգոր Զոհրապը, Թեոդիկը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 67)։