Պիպպա Բակկա
Պիպպա Բակկա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1974[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիա |
Մահացել է | մարտի 31, 2008[1] (33 տարեկան) |
Մահվան վայր | Գեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | արվեստագետ, հակապատերազմային ակտիվիստ և performance artist |
Կայք | pippabacca.it |
Pippa Bacca Վիքիպահեստում |
Ջուզեպինա Պասկուալինո դի Մարինեո (իտալ.՝ Giuseppina Pasqualino di Marineo, դեկտեմբերի 9, 1974[1][2][3][…], Միլան, Իտալիա - մարտի 31, 2008[1], Գեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա), իտալացի ֆեմինիստ նկարչուհի, հայտնի է որպես Պիպպա Բակկա։
«Ամուսնություն տարբեր ժողովուրդների և ազգերի միջև» կարգախոսով համաշխարհային խաղաղությունը խթանելու նպատակով միջազգային ավտոստոպ ճանապարհորդության է մասնակցել։ Բակկան և նկարչուհի Սիլվիա Մորոն, որպես խորհրդանիշ, իրենց արշավի ժամանակ կրել են հարսանեկան զգեստ։ 2008 թվականի մարտի 31-ին Պիպպա Բակկան անհետացել է Թուրքիայի Գեբզե քաղաքում[4]։ 2008 թվականի ապրիլի 11-ին ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով հետագայում խոստովանել է Պիպպա Բակկայի սպանությունը և իշխանություններին առաջնորդել է նրա դիակի հայտնաբերման պրոցեսում[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիպպա Բակկան ծնվել է Միլանում։ Նրա հայրը՝ Գվիդո Պասկուալինո դի Մարինեոն, ծագումով Նեապոլից էր։ Նրա մայրը՝ Ելենա Մանզոնին, նկարիչ Պիեռո Մանձոնիի ավագ քույրն էր։ Բակկան աշխատել է տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում՝ լուսանկարչությամբ, կոլաժով և ասեղնագործությամբ։ Նրա 2004 թվականի «Վիրաբուժական մուտացիաներ» ստեղծագործությունը բաղկացած էր մի շարք տերևներից, որոնք հավաքված էին փայտի մեջ և կտրված էին տարբեր ծաղիկների տեսակների նմանեցնելու համար։ 2006 թվականին ունեցել է իր առաջին ինստիտուցիոնալ անհատական ցուցահանդեսը՝ «Կոտրված պատկերը» Միլանի Fabbrica del Vapore-ում[6]։
«Հարսնացուն շրջագայության մեջ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Բակկան արտիստ Սիլվիա Մորոյի հետ սկսեց աշխատել համաշխարհային խաղաղության խթանմանն ուղղված կատարողական ստեղծագործության վրա, որը կոչվում էր «Հարսնացուն շրջագայության մեջ»[7]։ Նկարիչները սպիտակ հարսանյաց զգեստներով մեկնել են Միլանից 2008 թվականի մարտի 8-ին, ճանապարհորդել են Բալկանների տարածքով և տասներկու օր անց ժամանել Թուրքիա։ Նրանք ծրագրել էին ավտոստոպով երթևեկել Մերձավոր Արևելքով, իսկ իրենց վերջնական նպատակակետն էր սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը[7]։ Ինչ վերաբերում է իրենց հագուկապին, նրանք իրենց կայքում հայտնել են, որ «դա միակ զգեստն է, որը մենք տանելու ենք՝ ճանապարհորդության ընթացքում կուտակված բոլոր բծերով»[8]։
Անհետացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միասին Եվրոպայով մեկ ճանապարհորդելուց հետո Բակկան և Մորոն բաժանվեցին Ստամբուլ ժամանելուց անմիջապես առաջ՝ պլանավորելով կրկին հանդիպել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Բակկային վերջին անգամ տեսել են մարտի 31-ին։ Հաղորդվում է, որ նրա կրեդիտ քարտը օգտագործվել է այդ օրվա կեսօրին։ Բակկայի մերկ, խեղդված և քայքայված մարմինը հայտնաբերվել է Գեբզեյում, թփերի մոտ՝ Ստամբուլից մոտ 64 կմ հարավ-արևելք[4]։
Տղամարդը, ով ոստիկաններին տարել է նրա մարմնի մոտ՝ Մուրադ Քարաթաշը, կալանավորվել է և ձերբակալվել այն բանից հետո, երբ, ըստ տեղեկությունների, խոստովանել է, որ բռնաբարել և խեղդել է Բակկային մարտի 31-ին՝ նրան իր Jeep-ով բենզալցակայանից տանելուց հետո[5]։ ԴՆԹ-ի թեստը ցույց է տվել, որ Բակկային բռնաբարել են բազմաթիվ մարդիկ, և ոչ միայն Քարաթաշը։ Կասկածյալն ասել է, որ ինքը «թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ է եղել» և չի կարող հիշել, թե ինչ է տեղի ունեցել, երբ և ինչ հանգամանքներից ելնելով։
Քարատաշին հայտնաբերել են այն բանից հետո, երբ նա իր սեփական սիմ-քարտը մտցրել է տուժողի բջջային հեռախոսի մեջ, ինչն էլ ահազանգ է առաջացրել ոստիկանության մոտակա մասնաշենքում, քանի որ նա նախկինում դատապարտված է եղել գողության հոդվածով։ Բակկայի սեփական տեղեկատվությունը ջնջվել է բջջային սարքից, ինչը, ըստ Բակկայի ընտանիքի փաստաբանի, ենթադրում է առնվազն մեկ այլ հանցակից, քանի որ Քարաթաշը չի կարողացել խոսել անգլերեն և թողել է դպրոցը երրորդ դասարանից հետո։
Հետևանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրանից հետո Բակկայի քույրը՝ Մարիան, հայտարարել է իտալական «ANSA» լրատվական գործակալությանը․ «Բակկայի ճամփորդությունները գեղարվեստական ներկայացման և խաղաղության ու վստահության ուղերձ տալու համար էին, բայց ոչ բոլորն են արժանի վստահության։ . . Մենք առանձնապես չէինք անհանգստանում, քանի որ նա երկար ժամանակ ավտոստոպով էր գնում, և այդպիսով կարող էր խուսափել ռիսկային իրավիճակներից։ . . Նա վճռական անձնավորություն էր, երբ խոսքը վերաբերում էր իր արվեստին»։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը զանգահարել է Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, որպեսզի հայտնի իր վիշտը և ցավակցանքը։ Today's Zaman-ի մեկնաբանությունը, ցավակցություն հայտնելով, քննադատել է թուրք քաղաքական գործիչների ենթադրյալ կամակորությունը «օտարների» նկատմամբ Բակկայի գործում` գրելով. «Եկեք համաձայնվենք, եթե Պիպպան լիներ թուրք, ապա շատ մարդիկ կասեին, որ ավտոստոպով տեղաշարժվող կինն արժանի է բռնաբարության»։ Հոդվածագիրը պնդում էր, որ տեղական խնդիրները, ինչպիսին է կանանց նկատմամբ բռնությունը, պետք է լուծվեն՝ անկախ այն բանից, որ Թուրքիան ամաչում է օտարների առաջ։ Թուրքական ամենավաճառվող Հուրիեթ թերթը սպանության մասին հոդված է տպել «Մենք ամաչում ենք» վերնագրով։
2009 թվականին Ֆաենցայում կայացած արվեստի փառատոնի կապակցությամբ Ստամբուլի բիեննալեի տնօրեն Ֆուլյա Էրդեմջին իր երկրի անունից ներողություն խնդրեց։ Բակկայի ընկերուհի և ճամփորդուհի Սիլվիա Մորոն վերադարձել է Միլան և այդ դեպքից հետո դադարեց արվեստով զբաղվել։
Հարգանքի տուրք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին ֆրանսիացի կինոռեժիսոր Ժոել Կուրցը նկարահանել է վավերագրական ֆիլմ՝ «Bacca, La Mariée», պատմության Պիպպա Բակկայի մասին[9]։ Ֆիլմում ներկայացված են Բակկայի տեսախցիկի տեսաարխիվները, որոնք ֆիլմի թիմին հաջողվել է վերականգնել[10]։
2020 թվականին Միլան քաղաքում Բակկայի անվամբ հանրային այգի է բացվել Բրերա թաղամասում[11]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջիո Բոնոմի, Մարտինա Կոգնատի, Հարսնացուն շրջագայության ժամանակ, Ֆոնդացիոնե Մուդիմա, Միլան և Բիբլոս արվեստի պատկերասրահ, Վերոնա, 2009։
- Pippa Bacca, Eva e le altre, Cambi Editore, Poggibonsi, Իտալիա, 2016։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 Elisabetta, Povoledo (2008 թ․ ապրիլի 19). «Performance Artist Killed on Peace Trip is Mourned». The New York Times.
- ↑ 5,0 5,1 «'World peace' hitcher is murdered». BBC News. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Pippa Bacca nell'Enciclopedia Treccani».
- ↑ 7,0 7,1 «Itinerary». Brides on Tour. Fotoup.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Brides on Tour». Brides on Tour. Fotoup.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «The Bride (La Mariée)». JoëlCurtz.com. Joël Curtz.
- ↑ «The Bride». International Documentary Film Festival Amsterdam. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Con Parco Nivea nuova vita per giardino Pippa Bacca a Milano - Economia». 2022 թ․ հունիսի 7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիպպա Բակկա» հոդվածին։ |
|