Jump to content

Փերֆորմանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Բոյսի փերֆորմանսը, 1978

Փերֆորմանս (անգլ.՝ performance, կատարում, ներկայացում, ելույթ), ժամանակակից արվեստի ձև, որտեղ ստեղծագործությունը նկարչի կամ գեղարվեստական խմբի գործողություններն են` որոշակի վայրում և որոշակի ժամանակ։ Փերֆորմանսին կարելի է վերագրել ցանկացած իրավիճակ, որն իր մեջ ներառում է հիմնական չորս տարրերը` ժամանակ, վայր, նկարչի մարմինն ու նկարչի ու հանդիսատեսի հարաբերությունները։ Սրանով է փերֆորմանսը տարբերվում կերպարվեստի այնպիսի ձևերից, ինչպիսիք են նկարը կամ քանդակը, որտեղ ստեղծագործությունը որոշվում է ցուցադրվող օբյեկտով։ Երբեմն փերֆորմանս են կոչվում գեղարվեստական գործունեության այնպիսի ավանդական ձևեր, ինչպիսին է թատրոնը, պարը, երաժշտությունը, կրկեսային ելույթը և այլն, սակայն ժամանակակից արվեստում «փերֆորմանս» տերմինը սովորաբար վերաբերվում է ավանգարդ կամ կոնցեպտուալ արվեստին, որը ժառանգել է կերպարվեստի ավանդույթները։

Փերֆորմանսի ծագումը կապված է ավանգարդի գեղանկարչության խնդիրների` նկարի գեղարվեստական տարածության հաղթահարման, կառուցվածքի ելքը` որպես ավանգարդիստական արվեստի հիմնական միտման հետ։ Փերֆորմենսի արմատները գալիս են ֆուտուրիստների փողոցային ելույթներից, դադաիստների կլոունադայից, Բաուհաուզի թատրոնից։ «Փերֆորմենս» բառն առաջին անգամ օգտագործվել է Ջ. Քեյջի կողմից, 1952 թվականին՝ իր «4′33» ստեղծագործության համար։ Այս համերգի աֆիշի վրա գրված է եղել փերֆորմանս[1]։ Որպես արվեստի ուղղություն փերֆորմանսը ծագել է 1960-ական թվականներին այնպիսի նկարիչների ստեղծագործության մեջ, ինչպիսիք են Իվ Քլեյնը, Վիտո Ակկոնչին, Գերման Նիչը, Քրիս Բուրդենը, Յոկո Օնոն, Յոզեֆ Բոյսը և այլն։ Մեր օրերում այս ուղղությամբ ստեղծագործում են Մարինա Աբրամովիչը, Վահրամ Զարյանը, Սթիվեն Քոենը և այլն։

Փերֆորմանսի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքզիստենցիալ փերֆորմանս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերֆորմանսի այս տեսակին կարելի է դասել Բ. Նաումանի «Կին/տղամարդ, բռնության դեպք» (1985) և Մարինա Աբրամովիչի «Բալկանյան բարոկկո» փերֆորմանսները։ Այս տեսակի բնութագրիչ առանձնահատկությունն է տակտիկական սադիզմի ծայրահեղ դրսևորման ձգտումը, ակտիվ տեղաշարժը և հորինված սցենարը, որն արտահայտվում է ավարտի դաժան ֆիքսացիայի մեջ։

Կոնցեպտուալ փերֆորմանս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպտուալ արվեստի բնորոշ առանձնահատկությունը սոցիալական, քաղաքական ու գաղափարախոսական թեմաների վերաբերյալ դաժան պարոդիան է։ Ինքը` կոնցեպցիան, կայանում էր հասարակական նորմերի խախտման մեջ` անձի հասարակական սահմանները խախտելու միջոցով։ Այստեղ կարելի է առանձնացնել Լորի Անդերսոնի` «Դուետներ սառույցի վրա» անվամբ փերֆորմենսը, որը Լորին նվագել է ջութակով` չմուշկների վրա սառույցին կանգնած։

Փերֆորմանսի արվեստը չի սահմանափակվում արվեստի եվրոպական ու ամերիկյան արվեստի ավանդույթներով։ Փերֆորմանսի նշանակալի փորձ կարելի է գտնել Ասիայում և Լատինական Ամերիկայում։ Փերֆորմանսի կատարողներն ու տեսաբանները կարծում են, որ փերֆորմանսի արվեստը ծնվել է այնպիսի փորձի արդյունքում, ինչպիսիք են ծիսական, կրոնական-միստիկ և սպորտային գործողությունները։

In Our Time (BBC Radio 4, 20.10.2005, հինգշաբի, 21:30) դրվագում Ուորիկի համալսարանի փիլիսոփայության դոցենտ Անժի Հոբսը, Սոմերվիլի քոլեջի խորհրդի անդամ Միրիամ Գրիֆինը և Նյուքասլի համալսարանի անտիկ պատմության պրոֆեսոր Ջոն Մոուլզը Մելվին Բրագի հետ քննարկել են այն ենթադրությունը, որ հին հույն փիլիսոփաներ Անտիսթենեսն ու Դիոգենեսը կիրառել են փերֆորմանսի փորձը։ Նրանք նաև առաջ են քաշել այն թեորիան, որ «կինիկներ» անվանումը, որը ծագում է «շուն» բառից, փիլիսոփաներին տրվել է իրենց վարած «շնային» կյանքի պատճառով, որ իր փերֆորմանսներում նմանակում էր Դիոգենեսը։

Արվեստի արևմտյան տեսաբանները սովորաբար փերֆորմանսի պատմության սկիզբը դիտարկում են 20-րդ դարի սկզբից, երբ ծագել են կոնստրուկտիվիզմը, ֆուտուրիզմը և դադաիզմը։ Դադաիստների արտասովոր բանաստեղծական ելույթները, որոնք սովորաբար անց են կացվել Կաբարե Վոլտերում, կարելի է համարել փերֆորմանսի առաջին օրինակներ։

Էլզա ֆոն Ֆրեյթագ-Լորինգոֆենին (1874-1927) կարելի է համարել փերֆորմանսի առաջին եվրոպական և հյուսիսամերիկյան կատարողներից։ Իր ելույթներում նա կասկածի տակ է առել մշակույթի, կանացիության և առողջ բանականության վերաբերյալ ավանդական հնացած պատկերացումները։ Ըստ արվեստի քննադատ Հարոլդ Ռոսենբերգի` գործողության գեղանկարչությունը թույլ է տվել նկարիչներին դառնալ փերֆորմանսների կատարող։ Կտավը դարձել է «ելույթների մրցասպարեզ»։ Այդ պատճառով քննադատը կարծում է, որ նկարների մասին կարելի է խոսել որպես նկարչի պատկերած փերֆորմանսների մասին։

Աբստրակտ էքսպեսիոնիզմն ու գործողության գեղանկարչությունը նաև ազդեցություն են ունեցել այնպիսի ուղղությունների ձևավորման ու զարգացման վրա, ինչպիսիք են ֆլուքսուսը, հեփփենինգն ու փերֆորմանսը։

Փերֆորմանսի արվեստի ի հայտ գալը կանխատեսվել է, եթե ոչ ամբողջապես արտահայտվել է Ճապոնիայում, 1950-ական թվականներին Գուտայ խմբի ստեղծագործության, Ացուկո Թանակայի 'Electric Dress նախագծի մեջ[2] (1956): Փերֆորմանսի նախատիպային աշխատանքներ են եղել Իվ Կլյանի այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են Zone de Sensibilité Picturale Immatérielle (1959-62), Anthropométries (1960) և Saut dans le vide (Ցատկ դեպի դատարկություն) նախագծերը։

1960-ական թվականների կեսերին լենդ արթի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ռոբերտ Սմիթսոնը, Դենիս Օպենհեյմը, Մայքլ Հեյզերը և Կառլ Անդրեն, արվեստի գործեր են ստեղծել էկոլոգիական թեմաներով, որոնք կանխատեսել են 1970-ական թվականների փերֆորմանսների թեմատիկան։ Իվ Կլյայնի և լենդ արթի ներկայացուցիչների ստեղծագործությունները ազդել են 1980-ական թվականների այնպիսի նկարիչների աշխատանքների վրա, ինչպիսին է Սոլ Լևիտը, որը որմնագիրը վեր է ածել փերֆորմանսի։

Նոր աշխատանքների ու ավելցող նկարիչների կոնցեպցիաների ի հայտ գալու հետ ծագել են փերֆորմանս արվեստի նոր տեսակներ ու ձևեր։ Արվետսի այն ուղղության համար, որը հետագայում վստահաբար «փերֆորմանս» էր կոչվելու, նախատիպ են ծառայել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են Wall piece for orchestra (1962) (Յոկո Օնո, Meat Joy (1964) և Interior Scroll (1975) (Քարոլի Շնիմանն), Happening YOU[3] (Վոլֆ Ֆոսթել, 1964, Նյու Յորք), How to Explain Pictures to a Dead Hare (1965, Յոզեֆ Բոյս), Ալլան Քափրոուի բազմաթիվ հեփփենինգները և Յայոի Կուսամայի` Բրուքլինյան կամրջին դրոշի այրելու գործողությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Гниренко Ю. Перформанс как явление современного отечественного искусства Արխիվացված 2020-02-20 Wayback Machine // gif.ru. — 1999.
  2. By Mark Stevens. «Everything Is Illuminated». NYMag.com. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  3. Media Art Net (2019 թ․ մարտի 19). «Media Art Net | Vostell, Wolf: YOU» (անգլերեն). www.medienkunstnetz.de. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гниренко Ю. Перформанс как явление современного отечественного искусства.
  • Кикодзе Е. Новый русский перформанс // Комод. — 1999. — № 8.
  • Нитч Г. Визуальное чувство театра О. М. // Художественный журнал. — № 19—20.
  • Савчук В. Метакритическая решительность // Художественный журнал. — № 55.
  • Майр Х. Перформанс как насилие // Художественный журнал. — № 19—20.
  • Гройс Б. Московский романтический концептуализм // В сб.: Утопия и обмен. —Москва, 1993.
  • Фрай М. Акция // Арт-азбука современного искусства. Архивировано из первоисточника 29 Ապրիլի 2020.
  • Фрай М. Перформанс // Арт-азбука современного искусства. Архивировано из первоисточника 20 Հունիսի 2009.
  • Петров В. О. Музыкальный акционизм: перформанс, хепенинг, мультимедийное событие // Материалы Международной научно-практической конференции «VII Серебряковские научные чтения», г. Волгоград, 17—19 апреля 2008 г. В 2 кн. Кн. 1: Музыковедение. —Волгоград: ООО «Экспо», 2010. — С. 37—61.
  • Петров В. О. Исторические истоки современного перформанса // Культура и искусство. — 2015. — № 2. — С. 198—208.
  • Петров В. О. Перформанс и хэппенинг — основные жанры акционизма в искусстве XX века // Искусствоведение в контексте других наук в России и за рубежом: параллели и взаимодействия: Сб. материалов Международной научной конференции 13—18 апреля 2015 года / Ред.-сост. Г. Р. Консон. — М.: Liteo, 2014. — С. 348—357.
  • Petrov V. O. Performance Art: Genesis and Evolution // Sententia. European Journal of Humanities and Social Sciences. — 2015. — № 2. — С. 200—211.
  • Goldberg R. Performance Art: From Futurism to the Present. // London; New York: Thames & Hudson. — 2001 (1-е изд. 1979).
  • Klein G., Sting W. Performance: Positionen zur zeitgenössischen szenischen Kunst. // Bielefeld: Transcript. — 2005.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերֆորմանս» հոդվածին։