Jump to content

Ուոթերգեյթյան սկանդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոթերգեյթյան սկանդալ
Երկիր ԱՄՆ
Դատի սկիզբհունիսի 17, 1972
Դատի վերջօգոստոսի 9, 1974
Ուոթերգեյթ հյուրանոցը

Ուոթերգեյթյան սկանդալ (անգլ.՝ Watergate scandal), 1972-1974 թվականների քաղաքական սկանդալ ԱՄՆ-ում, որն ավարտվել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականով։ ԱՄՆ-ի պատմության մեջ միակ դեպքն է, երբ նախագահն իր կենդանության օրոք վաղաժամ դադարեցրել է իր պարտականությունների իրականացումը։

Միջադեպ «Ուոթերգեյթում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի հունիսի 17-ին (ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից 4 ամիս առաջ, որտեղ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռիչարդ Նիքսոնը երկրորդ անգամ էր վերընտրվելու նախագահ) Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջորջ Մակգովերնի շտաբում, որ գտնվում էր վաշինգտոնյան «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրում, ձերբակալվել են հյուրանոց ներթափանցած հինգ անձ։ Նրանք զբաղված էին գաղտնալսման համակարգ տեղադրելով, և ըստ որոշ տվյալների, լուսանկարել էին դեմոկրատների շտաբի ներքին փաստաթղթերը։ Մինչև այժմ ապացուցված չէ այս միջադեպի կապը Նիքսոնի աշխատակազմի հետ։ Հայտնի է, որ նա իսկապես ունեցել է դեմոկրատների խոսակցությունների ապօրինաբար արված ձայնագրություններ։ Սակայն այդ «գաղտնալսումն» ակնհայտորեն կապ չուներ «Ուոթերգեյս» հյուրանոցի հետ։ Միևնույն ժամանակ, հասարակությանը հետաքրքրում էր ոչ այնքան այն, թե արդյո՞ք Նիքսոնն էր հինգ օրինախախտների հետևում կանգնած, թե ոչ, այլ հենց անձամբ իր ու իր շտաբի արձագանքը դեպքին ու օբյեկտիվ հետաքննության հնարավորությունը։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսյան միջադեպի հետաքննության ու դրան ուղեկցող՝ նախագահի դեմ արշավի երկու տարիների ընթացքում կային ակտիվ ու պասիվ շրջաններ։ 1972 թվականի ավարտը, որը հայտնի է նախագահի պաշտոնում Նիքսոնի հաղթական վերընտրությամբ, համեմատաբար հանգիստ էր նրա համար։ 1973 թվականին հունվարին սկսվում է «Ուոթերգեյթ» ներխուժած անձանց դատը։ Մարտին ձևավորվում է Սենատի փորձախումբ` Ուոթերգեյթի գործով, և դատական նիստերն սկսում են հեռարձակվել ամբողջ երկրով մեկ. համարվում է, որ ամրիկացիների 85%-ը դիտել է գոնե մեկ նիստ։ Դեմոկրատների նախաձեռնությամբ զուգահեռաբար սկսվում են հետաքննություններ հանրապետականների աշխատակազմի մի շարք այլ պաշտոնյաների գործունեության վերաբերյալ, որոնք արդեն ոչ միշտ էին կապված գաղտնալսման գործի հետ։ Սպիտակ տան խորհրդական Հովարդ Հանթը դատարանի կողմից ճանաչվել է «գաղտնալսման» «տեխնիկական» կազմակերպիչ և բանտում անց է կացրել 33 ամիս։ Սենատը դեռ 1971 թվականին հանձնաժողով է կազմել իշխանությունների տարանջատման համար, որը սենատոր Ս. Էրվիսի ղեկավարությամբ հետազոտում էր գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև առկա սահմանադրական-իրավական հարաբերություններն ու խնդիրները։ Այդ ուսումնասիրությունները իրավական հիմք են դարձել Կոնգրեսի` նախագահի դեմ պայքարում, իսկ ինքը` Էրվինը դարձել է Ուոթերգեյթյան գործի իրավական հետաքննության առաջնորդը[1]։ Օգոստոսին Նիքսոնը հրաժարվում է դատախազությանը մեկնաբանություն տալ աուդիովերահսկողության կառավարական համակարգի ու Օվալաձև աշխատասենյակում ձայնագրված ձայներիզների վերաբերյալ, որոնք փաստում էին Նիքսոնի խոսակցություններն իր օգնականների հետ (այդ ձայնագրությունների մասին դատարանին հայտնի է դարձել մի քանի պաշտոնյաների ցուցմունքներից)։ Նախագահը նաև հրամայում է գլխավոր դատախազ Ռիչարդսոնին աշխատանքից ազատել Արչիբալդ Կոքսին, ով նշված հարցումի հեղինակն էր։ Սա բացասաբար է անդրադառնում նրա հեղինակության վրա։ Ռիչարդսոնը հրաժարվում է ենթարկվել Նիքսոնին ու հոկտեմբերից հեռանում է պաշտոնից իր տեղակալի հետ։ Այս ազատումները հայտնի են դառնում «Շաբաթօրյա կոտորած» անունով։ Այդ ժամանակ Նիքսոնի աշխատակազմի գործերն ուսումնասիրող հետաքննությունը հասնում է նաև նրա փոխնախագահ Ագնյու Սպիրոյին, ով նույնպես հրաժարական է տալիս 1973 թվականի հոկտեմբերին (հրաժարականի պատճառը ֆինանսական էր ու կապված չէր Ուոթերգեյթի հետ)։ 1974 թվականի փետրվարի 6-ին ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը որոշում է իմպիչմենտի գործընթաց սկսել Նիքսոնի հանդեպ, սակայն Նիքսոնը հակադրվում է։ Նա կտրականապես հրաժարվում է հետաքննությանը ներկայացնել իր մոտ եղած ձայնագրությունները` հիմնվելով գործադիր իշխանության առավելության վրա։ Սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը 1974 թվականի հուլիսին միաձայն որոշում է, որ նախագահը որևէ առավելություն չունի և հրահանգում է նրան անմիջապես ձայնագրությունը հանձնել դատախազությանը։

«Հարգարժան Հենրի Քիսինջերին, պետական քարտուղարին:Հարգելի քարտուղար, սույնով ես հրաժարվում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնից: Հարգանքով, Ռիչարդ Նիքսոն: Օգոստոսի 9, 1974 թվական»:

Օգոստոսի 5-ին, այն բանից հետո, երբ իմպիչմենտի եզրակացությունը պատրաստ էր ԱՄՆ Սենատին փոխանցելու համար, Գերագույն դատարանի որոշմամբ ներկայացվում են Ուոթերգեյթի միջադեպից մի քանի օր առաջ` 1972 թվականի հունիսի 23-ին արված ձայնագրություններ, որոնց մասին մինչ այդ տեղեկություններ չկային։ Ձայնագրություններում Նիքսոնն իր աշխատակազմի ղեկավար Հոլդմենի հետ քննարկում է Ուոթերգեյթյան պատմությունն ու խորհրդակցում, թե հետագայում ինչպես կարելի է խոչընդոտել հետաքննությանը ԿՀՎ-ի ու ՀԴԲ-ի միջոցով[2]։ Ավելի ուշ Բարբեր Քոնբըլն այս ձայնագրությունն անվանել է «ծխացող զենք» (անգլ.՝ smoking gun), այս հրապարակումից հետո Նիքսոնի ամենամոլի պաշտպաններն անգամ հասկանում են, որ նախագահը հենց ամենասկզբից փորձել է խոչընդոտել արդարադատությանն իր անձնական ու կուսակցական շահերի համար։ Իմպիչմենտը հաստատվում է։ Հանրապետական սենատորները, որ նախօրոք որոշել էին քվեարկել Նիքսոնի օգտին, ձայնագրությունների հրապարակումից հետո մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ պաշտպանելու են մեղադրանքը բոլոր կետերով։ 1974 թվականի օգոստոսի 9-ին, Նիքսոնը, կորցնելով բոլոր դաշնակիցներին, վերջապես հրաժարական է տալիս, որից հետո նախագահ է դառնում նոր փոխնախագահ Ջերալդ Ֆորդը, ով Սենատի կողմից 9 ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնում Ագնյու Սպիրոյի փոխարեն։ «Մեր երկար ազգային մղձավանջն ավարտվեց», ասել է Ֆորդը։ Նա ներում է շնորհել Նիքսոնին «այն բոլոր հանցնանքերի համար, որ նա կարող էր կատարած լինել»։ Ավելի ուշ Ֆորդն ասել է, որ այդ որոշումն է եղել 1976 թվականի նախագահական ընտրություններում իր պարտության հիմնական պատճառը։ Նիքսոնի մի շարք մտերիմներ կանգնել են դատարանի առաջ։ Հոլդմենը, նրա շտաբի ղեկավար ու սկանդալային ձայնագրություններում նախագահի զրուցակիցը, 1975 թվականի հունվարի 1-ին դատապարտվել է համագործակցության համար և բանտում է անցկացրել 1.5 տարի։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԼՄ-ների դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԼՄ-ների դերը սկանդալի ծագման ու զարգացման մեջ կարելի է կանխորոշիչ համարել։ Ամերիկյան հետազոտող Սամուել Հանթինգտոնն իր զեկույցում գրել է. «Նիքսոնյան վարչակազմի շրջանում ծագած երկու ներքաղաքական սկանդալներում` Պենտագոնի փաստաթղթերի հրապարակումն ու Ուոթերգեյթյան սկանդալի մեջ մասսայական լրատվության միջոցները մարտահրավեր նետեցին երկրի գործադիր ղեկավարությանն ու պարտության մատնեցին դրան։ Մամուլը փաստացի կարևոր դեր խաղաց անելու այն, ինչ ամերիկյան պատմության մեջ դեռևս չի հաջողվել անել որևէ այլ առանձին կառույցի, կազմակերպության կամ էլ մի խումբ հաստատությունների, այն է` իշանությունից զրկել նախագահին, ով երկու տարի առաջ էր ընտրվել երկրի բնակչության մեծամասնության կողմից»[3]։

Տերմինի կիրառումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուոթերգեյթ» բառը շատ երկրների քաղաքական բառարանի մեջ է մտել որպես սկանդալ, որը հանգեցնում է երկրի ղեկավարության կարիերայի ավարտին։ Բառի երկրորդ` «գեյթ» (անգլ.՝ gate) արմատն ածանց է դարձել, որն օգտագործվում է նոր սկանդալների անվանումների մեջ, օրինակ, Իրանգեյթ` Ռոնալդ Ռեյգանի ժամանակ, Մոնիկագեյթ` Քլինթոնի ժամանակ, Կուչմագեյթ, Մոջիգեյթ, Ղազախգեյթ, Գյուլարգեյթ` Ադրբեջանում (կին պատգամավոր իշխող կուսակցությունից)։

Հանթեր Ս․ Թոմփսոնը սկանդալի ընթացում մի շարք հոդվածներ է գրել «Rolling Stone» ամսագրի համար՝ օգտագործելով գոնզո լրագրության մեթոդը։ Դրանց մի մասը լույս է տեսել «Շնաձկների մեծ որս» ժողովածուի մեջ։ 1976 թվականին, Նիքսոնի հրաժարականից երկու տարի անց, ռեժիսոր Ալան Ջ․ Պակուլան նկարահանել է «Նախագահի ամբողջ խումբը» ֆիլմը` Դասթին Հոֆմանի և Ռոբերտ Ռեդֆորդի մասնակցությամբ։ Սցենարը գրելու մեջ մասնակցություն են ունեցել «Ուոթերգեյթ»֊ը հետաքննող երկու լրագրողները։ Ֆիլմն ստացել է չորս Օսկար. տղամարդու լավագույն երկրորդական դերի համար, լավագույն ադապտացված սցենար, լավագույն դեկորացիա և լավագույն հնչողություն անվանակարգերում։ 1993 թվականին սկսել է ցուցադրվել «Գաղտնի նյութեր» սերիալը, որտեղ «Խորը կոկորդ» անունով կերպարը հանդիսանում է Մալդերի տեղեկատվության աղբյուրը։ Ըստ Վինս Գիլիգանի, Ուոթերգեյթյան սկանդալը մեծ ազդեցություն է ունեցել Քրիս Քարթերի վրա և ոգեշնչել է նրան կառավարական դավադրության վերաբերյալ սերիալ ստեղծել[4]։ 1995 թվականին թողարկվել է ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Նիքսոն» ֆիլմը, որտեղ Նիքսոնի դերը խաղում է Էնթոնի Հոփքինսը։ 1999 թվականին թողարկվել է «Նախագահի ընկերուհիները» ֆիլմ-կատակերգությունը։ Սյուժեն հիմնված է այն ենթադրության վրա, ըստ որի գործի վերաբերյալ տեղեկատվության գլխավոր աղբյուրները երկու դպրոցականներ են, ովքեր Նիքսոնի ձայնագրությունը փոխանցել են երկու լրագրողի։ 2004 թվականին գրվել է «Frost/Nixon. Behind the Scenes of the Nixon Interviews» գիրքը, որի հեղինակը լրագրող Դեյվիդ Ֆրոսթն էր, ով հարցազրույցներ էր վարել Նիքսոնի հետ։ 2006 թվականին Ուոթերգեյթյան գործի մոտիվներով և ըստ Նիքսոնի` 1977 թվականի դրամատիկ խոստովանության բեմադրվել է «Ֆրոսթն ընդդեմ Նիքսոնի» պիեսը։ 2008 թվականին ըստ պիեսի նկարահանվում է նույնանուն ֆիլմ։ «Պահապանները» (2008) ֆիլմում գործողությունները տեղի են ունենում այլընտրանքային իրականությունում, որտեղ Նիքսոնը բարեհաջող կերպով անցնում է Ուոթերգեյթյան փորձությունը և մի քանի անգամ վերընտրվում է որպես ԱՄՆ նախագահ։ Լրագրողներն այստեղ, չհասցնելով տեղեկությունը հանրությանը հասցնել, ծեծվում են ֆիլմի «պահապան» կերպարներից մեկի կողմից։ 1975 թվականին գրված «Ընտանեկան գործ» դետեկտիվ վեպի սյուժեում ամերիկացի գրող Ռեքս Սթաութը նկարագրում է Ուոթերգեյթյան սկանդալի ու նախագահ Ռիչարդ Նիքսոնի միջև առկա կապը։ Անգլիական «Շերլոկ» հեռուստասերիալի The Reichenbach Fall (2012) սերիայում Մայկրոֆտ Հոլմսը, ակնարկելով տեղեկատվության արտահոսքը, ասում է. «Չէ՞ որ մենք չենք ուզում 72 թվականի Ուոթերգեյթյան սկանդալի կրկնությունը...»: Վիլյամ Բալզամոյի և Ջորջ Կարպոցիի «Մաֆիա։ Առաջին 100 տարին» ամերիկյան գրքում նկարագրվում են իրադարձություններ, որոնք կապված են Նիքսոնի` որպես նախագահ իրականացրած անօրինական գործողությունների հետ։ 2017 թվականին ամերիկացի ռեժիսոր Փիթեր Լանդեսմանը ֆիլմ է նկարահանել Մարկ Ֆէլթի (ում կեղծանունն էր «Խորը կոկորդ», անգլ.՝ Deep Throat) և Ուոթերգեյթյան գործի վրա նրա ունեցած ազդեցության մասին։

1972 թվականին The New York Times-ի լրագրողներն անշրջահայացորեն կորցրել են ռեպորտաժը, որը մեծ հռչակ է բերել The Washington Post-ի իրենց գործընկերներին։ 37 տարի անց The New York Times-ը որոշել է պատմել տեղի ունեցածի մասին։

1972 թվականին մի խումբ օրինախախտներ, ենթադրաբար` կապված Նիքսոնի աշխատակազմի հետ, ներթափանցել են դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու Ջորջ Մակհովերնի շտաբ, որ տեղակայված էր «Ուոթերգեյթ» հյուրանոցում։ Ներխուժողները ձերբակալվել են հենց դեպքի վայրում, սակայն Նիքսոնին սկանդալը հասել է բավականին ուշ, 1972 թվականի նախագահան ընտրություններում նրա հաղթանակից հետո։ Ինչպես պարզ է դարձել, ներխուժումից երկու ամիս անց «The New York Times»-ի լրագրող Ռոբերտ Սմիթը (անգլ.՝ Robert M. Smith) ՀԴԲ տնօրենի պարտականություններն իրականացնող Պատրիկ Գրեյից (անգլ.՝ L. Patrick Gray) ստացել է «պայթյունավտանգ» տեղեկատվություն։ Մասնավորապես, Գրեյը խոսել է նախկին գլխավոր դատախազ Ջոն Միթչելի (անգլ.՝ John Mitchell) մեղավորության մասին և ակնարկել է Սպիտակ տան դերակատարումը։ Սմիթն անմիջապես մեկնել է թերթի վաշինգտոնյան գրասենյակ և ստացված տեղեկությունների մասին տեղեկացրել է խմբագիր Ռոբերտ Ֆելփսին (անգլ.՝ Robert H. Phelps): Ֆելփսն ամբողջը մանրամասնորեն գրանցել է, իսկ Սմիթը հաջորդ օրն ուղևորվել է դասախոսելու Յեյլի իրավունքի դպրոց և ուոթերգեյթյան գործով այլևս զբաղվելու հնարավորություն չի ունեցել։ Ավելի քան 3 տասնամյակ Սմիթը լռել է տեղի ունեցածի մասին, սակայն որոշել է խախտել լռությունը, երբ իմացել է, որ Ֆելփսն ստացված տեղեկությունների մասին գրել է իր հուշերում։ Տեղեկատվությունն ստանալուց հետո «The New York Times»-ի վաշինգտոնյան բյուրոն զբաղվում էր հանրապետականների ազգային արշավով, իսկ հետո Ֆելփսն ստիպված է եղել գործուղման մեկնել Ալյասկա։ Սկանդալային տվյալները չհրապարակվելու պատճառները նա այդպես էլ չի իմանում։ Իր հուշերում նախկին խմբագիրը գրել է, որ հարցաքննել է իր գործընկերներին, սակայն նրանք չեն կարողացել բացատրություն գտնել։

Ուոթերգեյթյան գործի լուսաբանման մեջ գլխավոր դեր են խաղացել «The Washington Post»-ի լրագրողներ Կարլ Բերնսթեյնը և Բոբ Վուդվորդը, ովքեր տեղեկատվություն էին ստացել կառավարական աղբյուրից, ում ինքնությունն այդ ժամանակ թաքնվում էր «Խորը կոկորդ» (Deep Throat) կեղծանվան տակ։ 2005 թվականին պարզ է դառնում, որ «Խորը կոկորդ»-ը Մարկ Ֆելթն է (անգլ.՝ Mark Felt), ՀԴԲ-ում Գրեյի տեղակալը։ Դրանից հետո Գրեյը հայտարարել է, որ Ֆելթն իրեն նախանձել է ու կապվել է լրագրողների հետ` ղեկավարին վնասելու ցանկությունից դրդված։ 2011 թվականի նոյեմբերի 10-ին հանրությանն են ներկայացվել Ռիչարդ Նիքսոնի ցուցմունքները Ուոթերգեյթյան գործի վերաբերյալ։ Նիքսոնի` 1975 թվականի հունիսի 23-24-ին տված ցուցմունքները ներկայացվել են ամբողջությամբ, սակայն կենդանի մարդկանց անունները հանվել են[5]։ Հրապարակումն իրականացվել է դաշնային դատարանի որոշմամբ։ Համապատասխան հայցը տրվել է պատմաբան Սթենլի Քաթլերի կողմից, ով Նիքսոնիև Ուոթերգեյթյան սկանդալի մասին գրքի հեղինակն է[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. П. Д. Баренбойм «Тридцатилетие Уотергейтского дела», Законодательство и экономика, № 8, 2004
  2. The Smoking Gun Tape — Watergate: The Scandal That Brought Down Richard Nixon
  3. The crisis of democracy. Report on the governability of democracies to the Trilaterial commission. Արխիվացված 2008-12-18 Wayback Machine N.Y., 1977.
  4. Vince Gilligan Interview | Archive of American Television
  5. Kim Geiger (2011 թ․ նոյեմբերի 10). «Nixon's long-secret grand jury testimony released». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. В США обнародованы хранившиеся в тайне показания Никсона — Lenta.ru

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոթերգեյթյան սկանդալ» հոդվածին։