Նիկո Կովաչ
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1971[1][2][3][…] (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Արևմտյան Բեռլին, Գերմանիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նիկո Կովաչ (խորվ.՝ Niko Kovač; հոկտեմբերի 15, 1971[1][2][3][…], Արևմտյան Բեռլին, Գերմանիա), գերմանացի և խորվաթ ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։
Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Ավարտել է կարիերան 2009 թվականին։ Հանդես է եկել Խորվաթիայի հավաքականում, մասնակցել է երեք աշխարհի և երկու Եվրոպայի առաջնությունների։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արևմտյան Բեռլինում խորվաթ արտագնա աշխատողների ընտանիքում, ովքեր Գերմանիա են եկել Լիվնոյից, որը գտնվում է Հարավսլավիայի Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետությունում։ 1989 թվականին՝ 17 տարեկան հասակում, ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Հերտա 03 Ցելենդորֆ» ակումբում, որը տեղակայված է Բեռլինի Ցելենդորֆ շրջանում։ 1991 թվականի ամռանը Նիկո Կովաչը տեղափոխվեց Բեռլինի «Հերտա», որն այդ տարիներին հանդես էր գալիս Երկրորդ Բունդեսլիգայում։
1996 թվականին հեռացել է «Հերտայից» և պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Նիկո Կովաչի նորամուտը առաջին Բունդեսլիգայում տեղի է ունեցել 1996 թվականի օգոստոսի 17-ին Դորտմունդի «Բորուսիայի» հետ 1996/97 մրցաշրջանի բացման խաղում, որում ֆուտբոլիստը դուրս է եկել փոխարինման։ «Բայերում» անցկացրած առաջին մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության 32 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ Այնուամենայնիվ, հաջորդ երկու մրցաշրջաններում խաղացողը հիմնականում դուրս եկավ փոխարինման և բաց թողեց 1997/98 մրցաշրջանի մի քանի հանդիպում՝ 1997 թվականի դեկտեմբերին «Շտուտգարտի» հետ տնային խաղում ստացած վնասվածքի պատճառով։ «Բայերում» անցկացրած երեք տարիների ընթացքում Կովաչը մասնակցել է առաջնության 77 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։ Այստեղ նա առաջին անգամ սկսեց նույն թիմում խաղալ իր կրտսեր եղբոր՝ Ռոբերտի հետ։
1999 թվականի ամռանը Կովաչը տեղափոխվեց «Համբուրգ» և երկու մրցաշրջան անցկացրեց այդ ակումբում՝ Բունդեսլիգայում խաղալով 55 հանդիպում և դառնալով 12 գոլի հեղինակ։ 2001 թվականին Նիկո Կովաչը հրավեր ստացավ Մյունխենի «Բավարիայից» և այդ ակումբում կրկին միացավ եղբորը, ով «Բայերում» հինգ մրցաշրջանից հետո տեղափոխվեց «Բավարիա»։ Սակայն, չունենալով մշտական խաղային պրակտիկա «Բավարիայում», ֆուտբոլիստը նախընտրել է վերադառնալ հայրենի Բեռլին։ Առաջնությունում «Բավարիայի» կազմում անցկացնելով 34 հանդիպում և խփելով 3 գնդակ՝ նա կրկին մեկնել է «Հերտա» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 2006 թվականը, անցկացրել է 75 հանդիպում և խփել 8 գնդակ։
2006 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, որին մասնակցել է որպես Խորվաթիայի հավաքականի ավագ, Կովաչը կարիերան շարունակել է ավստրիական Բունդեսլիգայի Զալցբուրգի «Ռեդ Բուլ» ակումբում։ Լինելով արդեն բավականին տարիքային խաղացող՝ նա շարունակել է պարբերաբար հանդես գալ ավստրիական թիմի հիմնական կազմում։
2009 թվականի մայիսի 29-ին Նիկո Կովաչը որոշում է կայացրել ավարտել կարիերան և սկսել է պատանեկան մարզչի կարիերան «Ռեդ Բուլում»։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես գալով Լեւերկուզենի «Բայերում»՝ Նիկո Կովաչն ընդունել է Խորվաթիայի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը։ Նրա կազմում իր նորամուտը նշեց Մարոկկոյի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որը տեղի ունեցավ 1996 թվականի դեկտեմբերի 11-ին Կասաբլանկայում։ Ավելի ուշ նա մասնակցել է 1998 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երեք խաղերի, սակայն չի կարողացել հասնել Ֆրանսիայի եզրափակիչ մրցաշարի՝ վնասվածքից մինչև վերջ չվերականգնվելով։ Հավաքական վերադարձը տեղի է ունեցել միայն 1999 թվականի նոյեմբերին՝ Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում։
2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կովաչը Սան Մարինոյի հավաքականի հետ արտագնա խաղում (4:0) անցկացրել է 5 հանդիպում և խփել 1 գնդակ։ Եզրափակիչ մրցաշարին նա մասնակցել է որպես մեկնարկային կազմի խաղացող թիմի անցկացրած բոլոր երեք խաղերում։ 2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերում նա շարունակել է պարբերաբար դուրս գալ խաղադաշտ և անցկացրել է 7 հանդիպում՝ 2 գոլ խփելով Էստոնիայի և Անդորրայի հետ խաղերում։ Եզրափակիչ մրցաշարում Կովաչն անցկացրել է 3 խաղ և կարողացել է գոլի հեղինակ դառնալ՝ բացելով հաշիվը Անգլիայի հավաքականի հետ խաղում (ավարտված պարտությամբ՝ 2:4): Ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ Խորվաթիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ մրցաշարի խմբային փուլից։
Եվրո-2004-ի ավարտից հետո Նիկո Կովաչը դարձավ Խորվաթիայի հավաքականի ավագը և թիմի հետ դուրս եկավ 2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Նա մասնակցել է 10 հանդիպումներից 9-ին և դարձել 2 գոլի հեղինակ, երկուսն էլ Զագրեբում Իսլանդիայի հավաքականի հետ խաղում (4:0)։ Եզրափակիչ մրցաշարում նա մասնակցել է խմբի բոլոր երեք հանդիպումներին։ Բրազիլիայի հավաքականի հետ խաղում նա վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը 40-րդ րոպեին։ Ավստրալիայի հավաքականի հետ Խմբային վճռորոշ խաղում Նիկո Կովաչը 2:1 հաշիվը դարձրեց հօգուտ խորվաթների ՝ դառնալով գոլի հեղինակ, որը կարող էր նրանց դուրս բերել 1/8 եզրափակիչ։ Սակայն ավստրալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, և Խորվաթիայի հավաքականը կրկին դարձավ միայն երրորդը իր խմբում։
Նիկո Կովաչը շարունակում է մնալ Խորվաթիայի հավաքականի ավագը մինչև կարիերայի ավարտը(2009-ը թվականի մայիսի 29)։ Նա բոլոր ժամանակների լավագույն եռյակում է՝ անցկացրած հանդիպումների քանակով։ Մեծ մասամբ նրա շնորհիվ հավաքականը հաջողությամբ հաղթահարեց 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին դարձել է «Զալցբուրգի» գլխավոր մարզչի՝ Ռիկարդո Մոնիզի օգնականը։
Խորվաթիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ձմռանը Ռոբերտ Կովաչի հետ միասին գլխավորել են Խորվաթիայի երիտասարդական հավաքականը[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկո Կովաչը նշանակվեց Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար[6], այնուհետև նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ խորվաթներն անցումային խաղերում հաղթեցին Իսլանդիայի հավաքականին և մեկնեցին Բրազիլիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ «Մունդիալում» նրանք Բրազիլիայի, Մեքսիկայի և Կամերունի թիմերի հետ խմբում գրավեցին երրորդ տեղը և չկարողացան դուրս գալ փլեյ-օֆֆ։ Չնայած դրան, Կովաչը շարունակեց աշխատել թիմի հետ։
2015 թվականի սեպտեմբերի 9-ին Նիկոն լքեց պաշտոնը, Խորվաթիայի հավաքականն այդ ժամանակ իր խմբում զբաղեցնում էր երրորդ տեղը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում[7]։
«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտի 8-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է Նիկո Կովաչին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին[8]։ Խորվաթը կարողացավ փրկել թիմին երկրորդ դիվիզիոն դուրս գալուց, իսկ իր առաջին լիարժեք մրցաշրջանում «Այնտրախտի» գլխավորությամբ թիմի հետ գրավեց 11-րդ տեղը, իսկ մեկ տարի անց՝ 8-րդ։ Կովաչի գլխավոր ձեռքբերումն այդ պաշտոնում 2018 թվականի մայիսի 20-ին Գերմանիայի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակն էր, որի եզրափակչում հաղթեց Մյունխենի «Բավարիան»։ «Այնտրախտի» համար այս գավաթն առաջինն էր 30 տարվա ընթացքում։
«Բավարիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլի 13-ին «Բավարիան» հայտարարեց Նիկո Կովաչին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Երեք տարվա համար նախատեսված պայմանագիրն ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 1-ից[9]։ Նիկոյի հետ Մյունխեն է տեղափոխվել նրա եղբայրն ու օգնական Ռոբերտ Կովաչը։ Առաջին մրցաշրջանում Կովաչի գլխավորությամբ մյունխենցիները նվաճեցին «ոսկե դուբլ», սակայն Չեմպիոնների լիգայից դուրս մնացին արդեն 1/8 եզրափակչում։ Այս փաստը, ինչպես նաև հաջորդ մրցաշրջանի ոչ այնքան վստահ մեկնարկը, դրդեցին «Բավարիային» և մարզչին փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը 2019 թվականի նոյեմբերի 3-ին[10]։ Խորվաթների գլխավորած վերջին խաղում մյունխենցիները 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին «Այնտրախտից»։
«Մոնակո»
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հուլիսի 20-ին Կովաչը վերադարձել է մարզչական աշխատանքի՝ գլխավորելով «Մոնակոն», որի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր[11]։ Առաջին մրցաշրջանում խորվաթ մասնագետի գլխավորությամբ «մոնեգասկին» նվաճել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալներ, ինչպես նաև հասել Է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Պարի Սեն Ժերմենին»։ Սակայն հաջորդ մրցաշրջանում թիմի արդյունքները վատացան և 2022 թվականի հունվարի 1-ին «Մոնակոն» հայտարարեց Կովաչի պաշտոնանկության մասին[12]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
- Գերմանիայի չեմպիոն՝ 2002/03
- Միջմայրցամաքային գավաթակիր՝ 2001
- Ավստրայի չեմպիոն՝ 2006/07
Որպես մարզիչ
- Գերմանիայի գավաթակիր՝ 2017/18
- Գերմանիայի չեմպիոն՝ 2018/19
- Գերմանիայի գավաթակիր՝ 2018/19
- Գերմանիայի սուպերգավաթակիր՝ 2018
Մարզչական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմ | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտը | Ցուցանիշներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Հ | Հ | Ո | Պ | % побед | |||
Խորվաթիայի հավաքական (երիտ․) | Հունվարի 21, 2013 | Հոկտեմբերի 16, 2013 | 6 | 5 | 0 | 1 | 83,33 |
Խորվաթիայի հավաքական | Հոկտեմբերի 17, 2013 | Սեպտեմբերի 9, 2015 | 19 | 10 | 5 | 4 | 52,63 |
Այնտրախտ (Ֆրանկֆուրտ) | Մարտի 8, 2016 | Հունիսի 30, 2018 | 91 | 41 | 17 | 33 | 45,05 |
Բավարիա | Հուլիսի 1, 2018 | Նոյեմբերի 3, 2019 | 65 | 45 | 12 | 8 | 69,23 |
Մոնակո | Հուլիսի 19, 2020 | Դեկտեմբերի 30, 2021 | 74 | 43 | 15 | 16 | 58,11 |
Վոլֆսբուրգ | Հուլիսի 1, 2022 | Մարտի 17, 2024 | 65 | 23 | 17 | 25 | 35,38 |
Ընդհանուր | 320 | 167 | 66 | 87 | 52,19 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.sueddeutsche.de/news/politik/sportpolitik-niko-kovac-erhaelt-fair-play-preis-des-deutschen-sports-dpa.urn-newsml-dpa-com-20090101-170303-99-519380
- ↑ «Братья Нико и Роберт Ковачи возглавили молодёжную сборную Хорватии». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Нико Ковач стал исполняющим обязанности главного тренера сборной Хорватии». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Нико Ковач покинул пост главного тренера сборной Хорватии». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Нико Ковач стал главным тренером «Айнтрахта»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ ««Бавария» объявила имя нового главного тренера». RT на русском (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ ««Бавария» объявила об уходе Ковача с поста главного тренера». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Нико Ковач назначен на пост главного тренера ФК «Монако»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Нико Ковач покидает «Монако»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Կովաչ» հոդվածին։ |
|
- Статистика игрокаԱրխիվացված 2009-03-25 Wayback Machine на сайте L’Équipe
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Բեռլինի Հերտայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի ակումբների ֆուտբոլիստներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Ռեդ Բուլ Զալցբուրգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով