Նատյուրմորտ կիտրոններով, նարինջներով և վարդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատյուրմորտ կիտրոններով, նարինջներով և վարդով
տեսակգեղանկար
նկարիչՖրանսիսկո Սուրբարան[1]
տարի1633[1]
բարձրություն60 սանտիմետր
լայնություն107 սանտիմետր
ստեղծման երկիր Իսպանիա
ուղղությունբարոկկո[1]
ժանրնատյուրմորտ և հոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆորթոն Սայմոնի թանգարան
հավաքածուՆորթոն Սայմոնի թանգարան
հիմնական թեմաԵրրորդություն[2] և Immaculate Conception of Mary?[2]
https://www.wga.hu/html/z/zurbaran/1/stillife.html կայք
Ծանոթագրություններ
 Still Life with Lemons, Oranges and a Rose Վիքիպահեստում

Նատյուրմորտ կիտրոններով, նարինջներով և վարդով (իսպ.՝ Naturaleza muerta con limones, naranjas y taza, անգլ.՝ Still Life with Lemons, Oranges and a Rose), իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Սուրբարանի (Francisco de Zurbarán, 1598—1664) նկար։ Ստեղծվել է 1633 թվականին։ Պատկանում է Փասադենայի Նորթոն Սայմոնի թանգարանին (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Նկարի չափերն են 62,2 × 109,5 սմ[3]։ Նկարի համար կիրառվում է նաև «Նատյուրմորտ կիտրոններով ու նարինջներով» անվանումը[4]։

Չնայած նկարին ամրագրված անվանը` նկարի ձախ մասում պատկերված են ոչ թե կիտրոններ, այլ ցիտրոններ, որոնք կիտրոններից տարբերվում են առավել հաստ ու խորդուբորդ կեղևով[5][6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում սեղանի մուգ շագանակագույն մակերևույթին և սեղանից հետ գտնվող սև ֆոնին ցայտուն առանձնանում են առարկաների երեք խումբ` ափսեի մեջ դրված դեղին կիտրոններ, զամբյուղում դրված նարինջներ և արծաթե աթսեի մեջ դրված գավաթը` կողքին դրված վարդով։ Համարվում է, որ պատկերները Սուրբ Երրորդության կրոնական այլաբանությունն են։ Բացի այդ` ծաղիկներով նարինջները և ջրով գավաթը ասոցացվում են սուրբ Մարիամ Աստվածածնի մաքրության, իսկ առանց փշերի վարդը` անարատ հղիության հետ[3]։

Նկարի ռենտգենագրությունը ցույց է տվել, որ Ֆրանսիսկո Սուրբարանն ի սկբանե պատկերել է ևս մեկ արծաթյա ափսե, որ տեղակայված է եղել ցիտրոններով ափսեի և նարինջներով զամբյուղի միջև, որում եղել են բաթաթի (քաղցր կարտոֆիլ) կարամելացված կտորներ. դա այն ժամանակ Իսպանիայում մեծ տարածում ունեցող անուշեղեն էր (batatas confitadas)[5][6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը նկարվել է 1633 թվականին։ Այն համարվում է Ֆրանսիսկո դե Սուրբարանայի միակ նատյուրմորտը, որը ստորագրվել ու թվագրվել է անձամբ հեղինակի կողմից[7][8]։

1930-ական թվականներին նկարը եղել է ծագումով Ֆլորենցիայից իտալացի հավաքորդ Ալեսանդրո Կոնտինի Բոնակոսիի հավաքածուում[9]։ Ինչպես հավաքածուի մնացած բոլոր նկարները, ենթադրվում էր, որ այս նկարը կանցնի պետության սեփականությանը, սակայն դժվար բանակցությունների արդյունքում Կոնտինի Բոնակոսիի հետնորդներին հաջողվում է իրենց մոտ պահել նկարների մի մասը, այդ թվում` այս նատյուրմորտը[5]։

1972 թվականին նկարը ձեռք է բերել Նորթոն Սայմոնը (Norton Simon), ով դրա համար վճարել է 2.725.000 դոլար. այդ պահին դա եղել է գումարային առումով ամենամեծ երրորդ վճարումը հին վարպետների գործերի համար[5][10]։

Կոմպոզիցիա և մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված երեք խումբ առարկաները, որոնք առանձնանում են մուգ ֆոնին, իրարից հավասար հեռավորության վրա են տեղակայված, ինչը ձևավորում է տարածական ու երկրաչափական հավասարակշռություն իրենց բրգաձև պատկերման շնորհիվ[11]։

Սուրբարանը օբյեկտները մեկուսացնում է իրարից, այնպես որ կոմպոզիցիան նույնիսկ չափազանց անբնական է թվում։ Մուգ ֆոնին օբյեկտները լիովին ստատիկ են, և թվում է, թե նրանք դուրս են բերված առօրյա կյանքի ենթատեքստից։ Մարդիկ, որոնց դրանք պատկանում են, այստեղ տեղ չունեն[12]։
- Անդրեաս Պրատեր

Նորման Բրայսոնը գրել է.

Կիտրոնները, գավաթն ու վարդը տեսողական դաշտում ցույց են տալիս, թե ինչքան մաքուր են ու հրաշալի կազմված, որ ծանոթ առարկաները հայտնվում են գոյության փոխակերպման սահմանին։ Կանգնելով աստվածայինի ու հավերժականի հատման տեղում` նրանք բեկվում են մարդկային տեսնակյունից։
- Նորման Բրայսոն

Սուրբարանի շատ գործեր պարունակում են քրիստոնեական թեմաներ։ Գեղանկարչության մեջ հաճախ օբյեկտները խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը` որպես Աստվածամորը հարգանքի տուրք։

Մորտեն Լաուրիդսենը Wall Street Journal ամսագրում գրել է.

Այս նկարի օբյեկտները համարվում են Մարիամ Աստվածամոր խորհրդանշական տուրքը։ Նրա սերը, մաքրությունը և խոհեմությունը նշանավորվել են վարդով և ջրով գավաթով։ Կիտրոնները զատկական պտուղն են, որոնք ծաղիկներով նարինջների հետ մատնանշում են վերածնված կյանքը։ Սեղանը խորհրդանշական խորանն է[13]։
- Մորտեն Լաուրիդսեն

Այլ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1630 թվականին Սուրբարանը նկարել է ոչ մեծ կտավ (21,2×30,1 սմ), որում պատկերված է մեծ գավաթ արծաթյա ափսեի և վարդի հետ մոտավորապես այն նույն ռակուրսով, ինչ այս նատյուրմորտում է։ Այս նկարը` «Ջրով ու վարդով գավաթը», ներկայումս գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում[14][15]։

Հայտնի է Սուրբարանյի ևս մեկ կտավ` իրերի համանման դիրքով։ Դա «Նատյուրմորտ չորս անոթներով» (անգլ.՝ Naturaleza muerta con jarra y tazas, 46×84 սմ) նկարն է, որ գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում[16]։

Ֆրանսիսկո Սուրբարան,
Գավաթ` ջրով ու վարդով (մոտ 1630)
Լոնդոնի ազգային պատկերասրահ, Լոնդոն
Ֆրանսիսկո Սուրբարան,
Նատյուրմորտ չորս անոթներով
Պրադո թանգարան, Մադրիդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 http://www.nortonsimon.org/collections/browse_title.php?id=F.1972.06.P
  3. 3,0 3,1 «Still Life with Lemons, Oranges and a Rose, 1633 — Francisco de Zurbarán» (HTML) (անգլերեն). Norton Simon Museum. Վերցված է 13.11.2013-ին.
  4. С.П. Останина Энциклопедия натюрморта. — Москва: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 264. — 349 с. — ISBN 978-5-948-49020-5
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Masterpieces of European Painting from the Norton Simon Museum» (HTML) (անգլերեն). The Frick Collection — www.frick.org. Վերցված է 27.12.2013-ին.
  6. 6,0 6,1 «Still life with lemons, oranges and a rose — Francisco de Zurbarán — 1633» (անգլերեն). silverandexact.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.12.2013-ին.
  7. Karen Rosenberg (26 февраля 2009). «Sharing Reflections of Tycoon Taste and Wealth» (HTML) (անգլերեն). The New York Times — www.nytimes.com. Վերցված է 14.11.2013-ին.
  8. Morten Lauridsen (21 февраля 2009). «It's a Still Life That Runs Deep» (HTML) (անգլերեն). Wall Street Journal — online.wsj.com. Վերցված է 14.11.2013-ին.
  9. «Provenance — Still Life with Lemons, Oranges and a Rose, 1633, Francisco de Zurbarán» (անգլերեն). Norton Simon Museum. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 14.11.2013-ին.
  10. Greta Berman (апрель 2009). «5 European Masterpieces on Loan at the Frick» (անգլերեն). The Juilliard Journal — www.juilliard.edu. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 14.11.2013-ին.
  11. Masterpieces of Western Art: A history of art in 900 individual studies, page 264
  12. Looking at the Overlooked: Four Essays on Still Life Painting, page 88
  13. "It's a Still Life That Runs Deep". Wall Street Journal, 02/21/2009
  14. «A Cup of Water and a Rose, about 1630, by Francisco de Zurbarán» (HTML) (անգլերեն). The National Gallery — www.nationalgallery.org.uk. Վերցված է 13.12.2013-ին.
  15. «Zurbarán: Flowers by Scorpio» (անգլերեն). www.humanflowerproject.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 13.12.2013-ին.
  16. «Zurbarán, Francisco de (Spanish): Still Life» (HTML) (անգլերեն). Museo Nacional del Prado — www.museodelprado.es. Վերցված է 14.12.2013-ին.