Մորիս Շապա
Մորիս Շապա Maurice Chappaz | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1916[1][2] |
Ծննդավայր | Լոզան, Շվեյցարիա |
Վախճանվել է | հունվարի 15, 2009[3][1][2] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Մարտինի, Վալե, Շվեյցարիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Պարգևներ | |
Maurice Chappaz Վիքիպահեստում |
Մորիս Շապա (ֆր.՝ Maurice Chappaz, դեկտեմբերի 21, 1916[1][2], Լոզան, Շվեյցարիա - հունվարի 15, 2009[3][1][2], Մարտինի, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Գրել է ֆրանսերեն։
Մեծացել է Մարտինյիում և Շաբլի աբբայությունում։ Սեն-Մորիս քոլեջում ուսանելու տարիներին Լոզանում հաճախել է իրավունքի, իսկ Ժնևում՝ բանասիրության դասընթացներին։ Նրան գուշակում էին մագիստրոսի կարիերա։ Արձակագրի իր տաղանդի մասին առաջին անգամ իմացել է 1939 թվականին, երբ նովելների մրցութի ժամանակ իր ստեղծագործություններն արժանացել են Շառլ Ֆերդինանդ Ռամյուի և Գյուստավ Ռուի ուշադրությանը։
1947 թվականին ամուսնացել է Կորինա Բիյի հետ. ունեցել են երեք երեխա։ Սկզբում Ֆուլիում զբաղվել է իրենց ընտանիքին պատկանող խաղողի որթատունկերի այգիների մշակմամբ, այնուհետև Գրանդ Դիքսանսի ջրամբարտակի կառուցման ժամանակ՝ 1955-1958 թթ. աշխատել է որպես երկրագետի օգնական։ «Վալեզցիների կերպար»-ի (1965) հատուկ համն ու հոտը, հումորը և ուժն են, որ նրան ճանաչում են բերել։ Արդեն ճանաչված լինելով որպես ռոմանական պոեզիայի հզոր ձայներից մեկը՝ նա գովերգում է կնոջը, սառույցների և կիրճերի երկրի գաղտնիքը, խորանի գինին և Ռոնի խաղողի որթատունկերը։ Եթե նա սիրում է քնքշորեն ու կարոտով նկարագրել Վալեի բնակիչներին, ապա գիտի նաև երբեմն նախատել ու մերժել, բարոկկոյական ոճի պաճուճազարդ հումորով և իրոնիայով «Վալե-Ժյուդե մրցամարտը» (1968):
Այդ ժամանակ նա ձեռնարկում է մի ճանապարհորդություն աշխարհի շուրջը՝ Լապոնի, Նեպալ, Մոնթ-Աթոս, Տրանսսիբիր, Պեկին, Բեյրութ։ Ճանապարհորդություններ, որոնք նա հանկարծակի ընդհատում է 1979 թվականին, Կորինա Բիյի մահից հետո։ Դա «Կ-ի գիրքը» (1986), «79-ի Հոկտեմբերը» (1986) գործերին նախորդող տանջալի շրջանն էր։ Բնության և հեռուների կանչը նորից գլուխ է բարձրացնում և 1986 թվականին նա նավ է բարձրանում Սպիտսբերգ գնալու համար։ 1990 թվականին մեկ ուրիշ նավ նրան տանում է Կանադա և Նյու Յորք։
1981-1988 թթ. իր կյանքի և մտորումների մասին շուրջ 7000 էջ է տպագրել մի օրաթերթում։
Մորիս Շապան կրկին ամուսնացել է 1992 թվականին և տեղափոխվել որոշ ժամանակով ապրելու Աբեյ դյու Շաբլում (Վալե), երբեմն էլ Վալոն դը Ռեչիում (Վալե)։ 1997 թվականին նա իր ստեղծագործությունների ժողովածուի, ինչպես նաև բանաստեղծությունների համար արժանացել է Շիլլերի մեծ մրցանակի[4]։
Մորիս Շապան հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շարունակում եմ թափառել (հատված «Գարնան մեծ օրերը» վիպակից)։ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 35-39։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.swissinfo.ch/eng/news_digest/Leading_writer_dies.html?siteSect=104&sid=10203263&cKey=1232047502000&ty=nd
- ↑ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 33-34։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Շապա» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Լոզան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 2009 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շվեյցարացի արձակագիրներ
- Շվեյցարացի բանաստեղծներ
- Շվեյցարացի թարգմանիչներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Գոնկուրյան մրցանակի դափնեկիրներ
- Շվեյցարացի գրողներ