Մեհմեդ Ալի Աղջա
Մեհմեդ Ալի Աղջա թուրքերեն՝ Mehmet Ali Ağca | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1958[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Հեքիմխան, Մալաթիայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | nationalist |
Անդամություն | Բոզկուրտ |
Մեհմեդ Ալի Աղջա (թուրքերեն՝ Mehmet Ali Ağca, հունվարի 9, 1958[1][2], Հեքիմխան, Մալաթիայի մարզ, Թուրքիա), թուրք ծայրահեղական, ահաբեկիչ, ով սպանել է «Milliyet» թերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեկչիին։ Առավել հայտնի է դարձել 1981 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա կատարած հարձակման համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղջան ծնվել է Թուրքիայի Մալաթիայի մարզի Հեքիմխան գյուղում։
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո՝ Աղջան մտել է աջ ծայրահեղական «Գորշ գայլեր» երիտասարդական կազմակերպության շարքերը, որը ապակայունացնում էր Թուրքիայում առկա իրավիճակը, որի արդյունքը եղավ 1980 թվականին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը։
1979 թվականի փետրվարի 1-ին Ստամբուլում Աղջան սպանել է ձախ լիբերալ «Milliyet» թերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեկչիին, որի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Վեց ամիս անց, ի շնորհիվ «Գորշ գայլերի» երկրորդ դեմքը համարվող Աբդուլլա Չաթլըի, նրան հաջողվել է բանտից փախչել Բուլղարիա։
Հարձակում Հովհաննես Պողոսի II-ի վրա և պատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի մայիսի 13-ին Մեհմեդ Ալի Աղջան անհաջող հարձակում է գործել Հովհաննես Պողոս II պապի վրա։ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակով պապական շքախմբի անցնելու ժամանակ, նա վիրավորել է Հովհաննես II պապին՝ վնասելով որովայնը և ձեռքը։ Աղջան անմիջապես ձերբակալվել է, իսկ 1981 թվականի օգոստոսին դատապարտվել ցմահ ազատազրկման։ 19 տարի իր պատիժը կրել է իտալական բանտում։ 1983 թվականին Հովհաննես Պողոս II պապը այցելել է Աղջանին և երկարատև զրույցից հետո ներել նրան։ Ավելի ուշ, պապի խնդրանքով, Իտալիայի նախագահ Կարլո Չամպին ներել է ահաբեկչին և 2000 թվականին նրան արտահանձնել են Թուրքիային։ Թուրքիայում Ալի Աղջան շարունակել է կրել իր նախկին պատիժը։ Դատարանը որոշել է, որ նա պետք է պատիժ կրեր ևս 10 տարի։ «Miliyet» թերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեկչիին սպանելու համար, որը տեղի էր ունեցել 1979 թվականին, Ալի Աղջան դատապարտվել է մահապատժի, սակայն 2002 թվականին ընկել է մասնակի համաներման տակ։
2006 թվականի հունվարի 12-ին ազատ է արձակվել Ստամբուլում՝ 25 տարվա ազատազրկումից հետո։ Ազատ արձակման հիմքը «օրինակելի վարքագիծը և պատժաչափի ժամկետների լրանալն էին»։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քարթալ» խիստ ռեժիմի մեկուսարանից դուրս գալուց հետո, Աղջան անմիջապես մեկնել է զորակոչային բաժանմունք, որտեղ անցել է բժշկական հետազոտության՝ շարային ծառայության պիտանելիության ստուգման համար։ Պատճառը այն էր, որ համաձայն թուրքական օրենսդրության մինչև 60 տարեկան արական սեռի բոլոր քաղաքացիները համարվում են զինապարտ։
Աղջայի ազատ արձակումը Թուրքիայում արժանացավ կտրուկ քննադատության։ Ալի Աղջայի փաստաբանները համոզված էին, որ նրա կյանքին մեծ վտանգ է սպառնում։ Նրանց կարծիքով, նա չափից շատ բան գիտի՝ Հռոմի պապի վրա հարձակման ժամանակ նախկին սոցիալիստական երկրների հատուկ ծառայությունների մասնակցության վերաբերյալ։
2006 թվականի հունվարի 20-ին Մեհմեդ Ալի Աղջան նորից ձերբակալվել է։ Թուրքիայի բարձրագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի կողմից Աղջային ազատ արձակելու մասին դատավճիռը՝ համարելով, որ վերջինս ազատ է արձակվել տեղի ունեցած սխալմունքի պատճառով։ Երկրի բարձրագույն դատարանի կարծիքով, 20 տարին, որոնք Աղջան անց է կացրել իտալական բանտում, չեն կարող հանվել Թուրքիայում դատապարտված ժամկետից, քանի որ Իտալիայում նա կրել է պատիժ հանցագործության համար, որն իրականացվել է Թուրքիայի սահմաններից դուրս։
2006 թվականի մարտի 2-ին հրապարակվել են իտալական խորհրդարանի հանձնաժողովի զեկույցից հատվածներ, որը զբաղվում էր Հովհաննես Պողոս II պապի վրա հարձակման հետաքննությամբ։
Իտալիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովի ղեկավար, սենատոր Պաոլո Գուցանտին, ով «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ էր, լրագրողներին հայտարարել է․ «Հանձնաժողովը կարծում է, որ, անկասկած, ԽՍՀՄ ղեկավարությունն է եղել Հովհաննես Պողոս II պապի վրա հարձակման կազմակերպիչը»։ Զեկույցը հիմնված է այն տեղեկատվության վրա, որը հրապարակվել էր ԽՍՀՄ ՊԱԿ-ի արխիվային բաժանմունքի նախկին ղեկավար Վասիլի Միտրոխինը, ով 1992 թվականին փախել էր Մեծ Բրիտանիա։
Արդյունքում ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին ղեկավար Վլադիմիր Կրյուչկովը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ն և նրա հատուկ ծառայությունները Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա հարձակման հետ որևէ կապ չունեն։
2009 թվականի մայիսին միջազգային մամուլում հայտնվեցին լուրեր այն մասին, թե Ալի Աղջան կրոնափոխ է եղել՝ ընդունելով կաթոլիկություն[3].
Երկրորդ ազատ արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունվարին լրացել է Ալի Աղջայի ազատազրկման ժամանակահատվածը։ Բանտից դուրս գալուց հետո նա ցանկացել է տեղափոխվել Լեհաստան (Հովհաննես Պողոս II պապի հայրենիք)։ Պատճառներից մեկն էլ կրոնափոխ լինելն էր։ Ալի Աղջան ընդունել էր կաթոլիկություն[4]։ Նրա խոսքերով, ինքը ստացել է բազմաթիվ առաջարկություններ և խնդրանքներ՝ Հովհաննես Պողոս II-ի վրա հարձակման պատմության վերաբերյալ։ Իր հարցազրույցի և նախատեսվող երկու գրքերի համար Աղջան ցանկանում է ստանալ 7 միլիոն դոլար[5]։
Այն բանից հետո, երբ 2010 թվականի հունվարի 18-ին Աղջան ազատ է արձակվել, իրեն հայտարարել է Հիսուս Քրիստոս և հայտարարել, որ «աշխարհը կվերանա, մինչև այս հարյուրամյակի վերջը»։ Բժիշկների խոսքերով, Աղջայի հոգեկան առողջության վիճակը մտահոգություններ է առաջացրել նրանց մոտ։ Սակայն նա պարտավոր է, համաձայն թուրքական օրենսդրության, 50-ամյա տարիքում անցնել պարտադիր զինվորական ծառայություն։
Ալի Աղջայի հուշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին հրատարակվել է Ալի Աղջայի «Ինձ խոստացել էին դրախտ» (իսպ.՝ Mi avevano promesso il paradisо): Հեղինակը ընդունում է, որ ինքը նախկինում խաբել է՝ նշելով, թե բուլղարական և ռուսական հատուկ ծառայությունները կապ ունեն իր հանցագործության հետ։ Հիմա նա հաստատում է, որ պապի սպանության պատվերը իրեն տվել է պարսկական կառավարությունը և նա (Աղջան) Իրան է այցելել 1980 թվականին, որտեղ նրան սովորեցրել են զենքի և պայթուցիկ սարքերի տարբեր տեսակների կիրառման հմտություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119097591 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ Pope gunman wants to convert to Christianity(անգլ.)
- ↑ Papst-Attentäter wurde Katholik Արխիվացված 2010-01-22 Wayback Machine(գերմ.)
- ↑ Papst-Attentäter Agca will seine Tat vermarkten(գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Экс-глава КГБ Крючков опровергает сведения о причастности СССР к покушению на Иоанна Павла II
- Agca, Ali. Mi avevano promesso il paradiso: La mia vita e la verità sull'attentato al papa. Издательство: GeMS (31 января 2013), ISBN 9788861904385 (итал.)
- Agca, Ali (автор), Rouillard, Philippe (переводчик). Je devais tuer le pape. Издательство: Archipel (13 марта 2013) (франц.)
|