Մարդու իրավունքները բանակում
Քաղաքացին զինվորական երդումը տալուց հետո համարվում է զինծառայող և ունենում իր իրավունքներն ու պարտականությունները բանակում։ Զինված ուժերի անձնակազմը կարող է օգտվել մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից և իրացնել դրանք։ Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, որ սահմանված են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ։ Զինծառայողի կողմից իր իրավունքների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, զինվորական ծառայությանը, ուրիշ զինծառայողների և այլ քաղաքացիների իրավունքներին։
Հայաստանի զինված ուժերում զինվորների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են տարբեր իրավական փաստաթղթերում։
Մարդու իրավունքներ հասկացությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իրավունքներ հասկացությունը մարդկության պատմության ընթացքում ամենաշատ ուսումնասիրված և քննարկումների առարկա դարձած եզրույթներից է։ Մարդու իրավունքների մասին պատկերացումները և մեկնաբանությունները գնում են ընդհուպ մինչև անտիկ փիլիսոփայություն։ Այնուհանդերձ կան որոշ փաստաթղթեր, որոնք հիմնաքարային են մարդու իրավունքներ հասկացության ձևավորման և զարգացման համար։ Դրանք են «Ազատությունների մեծ խարտիան» (Magna Carta, Անգլիա, 1215 թվական), «Հաբեաս կորպուս ակտը» (Habeas Corpus Act, Անգլիա, 1679 թվական), «Իրավունքների մասին բիլլը» (The Bill of Rights, Անգլիա, 1689 թվական), ԱՄՆ Անկախության հռչակագիրը (The Declaration of Independence United States Code, 1776 թվական) և Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը (Ֆրանսիա, 1789 թվական)։
1948 թ-ի դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Հռչակագիրը բաղկացած է 30 հոդվածներից, և կարելի է ասել, որ մարդու բնական, անօտարելի իրավունքների առաջին ընդհանրական ամրագրումն է։
Հռչակագրի 1-ին հոդվածը սահմանում է․
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
Հայաստանի քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանվում են Հայաստանի Սահմանադրությամբ։
Հայաստանի Սահմանադրության Գլուխ 1-ի «Սահմանդրական կարգի հիմունքները» 3-րդ հոդվածը սահմանում է․
Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հայաստանի Սահմանադրությունում մարդու իրավունքները հիմնականում բաժանված են 4 մեծ ոլորտների՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային։
Սահմանադրության 2-րդ գլխում «Մարդու եվ քաղաքացու հիմնական իրավունքները եվ ազատությունները» բաժնում նշված են Հայաստանի քաղաքացիների քաղաքական հիմնական իրավունքները և ազատությունները։
Հայաստանի Զինված ուժեր հասկացությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Զինված ուժերը պետական ռազմական կառույց է, որն ապահովում է Հայաստանի պաշտպանության ռազմական բաղադրիչը։ Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են։ Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը։ Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին։ Հայաստանի Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, իսկ զինված ուժերի ղեկավարումը այդ հիմնական ուղղությունների շրջանակում իրականացնում է Պաշտպանության նախարարն։ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով։ Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին։ Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է։
Հայաստանի Զինված ուժերում զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պաշտպանության մասին» Հայաստանի օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի պաշտպանության կազմակերպման ու իրականացման սկզբունքները։
Հայաստանի պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է օրինականության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման, զինված ուժերի գործունեության նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկվածության սկզբունքների հիման վրա:
Կարևոր է նշել, որ չնայած մարդու իրավունքները անբաժանելի են մարդ էակից և կան իրավունքներ, որոնք կասկածի տակ դրվել չեն կարող, օրինակ՝ կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելքը, հաշվի առնելով համակարգը՝ որտեղ գտնվում և գործում է մարդը, նրա իրավունքները կարող են սահմանափակվել և հարմարեցվել կոնկրետ միջավայրային առանձնահատկություններին։
2017 թ․ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է զինվորական ծառայության կազմակերպման ընթացքում զինծառայողների իրավունքների և ազատությունների առաջնահերթությունը, ինչպես նաև զինծառայողների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու խտրականության արգելումը։
Հայաստանի զինված ուժերում զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացված լինելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հետևյալ իրավական փաստաթղերը։
- ՀՀ օրենքը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»
- ՀՀ օրենքը «Պաշտպանության մասին»
- ՀՀ օրենքը «Այլընտրանքային ծառայության մասին»
- ՀՀ Զինված ուժերի Կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրք
- ՀՀ Զինված ուժերի Կարգապահական կանոնագիրք
- ՀՀ Զինված ուժերի Ներքին ծառայության կանոնագիրք
- ՀՀ Քրեական օրենսգիրք, Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից 2008 թ․ տպագրված «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատություններ մասին» ձեռնարկում խոսվում է զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման կարևորություն մասին։ Մասնավորապես․
- Քաղաքացի հանդիսանալու շնորհիվ զինծառայողները պետք է օգտվեն այն նույն մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչ և մյուս քաղաքացիները։
- Զինծառայողների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը նպաստում է զինված ուժերին՝ որպես հասարակության մեջ սերտորեն ինտեգրված համակարգի։
- Զորանոցներում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը կանխում է կառավարության կողմից զինված ուժերի ոչ իրավաչափ օգտագործումը և դրանք քաղաքացիական բնակչության դեմ հանելը։ Զորանոցներում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը զինծառայողներին պաշտպանում է կառավարության կամ բանակի հրամանատարների կողմից ոչ իրավաչափ օգտագործվելուց և ճնշումների ենթարկվելուց։
Հայաստանի զինծառայողի իրավունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքը հայրենիքի պաշտպանությունն է։
Զինծառայողն իրավունք ունի՝
- ստանալ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում տրվող հիմնական, լրացուցիչ, հիվանդության պատճառով, արձակուրդ,
- օգտվել իր և իր ընտանիքի անդամների համար անվճար և որակյալ բժշկական օգնությունից ու անվճար առողջարանային բուժման իրավունքից,
- օգտվել ՀՀ տարածքում քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից),անվճար երթևեկելու իրավունքից:
- օգտվել կրթություն ստանալու երաշխիքներից:
- օգտվել կենսաթոշակային ապահովության իրավունքից
- խրախուսվել ծառայության մեջ աչքի ընկնելու և ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու համար
- ըստ վերադասության իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը բողոքարկելու,
- ներկայացնելու զեկուցագիր[1]։
Զինծառայողն իրավունք չունի`
- բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից այլ վճարովի աշխատանք կատարելու:
- ընտրովի կամ այլ պաշտոններ զբաղեցնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, բացառությամբ զինվորական պաշտոնների.
- կուսակցություններ կամ կրոնական միավորումներ ստեղծելու, որևէ կուսակցության կամ արհեստակցական միության անդամակցելու, իսկ զինվորական ծառայության ընթացքում կրոնական միավորման անդամակցելու դեպքում ծառայակիցների շրջանում իրականացնելու քարոզչական գործունեություն,
- պետական սեփականություն հանդիսացող նյութական արժեքները, տեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները ոչ ծառայողական նպատակների համար օգտագործելու,
- գործադուլներ կազմակերպելու կամ մասնակցելու դրանց.
- պաշտոնեական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական կազմակերպությունների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
- անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
- ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար վարձատրություն ստանալու,
- այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի ծառայողական պարտականությունների համար[1]։
Զինծառայողների իրավունքները և պարտականությունները, այդ թվում` ընտրական իրավունքն ու հանրաքվեներին մասնակցության կարգը, կարգապահական իրավունքը և կարգապահական պատասխանատվությունը սահմանվում են օրենքով:
Հայաստանի զինծառայողների պարտականությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը՝ Հայաստանը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները,
- կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները և խստորեն պահպանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները,
- կատարելագործել զինվորական վարպետությունը և սեփական իմացությունը, մշտապես տիրապետել ռազմական մասնագիտական գիտելիքներին,
- իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված սպառազինությունը և մարտական տեխնիկան, պահպանել պետական և ռազմական ունեցվածքը,
- զինվորական պարտքի կատարման ժամանակ լինել խիզախ, ազնիվ և կարգապահ,
- պաշտպանել զորամասի մարտական դրոշը, անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին և պաշտպանել նրանց մարտի ժամանակ,
- բարձր պահել զինվորական ընկերասիրությունը,փրկել ընկերներին վտանգից` չխնայելով կյանքը, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը,թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակիր իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ, հեռու պահել նրանց անարժան արարքներից,
- մշտապես լինել համազգեստով՝ մաքուր և խնամքով հագնված, պահպանել զինվորական ողջույնի, հարգանքի, վարքի կանոնները,
- խստորեն պահպանել պետական և ռազմական գաղտնիքը, լինել աչալուրջ։
Այլընտրանքային ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում համարվում է այլընտրանքային ծառայություն։ Այլընտրանքային ծառայության տեսակներն են `
1. Այլընտրանքային զինվորական
2. Այլընտրանքայինաշխատանքային
Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ։
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը կարող է անցնել այլընտրանքային զինվորական ծառայության ։ Իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:
Հայաստանի այն քաղաքացին, որ անցնում է պարտադիր զինվորական ծառայություն, չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը[2]։
2003 թ․ ընդունված Հայաստանի Քրեական օրենսգրքի 32 գլխի «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ» հոդվածները սահմանում են համապատասխան պատիժներ զինծառայողների տարբեր իրավունքների խախտման դեպքում։ Օրինակ, 360-րդ հոդվածը սահմանում է պատժի ձևերը զինծառայողների պատիվն ու արժանապատվությւոնը այլ զինծառայողի կողմից անպարկեշտ ձևով ստորացվելու դեպքում։
Հոդված 360․ Զինծառայողին վիրավորանք հասցնելը
1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից` պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Միջազգային փաստաթղթեր, ԵԽ, ԵԱՀԿ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թ․ դեկտեմբերի 3-ին Բուդապեշտում անցկացված Անվտանգության բնագավառում ԵԱՀԿ ներկայացուցիչների համաժողովում ընդունվել է «Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ վարքագծի կանոնները»։ Տվյալ փաստաթուղթը կարևորում է զինված ուժերի և ժողովրդավարության կապը՝ հիմնվելով այն գաղափարի վրա, որ ժողովրդավարական վերահսկողությունը զինված ուժերի վրա կայունության և անվտանգության բաղադրիչ մաս է։
Վարքականոնում մարդու իրավունքները առաջնային նշանակություն ունեն։ Վարքականոնների կարգավորման դաշտը տարածվում է, թե՛ ներպետական մակարդակի վրա, թե՛ միջազգային։ Առաջին մասով կարևորվում է, որ պետությունների կողմից սեփական զինված ուժերում պաշտպանված լինեն զինվորների իրավունքները, իսկ երկրորդը կարևորում է, որ պետությունները, հետևելով միջազգային մարդասիրական իրավունքին, ապահովեն իրենց զինվորների կողմից քաղաքացիական բնակչության իրավունքները չոտնահարումը։
Վարքականոնների 4 հիմնական սկզբունքներն են․
1․ Քաղաքացիական իշխանության գերակայությունը զինվորական իշխանությունների նկատմամբ
2․ Զինված ուժերի ենթարկվելը միջազգային մարդասիրական իրավունքին
3․ Զինծառայողների մարդու իրավունքների պահպանումը
4․ Պետության ներսում ուժի կիրառման սահմանափակումը
«Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթեր» ժողովածում կարելի է ծանոթալ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ երեք կարևոր փաստաթղթերի հետ։
1․ Նախարարների կոմիտեի 2010թ. թիվ 4 հանձնարարականը՝ բացատրական հուշագրով
2․ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2006 թ. թիվ 1742 հանձնարարականը
3․ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2016 թ. թիվ 2120՝ «Կանայք զինված ուժերում. հավասարության խթանում, գենդերային հիմքով բռնության վերացում» բանաձևը։
Հայաստանի ՊՆ Մարդու իրավունքների եվ բարեվարքության կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թ.-ից ՊՆ համակարգում գործում է մասնագիտացված ստորաբաժանում՝ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, որին կից գործում է ՀՀ ՊՆ «Թեժ գիծը», որի միջոցով զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները կարող են բարձրացնել իրենց մտահոգությունները։ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ներմուծվել և դասավանդվում է նաև «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայական ուսումնական ծրագիրը։
Կենտրոնի խնդիրներն են
- ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումներում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման գործընթացի համակարգումն ու համադրումը,
- մարդու իրավունքներ'ի և բարեվարքության ամրապնդման ոլորտում պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
- մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման արժեհամակարգերի վրա խարսխվող նոր կառավարման մեթոդների վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
- բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով զինված ուժերի հաշվետվողականության և թափանցիկության ուղղությամբ աշխատանքը՝ ՊՆ «թեժ գծի», ինչպես նաև պաշտպանության նախարարության ուղղված դիմումների և բողոքների քննության միջոցով:
Կենտրոնի լիազորություններն են
- ՊՆ «Թեժ գծի» գործունեության ապահովում և վերլուծությունների իրականացում,
- Հայաստանի պաշտպանության նախարարության կարիքների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման առնչությամբ ծրագրերի նախաձեռնում, կազմակերպում, իրականացում, մշտադիտարկում և գնահատում,
- Հայաստանի պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի վերաբերյալ համալիր ուսումնասիրությունների (հետազոտությունների) իրականացում (այդ թվում՝ ըստ ստորաբաժանումների) և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակում,պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի օպերատիվ գնահատման կամ կոնկրետ թիրախային խնդիրների ուսումնասիրության նպատակով այցերի կազմակերպում ստորաբաժանումներ,
- Հայաստանի պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման թեմաներով ստորաբաժանումներին խորհրդատվությունների և/կամ գիտագործնական-մեթոդական ցուցումների տրամադրում, անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների ծրագրերի մշակում և դրանց իրականացման մշտադիտարկում,
- Հայաստանի պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվ-իրավական ակտերի փորձաքննություն՝ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման տեսանկյունից,միջազգային գործընկերների, գիտական-ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ համաժողովների, քննարկումների, դասընթացների և այլ միջոցառումների կազմակերպում,
- Հայաստանի պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգային փաստաթղթերի, ուսումնական ծրագրերի, նորմատիվ-իրավական ակտերի համակարգային վերանայման և բարեփոխման հարցերում աջակցության տրամադրում:
Օգտագործված գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1 http://mil.am/hy/structures/8 2 https://www.legislation.gov.uk/aep/Cha2/31/2/data.pdf
3 https://www.law.gmu.edu/assets/files/academics/founders/English_BillofRights.pdf Արխիվացված 2020-11-12 Wayback Machine
4 https://www.constitutionfacts.com/content/declaration/files/Declaration_ReadTheDeclaration.pdf
5 https://www.constitutionfacts.com/content/declaration/files/Declaration_ReadTheDeclaration.pdf
6 http://www.un.am/res/Human%20Rights/Armenian%20Documents/UDHR_arm.pdf Արխիվացված 2020-12-01 Wayback Machine
7 https://www.arlis.am/documentview.aspx?docID=1025101
8 http://www.un.am/res/Human%20Rights/Armenian%20Documents/UDHR_arm.pdf Արխիվացված 2020-12-01 Wayback Machine
9 https://www.osce.org/files/f/documents/6/7/88572.pdf
10 https://www.osce.org/files/f/documents/1/6/74974.pdf
11 https://rm.coe.int/human-rights-in-armed-forces/1680744b0a
12 http://mil.am/files/LIBRARY/Human_Rights/Մարդու%20իրավունքները%20զինված%20ուժերում.pdf
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1 http://www.irtek.am/views/act.aspx?aid=23483
2 http://www.irtek.am/views/act.aspx?aid=150112
3 https://drive.google.com/file/d/1TviRgLhmK8FayCtYdUkZFGNFU76oe9y3/view?usp=drivesdk
4 http://www.irtek.am/views/act.aspx?aid=150214
5 https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117633
6 https://www.arlis.am/documentview.aspx?docID=25347
7 https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=355
8 https://www.arlis.am/documentView.aspx?docID=75199
9 https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=364
10 http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1349