1943 թ. ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը, ընդունվել է Մեծ թատրոն։ Առաջին գլխավոր դերապարը Մաշան էր (1944, Չայկովսկու «Շելկունչիկ»)։ Պլիսեցկայայի պարն առանձնանում է բարձրարվեստ պլաստիկայով («Մեռնող կարապը», երաժշտ.՝ Սեն-Սանսի և այլն)։ Նա նորովի է մեկնաբանել Չայկովսկու, Գլազունովի, Բիզեի երաժշտությունը։ Պլիսեցկայայի անհատականությանը մոտ են և՛ քնարական, և՛ հերոսական դերապարերը՝ Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Պղնձե լեռան տիրուհի (Պրոկոֆևի «Քարե ծաղիկ»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Կիտրի (Մինկուսի«Դոն Կիխոտ»), Կարմեն («Կարմեն-սյուիտ», երաժշտությունը՝ Բիզե-Շչեդրինի)։ 1972 թ-ին Ն. Ի. Ռիժենկոյի և Վ. Վ. Սմիռնով-Գոլովանովի հետ բեմադրել է «Աննա Կարենինա» (ըստ Լև Տոլստոյի) բալետը։ Պլիսեցկայան հյուրախաղերով շրջել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում և այլուր։ 1957-ին Երևանում հանդես է եկել Օդետա-Օդիլիայի (Չայկովսկու «Կարապի լիճը»), Զարեմայի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Կիտրիի (Մինկուսի «Դոն Կիխոտ») դերապարերով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1958 թ. ամուսնացել է ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Կոնստանտինովիչ Շչեդրինի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։