Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1886-1891 թթ., նկարչության ուսուցիչ՝ Հ. Ս. Շամշինյան), Մյունխենի կայսերական ակադեմիայում (1891-1894 թթ.)։ Ապրել և աշխատել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Կովկասում (մասնավորապես՝ Թիֆլիսում)։ Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, ունի նաև թեմատիկ-կոմպոզիցիոն ոչ մեծ կտավներ։ Հակոբյանի բնանկարներն արտացոլում են գյուղի կյանքը («Վարը Արագածի լանջին», 1910-1920 թթ., «Հովիվը», 1910-ական թթ.)։ Վավերագրական են Հակոբյանի քաղաքական տեսարանների պատկերները («Հին Թիֆլիս», 1888 թ.)։ Ստեղծել է հայ գեղջուկների («Հայ գյուղացին», 1917 թ.), արհեստավորների («Ոսկերիչ Ալեքոն», 1895-1898 թթ.) կենցաղական մեկնաբանությամբ տիպեր, ինչպես նաև մտավորականների ու պատմական անձանց դիմանկարներ («Մովսես Խորենացի», «Կաթողիկոս Խրիմյան», երկուսն էլ՝ 1900-1910 թթ.), ինքնանկարներ։ Հակոբյանը գեղանկարչական բարձր վարպետության է հասել իր նատյուրմորտներում («Բանջարեղեն», «Մրգեր», երկուսն էլ՝ 1901 թ.)։ Հակոբյանի արվեստին բնորոշ են քնարականությունը, կառուցվածքային պարզությունը, հուզականությունը։ 1948 թվականին Երևանում բացվել է նրա հետմահու ցուցահանդեսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 73)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։