Jump to content

Կյուրոս Մեծի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյուրոս Մեծի դամբարան
պարս.՝ آرامگاه کوروش بزرگ‎
Հիմնական տվյալներ
Տեսակդամբարան, մշակութային արժեք, ճարտարապետական հուշարձան և տեսարժան վայր
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՊասարգադա
Հիմնական ամսաթվերըմ. թ. ա. 530[1]
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն
ՊատվիրողԿյուրոս Բ Մեծ[1]
Ճարտարապետական ոճպարսկական ճարտարապետություն
Հիմնադրվածմ. թ.ա. 6-րդ դար
12,3 մետր[1] և 5,35 մետր[1]
Երկարություն13,35 մետր[1] և 6,4 մետր[1]
Լայնություն12,3 մետր[1] և 5,35 մետր[1]
Բարձրություն11,1 մետր[1]
Շինանյութկրաքար[2]
Քարտեզ
Քարտեզ
 Tomb of Cyrus the Great Վիքիպահեստում

Կյուրոս Մեծի դամբարան (պարս.՝ آرامگاه کوروش بزرگ‎), պարսից Կյուրոս Մեծ արքայի նախկին հանգստարանը։ Կառուցվել է մ.թ.ա. 6-րդ դարում։

Գտնվում է Կյուրոս Մեծի կողմից հիմնադրված Պասարգադ մայրաքաղաքում (Իրան)։ Այն վեց աստիճան ունեցող բրգաձև կառույց է, որի գագաթին դամբարանն է` մեկ մուտք ունեցող տան տեսքով։ Դամբարանը պղծվել է այն բանից հետո, երբ մ.թ.ա. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պարսկաստանը։

Մասքութների դեմ պայքարում Կյուրոս արքայի մահից հետո նրա մարմինը չեն զմռսել` հասցնելով Պասարգադա և թաղելով դամբարանում[3]։ Հին հույն պատմիչ Արիանոսը այսպես է նկարագրել այդ տեղանքը. «Պասարգադայի արքայական այգում գտնվում է Կյուրոսի դամբարանը։ Նրա շուրջը պուրակ է` տարատեսակ ծառերով ու առվակներով, և մարգագետին` բարձր բուսականությամբ։ Սենյակում դրված է ոսկե դագաղը, որում ամփոփված է Կյուրոսի մարմինը, իսկ դագաղի կողքին` ոսկյա ոտքերով մահճակալ։ Այդտեղ փռված են բաբելոնյան գործվածքի գորգեր, Միջագետքի մորթիներ և մանուշակագույն ու ծիրանագույն շքեղ հագուստներ։ Կա նաև սեղան` վրան ոսկուց ու թանկարժեք քարերից վզնոցներ, զարդեր, թրեր։ Սենյակի կենտրոնում դագաղն է` Կյուրոսի մարմինը մեջը դրված։ Սենյակում պահվում են Կյուրոս Մեծի թանկարժեք զենքերը»[4]։ Պլուտարքոսը հիշատակում է դամբարանին արված գրության մասին.

Մա'րդ, ով էլ որ դու լինես և որտեղից էլ եկած լինես, քանզի ես գիտեմ, որ դու կգաս, ես Կյուրոսն եմ, ով հիմնադրել է պարսից թագավորությունը։ Մի' զրկիր ինձ այս փոքր հողակտորից, որ շրջապատում է իմ մարմինը[5]։

Պլուտարքոսի պատմածը նման է Ստրաբոնի և Արիանոսի պատմություններին, ովքեր հիմնվում են Արիստոբուլ Կասանդրացու նկարագրություններին. «Ո'վ մարդ, ես Կյուրոսն եմ` Կամբյուսեսի որդին, որ հիմնել եմ պարսից թագավորությունը և տիրել Ասիային. մի' զրկիր ինձ իմ հուշարձանից» (Ստրաբոն)[6]։ Ստրաբոնի և Արիանոսի նկարագրած դամբարանը չափերով համընկնում է կառույցին, որ 1960-ական թվականներին հայտնաբերել է Պարսկաստանի ուսումնասիրության բրիտանական ինստիտուտի պրոֆեսոր Դ. Ստրոնախի արշավախումբը։ Կյուրոսի դամբարանի շինարարությունը սկսվել է դեռևս Կյուրոս Մեծի կենդանության օրոք և ավարտին հասցվել նրա որդու` Կամբյուսես II-ի օրոք։

Արիստոբուլի վկայությամբ Ալեքսանդր Մակեդոնացին Կյուրոս մեծի դամբարանի մոտ եղել է երկու անգամ։ Առաջին անգամ դա եղել է մ.թ.ա. 330 թվականին՝ Պարսկաստան կատարած արշավանքի ժամանակ, երբ Արիստոբուլին Ալեքսանդրը հրամայել է մտնել դամբարանի ներսը և զարդարել այն[7]։

Դամբարանի պղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանի պղծման մասին հիշատակություններ են թողել անտիկ պատմիչներ Արիանոսը, Քվինտոս Կուրտիոս Ռուփոսը, Պլուտարքոսը և Ստրաբոնը։ Ռուփոսի պատմությունը խիստ տարբերվում է մնացած երեք պատմիչների ներկայացրածից։ Համաձայն Ռուփոսի պատմության` ավարառուները Կյուրոսի դամբարանից տարել են ոսկի և արծաթ, իսկ Ալեքսանդրը, դամբարան գալով, չի գտնում ուրիշ ոչինչ` բացի կլորավուն վահանից և սկիֆյան երկու աղեղներից[7]։ Ամեն ինչ թալանված է եղել` բացի դագաղից, որը չարագործները փորձել են ջարդել և մաս առ մաս տեղափոխել, սակայն չհասցնելով իրականացնել իրենց մտադրությունը` թողել են և հեռացել։ Արիստոբուլը պատմում է, որ Ալեքսանդրն իրեն անձամբ պատվիրել է վերականգնել դամբարանը, ոսկորները հավաքել դագաղում, վնասները շտկել, գորգերով զարդարել հատակը նախկին շքեղությամբ` թողնելով իր արքայական կնիքը[8]։

Ըստ Ռուփոսի պատմության` Ալեքսանդրի ներքինի Բագոյը թալանի համար մեղադրել է սատրապ Օրսինին, որին մահապատժի են ենթարկել։ Ստրաբոնը, վկայելով Արիստոբուլին, հաղորդում է, որ դամբարանը թալանվել է` «չնայած պահապանների առկայությանը, ովքեր որպես կերակուր օրական մեկ գառ, իսկ ամիսը մեկ անգամ ձի են ստացել»։ Ալեքսանդրը որոշել է քննել նրանց` կտտանքի ենթարկելով, որպեսզի իմանա եղելությունը։ Չնայած կտտանքներին` քննվողները ոչ մի ցուցում չեն տվել այն մասին, որ իրենք ներկա են եղել թալանին։ Դրանից հետո պահապաններին վտարել են[7]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանը գտնվում է աշտարակից արևմուտք։ 3.16×2.18 չափերով դամբարանային խցիկը` երկփեղկ կափարիչով, գտնվում է վեց աստիճան ունեցող պատվանդանի վրա` 5.5 մ բարձրությամբ[9]։ 11 մ ընդհանուր բարձրությամբ կառույցը պատված է կրաքարի սալիկներով, որոնց բարձրությունն աստիճանաբար նվազում է[10]։ Դամբարանի ներքևի հատվածում և քիվերի մոտ հունական ուրվապատկերներ են։ Դամբարանը Պարսկաստանի միակ շինությունն է եղել, որ ունեցել է ճակտոն[11]։ Առաստաղի տակ առկա են եղել երկու փակ խցեր[12]։ Դամբարանի դուռն ունեցել է 1.39 մ բարձրություն և 0.78 մ լայնություն։ Մուսուլմանները հուշարձանի երկու կողմերում կանգնեցրել են սյունաշար, որի սյուները հավաքել են պալատի տարածքից[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://iranicaonline.org/articles/cyrus-v-tomb
  2. https://ijm.tums.ac.ir/index.php/ijm/article/view/370
  3. Бойс, Мэри. Зороастрийцы. Верования и обычаи. — Наука, 1988. — С. 38.
  4. Альберти, Л. Б. Десять книг о зодчестве. — М.: Издательство Всесоюзной академии архитектуры, 1987. — Т. 2. — С. 571.
  5. Михайлов, А. В. «Дело» об ограблении гробницы Кира // История Древней Греции. — С. 36.
  6. Михайлов, А. В. «Дело» об ограблении гробницы Кира // История Древней Греции. — С. 37.
  7. 7,0 7,1 7,2 Михайлов, А. В. «Дело» об ограблении гробницы Кира // История Древней Греции. — С. 31—35.
  8. Ксенофонт, Ф. А. Киропедия. — СПб, 1837. — С. 522.
  9. Аллахи, Хабиб Аллах Айат. История иранского искусства. — СПб: Петербургское Востоковедение, 2007. — С. 86.
  10. 10,0 10,1 Архитектура Древнего мира // Всеобщая история архитектуры в 12 томах. — второе. — М.: издательство литературы по строительству, 1970. — Т. 1. — С. 309.
  11. Вёрман, Карл. История искусства всех времён и народов. — СПб: Полигон, 2000. — С. 305.
  12. Аллахи, Хабиб Аллах Айат. История иранского искусства. — СПб: Петербургское Востоковедение, 2007. — С. 87.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուրոս Մեծի դամբարան» հոդվածին։