Կյուրոս Մեծի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կյուրոս Մեծի դամբարան
պարս․՝ آرامگاه کوروش بزرگ‎
Tomb of Cyrus the Great.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակդամբարան
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՊասարգադա
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն
Ճարտարապետական նկարագրություն
ՊատվիրողԿյուրոս Բ Մեծ
Ճարտարապետական ոճպարսկական ճարտարապետություն
Հիմնադրվածմ. թ.ա. 6-րդ դար
Կոորդինատներ: 30°11′38.115600099998″ հս․ լ. 53°10′1.8768001000108″ ավ. ե. / 30.19392100002777823° հս․. լ. 53.167188000027778116° ավ. ե. / 30.19392100002777823; 53.167188000027778116

Կյուրոս Մեծի դամբարան (պարս․՝ آرامگاه کوروش بزرگ‎), պարսից Կյուրոս Մեծ արքայի նախկին հանգստարանը: Կառուցվել է մ.թ.ա. 6-րդ դարում:

Գտնվում է Կյուրոս Մեծի կողմից հիմնադրված Պասարգադ մայրաքաղաքում (Իրան): Այն վեց աստիճան ունեցող բրգաձև կառույց է, որի գագաթին դամբարանն է` մեկ մուտք ունեցող տան տեսքով: Դամբարանը պղծվել է այն բանից հետո, երբ մ.թ.ա. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պարսկաստանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասքութների դեմ պայքարում Կյուրոս արքայի մահից հետո նրա մարմինը չեն զմռսել` հասցնելով Պասարգադա և թաղելով դամբարանում[1]: Հին հույն պատմիչ Արիանոսը այսպես է նկարագրել այդ տեղանքը. «Պասարգադայի արքայական այգում գտնվում է Կյուրոսի դամբարանը: Նրա շուրջը պուրակ է` տարատեսակ ծառերով ու առվակներով, և մարգագետին` բարձր բուսականությամբ: Սենյակում դրված է ոսկե դագաղը, որում ամփոփված է Կյուրոսի մարմինը, իսկ դագաղի կողքին` ոսկյա ոտքերով մահճակալ: Այդտեղ փռված են բաբելոնյան գործվածքի գորգեր, Միջագետքի մորթիներ և մանուշակագույն ու ծիրանագույն շքեղ հագուստներ: Կա նաև սեղան` վրան ոսկուց ու թանկարժեք քարերից վզնոցներ, զարդեր, թրեր: Սենյակի կենտրոնում դագաղն է` Կյուրոսի մարմինը մեջը դրված: Սենյակում պահվում են Կյուրոս Մեծի թանկարժեք զենքերը»[2]: Պլուտարքոսը հիշատակում է դամբարանին արված գրության մասին.

Aquote1.png Մա'րդ, ով էլ որ դու լինես և որտեղից էլ եկած լինես, քանզի ես գիտեմ, որ դու կգաս, ես Կյուրոսն եմ, ով հիմնադրել է պարսից թագավորությունը: Մի' զրկիր ինձ այս փոքր հողակտորից, որ շրջապատում է իմ մարմինը[3]: Aquote2.png


Պլուտարքոսի պատմածը նման է Ստրաբոնի և Արիանոսի պատմություններին, ովքեր հիմնվում են Արիստոբուլ Կասանդրացու նկարագրություններին. «Ո'վ մարդ, ես Կյուրոսն եմ` Կամբյուսեսի որդին, որ հիմնել եմ պարսից թագավորությունը և տիրել Ասիային. մի' զրկիր ինձ իմ հուշարձանից» (Ստրաբոն)[4]: Ստրաբոնի և Արիանոսի նկարագրած դամբարանը չափերով համընկնում է կառույցին, որ 1960-ական թվականներին հայտնաբերել է Պարսկաստանի ուսումնասիրության բրիտանական ինստիտուտի պրոֆեսոր Դ. Ստրոնախի արշավախումբը: Կյուրոսի դամբարանի շինարարությունը սկսվել է դեռևս Կյուրոս Մեծի կենդանության օրոք և ավարտին հասցվել նրա որդու` Կամբյուսես II-ի օրոք:

Արիստոբուլի վկայությամբ Ալեքսանդր Մակեդոնացին Կյուրոս մեծի դամբարանի մոտ եղել է երկու անգամ: Առաջին անգամ դա եղել է մ.թ.ա. 330 թվականին` Պարսկաստան կատարած արշավանքի ժամանակ, երբ Արիստոբուլին Ալեքսանդրը հրամայել է մտնել դամբարանի ներսը և զարդարել այն[5]:

Դամբարանի պղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանի պղծման մասին հիշատակություններ են թողել անտիկ պատմիչներ Արիանոսը, Քվինտոս Կուրտիոս Ռուփոսը, Պլուտարքոսը և Ստրաբոնը: Ռուփոսի պատմությունը խիստ տարբերվում է մնացած երեք պատմիչների ներկայացրածից: Համաձայն Ռուփոսի պատմության` ավարառուները Կյուրոսի դամբարանից տարել են ոսկի և արծաթ, իսկ Ալեքսանդրը, դամբարան գալով, չի գտնում ուրիշ ոչինչ` բացի կլորավուն վահանից և սկիֆյան երկու աղեղներից[5]: Ամեն ինչ թալանված է եղել` բացի դագաղից, որը չարագործները փորձել են ջարդել և մաս առ մաս տեղափոխել, սակայն չհասցնելով իրականացնել իրենց մտադրությունը` թողել են և հեռացել: Արիստոբուլը պատմում է, որ Ալեքսանդրն իրեն անձամբ պատվիրել է վերականգնել դամբարանը, ոսկորները հավաքել դագաղում, վնասները շտկել, գորգերով զարդարել հատակը նախկին շքեղությամբ` թողնելով իր արքայական կնիքը[6]:

Ըստ Ռուփոսի պատմության` Ալեքսանդրի ներքինի Բագոյը թալանի համար մեղադրել է սատրապ Օրսինին, որին մահապատժի են ենթարկել: Ստրաբոնը, վկայելով Արիստոբուլին, հաղորդում է, որ դամբարանը թալանվել է` «չնայած պահապանների առկայությանը, ովքեր որպես կերակուր օրական մեկ գառ, իսկ ամիսը մեկ անգամ ձի են ստացել»: Ալեքսանդրը որոշել է քննել նրանց` կտտանքի ենթարկելով, որպեսզի իմանա եղելությունը: Չնայած կտտանքներին` քննվողները ոչ մի ցուցում չեն տվել այն մասին, որ իրենք ներկա են եղել թալանին: Դրանից հետո պահապաններին վտարել են[5]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանը գտնվում է աշտարակից արևմուտք: 3.16×2.18 չափերով դամբարանային խցիկը` երկփեղկ կափարիչով, գտնվում է վեց աստիճան ունեցող պատվանդանի վրա` 5.5 մ բարձրությամբ[7]: 11 մ ընդհանուր բարձրությամբ կառույցը պատված է կրաքարի սալիկներով, որոնց բարձրությունն աստիճանաբար նվազում է[8]: Դամբարանի ներքևի հատվածում և քիվերի մոտ հունական ուրվապատկերներ են: Դամբարանը Պարսկաստանի միակ շինությունն է եղել, որ ունեցել է ճակտոն[9]: Առաստաղի տակ առկա են եղել երկու փակ խցեր[10]: Դամբարանի դուռն ունեցել է 1.39 մ բարձրություն և 0.78 մ լայնություն: Մուսուլմանները հուշարձանի երկու կողմերում կանգնեցրել են սյունաշար, որի սյուները հավաքել են պալատի տարածքից[8]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бойс, Мэри. Зороастрийцы. Верования и обычаи. — Наука, 1988. — С. 38.
  2. Альберти, Л. Б. Десять книг о зодчестве. — М.: Издательство Всесоюзной академии архитектуры, 1987. — Т. 2. — С. 571.
  3. Михайлов, А. В. «Дело» об ограблении гробницы Кира // История Древней Греции. — С. 36.
  4. Михайлов, А. В. «Дело» об ограблении гробницы Кира // История Древней Греции. — С. 37.
  5. 5,0 5,1 5,2 Михайлов, А. В. «Дело» об ограблении гробницы Кира // История Древней Греции. — С. 31—35.
  6. Ксенофонт, Ф. А. Киропедия. — СПб, 1837. — С. 522.
  7. Аллахи, Хабиб Аллах Айат. История иранского искусства. — СПб: Петербургское Востоковедение, 2007. — С. 86.
  8. 8,0 8,1 Архитектура Древнего мира // Всеобщая история архитектуры в 12 томах. — второе. — М.: издательство литературы по строительству, 1970. — Т. 1. — С. 309.
  9. Вёрман, Карл. История искусства всех времён и народов. — СПб: Полигон, 2000. — С. 305.
  10. Аллахи, Хабиб Аллах Айат. История иранского искусства. — СПб: Петербургское Востоковедение, 2007. — С. 87.