Կարճ դարչնագույն կոճղարմատով և բազմաթիվ բարակ արմատներով բազմամյա խոտաբույս է։ Սնամեջ ակոսավոր ցողունի վերին մասը ուղիղ է 40-150 սմ բարձրությամբ։ Կենտ փետրաձև, նշտարաձև ատամնաեզր տերևիկներով տերևները հակադիր են։ Ստորին արմատամերձ տերևները կոթունավոր են, վերինները՝ նստադիր։ Երկու ծաղկակիցներով մանր հոտավետ, կրկնակի ծաղկապատով ծաղիկները բաց վարդագույն են կամ սպիտակ։ Ցողունի գագաթներին հավաքված են խոշոր վահանիկաձև ծաղկաբույլերը։ Ծաղիկներն ունեն կարճ աննշմար բաժակ, հետծալքով ձագարաձև պսակ, երեք ասիմետրիկ առէջներ։ Պտուղը կողավոր երկարավուն-ձվաձև դարչնագույն, գագաթին փուփուլիկով սերմնիկ է[1]։