Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում
Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Սեզան[1] |
տարի | 1870[2] |
բարձրություն | 55,2 սանտիմետր[2] |
լայնություն | 46 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[2] |
ժանր | նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[2] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[2] |
սեփականատեր | Սերգեյ Շչուկին և Victor Chocquet? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում» («Ծաղկեփունջ ծաղկամանում», «Ծաղիկների էտյուդ», ֆր.՝ Fleur dans un vase), ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի նկարը, որը ներկայում պահվում է Էրմիտաժի հավաքածուում։
Նկարում պատկերված է երկնագույն ծաղկամանում դրված մի փունջ, որը կազմված է աստղածաղիկներից, երիցուկներից, քաջվարդերից և այլ պարտեզային ծաղիկներից։ Ներքևի ձախ մասում նկարչի ստորագրությունն է՝ P. Cézanne։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա. Գ. Կոստենևիչը կարծում է, որ նկարն ստեղծվել է Օվեր սյուր Ուազում (որտեղ Սեզանն ապրել է 1872 թվականից) 1873 և 1875 թվականների միջև ընկած ժամանակահատվածում և դա բացատրում է նրանով, որ աշխատանքի ձևով այն շատ նման է Օրսե թանգարանի հավաքածուի «Գեորգիների փունջ դելֆթյան ծաղկամանում» (կտավ, յուղաներկ, 73×54 սմ, մոտ 1875 թվական, թիվ № RF 1971[3])[4], ինչպես նաև վկայակոչում է նկարչի որդու՝ Պոլ Սեզան-կրտսերի կարծիքը, որը նկարը թվագրել է 1875 թվականով[5]։ Սեզանի ստեղծագործության կատալոգը կազմողները կարծում են, որ նկարն ստեղծվել է 1877 թվականին[6] և որպես անալոգ նշում են Սեզանի «Ծաղիկներով ծաղկաման ծաղկային զարդանախշերով գորգի վրա» նատյուրմորտը Պոլ Դյուրան Ռուելի ժառանգների հավաքածուից, որտեղ պատկերված է նույն ծաղկամանը (կտավ, յուղաներկ, 61×50 սմ)[7]։
Նկարն իր ստեղծումից անմիջապես հետո հայտնվել է իմպրեսիոնիստների գեղանկարչության առաջին գնահատողներից և կոլեկցիոներներից մեկի՝ Վիկտոր Շոկեի հավաքածուում, որը նույնպես ապրել է Օվեր սյուր Ուազում։ Նա նկարչի չափազանց փոքրաթիվ ստորագրված աշխատանքներից մեկն է, և Ա. Գ. Կոստենևիչը ենթադրում է, որ Սեզանը «ստորագրել է այն՝ ի նշան երախտագիտության՝ իր ստեղծագործության այդ կրքոտ սիրահարի հանդեպ»[4]։ Ն. Սեմյոնովան կարծում է, որ նկարն ստեղծվել է նկարչի մեկ այլ ընկերոջ և իմպրեսիոնիստների կողմնակից Պոլ Գաշեի տանը[8]։
1877 թվականի ապրիլին «Etude de fleurs» անվանումով նկարն առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը իմպրեսիոնիստների երրորդ ցուցահանդեսում[5]։ Այդ ցուցահանդեսի բազմաթիվ այլ նկարների նման Սեզանի աշխատանքներն արժանացել են քննադատության։ Սակայն ապրիլի 14-ին Ժորժ Ռիվիերը հանդես է եկել նրա պաշտպանությամբ. «...նատյուրմորտներում, որոնք գեղեցիկ և անթերի են ճշգրիտ երանգների փոխհարաբերության առումով, նրանց ողջ ճշմարտացիության հետ միասին կա որոշակի հանդիսավորություն»[9], Էմիլ Զոլան ապրիլի 16-ին գրել է. «Այս նկարչի ուժեղ և սրտառուչ կտավները, հավանաբար, բուրժուայի մոտ ժպիտ կառաջացնեն, բայց, այնուամենայնիվ, դրանք վկայում են շատ մեծ տաղանդի մասին»[10]։ Սակայն, երիտասարդ արվեստագետների հետապնդումները շարունակվել են։ Մասնավորապես հայտնի է, որ այդ ժամանակ հայտնի գեղարվեստական քննադատ Ռոժե Բալլյուն ապրիլի 23-ին գրել է Սեզանի ու Մոնեի մասին․ «Նրանք ծիծաղ են առաջացնում այն դեպքում, երբ նրանց վրա պետք է լաց լինել։ Նրանք ցույց են տալիս խորագույն անգրագիտություն նկարչության, կոմպոզիցիայի ու գույնի փոխանցման ոլորտում։ Թղթի ու գույների հետ խաղացող երեխայի մոտ դա ավելի լավ է ստացվում»[11]։
Շոկեի և նրա ժառանգների հավաքածուում կտավը գտնվել է մինչև 1899 թվականը։ Այդ տարվա հուլիսի սկզբին այն ցուցադրվել է Շոկեի հավաքածուի վաճառքի ժամանակ, որը տեղի է ունեցել Փարիզում՝ Ժորժ Պետիի պատկերասրահում, այնուհետև այն հայտնվել է Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահում, որտեղ 1904 թվականին այն 1604 ֆրանկով գնել է մոսկվացի արդյունաբերող և կոլեկցիոներ Սերգեյ Շչուկինը։ Ն. Սեմյոնովան նշում է, որ նկարը Շչուկինի հավաքածուում եղել է Սեզանի ամենավաղ աշխատանքը և Ս.Ի. Շչուկինի որդու՝ Իվանի հուշեր համաձայն՝ «Ծաղկեփունջը» եղել է այն քիչ նկարներից մեկը, որը դուր է եկել նրա մորը»։ Նրա տեղեկություններով՝ այն պատճառով, որ նկարիչը դեռ չէր հաղթահարել «իմպրեսիոնիստական գայթակղությունը», Շչուկինը նկարը տեղադրել է իր առանձնատան Երաժշտական սրահում՝ Մոնեի և Պիսսարոյի աշխատանքների կողքին[8]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Շչուկինի հավաքածուն ազգայնացվել է, և 1923 թվականից նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում։ 1948 թվականին թանգարանը լուծարվել է, և նկարը փոխանցվել է Էրմիտաժին[4]։ 2014 թվականի վերջից «Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում» նկարը ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում (սրահ 409)[12]։
Պետական Էրմիտաժի Արևմտյան Եվրոպայի կերպարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Ա. Կոստենևիչը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերի ֆրանսիական արվեստին նվիրված իր ուսումնասիրության մեջ․ նկարագրելով «Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում» նկարը, նշել է․
Իմպրեսիոնիստների փորձը Սեզանը յուրացրել է հիմնականում Պիսսարոյի միջոցով, բայց չի նմանակել նրան։ «Ծաղկեփունջ ծաղկամանում» նկարում < ... > նրա գունապնակը նկատելիորեն բացացել է, բայց ոչ այնքան, որ այդ նկարն ընդունվի որպես իմպրեսիոնիզմի նմուշ։ Սեզանը չի ցանկացել զոհել առարկայի նյութականությունը՝ հանուն անցողիկության և առկայծման։ Ինպրեսիոնիզմի մեջ նա տեսել է ոչ թե նպատակ, այլ ընդամենը միջոց։ Մոնեի և Պիսսարոյի ստեղծագործական գիտակցության մեջ այդքան կարևոր տեղ զբաղեցրած մթնոլորտը չի հեռանում նատյուրմորտից, ինչպես չի հեռանում նրա բնապատկերներից, այն սոսկ սառչում ու խտանում է։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Опыт импрессионистов Сезанн впитывал главным образом через Писсарро, но в подражание не впадал. В «Букете цветов в вазе» <…> его палитра заметно посветлела, но не настолько, чтобы принят эту картину за образец импрессионизма. Сезанн не хотел жертвовать материальностью предмета ради мимолётности и мерцания. Не цель, а всего лишь средство видел он в импрессионизме. Атмосфера, занимавшая столь важное место в творческом сознании Моне и Писсарро, не устраняется из натюрморта, как не устраняется из его пейзажей, она только застывает и уплотняется[13].
-
«Ծաղկեփունջ դելֆթյան ծաղկամանում», 1873 թվական, Օրսե
-
«Ծաղիկներով ծաղկաման ծաղկային զարդանախշերով գորգի վրա», շուրջ 1877 թվական, մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Feilchenfeldt W., Warman J. The Paintings, Watercolors and Drawings of Paul Cezanne: An Online Catalogue Raisonné
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28725/
- ↑ «Musée d'Orsay. — Cézanne, Paul. Dahlias dans un grand vase de Delft». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Барская, Костеневич, 1991, էջ 57
- ↑ 5,0 5,1 Костеневич, т. 2, 2008, էջ 154
- ↑ «The Paintings, Watercolors and Drawings of Paul Cezanne. — «Fleur dans un vase»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- ↑ «The Paintings, Watercolors and Drawings of Paul Cezanne. — «Le Vase de fleurs sur un tapis fleuri»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- ↑ 8,0 8,1 Семёнова, 2019, էջ 165
- ↑ Импрессионизм…, 1969, էջ 355
- ↑ Сезанн. Переписка, 1972, էջ 178
- ↑ Рейтерсверд, 1974, էջ 114
- ↑ Государственный Эрмитаж. — Сезанн, Поль. «Букет цветов в голубой вазе».
- ↑ Костеневич, т. 1, 2008, էջ 215
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
- Импрессионизм. Письма художников. Воспоминания Дюран-Рюэля. Документы / Пер. с франц. П. В. Мелковой; вступ. статья и общ. ред. А. Н. Изергиной, прим. А. Г. Барской (сост. Л. Вентури). — Л.: Искусство, 1969. — 388 с.
- Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
- Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
- Рейтерсверд О. Импрессионисты перед публикой и критикой / Пер. со швед. Ф. Шаргородской. Авт. вступит. статьи Б. Зернов. — М.: Искусство, 1974. — 300 с.
- Поль Сезанн. Переписка. Воспоминания современников / Сост., вступ. статья, примеч и хронология Н. В. Яворской; пер. Е. Р. Классон и Л. Д. Липман. — М.: Искусство, 1972. — 371 с.
- Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0