Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Սեզան[1]
տարի1870[2]
բարձրություն55,2 սանտիմետր[2]
լայնություն46 սանտիմետր[2]
ստեղծման վայրՖրանսիա[2]
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՊետական Էրմիտաժ[2]
հավաքածուՊետական Էրմիտաժ[2]
սեփականատերՍերգեյ Շչուկին և Victor Chocquet?
կայք
Ծանոթագրություններ

«Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում» («Ծաղկեփունջ ծաղկամանում», «Ծաղիկների էտյուդ», ֆր.՝ Fleur dans un vase), ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի նկարը, որը ներկայում պահվում է Էրմիտաժի հավաքածուում։

Նկարում պատկերված է երկնագույն ծաղկամանում դրված մի փունջ, որը կազմված է աստղածաղիկներից, երիցուկներից, քաջվարդերից և այլ պարտեզային ծաղիկներից։ Ներքևի ձախ մասում նկարչի ստորագրությունն է՝ P. Cézanne։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Գ. Կոստենևիչը կարծում է, որ նկարն ստեղծվել է Օվեր սյուր Ուազում (որտեղ Սեզանն ապրել է 1872 թվականից) 1873 և 1875 թվականների միջև ընկած ժամանակահատվածում և դա բացատրում է նրանով, որ աշխատանքի ձևով այն շատ նման է Օրսե թանգարանի հավաքածուի «Գեորգիների փունջ դելֆթյան ծաղկամանում» (կտավ, յուղաներկ, 73×54 սմ, մոտ 1875 թվական, թիվ № RF 1971[3])[4], ինչպես նաև վկայակոչում է նկարչի որդու՝ Պոլ Սեզան-կրտսերի կարծիքը, որը նկարը թվագրել է 1875 թվականով[5]։ Սեզանի ստեղծագործության կատալոգը կազմողները կարծում են, որ նկարն ստեղծվել է 1877 թվականին[6] և որպես անալոգ նշում են Սեզանի «Ծաղիկներով ծաղկաման ծաղկային զարդանախշերով գորգի վրա» նատյուրմորտը Պոլ Դյուրան Ռուելի ժառանգների հավաքածուից, որտեղ պատկերված է նույն ծաղկամանը (կտավ, յուղաներկ, 61×50 սմ)[7]։

Նկարն իր ստեղծումից անմիջապես հետո հայտնվել է իմպրեսիոնիստների գեղանկարչության առաջին գնահատողներից և կոլեկցիոներներից մեկի՝ Վիկտոր Շոկեի հավաքածուում, որը նույնպես ապրել է Օվեր սյուր Ուազում։ Նա նկարչի չափազանց փոքրաթիվ ստորագրված աշխատանքներից մեկն է, և Ա. Գ. Կոստենևիչը ենթադրում է, որ Սեզանը «ստորագրել է այն՝ ի նշան երախտագիտության՝ իր ստեղծագործության այդ կրքոտ սիրահարի հանդեպ»[4]։ Ն. Սեմյոնովան կարծում է, որ նկարն ստեղծվել է նկարչի մեկ այլ ընկերոջ և իմպրեսիոնիստների կողմնակից Պոլ Գաշեի տանը[8]։

1877 թվականի ապրիլին «Etude de fleurs» անվանումով նկարն առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը իմպրեսիոնիստների երրորդ ցուցահանդեսում[5]։ Այդ ցուցահանդեսի բազմաթիվ այլ նկարների նման Սեզանի աշխատանքներն արժանացել են քննադատության։ Սակայն ապրիլի 14-ին Ժորժ Ռիվիերը հանդես է եկել նրա պաշտպանությամբ. «...նատյուրմորտներում, որոնք գեղեցիկ և անթերի են ճշգրիտ երանգների փոխհարաբերության առումով, նրանց ողջ ճշմարտացիության հետ միասին կա որոշակի հանդիսավորություն»[9], Էմիլ Զոլան ապրիլի 16-ին գրել է. «Այս նկարչի ուժեղ և սրտառուչ կտավները, հավանաբար, բուրժուայի մոտ ժպիտ կառաջացնեն, բայց, այնուամենայնիվ, դրանք վկայում են շատ մեծ տաղանդի մասին»[10]։ Սակայն, երիտասարդ արվեստագետների հետապնդումները շարունակվել են։ Մասնավորապես հայտնի է, որ այդ ժամանակ հայտնի գեղարվեստական քննադատ Ռոժե Բալլյուն ապրիլի 23-ին գրել է Սեզանի ու Մոնեի մասին․ «Նրանք ծիծաղ են առաջացնում այն դեպքում, երբ նրանց վրա պետք է լաց լինել։ Նրանք ցույց են տալիս խորագույն անգրագիտություն նկարչության, կոմպոզիցիայի ու գույնի փոխանցման ոլորտում։ Թղթի ու գույների հետ խաղացող երեխայի մոտ դա ավելի լավ է ստացվում»[11]։

Շոկեի և նրա ժառանգների հավաքածուում կտավը գտնվել է մինչև 1899 թվականը։ Այդ տարվա հուլիսի սկզբին այն ցուցադրվել է Շոկեի հավաքածուի վաճառքի ժամանակ, որը տեղի է ունեցել Փարիզում՝ Ժորժ Պետիի պատկերասրահում, այնուհետև այն հայտնվել է Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահում, որտեղ 1904 թվականին այն 1604 ֆրանկով գնել է մոսկվացի արդյունաբերող և կոլեկցիոներ Սերգեյ Շչուկինը։ Ն. Սեմյոնովան նշում է, որ նկարը Շչուկինի հավաքածուում եղել է Սեզանի ամենավաղ աշխատանքը և Ս.Ի. Շչուկինի որդու՝ Իվանի հուշեր համաձայն՝ «Ծաղկեփունջը» եղել է այն քիչ նկարներից մեկը, որը դուր է եկել նրա մորը»։ Նրա տեղեկություններով՝ այն պատճառով, որ նկարիչը դեռ չէր հաղթահարել «իմպրեսիոնիստական գայթակղությունը», Շչուկինը նկարը տեղադրել է իր առանձնատան Երաժշտական սրահում՝ Մոնեի և Պիսսարոյի աշխատանքների կողքին[8]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Շչուկինի հավաքածուն ազգայնացվել է, և 1923 թվականից նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում։ 1948 թվականին թանգարանը լուծարվել է, և նկարը փոխանցվել է Էրմիտաժին[4]։ 2014 թվականի վերջից «Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում» նկարը ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում (սրահ 409)[12]։

Պետական Էրմիտաժի Արևմտյան Եվրոպայի կերպարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Ա. Կոստենևիչը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերի ֆրանսիական արվեստին նվիրված իր ուսումնասիրության մեջ․ նկարագրելով «Ծաղկեփունջ երկնագույն ծաղկամանում» նկարը, նշել է․

Իմպրեսիոնիստների փորձը Սեզանը յուրացրել է հիմնականում Պիսսարոյի միջոցով, բայց չի նմանակել նրան։ «Ծաղկեփունջ ծաղկամանում» նկարում < ... > նրա գունապնակը նկատելիորեն բացացել է, բայց ոչ այնքան, որ այդ նկարն ընդունվի որպես իմպրեսիոնիզմի նմուշ։ Սեզանը չի ցանկացել զոհել առարկայի նյութականությունը՝ հանուն անցողիկության և առկայծման։ Ինպրեսիոնիզմի մեջ նա տեսել է ոչ թե նպատակ, այլ ընդամենը միջոց։ Մոնեի և Պիսսարոյի ստեղծագործական գիտակցության մեջ այդքան կարևոր տեղ զբաղեցրած մթնոլորտը չի հեռանում նատյուրմորտից, ինչպես չի հեռանում նրա բնապատկերներից, այն սոսկ սառչում ու խտանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Feilchenfeldt W., Warman J. The Paintings, Watercolors and Drawings of Paul Cezanne: An Online Catalogue Raisonné
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28725/
  3. «Musée d'Orsay. — Cézanne, Paul. Dahlias dans un grand vase de Delft». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 Барская, Костеневич, 1991, էջ 57
  5. 5,0 5,1 Костеневич, т. 2, 2008, էջ 154
  6. «The Paintings, Watercolors and Drawings of Paul Cezanne. — «Fleur dans un vase»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  7. «The Paintings, Watercolors and Drawings of Paul Cezanne. — «Le Vase de fleurs sur un tapis fleuri»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  8. 8,0 8,1 Семёнова, 2019, էջ 165
  9. Импрессионизм…, 1969, էջ 355
  10. Сезанн. Переписка, 1972, էջ 178
  11. Рейтерсверд, 1974, էջ 114
  12. Государственный Эрмитаж. — Сезанн, Поль. «Букет цветов в голубой вазе».
  13. Костеневич, т. 1, 2008, էջ 215

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Импрессионизм. Письма художников. Воспоминания Дюран-Рюэля. Документы / Пер. с франц. П. В. Мелковой; вступ. статья и общ. ред. А. Н. Изергиной, прим. А. Г. Барской (сост. Л. Вентури). — Л.: Искусство, 1969. — 388 с.
  • Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
  • Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
  • Рейтерсверд О. Импрессионисты перед публикой и критикой / Пер. со швед. Ф. Шаргородской. Авт. вступит. статьи Б. Зернов. — М.: Искусство, 1974. — 300 с.
  • Поль Сезанн. Переписка. Воспоминания современников / Сост., вступ. статья, примеч и хронология Н. В. Яворской; пер. Е. Р. Классон и Л. Д. Липман. — М.: Искусство, 1972. — 371 с.
  • Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0