Նոր արևմտյան արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր արևմտյան արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Հիմնադրվել է1918
ՏնօրենԲորիս Տերնովեց
Կայքnewestmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան (ռուս.՝ Музей нового западного искусства), հիմնվել է Մոսկվայում` Նոր արևմտյան գեղանկարչության առաջին և երկրորդ թանգարանների միավորումից։ Թանգարանի հիմքը կազմել են առևտրականներ Սերգեյ Շչուկինի և Իվան Մորոզովի հայտնի հավաքածուները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր արևմտյան գեղանկարչության առաջին թանգարանն ստեղծվել է Սերգեյ Շչուկինի հավաքածուի հիման վրա և բացվել է 1918 թվականին, նախկին Կոլեկցիոների տանը։ Նրա հավաքածուները բաղկացած էին 1860-ական թվականներից սկսած արևմտաեվրոպական, գլխավորապես` ֆրանսիական գեղանկարչության ու քանդակագործության նմուշներից, այդ թվում` Էդուարդ Մանեի), Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Էդգար Դեգայի, Կլոդ Մոնեի, Վինսենթ վան Գոգի, Պոլ Գոգենի, Կամիլ Պիսսարոյի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի, Պոլ Սեզանի, Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Օգյուստ Ռոդենի աշխատանքներից[1]։

Նոր արևմտյան գեղանկարչության երկրորդ թանգարանն ստեղծվել է Իվան Մորոզովի հավաքածուի հիմքի վրա և բացվել է 1919 թվականին, նրա քաղաքային առանձնատան շենքում (Պրեչիստենկա փողոց, 21)։

Ոչ մի այլ թանգարան, մասնավոր ոչ մի պատկերասրահ, բացառությամբ, թերևս, Ֆիլադելֆիայում Բարնսի թանգարան-ինստիտուտի, ցույց չի տալիս վերջին հիսուն տարում ֆրանսիական գեղանկարչության զարգացման այդչափ բազմազան ու հարուստ պատկեր։ Թանգարանի նշանակությունը ոչ միայն դրա հավաքածուի ամբողջականության մեջ է, այլև դրա արտասովոր բարձր մակարդակի. տասնիներորդ և քսաներորդ դարերի առաջատար վարպետներից Մոնեն, Գոգենը, Սեզանը, վան Գոգը, Մատիսը, Պիկասոն, Դերենը և ուրիշներ ներկայացված են թանգարանում իրենց առաջնակարգ, երբեմն նաև` կենտրոնական աշխատանքներով։ Այստեղից էլ այն վառ տպավորությունները, որ համակում են այցելուներին և պահում նրանց չթուլացող գեղարվեստական-գեղագիտական լարվածության մեջ։
- Բորիս Տերնոցև (1933)

1923 թվականին Արևմտյան գեղանկարչության առաջին և երկրորդ թանգարանները միավորվել են` ստանալով Նոր արևմտյան արվեստի թանգարան անվանումը, որը 1925 թվականին դարձել է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի մասնաճյուղը։ 1928 թվականին թանգարանի բոլոր ֆոնդերը կենտրոնացվել են Պրեչիստենկա փողոց, 21 հասցեում գտնվող մեկ շենքում։ Այդ ժամանակվանից մինչև 1941 թվականը թանգարանի անփոփոխ ղեկավարն է եղել Բորիս Տերնովեցը[2]։ Թանգարանի շուրջ յուրահատուկ իրավիճակ էր ստեղծվել. այն դարձել է ժամանակակից արվեստի առաջին թանգարաններից մեկն ամբողջ աշխարհում` հինգ տարի ավելի շուտ հիմնադրվելով Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանից։ Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ Մորոզովը և Շչուկինը հետաքրքրվել են և գնահատել Սեզանի, վան Գոգի, Գոգենի, Մատիսի և Պիկասոյի վաղ շրջանի աշխատանքներն ավելի շուտ, քան դա արել են աշխարհի այլ թանգարաններ[3]։

Ճգնաժամային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գոյության սկզբում թանգարանը մեծապես գնահատվել և աջակցություն է ստացել ղեկավարության կողմից, որը կապված էր հեղափոխության ընդհանուր վերելքի հետ, երբ ջերմ ընդունելություն էին գտնում փորձարարությունն ու նորարարությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում և` արվեստում։ 1930-ական թվականներին տեղի է ունենում արվեստի և թանգարանների վերաբերյալ քաղաքականության փոփոխություն։ Ղեկավարության նոր պաշտոնական քաղաքականությունը ձևակերպվել է 1930 թվականին, Համառուսական թանգարանային առաջին համագումարում, վերաբերել է բոլոր թանգարաններին և վտանգի տակ է դրել Նոր արևմտյան արվեստի թանգարանի գոյության փաստը, ինչի պատճառով թանգարանի կոնցեպցիան կրել է էական փոփոխություններ[4]։

1932 թվականին «Սովետսկիյ մուզեյ» թերթի էջերում թանգարանի տնօրեն Բորիս Տերնովեցը ներկայացրել է այլ ծրագիր, որը համապատասխանում էր խորհրդային պատմության նոր փուլին. «Մոսկվան...համաշխարհային հեղափոխության միջնաբերդը, համաշխարհային պրոլետարիատի մայրաքաղաքը։ Դրա ներսում պետք է գոյություն ունենա թանգարան, որտեղ ի հակադրություն հզոր շինարարության, սոցիալիստական պետության փառահեղ հաջողություններին ցույց կտրվի բուրժուական հասարակության անկումը, ճգնաժամը, անելանելի դրությունը»[5]։ Սակայն սա էլ չի փրկել թանգարանը փակվելուց։

1933 թվականին ամերիկացի Սթիվեն Քլարքը ձեռք է բերել Սեզանի «Տիկին Սեզանը ջերմասենյակում» և վան Գոգի «Գիշերային սրճարանը» կտավները Մորոզովի հավաքածուից, ինչպես նաև` Ռենուարի և Դեգայի աշխատանքներից։ Գործարքը, որը ԽՍՀՄ-ին 260 հազար դոլարի շահույթ էր բերել, կնքվել է մինչև ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատելը` սեփականատերերի և նրանց ժառանգների` հետագա դատական հայցերից խուսափելու համար[6]։

1936 թվականի հունվարին «Պրավդա» թերթը հրապարակել է «Խառնաշփոթ` երաժշտության փոխարեն» հոդվածը[7]։ Այնտեղ քննադատության է ենթարկվել կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը, ինչը դարձել է արվեստում ֆորմալիզմի դեմ պայքարի սկիզբը։ Կերպարվեստում ֆորմալիստական ուղղության մեջ ընդգրկվել է իմպրեսիոնիզմը, և թանգարանի գոոյությունը հարցականի տակ է դրվել։ Հայրենական մեծ պատերազմը միայն հետաձգել է թանգարանի փակումը։ Ցուցանմուշները տարհանվել են Սվերդլովսկ, իսկ երբ դրանք 1944 թվականին հետ են վերադարձվել, անգամ չեն բացվել։

Փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսմոպոլիտիզմի և «Արևմուտքի դեմ խոնարհման» դեմ արշավը ավարտին է հասցրել թանգարանի պատմությունը. «ֆորմալիստական հայացքների գլխավոր բուծարան» համարվող Նոր արևմտյան արվեստի թանգարանը որոշվել է փակել. 1948 թվականի մարտի 6-ի ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումն ստորագրել է անձամբ Իոսիֆ Ստալինը[6]։ Թանգարանի ցուցանմուշները բաժանվել են Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի և Էրմիտաժի միջև[3]։

Արվեստի պատմաբան և Սերգեյ Շչուկինի կենսագիր Նատալյա Սեմյոնովան գրել է. «1930-1931 թվականներին որպես նոր արվեստի առաջին «չափաբաժին» Էրմիտաժն ստացել է 79 նկար։ Երկրորդն այս թանգարանին հասել է լրիվ պատահաբար. Նոր արևմտյան արվեստի թանգարանից վաճառքի համար վերցրել են ավելի քան 70 կտավ, սակայն գնորդ չեն գնել։ Ոչ մեկին չէր հուզում, որ նկարները հանվում էին Մոսկվայից։ Փաթեթավորման հետ խնդիրներ չունենալու համար իմպրեսիոնիստներին պոստիմպրեսիոնիստների հետ Գերմանիայից հին գեղանկարչության հետ ուղարկել են միանգամից Լենինգրադ։ Եվ երրորդ անգամ Էրմիտաժը Նոր արևմտյան արվեստի թանգարանից լավագույն և մեծագույն մասն ստացել է բացառապես մոսկովյան կուրատորների անվճռականության արդյունքում, որոնք վախեցել են պահել Պիկասոյի ու Մատիսի գլուխգործոցները մայրաքաղաքում, Կրեմլի պատերի մոտ»[6]։

Վերստեղծման գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Էրմիտաժի Գլխավոր շտաբի շենքում վերստեղծված Դենի Մորիսի համալիրը, որը գտնվել է Ի. Մորոզովի նախկին առանձնատանը

Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի նախկին տնօրեն Իրինա Անտոնովան ներկայացրել է Նոր արևմտյան արվեստի թանգարանի վերստեղծման նախագիծն ու առաջարկել է դրա համար օգտագործել Կերպարվեստի պետական թանգարանին պատկանող Գոլիցինների կալվածքը[8]։ Թանգարանի վերստեղծումը ենթադրում էր թանգարանի հավաքածուից Էրմիտաժին փոխանցված մասի վերադարձը Մոսկվա։ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կտրուկ քննադատել է նախագիծը[9]։ Սանկտ Պետերբուրգի բնակիչները աջակցել են Պիոտրովսկուն և ստորագրահավաք են կազմակերպել հավաքածուի էրմիտաժյան մասը Մոսկվա փոխանցելու դեմ։ 2013 թվականի ապրիլին ըստ «ուղիղ գծի» արդյունքների Վլադիմիր Պուտինը Կառավարությանը առաջարկ է փոխանցել քննարկել թանգարանը Մոսկվայում խելամտորեն վերստեղծելու առաջարկը[10]։ Մի քանի ամիս անց Անտոնովան, տարիքով պայմանավորված, տնօրենի պաշտոնը զիջել է Մարինա Լոշակին, որն արդեն չի աջակցել հավաքածուի էրմիտաժյան հավաքածուն Մոսկվա վերադարձնելու գաղափարին։

Դա Ի. Անտոնովայի կամ Մ. Պիոտրովսկու մասնավոր թանգարանը չէ, այն պետք է լինի երկու պետական թանգարանների` Էրմիտաժի և Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի մասնաճյուղը։ Վերջին միտքը թույլ է տալիս ոչ միայն չխախտել թանգարանների հավաքածուների անբաժանելիության մասին օրենքը, այլև պահպանել հայտնի ստեղծագործությունների վերաբերյալ ֆինանսական վերահսկողությունները. գաղտնիք չէ, որ գլուխգործոցները թույլ են տալիս թանգարանին ոչ միայն գումար աշխատել` զբոսաշրջիկներին գրավելով, այլև դրանք շրջում են աշխարհում` վարձակալությամբ տրամադրվելով այլ ցուցահանդեսների համար։
- Յուրի Ավվակումով[11]

2013 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հաղորդել է, որ հավաքածուն չի փոխանցվի, սակայն կստեղծվի վիրտուալ թանգարան[12]։ 2014 թվականի ապրիլին Մեդինսկին հայտարարել է թանգարանի բացման մասին, որը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերին[13]։ Պաշտոնապես այն սկսել է գործել միայն 2017 թվականին[14]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей нового западного искусства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  2. «Советская скульптура. В Государственном музее нового западного искусства». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  3. 3,0 3,1 «Государственный музей нового западного искусства». NeWestMuseum. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  4. А. И. Карлова (2009). «Музей современного искусства в Советской и Российской культуре». КиберЛенинка. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  5. Терновец Б. Н. Очередные задачи Государственного музея нового западного искусства // Советский музей : журнал. — 1932. — № 5. — С. 73.
  6. 6,0 6,1 6,2 Наталья Семенова (2013 թ․ մայիսի 21). «Операция ликвидация. Как уничтожали Музей западного искусства». Сноб. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  7. «Сумбур вместо музыки». газета “Правда”. 1936 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  8. «Пресс-конференция директора Государственного музея изобразительных искусств имени А. С. Пушкина, заслуженного деятеля искусств России Ирины Антоновой на тему: О возрождении Музея нового западного искусства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  9. «Интервью Михаила Пиотровского, президента Союза музеев России, директора Государственного Эрмитажа». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  10. Алексей Никольский (2013 թ․ ապրիլի 3). «Кабмин до 15 июня решит вопрос о воссоздании ГМНЗИ в Москве» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  11. Юрий Аввакумов (2013 թ․ մայիսի 30). «О проекте Государственного музея нового западного искусства». Сноб. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  12. Владимир Песня (2013 թ․ մայիսի 22). «Виртуальный ГМНЗИ заработает в этом году» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  13. Алексей Дружинин (2014 թ․ ապրիլի 30). «Путина пригласили на открытие виртуального музея импрессионистов» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  14. «03.02.2017. Новости ГМИИ им. А.С. Пушкина». 2017 թ․ փետրվարի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • К истории международных связей Государственного музея нового западного искусства (1922—1939) / Авт.-сост. Н. В. Яворская; Под ред. И. Е. Даниловой. — М., 1978 (Из архива ГМИИ / Гос. музей изобраз. искусств им. А. С. Пушкина. — Вып. 2). — 475 с.
  • Н. В. Яворская. История Государственного музея нового западного искусства (по документам и воспоминаниям) // Искусствознание. — 1/02. — М., 2002. — С. 595—603.
  • Н. В. Яворская. История Государственного музея нового западного искусства. Москва. 1918—1948. — М.: ГМИИ им. А. С. Пушкина, 2012. — 480 с.: ил., портр. — ISBN 978-5-903190-50-8 Текст книги был завершён в 1989 году, издан по авторской рукописи при участии ГМИИ им. А. С. Пушкина.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր արևմտյան արվեստի թանգարան» հոդվածին։