Jump to content

Լամու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լամու
անգլ.՝ Lamu
ԵրկիրՔենիա Քենիա
ՀամայնքLamu County?
Մակերես0,37 կմ², 15,6 հեկտար, 1200 հեկտար
ԲԾՄ15 մետր
Բնակչություն18 382 մարդ
Փոստային դասիչ80500
Լամու (Քենիա)##
Լամու (Քենիա)

Լամու (անգլ.՝ Lamu), փոքր քաղաք Լամու կղզում, որն իր հերթին Քենիայի Լամու կղզեխմբի մաս է կազմում։ Լամու քաղաքը Լամու շրջանի մայրաքաղաքն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ[1]։

Լամուն մշտական բնակչություն ունեցող ամենահին քաղաքն է Քենիայում։ Այն եղել է սուահիլի ժողովրդի առաջին բնակավայրերից մեկն Արևելյան Աֆրիկայի ափին։ Ենթադրվում է, որ քաղաքը հիմնադրվել է 1370 թվականին։

Որոշ աղբյուրներ նշում են չինացի ծովագնաց Չժենգ Հեի նավերի պատմությունը, որոնք 1415 թվականին խորտակվել են Քենիայի ափերի մոտ։ Փրկված նավաստիները հաստատվել են կղզում և ամուսնացել տեղացի կանանց հետ։  Կղզու որոշ բնակիչների ԴՆԹ-թեստավորումը ցույց է տվել, որ նրանք չինացի նախնիներ ունեն։

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է արաբ ճանապարհորդ Աբու ալ-Մահասինիի գրավոր աղբյուրներում, որը հանդիպել է Լամուի դատավորին, ով Մեքքա էր այցելել 1441 թվականին։

Քաղաքի պատմությունը նշանավորվել է 1506 թվականին պորտուգալացիների ներխուժմամբ, որին հաջորդել է Օմանի գերիշխանությունը։ Պորտուգալացիների արշավանքը պայմանավորված է եղել Հնդկական օվկիանոսի ափին առևտուրը վերահսկելու Պորտուգալիայի ձգտումով։ Երկար ժամանակ Պորտուգալիան ունեցել է գերիշխող դիրք Արևելյան Աֆրիկայի ափերի մոտով բեռնափոխադրումներում, և սահմանել է տուրքեր։ 1580-ական թվականներին Լամուում տեղի է ունեցել ապստամբություն պորտուգալացիների դեմ։ 1652 թվականին Օմանն օգնել է կղզու բնակիչներին պորտուգալիայի տիրապետության դեմ պայքարում։ Օմանի պրոտեկտորատի (XVII դարի վերջ — XIX դարի սկիզբ) ներքո անցկացրած տարիները Լամուի համար դարձել են «Ոսկեդար»։  Այդ ժամանակ Լամուն դարձել է պոեզիայի, քաղաքականության, արվեստի, արհեստների և առևտրի կենտրոն։ Քաղաքի շատ շենքեր կառուցվել են այս ժամանակահատվածում՝ բնորոշ զուսպ դասական ոճով։

19-րդ դարի կեսերին Լամուն ընկել է Զանզիբարի սուլթանի քաղաքական ազդեցության տակ, իսկ 1885 թվականին դարձել է Վիտու սուլթանության մի մասը՝ Գերմանական կայսրության պրոտեկտորատի ներքո։ 1890 թվականին Լամուն, ինչպես Քենիայի մնացած մասը, դարձել է բրիտանական գաղութի մի մասը և այդպես մնացել մինչև 1963 թվականին Քենիայի անկախացումը։

Այն բանի շնորհիվ, որ Լամուն գտնվել է արաբական կարևոր առևտրային ուղիների վրա և սերտորեն համագործակցել արաբական աշխարհի հետ, ներկայում քաղաքի բնակչության մեծ մասը մուսուլման է։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամուի տնտեսությունը հիմնված է եղել ստրկավաճառության վրա ընդհուպ մինչև 1907 թվականին դրա վերացումը[2]։ Արտահանվող այլ ապրանքներն իրենց մեջ ներառել են փղոսկր, կրիայի պատյան և ռնգեղջյուրների եղջյուրներ, որոնք նավերով Հնդկական օվկիանոսով տեղափոխվել են Մերձավոր Արևելք և Հնդկաստան։ 1901 թվականին Ուգանդայի երկաթուղու կառուցումը, որն սկիզբ է առել Մոմբասա նավահանգստից, քայքայել է Լամուի տնտեսությունը։

21-րդ դարում քաղաքի եկամուտների հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։  Լամուն հայտնի վայր է անհատ զբոսաշրջիկների համար, որոնք փնտրում են «վավերական» տպավորություններ։ Այնուամենայնիվ, 2011 թվականին զբոսաշրջիկների առևանգման և ավազակախմբերի հարձակման դեպքերը, որոնք կապված են սոմալիական «Ջամաաթ Աշ Շաբաաբ» կազմակերպության հետ, լուրջ սպառնալիքի տակ են դրել Լամուի զբոսաշրջության զարգացումը[3]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամուն ունի սուահիլի ավանդական ճարտարապետության մի քանի տասնյակ օրինակ։ Հին Լամու քաղաքն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես «Արևելյան Աֆրիկայի ամենահին և ամենալավ պահպանված սուահիլիների բնակավայրը»։ Քաղաքում կան մի քանի թանգարաններ, այդ թվում՝ Լամուի թանգարանը, Սուահիլի ժողովրդի մշակույթի թանգարանը և տեղի փոստի թանգարանը։ Քաղաքի ամենահետաքրքիր տեսարժան վայրերը ներառում են նաև 1820-ական թվականներին կառուցված Լամու ամրոցը և 1900 թվականին կառուցված Ռիյադհա մզկիթը։

Լամուն այն վայրն է, որտեղ ծավալվում են ամերիկացի գրող Էնթոնի Դորի «The Shell Collector» պատմվածքի գործողությունները։

Ռուս գրող Անդրեյ Գուսևի «Our Wild Sex in Malindi» վեպի իրադարձությունների մի մասը տեղի է ունենում Լամուում և հարևան Մանդա կղզում[4][5][6]։

Ամերիկացի երգիչ և երաժիշտ Մայքլ Ուիթաքեր Սմիթի ներկայացրած «Lamu» երաժշտական կոմպոզիցիայում ասվում է, որ կղզում կարելի է հանգստանալ կյանքի խնդիրներից[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lamu Old Town, UNESCO
  2. Transafrican Journal of History. — East African Publishing House, 1980. — P. 110.
  3. Second tourist kidnapping raises alarms on Kenya coast (video) // CSMonitor.com
  4. Рецензия на роман "Our Wild Sex in Malindi" на сайте общественного фонда «Союз литераторов Москвы», 2020
  5. “Our Wild Sex in Malindi” Արխիվացված 2020-10-09 Wayback Machine, повесть Андрея Гусева, 2020.
  6. «Наш жёсткий секс в Малинди» in Lady’s Club (ռուս.)
  7. «Artist, Christian, Worship Leader – Community, News, Tour Dates, Cruise and More». Michael W. Smith. 2013 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամու» հոդվածին։