Խմբում նա նվագում է կիթառի և ստեղնաշարայինների վրա։ Կարողանում է նվագել նաև հարվածային գործիքներ և բաս-կիթառ (օրինակ՝ «Kid A» և «Amnesiac» ալբոմների ձայնագրման ժամանակ)։ Այժմ ապրում է Օքսֆորդում՝ կնոջ՝ Ռեյչել Օուենի և երեխաների՝ Նոաի (2001) ու Ագնեսի (2004) հետ[5]։
Թոմ Յորքը ծնվել է Վելինգբորոյում, Մեծ Բրիտանիա։ Նա ուներ ակնախնձորի ի ծնե հիվանդություն՝ մինչև 6 տարեկանը ձախ աչքը պարալիզացված էր։ Դեռ երեխա ժամանակ նա հինգ վիրաբուժական վիրահատություն է տարել, ընդ որում վերջինն այնքան անհաջող էր, որ ձախ աչքը գրեթե կուրանում է, իսկ կոպը փոքր-ինչ վերև է ձգվում։ Գրեթե մեկ տարի սև վիրակապ կրելուց հետո Թոմը սկսում է աղոտ տեսնել ձախ աչքով[6]։ Հոր մասնագիտությունը՝ քիմիական արդյունաբերության համար կիրառվող սարքավորումների վաճառք, անընդհատ տեղափոխություններ էր պահանջում։ Թոմը հաճախ էր փոխում դպրոցը, նրա համար դժվար էր ընկերներ գտնելը, համադասարանցիները զայրացնում էին նրան աչքի պրոբլեմի պատճառով, և նրա մանկության մեծ մասը մենակության մեջ է անցել[7]։
Երբ լրացավ նրա 7 տարեկանը (այդ ժամանակ ընտանիքն ապրում էր Օքսֆորդում), նա նվեր ստացավ իր առաջին կիթառը։ Կիթառային ելույթներց նրան ոգեշնչում էր Queen խմբի կիթառիստ Բրայան Մեյը (Brian May)[8]։ Առաջին ավարտուն երգը, որը ծնվել է նրա ֆանտազիայով, կոչվում էր «Mushroom Cloud» և նկարագրում էր միջուկային պայթյունը։ 10 տարեկանում Թոմ Յորքը՝ արդեն տղաների մասնավոր դպրոցի աշակերտ, միացավ իր կյանքի առաջին ռոք-խմբին։ Դպրոցը Թոմի կյանքում աներևակայելի մեծ դեր է խաղացել. հենց այդտեղ է նա գտել Radiohead խմբում իր ապագա կոլեգաներին՝ Էդ Օ'Բրայենին (Ed O’Brien), Ֆիկ Սելուեյին (Phil Selway), Քոլին Գրինվուդին (Colin Greenwood) և նրա կրտսեր եղբայր Ջոննի Գրինվուդին (Jonny Greenwood)[9]: