1914-1916 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մանուկների հոգեբանության նուրբ ըմբռնումով, հումորով, մանկության պոեզիայի կենդանի զգացումով են հատկանշված Շվարցի վիպակները («Շուրայի և Մարուսյայի արկածները», 1937, «Ուրիշի աղջիկը», 1937, «Առաջին դասարանցին», 1949, հայ․ հրտ․ 1950)։ Առաջին պիեսների համար, որ գրվել ու բեմադրվել են 1929-1934 թվականներին բնորոշ է Էքսցենտրիկ հորինվածքն ու սրամիտ խաղը։ ժողովրդական հեքիաթների, ինչպես նաև Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների սյուժեները Շվարցը օգտագործել է իր սեփական աշխարհն ու ինքնատիպ կենդանի կերպարները ստեղծելու համար․ «Մերկ թագավորը» (1934, հրտ․ 1960), «Կարմիր գլխարկը» (1937), «Ձյունե թագուհին» (1938), «Ստվեր» (1940) պիեսները։ Պատերազմի տարիներին գրել է «Վիշապ» (1944) պիես-պամֆլետը՝ խորհրդային դրամատիկական երգիծանքի ամենախոր և ինքնատիպ երկերից մեկը։ Ետպատերազմյան տարիներին Շվարցիի դրամատուրգիայում ուժեղացել է ուշադրությունը ժամանակակից մարդու կյանքի հոգեբանական ու կենցաղային մանրամասնությունների նկատմամբ («Սովորական հրաշք», 1956, «Պատմվածք երիտասարդ ամուսինների մասին», 1958, պիեսներ)։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մոխրոտը» (1947), «Առաջին դասարանցին» (1948), «Դոն Կիխոտ» (1957, ըստ Մ․ Սերվանտեսի) և այլ կինոնկարներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 555)։