Դուբրովնիկի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուբրովնիկի պաշարում
Պատերազմ Խորվաթիայում

Թվական 1991, հոկտեմբերի 1 - 1992, մայիսի 26
Վայր Դուբրովնիկ և նրա մերձակայք
Արդյունք Խորվաթիայի հաղթանակ
Հակառակորդներ
Հարավսլավիա Հարավսլավիա
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Խորվաթիա Խորվաթիա
Հրամանատարներ
Հարավսլավիա Հարավսլավիա
Վելկո Կադիևիչ
Պավլե Ստրուգար
Միոդրագ Յոկիչ
Միլան Զեց
Խորվաթիա Խորվաթիա
Անտոն Տուս
Նոյկո Մարինովիչ
Յանկո Բաբետկո
Կողմերի ուժեր
Հարավսլավիայի ռազմածովային ուժեր
7 000 -
23 000 մարդ[1]
Խորվաթիա Խորվաթիա Խորվաթիայի զինված ուժեր
Խորվաթիայի զինված ուժեր
մոտ 1230 մարդ[Ն 1]
Ռազմական կորուստներ
Չեռնոգորիա 165 սպանված զինվոր[2]
Տրեբինեի ջոկատ 240 սպանված զինվոր[3]
Սերբիա 37 սպանված զինվոր[3]
մոտ 417 սպանված զինվոր[4], 82—92 սպանված քաղաքացիական անձ[1][5][6]

Դուբրովնիկի պաշարում (խորվ.՝ Opsada Dubrovnika; серб. Блокада Дубровника; Blokada Dubrovnika), Դուբրովնիկ քաղաքի պաշարում և ռազմական գործողություններ նրա շրջակայքում Խորվաթիայի պատերազմի ժամանակ (1991-1995)։ Հարավսլավական ժողովրդական բանակի (ՀԺԲ) ստորաբաժանումները Դուբրովնիկի վրա հարձակումը սկսել են Չեռնոգորիայի ու Բոսնիայի կողմից։ Նավահանգստային քաղաքի եռամսյա պաշարումն ու հրակոծությունը այն իրադարձություններից են եղել, որի համար միջազգային հանրությունը հարավսլավական կոնֆլիկտում վատ է տրամադրվել սերբական կողմի հանդեպ։

Պաշարումը սկսվել է 1991 թվականի հոկտեմբերին և ավարտվել 1992 թվականին, երբ խորվաթական զորքերը հակահարձակման են անցել։ Պաշարումն ուղեկցվել է խաղաղ բնակչության շրջանում զոհերով։ 1991 թվականի դեկտեմբերի 6-ին՝ սուրբ Նիկողայոս Զմյուռնացու օրը, հարավսլավական հրետանին կրկել է քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել է 13 քաղաքացիական անձ։

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ պաշարման ժամանակ քաղաքի 15.000 բնակիչ փախստական է դարձել, որից 7.000-ը 1991 թվականին հոկտեմբերին էվակուացվել է ծովով։ 1991 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման։

Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային դատարանը Դուբրովնիկի պաշարումը որակել է «սերբական ուժերի կողմից փորձ Խորվաթիայից անջատել քաղաքը ու այն միացնել Չեռնոգորիային»[7]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբրովնիկը հին քաղաք է, որ տեղակայված է Դալմաթիայի հարավային մասում՝ Ադրիատիկ ծովի ափին։ 1991 թվականին քաղաքի բնակչության 82.4 %-ը կազմել են խորվաթները, 6.8 %-ը՝ սերբերը և 4 %-ը՝ մուսուլմանները[8]։ Սոցիալիստական Հարավսլավիայի ժամանակաշրջանում քաղաքը ապառազմականացվել է, քանի որ կարծիք կար, որ ռազմական ներկայությունը կխանգարի քաղաքում զբոսաշրջության զարգացմանը։ Հարավսլավիայում քաղաքացիական պատերազմի և Խորվաթիայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Դուբրովնիկը խորվաթական այն քիչ քաղաքներից է եղել, որոնք տուժել են 1991 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից, քանի որ քաղաքում ու նրա մերձակայքում չեն եղել Հարավսլավիայի ժողովրդական բանակի ստորաբաժանումներ։

Քաղաքի աշխարհագրական դիրքը հարմար չի եղել ինչպես պաշտպանների, այնպես էլ հարձակվողների համար։ Դուբրովնիկը Խորվաթիայի հետ ցամաքային ճանապարհ չունի, քանի որ երկրի հիմնական տարածքից քաղաքն ու նրա մերձակայքը առանձնացված են Բոսնիա և Հերցեգովինային պատկանող բարակ շերտով և Նեում քաղաքով։ Այդպիսով, պաշարյալներին օգնություն կարող էր հասնել միայն ծովի կողմից։ Քաղաքի շրջակայքը լեռնոտ է և մասշտաբային ռազմական գործողություններ ծավալելու համար ոչ բարենպաստ։ Դա մեծ անհարմարություններ էր պատճառում Հարավսլավիայի ժողովրդական բանակի ղեկավարությանը։

Հարավսլավիայի կողմից Դուբրովնիկի պաշարման մասին միասնական կարծիք չկա։ Հնարավոր է, Դուբրովնիկի պաշարումը խաղաքարտ կհանդիսանար խորվաթների հետ բանակցությունների ժամանակ և առիթ կլիներ, որ Խորվաթիայի առաջ պայման դրվեր նրա տարածքում ՀԺԲ-ի զորանոցների պաշարումը հանելու[9]։ Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային դատարանի դատավոև Կարլ դել Պոնտեն կարծում էր, որ քաղաքի վրա հարձակման նպատակը եղել է այն Չեռնոգորիային միացնելը[10]։

Իրադրությունը ռազմական գործողություններից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողությունների սկսվելուց առաջ գեներալ Պավլե Ստրուգարը հայտարարել է Չեռնոգորիայի «խորվաթական վտանգի» մասին։ Հարավսլավական գեներալը հայտարարել է 30.000 զինված ուստաշների և 7.000 ահաբեկիչների, այդ թվում՝ քուրդ վարձկանների մասին[7]։ Չեռնոգորիայի հնարավոր հարձակման մասին այս լուրը մեծ տարածում է գտել Սերբիայում և Չեռնոգորիայում[11]։

Հարավսլավական ԶԼՄ-ները գրել են այն մասին, որ Սլովենիան ու Խորվաթիան ընտրել են անկախության ու պատերազմի ճանապարհը։ Բացի ԶԼՄ-ներից՝ այդ տեսակետն են պաշտպանել նաև Հարավսլավիայի առաջատար քաղաքական գործիչները։ Սվետոզար Մարովիչը Հարավսլավիայի փլուզման գլխավոր պատճառ է համարել «ագրեսիվ իմպերիալիստական կաթոլիկությունը»[12]։ Այսպիսով, հասարակության մեջ ձևավորվել է կարծիք, որ անհրաժեշտ էր գրավել Դուբրովնիկը։

Կողմերի ուժերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբրովնիկի շրջանում գրեթե չեն եղել խորվաթական զինված ստորաբաժանումներ[13]։ Քաղաքում է գտնվել խորվաթական 163-րդ հետևակային խումբը, որն էլ տեղի ոստիկանության և կամավորության հետ կազմել է տեղի կայազորը։ 1991 թվականի վերջին քաղաքի պաշտպաններին միացել է խորվաթական պաշտպանական ուժերի 9-րդ գումարտակը (մոտ 500 մարդ)։ Խորվաթների փոքրաթիվ ջոկատներն ունեին խորհրդային 1943 թվականի նմուշի 76 մմ տրամաչափի ԶԻՍ-3 զենք։ Պաշտպանները ստացել էին նաև 85 մմ տրամաչափի երկու զենք Կորչուլա կղզուց և 120 մմ տրամաչափի երեք զենք[14]։

Քաղաքի պաշարմանը մասնակցել են ՀԺԲ-ի մի քանի բրիգադ և Չեռնոգորիայի տարածքի պաշտպանության ստորաբաժանումներ (ընդամենը 7.000-23.000 մարդ)։ Հարավսլավական ջոկատներն ակտիվորեն կիրառել են տանկեր, հրետանի և ռազմածովային ուժեր քաղաքը ծովի կողմից շրջապատելլու համար։ Գործողությունը հռչակվել է որպես չեռնոգորական ղեկավարության նախաձեռնություն։ Չնայած նրան, որ գործողությանը մասնակցել են հարավսլավական դաշնային ռազմական ուժերը, զորաջոկատների մեծ մասը եղել է Չեռնոգորիայից։ Դուբրովնիկի սպասվելիք պաշարումը Չեռնոգորիայում որակվել էր «խաղաղության համար պատերազմ» և համարվում էր արդարացված, քանի որ կչեզոքացվեր խորվաթական ուժերի՝ Չեռնոգորիա ներխուժելու վտանգը։ Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ «Չեռնոգորիան պետք է վերջնականապես կարգավորի Խորվաթիայի հետ իր սահմանները և ուղղի սխալները, որոնք թույլ են տվել կոմունիստական քարտեզագիրները»[15]։

Սակայն խորվաթական ուժերի՝ Չեռնոգորիա ներխուժելու մասին տեղեկությունը չափազանցված էր։ Խորվաթական ուժերի կազմում չեն եղել վարձկաններ։ Հայտնի է, որ Դուբրովնիկի պաշտպանությանը մասնակցել է օտարերկրացի՝ Նիդերլանդների քաղաքացի, որն ամուսնացած է եղել դուբրովնիկցի կնոջ հետ և մտել խորվաթական պաշտպանական ուժերի մեջ[1]։

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշարման ժամանակ տուժած տներ Դուբրովնիկի մերձակայքում գտնվող Սուստիեպան գյուղում

Ռազմական գործողությունների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի հոկտեմբերին Խորվաթիայի տարածքում արդեն մեկնարկել են ռազմական գործողություններ։ 1991 թվականի հոկտեմբերի 1-ին ՀԺԲ-ի ստորաբաժանումները Չեռնոգորիայից ու Բոսնիայի հարավային մասից անցել են խորվաթական տարածքների հարձակմանը և գրավել Պրեվլական, Կոնավլեն ու Ցավտատը[16]։ Հարավսլավական հրամանատարությունն ակտիվորեն կիրառել է դեսանտայիններին Դուբրովնիկի շրջակայքն ու միջազգային օդանավակայանը գրավելու համար։ Հարավսլավական բանակը Բոսնիայից նույնպես մարտեր էր մղում և խորվաթական ուժերը դուրս մղում Ռավնո քաղաքից, չնայած Բոսնիայի տարածքում պատերազմը սկսվել է վեց ամիս անց։

Դրանից հետո հարավսլավական բանակը շրջափակել է Դուբրովնիկը, իսկ հրետանին զբաղեցրել է քաղաքի շրջակա բարձունքը, որը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ։ Սկսված պաշարման մեջ ակտիվ դերակատարում է ունեցել հարավսլավական օդուժը, որը քաղաքը շրջափակել էր ծովի կողմից և մշտապես կրակում էր քաղաքի վրա։ Դուբրովնիկի պաշարումից անմիջապես հետո ծանր իրադրություն է ստեղծվել։ Սննդի պաշարի պակաս է զգացվել, դադարեցվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, չի բավականացրել խմելու ջուրը։ Իրավիճակը բարդացրել են բազմաթիվ փախստականները (մինչև 55.000 մարդ) Խորվաթիայի այլ շրջաններից, որտեղ ռազմական լայնամասշտաբ գործողություններ են ընթացել[14]։

Քաղաքի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրադունը պաշարման օրերին

Դուբրովնիկն իսկույն իր վրա է գրավել միջազգային հանրության ուշադրությունը։ Արևմտյան լրագրողները, որոնք լուսանկարել են Դուբրովնիկի պատմական հին հատվածում (ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում) կրակոցների հետևանքները, սկզբնավորել են ՀԺԲ-ի հանդեպ քննադատությունը Դուբրովնիկը հրետակոծելու համար։ Սակայն կոնֆլիկտը մեկնաբանող լրագրողները մեղադրվել են մատնության, քաղաքի պատմական կենտրոնի վրա ավելորդ կենտրոնացվածության և քաղաքացիական բնակչությանն անտեսելու մեջ։ Այս ընթացքում Վուկովարում մղվող արյունալի, առավել դաժան մարտերն իրենց վրա են կենտրոնացրել հասարակության ուշադրությունը, և հարավսլավական հրամանատարությունը շարունակել է Դուբրովնիկի պաշարումը։

Չնայած քաղաքի ռմբակոծությունից շփոթահար լինելուն՝ միջազգային հանրությունը ոչ մի կոնկրետ գործողություն չի ձեռնարկել քաղաքի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Կոնոնավոր գնդակոծությունները Դուբրովնիկի ուղղությամբ շարունակվել են մինչև 1991 թվականի դեկտեմբերը։ Այս գնդակոծությունների արդյունքում զոհվել է հարավսլավացի նշանավոր բանաստեղծ Միլան Միլիշիչը։ Դեկտեմբերին խորվաթական ուժերը հակագրոհ են ձեռնարկել հարավսլավական ուժերի ուղղությամբ և կարողացել են ՀԺԲ-ի ուժերին դուրս մղել որոշ հատվածներից, սակայն դրանից կրակահերթերը չեն դադարեցվել։ 1991 թվականի դեկտեմբերի 6-ին՝ հերթական կրակահերթի ժամանակ, զոհվել է քաղաքացիական 13 անձ։ Այս գնդակոծությունն ամենից արյունոտն է եղել Դուբրովնիկի պաշարման ողջ ընթացքում[13]։

Ռազմածովային ուժերը նույնպես սկսել են քաղաքն ակտիվ ռմբակոծել և հարձակումներ ձեռնարկել Դուբրովնիկի մերձակա խորվաթական նավահանգիստների ուղղությամբ։ Ալանո նավահանգստի ուղղությամբ հարձակման ժամանակ հարավսլավական ռազմածովային ուժերը ոչնչացրել են խորվաթական տրանսպորտային «Պերաստ» նավը։ Երեք նավաստիներ զոհվել են, մնացածը փախել են Դուբրովնիկ։ Հարավսլավիայի ռազմաօդային ուժերը գրավել են նաև պահականավախումբը, որտեղ եղել են փախստականներ Դուբրովնիկից, սակայն բանակցություններից հետո քաղաքացիական անձերով բոլոր նավերը շարունակել են նավարկությունը[17][18]։ Ստեղծված խորվաթական ծովային ուժերը և ափային հրետանին կարողացել են դիմագրավել հարավսլավական նավերին, որոնք կրակում էին Դուբրովնիկի և խորվաթական այլ նավահանգիստների ուղղությամբ։ Դրանից հետո հարավսլավական ծովային ուժերը ստիպված են եղել լքել տարածքը՝ ուղևորվելով Չեռնոգորիայի բազաներ։ 1991 թվականի վերջին համաձայնագիր է կնքվել կրակի դադարեցման մասին, և Դուբրովնիկի ուղղությամբ կրակահերթերը դադարեցվել են։

Շրջափակման դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբրովնիկի հրակոծություն

Կրակի դդարեցման մասին համաձայնագիր կնքելուց հետո Հարավսլավիայի ժողովրդական բանակի ստորաբաժանումները դադարեցրել են կրակը քաղաքի ուղղությամբ, սակայն բանակի որոշ ջոկատներ շարունակել են մնալ քաղաքի մերձակայքում։ Հարավլավական հրամանատարությունը չէր շտապում դրանք դուրս բերել և տանել մշտական տեղակայման վայր՝ Բոսնիա (Տրեբինե)։ Դրանից հետո խորվաթական հրամանատարությունը, Դուբրովնիկ լրավուցիչ ուժեր ներգրավելով, սկսել է հարձակումը, և 1992 թվականի մայիսի 22-ին խորվաթական ուժերը ճեղքել են շրջափակումը։

Այնուհետև խորվաթական զորքերը մի շարք գործողություններ են ձեռնարկել Դուբրովնիկի մերձակայքը հարավսլավական զորքերից ազատագրելու նպատակով։ Մարտերի արդյունքում 1992 թվականի ամռանը խորվաթական ուժերին հաջողվել է ազատել Պրեվլական ու հարավսլավական ուժերը շրջափակման ենթարկել Կոտորում։ Միայն ՄԱԿ-ի միջամտությունից հետո են կողմերը դադարեցրել ռազմական գործողությունները Դուբրովնիկի մերձակայքում։

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պաշարման ընթացքում Հին քաղաքի 824 շինություններից վնասվել են 563-ը կամ 68.33 %-ը։ Ինը շինություն ոչնչացել է հիմնովին հրետանու կրակահերթից։ Վնասված մասնավոր ու պետական շենքերի, կրոնական կառույցների, փողոցների, հրապարակների, կամուրջների վնասի ընդհանուր գումարը կազմել է 9.657.578 դոլար։ 1999 թվականի վերջին ավելի քան 7 միլիոն դոլար է ծախսվել քաղաքի վերականգնման համար[19]։ Պաշարման ժամանակ մահացել է 92 խաղաղ բնակիչ[6]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2007 թվականի մայիսի 30-ին խորվաթական հեռուստատեսությունը ցուցադրել է չեռնոգորական վավերագրական ֆիլմ, որում պնդվում էր, որ Դուբրովնիկի մարտերի ժամանակ Հարավսլավիայի ազգային բանակն ունեցել է մինչև 30.000 մարդ, իսկ խորվաթները՝ 700 մարդ։ Հեռուստատեսությունում ֆիլմի քննարկման ժամանակ քաղաքի պաշտպանության ղեկավար Նոյկո Մարտինովիչը հայտարարել է. «Պաշարման տարբեր ժամանակահատվածներում խորվաթական կողմն ունեցել է 60-1.230 զինված մարտիկ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Pavlović, Srđa. Reckoning: The 1991 Siege of Dubrovnik and the Consequences of the "War for Peace. — Space of Identity, 2005.(անգլերեն)
  2. AIM — Bulatović napokon priznao Արխիվացված 2010-01-13 Wayback Machine(խորվ.)
  3. 3,0 3,1 Cafe.ba — Dan nestalih i poginulih Արխիվացված 2012-04-12 Wayback Machine(խորվ.)
  4. Popis poginulih branitelja iz Dubrovačko-neretvanske županije(խորվ.)
  5. «B92 news on commemoration». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  6. 6,0 6,1 Dulist — Sijećanja ne blijede Արխիվացված 2010-08-19 Wayback Machine(խորվ.)
  7. 7,0 7,1 ICTY Transcripts: Testemony of Petar Poljanić, Mayor of Dubrovnik International Criminal Tribunal for the former Yugoslavia.(անգլերեն)
  8. Reckoning: The 1991 Siege of Dubrovnik and the Consequences of the «War for Peace»(անգլերեն)
  9. Crnobrnja, Mihailo. The Yugoslav Drama. — McGill-Queen's Press, 1996. — Т. 2. — P. 172. — ISBN 0-7735-1429-5(անգլերեն)
  10. Full Contents of the Dubrovnik Indictment made Public International Criminal Tribunal for the former Yugoslavia.(անգլերեն)
  11. Attack on Dubrovnik: 30 000 Ustasa marsira na Crnu Goru
  12. Pavlović, Srđa. Reckoning: The 1991 Siege of Dubrovnik and the Consequences of the "War for Peace. — Space of Identity, 2005. — P. 56.(անգլերեն)
  13. 13,0 13,1 Annex XI.A : The battle of Dubrovnik Արխիվացված 2013-10-29 Wayback Machine United Nations Commission of Experts. University of the West of England.(անգլերեն)
  14. 14,0 14,1 Blaskovich, Jerry. Anatomy of Deceit: An American Physician's First-hand Encounter with the Realities of the War in Croatia. — Dunhill Publishing, 1997. — ISBN 0-935016-24-4(անգլերեն)
  15. Grujić, Dragoslav (14 ноября 2002). Fleksibilna britva Արխիվացված 2011-06-05 Wayback Machine. Vreme
  16. Ramet, Sabrina The three Yugoslavias: state-building and legitimation, 1918-2005. — Indiana University Press, 2006. — P. 409. — ISBN 0-253-34656-8(անգլերեն)
  17. Peace Flotilla Due to Dock in Dubrovnik. Los Angeles Times 31 октября 1991(անգլերեն)
  18. Binder, David. Refugees Pack Boat Out of Dubrovnik. The New York Times. 15 ноября 1991(անգլերեն)
  19. Full Contents of the Dubrovnik Indictment made Public. International Criminal Tribunal for the former Yugoslavia(անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբրովնիկի պաշարում» հոդվածին։