Դավիթ Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1956 |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 11, 1992 (35 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ջրացատկորդ |
Պարգևներ և մրցանակներ |
Դավիթ Գրիգորի Համբարձումյան (հունիսի 24, 1956, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 11, 1992, Երևան, Հայաստան), հայ ջրացատկորդ։ Սպորտի վաստակավոր վարպետ (1984)։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1978)։ ՀԽՍՀ ջրացատկի հավաքականի մարզիչ (1985-1987), ՀԽՍՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ (1987-1992)։ Մոսկովյան օլիմպիական խաղերի (1980) և աշխարհի գավաթի խաղարկության (1983) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (1981, 1983) և գավաթի գավաթակիր (1984), ԽՍՀՄ բազմակի չեմպիոն (1972-84) և գավաթակիր (1975, 1977, 1984), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների հաղթող (1975, 1983)։ 1993 թվականից Համբարձումյանի անունով է կոչվում ՀՀ օլիմպիական հերթափոխի ջրացատկի մանկապատանեկան դպրոցը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1956 թվականին Կապան քաղաքում։ Հայրը՝ Գրիգորի Համբարձումյանը (առավել հայտի էր Գիլոն անուով) եղել է ֆուտբոլիստ[1][2], երկար տարիներ խաղացել է Կապանի «Լեռնագործ» ակումբում, նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հրավիրվել է ԽՍՀՄ հավաքական, 1961 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում։ Մայրը Ալիսան զբաղվել է մարմնամարզությամբ։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին Դավիթի ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ էլ Դավիթը 1965 թվականից սկսում է զբաղվել լողով։ Նրա մարզիչը եղել է Լավրենտի Թառոյանը։ Նրա առաջին լուրջ հաջողությունը 1972 թվականին էր, երբ նա դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։ Հետագայում նա այդ կոչումը նվաճել է ևս 15 անգամ։
1971-1984 թվականներին Դավիթն ընդգրկված է եղել ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1972 թվականին մասնակցել է Մյունխենի օլիմպիական, 1976 թվականին՝ Մոնրեալի օլիմպիական խաղերին։ 1980 թվականին, Մոսկվայի օլիմպիական խաղերին նվաճել է բրոնզե մեդալ։
1981 և 1983 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն։
1984 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին ԽՍՀՄ հավաքականը բոյկոտեց օլիմպիադան և չմասնակցեց մրցումներին։ Օլիմպիական խաղերից դուրս մնաց նաև Դավիթ Համբարձումյանը, ինչից հետո էլ ավարտեց իր մարզական կարիերան։
Կարիերայի ավարտից հետո Դավիթ Համբարձումյանը նշանակվում է «Դինամո» ուսումնամարզական բաժնի պետ, որոշ ժամանակ անց՝ սպորտկոմիտեի նախագահի տեղակալ։
Մահացել է 1992 թվականի հունվարի 8-ին։ Նրա մոտ արձանագրվել էր սրտի կանգ։
Դավիթ Համբարձումյանի անունով է կոչվում ՀՀ օլիմպիական հերթափոխի ջրացատկի մանկապատանեկան դպրոցը[3] և Կապանի «Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրիգորի Համբարձումյանի էջը FootballFacts.ru կայքում
- ↑ Григорян А. Г. Король воздуха — Газета «Урарту», № 14 2001 г
- ↑ «Կայացավ ջրացատկի ՀՀ առաջնությունը». msy.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Կապանի 2014թ. մարզական ձեռքբերումները | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соколов Г. П. Олимпийская команда СССР/Игры XXII Олимпиады. Москва, 1980.
- Профиль на сайте
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|