Jump to content

Բալկանյան դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալկանյան երկրների սահմանները երկու Բալկանյան պատերազմներից առաջ:

Բալկանյան լիգա, մի քանի համաձայնագրերի արդյունքում 1912 թվականին ստեղծված դաշինք Հունաստանի, Բուլղարիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի միջև ուղղակի ընդդեմ Օսմանյան կայսրության[1], որն այդ ժամանակ դեռ վերահսկում էր Բալկանյան թերակղզու որոշ մասին։ Բալկանները 1900-ականների սկզբից գտնվում էին իրարանցման մեջ, երբ տեղի ունեցավ Մակեդոնիայի պարտիզանական պայքարը Երիտթուրքական հեղափոխությունից հետո, այնուհետև սկսվեց Բոսնիական ճգնաժամը։ 1911 թվականին սկսվեց Իտալո-թուրքական պատերազմը, ինչը ավելի թուլացրեց Օսմանյան կայսրությունը։ Ռուսների ազդեցության տակ գտնվող Սերբիան և Բուլղարիան դաշնություն կնքեցին 1912 թվականի մարտի 13-ին, որը սկզբնական շրջանում ուղղված էր Ավստրո-Հունգարիայի դեմ[2], սակայն ավելացրեցին գաղտնի կետ, որով դաշինքը ուղղեցին Օսմանյան կայսրության դեմ[3]։ Այնուհետև նմանատիպ դաշնություն Սերբիան կնքեց նաև Չեռնոգորիայի հետ, իսկ Բուլղարիան` Հունաստանի հետ։ Լիգան հաղթեց Առաջին Բալկանյան պատերազմում, որը սկսվել էր 1912 թվականի հոկտեմբերին, և վերահսկողություն տարածել Օսմանյան կայսրության գրեթե ամբողջ եվրոպական տարածքի վրա։ Սակայն այս հաղթանակից հետո դաշնակից երկրները համաձայնության չեկան որոշ տարածների բաժանման հարցում, հատկապես Մակեդոնիայի հարցում, ինչի արդյունքում Լիգան կազմալուծվեց և քիչ ժամանակ անց 1913 թվալանի հունիսի 16-ին Բուլղարիան հարձակվեց իր նախկին դաշնակիցների վրա` սկսելով Երկրորդ Բալկանյան պատերազմը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի պատերազմից (1853–1856) հետո, Ռուսաստանը հասկացավ, որ այլ Մեծ տերությունները ջանք չեն խնայի կանխելու նրա մուտքը Միջերկրական ծով։ Որպես այլընտրանք, Ռուսաստանը սկսեց բարեկամական հարաբերություններ հաստատել Բալկանյան թերակղզու ժողովուրդների հետ։ Այս քաղաքականության շարժիչ ուժը դարձավ Պանսլավիկ շարժումը, ինչը դարձավ Ռուսաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը մինչև 1917 թվականը[4]։ Աշխատելով այս ուղղությամբ, հաղթական 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմից հետո ռուսները հիմնեցին ինքնավար Բուլղարիայի տարածաշրջանը։ Նույն կերպ փրկելով սերբերին թուրքերի լծից 1876 թվականին, ռուսները ստիպեցին երկու տարի անց ճանաչել Սերբիայի անկախությունը[5] Այնուամենայնիվ չնայած ռուսների պաշտպանությանը, այս երկու երկրները ժամանակի ընթացքում անհանդուրժողականության ֆոնի վրա ունեցան կարճատև պատերազմ միմյանց միջև։ Եվրոպական տերություններին հակընդեմ, հատկապես Ավստրո-Հունգարիայի կողմից հրահրված Բոսնիական ճգնաժամից հետո, ռուսները ձեռնամուխ եղան բալկաններում ստեղծելու սլավոնական դաշինք ուղղված Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության դեմ։ Ռուսները դիվանագիտական լծակների շնորհիվ ստիպեցին երկու երկրներին (Բուլղարիա և Սերբիա) հասնել համաձայնության և կնքել դաշինք։

Ռուսների կողմից Սերբիայի և Բուլղարիայի վրա ճնշման ֆոնին տեղի ունեցավ Ալբանիայի ապստամբությունը 1911 թվականին, որը նպաստեց լիգայի ձևավորմանը։ 1912 թվականի մայիսին Ալբանիան հաջողությամբ նվաճեց Սկոպյեն և շարժվեց Մոնաստիրի ուղղությամբ` ստիպելով թուրքերին ճանաչել Ալբանիայի ինքնավարությունը 1912 թվականի հունիսին։ Սերբիայի համար դա աղետալի էր, քանի որ նրանք հույս ունեին արշավել դեպի հյուսիս Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի անեքսավորումից հետո։ Այժմ Սերբիան միակ արշավանքի ուղղությունը տեսնում էր դեպի հարավ, վերջ տալով Ալբանական վիլայեթի ստեղծման հուսերին։ Այժմ սերբերը ստիպված էին պայքարել անկախ ալբանական պետության ստեղծման դեմ։ Մյուս կողմից Բուլղարիան օգտագործեց սերբերի այս խառնաշփոթը, որպեսզի իր համար նպաստավոր համաձայնության գա Վարդար Մակեդոնիայի հարցում։ Այսպիսով երկու երկրների միջև կնքվեց վերջնական դաշնություն ուղղված Օսմանյան Թուրքիայի դեմ, հաղթանակի դեպքում Բուլղարիային կմնար ամբողջ Մակեդոնիան Կրիվա Պալանկա-Օհրիդ գծից հարավ։ Սերբերին պետք է բաժին հասներ հարավային գիծը, ներառյալ Կոսովոն և արևմուտքը Ադրիատիկ ծովի ափով։ Այս տարածքը ներառում էր ներկայիս Ալբանիայի հյուսային մասը` սերբերին տալով ելք դեպի ծով։ Մյուս կողմից Սերբիան պատրաստ էր փոխանակել Մակեդոնիան Ալբանիայի հետ, մտահղացում, որը կարևոր նշանակություն ունեցավ Լիգայի փլուզման հարցում 1913 թվականին, երբ Մեծ տերությունները բացի Ալբանական պետության ստեղծումից մերժեցին սերբերին նրա այլ տարածքային պահանջները այս ուղղությամբ։

Բալկանները Բալկանյան լիգայի ստեղծման ժամանակ, Բալկանյան պատերազմներից առաջ:

Բուլղարիան իր անկախությունը ձեռք բերելուց հետո երկար ժամանակ օսմանյան տարածքների հաշվին ընդարձակման քաղաքականություն էր մշակել։ Արևելյան Ռումելիայում տեղիունեցած հաջող հեղաշրջումից հետո, Բուլղարիան գրագետ սցենար մշակեց Մակեդոնիայի հաշվին ընդարձակվելու ուղղությամբ։ Իրականում Բուլղարիան Մակեդոնիայի տարածքում ստեղծեց ազատագրական շարժում, որը պետք է հասներ Մակեդոնիայի ինքնավարությանը, որից հետո նախագծվում էր Մակեդոնիայի կցումը Բուլղարիային։ Հասկանալով Բուլղարիայի մտադրությունների մասին Սերբիան և Հունաստանը հրահրեցին Մակեդոնիայում պարտիզանական պատերազմ ուղղված Բուլղարիայի շահերի դեմ։ Հակամարտությունը ավարտվեց երբ Երիտթուրքերը եկան իշխանության և սկսեցին բարեփոխումներ իրականացնել օսմանյան բոլոր տարածքներում։ Բուլղարիան դրանից հետո որոշեց ընդլայնվել պատերազմի միջոցով` կառուցելով մեծ բանակ և համարելով իրեն Բալկանների Պրուսիա[6]։ Սակայն պարզ էր, որ Բուլղարիան միայնակ չէր կարող կռվել օսմանցիների դեմ և անհրաժեշտ էր դաշինք։ Դաշնություն կնքելով Բուլղարիան նախագծում էր սերբերին կենտրոնացնել Մակեդոնիայում, իսկ իր զորքերը ուղղել դեպի Թրակիա, իր խոշոր Ադրիանապոլիս և Կոստանդնուպոլիս քաղաքներով։

Հունաստանում բանակի սպաները 1909 թվականի օգոստոսին կազմակերպեցին հեղաշրջում և կառավարության ղեկավար դարձավ Էլեֆթերիոս Վենիզելոսը, ով հույսեր ուներ վերադարձնել Կրետեն Հունաստանին, քանի որ 1897 թվականի Հույն-թուրքական պատերազմի արդյունքում այն անցել էր օսմանցիներին։ Հունաստանի լիգային միանալու քննարկումների ժամանակ Բուլղարիան հրաժարվեց հույների հետ կնքել լրացուցիչ պայմանագիր, որով հույներին կզիջեին այլ տարածքներ ինչպես սերբերի հետ պայմանագրի դեպքում էր։ Ունենալով վատատեսական տրամադրվածություն հունական բանակի հզորության հանդեպ, Բուլղարիան վստահ չէր, որ հույները կկարողանան հաջող մարտնչել Մակեդոնիայում, և իրենք կկարողանան նվաճել Սալոնիկ քաղաքը հույներից առաջ։ Այնուամենայնիվ Հունաստանի Լիգա մուտքը շատ արդյունավետ եղավ դաշնակիցների համար, քանի որ Բալկանյան երկրների մեջ միայն Հունաստանը ուներ հզոր նավատորմ և այն կարող էր խոչընդոտել օսմանցիների տեղաշարժը Ասիայից Եվրոպա ծովային ուղով։ Հույների դեսպանը Սոֆիայում Լիգա մտնելու քննարկումների ժամանակ պնդում էր, որ հույները կարող են պատերազմել 600.000 բանակով, որից ցամաքում 200.000 զինվոր և նավատորմը 400.000 զինվոր։

Չեռնոգորիան համեմատաբար փոքր երկիր էր, սակայն Սերբիայի հետ կապերի շնորհիվ դարձավ Լիգայի անդամ որպես երկրորդ դասի անդամ` ունենալով տարածքային պահանջ Սանյակի և հյուսիս ալբանական Շկոդրայի նկատմամբ։

Եվս մեկ պատճառ, որը առիթ հանդիսացավ Լիգայի ձևավորման, Օսմանյան բանակի արդյունավետության անկումն էր։ Օսմանյան կայսրությունը պատերազմում էր Իտալիայի դեմ 1911-ից 1912 թվականներին Լիբիայում, երբ Իտալիան ներխուժեց Տրիպոլիտանիա։ Արդյունքում իտալացիները նվաճեցին հույնաբնակ Դոդեկանես կղզիները, ինչը դրդեց Հունաստանին անմասն չմնալ Օսմանյան կայսրության դեմ ապագա պատերազմից։

Մեծ տերությունների արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմական դաշինքի գաղափարախոսություն, 1912 թվական:

Այս զարգացումները աննկատ չմնացին Մեծ տերությունների կողմից, սակայն պաշտոնական համաձայնություն կար Մեծ տերությունների միջև կապված Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության հետ, ինչը պետք է զգուշացներ Բալկանյան երկրներին։ Ոչ պաշտոնապես ամեն երկիր հակամարտության մեջ փնտրում էր իր սեփական շահը։ Արդյունքում որևէ պաշտոնական զգուշացում Մեծ տերությունների կողմից Բալկանյան երկրներին չհնչեց, երբ սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը։

  • Ռուսաստանը Լիգայի ձևավորման շարժիչ ուժն էր, և Լիգային համարում էր հետագայում հավանական Ավտրո-Հունգարիայի դեմ պատերազմելու գործիք[7]։ Սակայն ռուսները տեղյակ չէին Բուլղարիայի մտահղացումներից կապված Թրակիայի և Կոստանդնուպոլսի հետ, տարածքներ, որոնց նկատմամբ ռուսները վաղուց ունեին հավակնություններ և գաղտնի պայմանավորվել էին դաշնակից Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ։
  • Ֆրանսիան 1912 թվականին դեռ պատրաստ չէր պատերազմել Գերմանիայի դեմ և ընդհանուր առմամբ դեմ էր Լիգայի ստեղծմանը, սակայն նրա դաշնությունը ռուսների հետ չէր կայանա և ռուսները դեմ չէին դուրս գա Ավստրո-Հունգարիային, եթե չլիներ Բալկանյան լիգան։
  • Բրիտանական կայսրությունը չնայած պաշտոնապես սատարում էր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը, սակայն գաղտնի դիվանագիտական գործողությունների շնորհիվ դրդեց Հունաստանին միանալ Լիգային ի հակադրություն Ռուսաստանի ազդեցության։ Միևնույն ժամանակ Բրիտանիան կողմ էր, որպեսզի Բուլղարիան տիրի Թրակիային` գերադասելով բուլղարական Թրակիան ռուսականից։
  • Ավստրո-Հունգարիան ճանապարհ էր որոնում դեպի Ադրիատիկ ծով Օսմանյան կայսրության տարածքների հաշվին և դեմ էր որևէ երկրի ընդարփակմանը այս տարածքում։ Միևնույն ժամանակ Հաբսբուրգյան կայսրությունը մեծ խնդիրներ ուներ սլավոն ժողովրդի հետ, որոնք դեմ էին գերմանո-հունգարական իշխանությանը։ Սերբիայի հավակնությունները Բոսնիայի նկատմամբ գաղտնիք չէին, և այն կարող էր Ավստրո-Հունգարիային թշնամանար, իսկ Սերբիան ռուսների դաշնակիցն էր, արդյունքում կստացվեր, որ Ավտրո-Հունգարիան դուրս կգար ռուսների դեմ։
  • Գերմանիան, որը լրջագույնս ներքաշված էր օսմանյան քաղաքականության մեջ, պաշտոնապես դեմ էր պատերազմին ընդդեմ օսմանցիների, սակայն գայթակղությունը, որ Բուլղարիան կարող է միանալ Կենտրոնական ուժերին, ավելի մեծ էր քան Օսմանյան կայսրության պաշտպանությունը։ Գերմանիան հույս ուներ Բալկաններում ունենար հզոր դաշնակից, որը կպայքարեր ռուսների դեմ ապագա պատերազմում։

Բալկանյան Լիգայի համար որոշիչ էր, որ Օսմանյան կայսրությունը թույլ և քայքայված կայսրություն էր։ Դաշնակից երկրների կառավարությունները համաձայնեցրեցին իրենց ռազմական մարտավարությունները։ 1912 թվականի սեպտեմբերի վերջին օրերին օսմանցիները և Բալկանյան երկրները զորահավաք կազմակերպեցին։ Բալկանյան լիգայի երկրներից առաջինը Չեռնոգորիան պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը հոկտեմբերի 8-ին` սկսելով Առաջին Բալկանյան պատերազմը։ Մյուս երկրները պատերազմ հայտարարեցին հոկտեմբերի 17-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Wars of the World; First Balkan War 1912-1913». OnWar.com. 2000 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 14-ին.
  2. Crampton (1987) Crampton, Richard (1987). A short history of modern Bulgaria. Cambridge University Press. էջ 62. ISBN 978-0-521-27323-7.
  3. «Balkan Crises». cnparm.home.texas.net/Wars/BalkanCrises. 2009 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 14-ին.
  4. Tuminez, Astrid S. (2000). Russian nationalism since 1856: ideology and the making of foreign policy. Rowman & Littlefield Publishers, Inc. էջ 89. ISBN 978-0-8476-8884-5.
  5. Frucht, Richard C. (2005). Eastern Europe: An Introduction to the People, Lands, and Culture. ABC-CLIO. էջեր 538–9. ISBN 978-1-57607-801-3.
  6. Emile Joseph Dillon, "The Inside Story of the Peace Conference", Ch. XV
  7. Stowell, Ellery Cory (2009). The Diplomacy Of The War Of 1914: The Beginnings Of The War (1915). Kessinger Publishing, LLC. էջ 94. ISBN 978-1-104-48758-4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 234