Jump to content

Արաբական փոխառությունները հայերենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արաբական փոխառություններ, հայերենի` արաբերենից փոխառյալ բառերը։

Արաբերենի ազդեցությունը հայերենի վրա կատարվել է երկու փուլով. նախ Հայաստանում արաբների տիրապետության շրջանում` 7-9-րդ դարերում, այնուհետև 12-16-րդ դարերում` Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում։ Արաբերենից անմիջական փոխառություններ են կատարել գրաբարը, միջին հայերենն ու հայերենի բարբառները[1][2]։ Գրաբարում արձանագրված, միջին հայերենից ավանդված ու բարբառներից անցած արաբերեն ավելի քան 700 բառերից ժամանակակից հայերենում գործածվում են շատ քիչ` մոտ 60 բառ։ Դրանք հիմնականում մարդու գործունեությանը, կյանքի զանազան բնագավառներին, գիտությանը և արվեստին, առտնին հարաբերություններին, բժշկությանը, ռազմական գործին, պետական-վարչական կյանքին, երկրագործությանը, արհեստին ու տարբեր զբաղմունքներին վերաբերող բառեր, զանազան մետաղների, բույսերի, կենդանիների անուններ են։

Ժամանակակից հայերենում գործածվող արաբական փոխառություններն են՝ ազապ, ալքիմիա, աղարիկոն (սունկ), աճպարար (ձեռնածու), ամիրա, այպ (թերություն), աթլաս (կտորեղեն), ափիոն, բադրիջան, բալասան, բակլա, դահուճ (թռչուն), զանջաֆիլ, թաս, թնոպի (սնկի տեսակ), ժիպակ (սնդիկ), խանդակ, խիկար, խպիպ, խսիր, խումար, կապա, կապալ, կավատ, կլայեկ, կոլոտ, կողպել, կուրան, համպար, հաշիշ, հերիսա, հինա, հունապ, հուրի, ճիտ (վիզ), մահտեսի, մելիք, մզկիթ, մկրատ, մղլակ, մումիա, մունետիկ, նաղաշ, նաշ, նարինջ, նոպա, նունուֆար, շամամ, շիպ (պաղլեղ), պայտար, ռեհան, սադափ, սղկել, սնդուկ, սոնոպրի (ծառ), սուլթան, տնազ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Բ մաս, Երևան, 1951, էջ 169-217։
  2. Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության, Երևան, 1972։