Jump to content

Անտառատունդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառատունդրային գոտի, Հյուսիսային կիսագնդի մերձարկտիկական գոտու անցումնային բնական գոտի՝ բարեխառն գոտու անտառային (հարավում) և տունդրային (հյուսիսում) գոտիների միջև։

գոտին բնութագրվում է անտառային և տունդրային տարրերի համակցությամբ, ինչպես նաև նոսր անտառի զարգացմամբ։ Անտառատունդրային գոտին 30—50 կմ֊-ից մինչև 300– 400 կմ լայնությամբ ձգվում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասում։ Մայրցամաքների ափամերձ շրջաններում և կղզիներում անտառատունդրային գոտին սովորաբար փոխարինվում է տունդրայով։

Կլիման անցումնային է՝ տայգայի կլիմայից տունդրային կլիմայի։ Տաք եղանակը տևում է մոտ 4 ամիս (հունիս–սեպտեմբերՀուլիսի միջին ջերմաստիճանը 10 °C–ից 14 °C-ի, հունվարինը՝ ֊ 10 °C–ից -40 °C։ Տարեկան տեղումները՝ 200—400 մմ։ Ձնածածկույթի հզորությունը հասնում է 1 մ։ Բազմամյա սառածությունը և աննշան գոլորշիացումն առաջացնում են մակերեսային խոնավության ավելցուկ, ճահճակալում և ջրալակոլիթներ (5—7 մ բարձրությամբ)։

Հողային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողերը գլեյա-պոդզոլային և տորֆա-գլեյան են, տեղ-տեղ՝ տորֆա-ճահճային։

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը՝

  • նոսր անտառային
  • տունդրային
  • ճահճային
  • մարգագետնային է։

Նոսր անտառներում հաճախ հանդիպում են սփռված կամ կիսասփռված, կորացած ձներ։ Ծառերի կամ անտառակղզիների արանքում, բազմամյա խոտերի հետ մեկտեղ, տարածված են քարաքոսա-մամռային, թփուտային կամ մացառուտային համակցություններ։

Անտառային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավյան թերակղզու հյուսիսում անտառատունդրային գոտին կազմված է կեչու կորացած անտառներից

  • Կոլա թերակղզում՝ կեչու, եղևնու, սոճու նոսր անտառներից և թփուտաքարաքոսային տունդրայից
  • Սպիտակ ծովի և Ուրալի միջև ընկած շրջանում՝ սիբիրական եղևնուց (երբեմն նաև՝ խեժափիճի և կեչի) և ակնաթփա-քարաքոսային տունդրաներից։
  • Ուրալյան լեռնաշղթայի և Պյասինա գետի միջև ընկած նոսր անտառներում գերակշռում են սիբիրական խեժափիճին, եղևնին և լաստենին
  • Պյասինա գետից արևելք դաուրական խեժափիճին։
  • Յուրահատուկ է Հեռավոր Արևելքի լեռնային անտառատունդրան, որի նոսր անտառը կազմված է դաուրական խեժափիճուց, մայրենու և լաստենու մացառուտա-թփուտային սփռվածքից, բոշխա-ճահճային տունդրայից։
  • Հյուսիսային Ամերիկայի նոսր անտառները կազմված են սպիտակ և սև եղևնուց, ամերիկյան խեժսւփիճուց,
  • Գրենլանդիայում՝ բուրավետ կեչուց, լաստենուց և արոսենուց։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառատունդրային գոտիյում կաթնասուններից հանդիպում են հյուսիսային եղջերու, գայլ, կզաքիս, կուղբ, աքիս, սպիտակ նապաստակ, դաշտամուկ, լեռնային շրջաններում՝ ծվծվան, Սիբիրում՝ արջամուկ և գետնասկյուռ։ Ավելի բազմազան է թռչնաշխարհը (սպիտակ կաքավ, սագեր, բադեր, կտցար, ճնճղուկ և այլն)։

Անտառատունդրային գոտու 85—90%–ը եղջերային արոտավայրերն են։ Հողագործության ժամանակակից բևեռային սահմանը հիմնականում համապատասխանում է անտառների և նոսր անտառների հյուսիսային սահմանին։ Հովտային մարգագետինները բնութագրվում են հացազգիների բարձր բերքատվությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • А. П. Тыртиков .Лес на северном пределе в Азии. М.,1996. 144 с. ISBN 5-87317-006-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառատունդրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 445