Ալեսսանդրո Բլազետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսսանդրո Բլազետտի
Ծնվել էհուլիսի 3, 1900(1900-07-03)[1][2]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
Մահացել էփետրվարի 1, 1987(1987-02-01)[1][2] (86 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[3]
ԳերեզմանԿամպո Վերանո[4]
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող
Պարգևներ և մրցանակներ

Ալեսսանդրո Բլազետտի (իտալ.՝ Alessandro Blasetti, հուլիսի 3, 1900(1900-07-03)[1][2], Հռոմ, Իտալիա[3] - փետրվարի 1, 1987(1987-02-01)[1][2], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և մոնտաժավորող, «ժամանակակից իտալական կինոյի հայր-հիմնադիրը»։

Ստեղծագործական կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլազետտին ծնվել է Հռոմում, 1900 թվականին։ Ավարտել է Հռոմի Սապիենզա համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն 1920-ական թվականներին դարձել է լրագրող և կինոքննադատ։ Որպես կինոքննադատ հանդես է եկել թերթերում և ամսագրերում։ Հիմնադրել է մի քանի ամսագրեր, մասնավորապես, «Cinematografo» և «Աշխարհը էկրանին», որի շուրջ համախմբվել են երիտասարդ կինեմատոգրաֆներ, ովքեր ձգտել են իտալական կինոյի թարմացմանը[5]։ Ռեժիսորներ Գոֆրեդո Ալեսանդրինիի, Ումբերտո Բարբարոյի, Ալդո Վերգանոյի և Մարիո Սերանդրեիի ընկերակցությամբ հիմնադրել է «Աուգուստուս» կինոընկերությունը և 1928 թվականին սկսել է էկրանավորել իր առաջին «Արև» կինոժապավենը, որտեղ նկարագրել է գյուղացիների դժվար կյանքը։ Ֆիլմի վրա ազդեցություն է թողել խորհրդային կինոն։ Սկսել է աշխատել «Cines» ստուդիայում, որտեղ նկարահանել է «Կիրակի» և «Ներոն» ֆիլմերը։ «Cines» ստուդիայի տնօրեն Ստեֆանո Պիտալուգիի մահից հետո դարձել է ստուդիայի տնօրենը։ Նրա հայտնի ֆիլմերի մեջ են «Աղքատների ճաշկերույթ» և «1860» ֆիլմերը, իսկ վերջինս համարվում է հետպատերազմյա Գարիբալդիի դյուցազներգություն և նրա ամենակարևոր ֆիլմը։ Ռեժիսորի խոսքերով՝ իր էսթետիկ հայացքների ստեղծման մեջ մեծ ազդեցություն են ունեցել ռուս ռեժիսորներ Սերգեյ Էյզենշտեյնի, Վսևոլոդ Պուդովկինի և Նիկոլայ Էկկի աշխատանքները[5][6]։

Լինելով իտալական ֆաշիզմի ջատագով՝ Բլազետտին ֆիլմ է նկարահանել դրա մասին՝ մեծ մասամբ արդարացնելով կառավարությունների մեթոդները․ «Հին գվարդիա» (1935), «Ալդեբրան» (1936), «Ոչ ոք հետ չի վերադառնում» (1943)։ Քանի որ «Ալդեբրանը» չի ստացել հատուկ աջակցություն, ռեժիսորը անդրադարձել է սենտիմենտալ կինոնկարների, որոնք հայտնի են որպես «սպիտակ հեռախոսների կինո» և նկարահանել է այդ ժանրում միակ «Դքսուհի Պարմայից» (1936) ֆիլմը։ «Երկաթե թագ» ֆիլմը, որը համախմբել էր հեքիաթը, արկածը և պատմությունը, իսկ 1941 թվականին՝ Վենետիկի 9-րդ կինոփառատոնի ժամանակ, չնայած իր հակառազմամոլական պաթոսին, ռեժիսորին բերել է Մուսոլինիի գավաթ, որպես լավագույն արտերկրային ֆիլմ։ 1942 թվականին Չեզարե Ձավատինիի «Չորս քայլ ամպերում» կատակերգության հիման վրա նկարահանել է ֆիլմը, որը դարձել է Իտալիայում նեոռեալիզմ պատրաստող կինոնկարներից մեկը[5]։

Զգեստափոխված ժապավեններից առանձնանում է «Կատակերգուների ընթրիք»-ը։ Ավելի բաց ձևով է ներկայացրել հակամարտության մասին իր կարծիքը «Մեկ օր կյանքից» ֆիլմում։ Պատերազմից հետո մեծ ներդրում է ունեցել իտալական կատակերգության զարգացման մեջ («Ցավում եմ, որ դու սրիկա ես», «Կին լինելը երջանկություն է»)։ 1948 թվականին բեմադրել է հին հռոմեացիների մասին ֆիլմ՝ «Ֆաբիոլա», իսկ 1957 թվականին՝ «Սեր և բամբասանք» երգիծական կատակերգությունը[5]։ 1961 թվականին ռեժիսորի դերում է նկարահանվել Լ․ Վիսկոնտիի «Ամենագեղեցիկ» ֆիլմում[7]։ 1960 թվականին նկարահանել է մեկ այլ իտալական հասարակության մասին պատմող «Ես, ես, ես… և մնացածը» ֆիլմը։ 1961 թվականին բեմադրել է նոր ժանրի պատկանող ֆիլմ՝ «Ես սիրում եմ, դու սիրում ես» գեղարվեստական հակապատերազմական կինոնկարը, որը հիմնված է վավերագրության վրա, իսկ որոշ դրվագներ նկարահանվել են Մոսկվայում[5]։ 1973 թվականին իտալական հեռուստատեսության համար Բլազետտին նկարահանեց «Ծիծաղ առաջացնելու արվեստը» ժապավենը։ Այդ առիթով նա դիտում է շուրջ հինգ հարյուր անգլիական, ֆրանսիական և իտալական կինոկատակերգություններ։ Նրա նպատակն էր, ինչպես ինքն է ասել. «Վերլուծել կատակերգության ծագումը և նրա նշանակությունը հասարակության համար»։ Այս հեռուստատեսային կինոնկարում նա վերարտադրեց հատվածներ տարբեր կինոնկարներից։ Կազմակերպել էր նաև հարցազրույցներ նույն թեմայի շուրջը այնպիսի հանրահայտ ռեժիսորների ու դերասանների հետ, ինչպիսիք են Ռենե Կլերը, Ֆեդերիկո Ֆելինին, Ժակ Տատին, Ալբերտո Սորդին։ Բլազետտին համարվում է պատմական նեոռեալիզմի հիմնադիրը։ Այդ են վկայում մասնավորապես «1860» (1934), «Հին գվարդիան» (1934), «Այդեբարան» (1935), «Էտորե Ֆիերամոսկա» (1937), «Սև դիմակը» (1940), ինչպես նաև 1941 թվականի Վենետիկի միջազգային փառատոնում մրցանակի արժանացած «Երկաթյա թագ» (1941) կինոնկարները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկաթե թագ» — մրցանակ Վենետիկի կինոփառատոնի «Լավագույն արտերկյա ֆիլմ» անվանակարգում (1941)
  • «Առաջին հաղորդություն» — միջազգային մրցանակ Վենետեիկի կինոփառատոնում (1950).
  • «Ես, ես, ես… և ուրիշները» — Դավիդ դի Դոնաթելոյի մրցանակ (1966).
  • «Սիմոն Բոլիվար» (1969) — Վենետիկի կինոփառատոնի հոբելյանական մրցանակ(1982)[7]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արև», Sole (1929)
  • «Նորեն», Nerone (1930)
  • «Կիրակի», Resurrectio (1930)
  • «Մայր հող», Terra madre (1931)
  • «Աղքատների ճաշկերությ», La tavola dei poveri (1932)
  • «Պալիո», Palio! (1932)
  • «Հալլերի գործը», Il caso Haller (1933)
  • «1860», 1860 (1934)
  • «Հին գվարդիա», Vecchia Guardia (1934)
  • «Ալդեբարան», Aldebaran (1935)
  • «Դքսուհի Պարմայից», Contessa di Parma (1936)
  • «Սալվաթոր Ռոզայի արկածները»,Un’avventura di Salvator Rosa (1940)
  • «Երկաթե թագ», La corona di ferro (1941)
  • «Կատակերգուների ընթրիք», La cena delle beffe (1941)
  • «Չորս քայլ ամպերում», Quattro passi fra le nuvole (1942)
  • «Մեկ օր կյանքից», Un giorno nella vita (1946)
  • «Ֆաբիոլա», Fabiola (1949)
  • «Առաջին հաղորդություն», Prima comunione (1950)
  • Altri tempi: zibaldone numero 1 (1951)
  • «Ցավում եմ, որ դու սրիկա ես», Peccato che sia una canaglia (1954)
  • Tempi nostri: zibaldone numero 2 (1954)
  • «Կին լինել երջանկություն է», La fortuna di essere donna (1956)
  • «Գիշեր Եվրոպայի վրա», Europa di notte (1959) (վավերագրական)
  • «Ես սիրում եմ, դու սիրում ես», Io amo, tu ami… (1961) (վավերագրական)
  • «Լիոլա»,Liolà (1963)
  • «Ես, ես, ես… և ուրիշները», Io, io, io… e gli altri (1966)
  • «Սիմոն Բոլիվար», Simon Bolivar (1969, Իսպանիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119044803 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Энциклопедия Кино и ТВ
  6. Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, էջ 57-58։
  7. 7,0 7,1 Кино: Энц. словарь, 1986

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Алессандро Блазетти» (ռուսերեն). Энциклопедия Кино и ТВ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  • Tullio Kezich (2000 թ․ հուլիսի 3). «Cent' anni fa nasceva Blasetti, regista-dittatore e maestro di tutti» (իտալերեն). Il Corriere della Sera. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  • Hanotte, Caroline. «Alessandro Blasetti, biographie» (ֆրանսերեն). Cineartistes.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեսսանդրո Բլազետտի // Ֆիլմ։ Հանրագիտարանային բառարան/ Գլխ․ խմբագիր Ս․ Ի․ Յուտկևիչ - Մ․: Խորհրդային հանրագիտարան, 1986. — էջ 49. — 640 էջ — 100 000 օրինակ
  • Blasetti, Alessandro. Il cinema che ho vissuto. — Bari: Dedalo, 1982. (իտալ.)
  • Gori, Gianfranco. Alessandro Blasetti. — Florence: La Nuova Italia, 1984. (իտալ.)
  • Masi, Stefano. A. Blasetti: 1900—2000. — Rome: Comitato Alessandro Blasetti. (իտալ.)
  • Moliterno, Gino. The A to Z of Italian cinema. — 2008. — ISBN 978-0-8108-6896-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսսանդրո Բլազետտի» հոդվածին։