Jump to content

Ազգային հին պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային հին պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄիտտե
ՎայրԲեռլին
Կազմված էQ114729953?
Մասն էԲեռլինի ազգային պատկերասրահ
Ղեկավարության նստավայրԲեռլին, Գերմանիա
ՀասցեBodestraße?
Հիմնադրվել է1861
ՀիմնադիրJoachim Heinrich Wilhelm Wagener?[2]
Այցելուներ316 000 մարդ (2017)
ՏնօրենRalph Gleis?[3]
Կայքsmb.museum/museen-und-einrichtungen/alte-nationalgalerie/home.html(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Ազգային հին պատկերասրահ (գերմ.՝ Alte Nationalgalerie), գեղարվեստական թանգարան Բեռլինի Թանգարանային կղզում։ Պատկերասրահում պահվում են 19-րդ դարի արվեստի գործեր Պրուսական մշակույթի ժառանգության ֆոնդի հավաքածուից։

Պատկերասրահը հիմնվել է 1861 թվականին 262 նկարից բաղկացած հավաքածուի հիման վրա, որ նվիրել էր բանկիր Յոհան Հենրիխ Վագեները (գերմ.՝ Johann Heinrich Wagener): Սկզբնապես հավաքածուն տեղավորել են Արվեստի ակադեմիայի շենքում։ Ժամանակակից շենքը` հռոմեական տաճարի ոճով և աբսիդով, նախագծվել է 1865 թվականին Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի կողմից Ֆրիդրիխ Վիլհելմ IV արքայի պատվերով և կառուցվել 1869-1876 թվականներին Հենրիխ Շտրակի ղեկավարությամբ։

Պատկերասրահի սրահներից մեկը

Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերը կառույցի դիզայնի շուրջ աշխատել է 1863 թվականից Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի էսքիզի հիման վրա[4]։ Երկու տարի անց` երկու անհաջող նախագիծ մշակելուց հետո, վերջնականապես ընդունվում է նրա երրորդ նախագիծը։ Շտյուլերը մահացել է նախքան կառույցի պատրաստ լինելը. կիսատ գործը շարունակել է Կարլ Բուսեն։ 1866 թվականին արքայի հորդորով ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը գլխավորում էր Հենրիխ Շտրակը. այն պետք է զբաղվեր պատկերասրահի շինարարության գործերով։ Պատկերասրահի շենքի բացումը կայացել է 1876 թվականի մարտի 22-ին։

Պատկերասրահի բացման պահին հավաքածուն դեռևս այնքան էլ մեծ չէր։ Պատկերասրահի նպատակն էր հավաքածուն համալրել ժամանակակից` հատկապես պրուսական արվեստը ներկայացնող գործերով։ 1874 թվականին Մաքս Ջորդանը դառնում է պատկերասրահի առաջին տնօրենը։ 1896 թվականին նրան փոխարինում է Գուգո ֆոն Չուդին, որը հավաքածուն համալրում է ֆրանսիացի իմպրեսիոնիստների գործերով. դրանով գերմանական պատկերասրահը երկու դարերի սահմանագծում դառնում է ժամանակակից ֆրանսիական արվեստի կարևորագույն հավաքածու[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օդային ռմբակոծությունների հետևանքով շենքը զգալիորեն վնասվել է։ Պատկերասրահը մասամբ սկսել է գործել 1949 թվականին, իսկ վերականգնողական աշխատանքները շարունակվել են մինչև 1969 թվականը։ 1998-2001 թվականներին թանգարանը ամբողջովին վերանորոգվել է, վերին հարկում ավելացվել են լրացուցիչ սրահներ, որտեղ տեղավորվել են ռոմանտիզմի դարաշրջանի ցուցանմուշներ։ 2010 թվականին վերանորոգումից հետո թանգարանի մուտքի առաջ բացվել է սյունազարդ բակը։

«Երկաթի վերամշակման գործարան», Ադոլֆ ֆոն Մենցել, 1875

Պատկերասրահում ցուցադրվում են կլասիցիզմի և ռոմանտիզմի (նկարիչներ Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Կարլ Ֆրիդրիխ Շինկել, Կառլ Բլեխեն), բիդերմայերի, ֆրանսիական իմպրեսիոնիզմի (Էդուարդ Մանե, Կլոդ Մոնե) և վաղ մոդեռնիզմի (Ադոլֆ ֆոն Մենցել, Մաքս Լիբերման, Լովիս Կորինտ) ոճի գործեր։

Պատկերասրահի առավել արժեքավոր գործերից են Յոհան Էրդման Հումելի «Շախմատային խաղ Բեռլինի Ֆոսս պալատում» (1818), Կասպար Դավիդ Ֆրիդրիխի «Քահանան ծովի մոտ» (1808-1809), Ադոլֆ ֆոն Մենցելի «Երկաթի վերամշակման գործարան» (1875), Յոհան Գոթֆրիդ Շադովի «Արքայադուստրեր» (1875) ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.smb.museum/en/museums-institutions/alte-nationalgalerie/collection-research/about-the-collection/
  3. https://www.smb.museum/nachrichten/detail/ralph-gleis-wird-neuer-leiter-der-alten-nationalgalerie.html
  4. Claude Keisch, The Alte Nationalgalerie, Berlin, London: Scala / Munich: Beck, 2005, ISBN 978-3-406-52675-6, p. 7.
  5. Philipp Demandt: „Schule des Sehens“. Die Nationalgalerie und die Moderne, in: Angelika Wesenberg (Hg.), Impressionismus – Expressionismus. Kunstwende, Berlin 2015, pp 13-19.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային հին պատկերասրահ» հոդվածին։