Փհուլան Դևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փհուլան Դևի
հինդի՝ फूलन देवी
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1963(1963-08-10)[1][2]
ԾննդավայրՈւտար Պրադեշ, Հնդկաստան
Մահացել էհուլիսի 25, 2001(2001-07-25)[1] (37 տարեկան)
Մահվան վայրՆյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ավազակ
Զբաղեցրած պաշտոններMember of the 13th Lok Sabha? և Member of the 11th Lok Sabha?
ԿուսակցությունSamajwadi Party?

Փհուլան Դևի (հինդի՝ फूलन देवी, անգլ.՝ Phulan Devī, օգոստոսի 10, 1963(1963-08-10)[1][2], Ուտար Պրադեշ, Հնդկաստան - հուլիսի 25, 2001(2001-07-25)[1], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ, սկզբում գլխավորել է ավազակային խմբավորում և զանգվածային լրատվամիջոցներում հայտնի է եղել «Ավազակների թագուհի» մականունով։ Երկու անգամ ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր, որտեղ պաշտպանել է ստորին կաստաների ներկայացուցիչների շահերը։ Սպանվել է, ենթադրաբար, վարձու մարդասպանների կողմից։

Փհուլան Դևին միացել է ավազակներին այն բանից հետո, երբ բռնաբարվել է իր գյուղի վերին կաստայի ներկայացուցիչների կողմից։ 1981 թվականին նրա հրամանով սպանվել է Բեհմայ գյուղի 22 բնակիչ վերին կաստայից, որոնց թվում էին նրան բռնաբարածներից երկուսը։ Հանցանքը արձագանք է գտել ամբողջ Հնդկաստանում՝ Դևիին ճանաչում բերելով ողջ երկրում։ Ոմանք համարում են, որ նրա հանցանքների մեծ մասը կատարվել են տառապող կանանց (հատկապես ստորին կաստաներից) համար արդարություն հաստատելու նպատակով։ Սակայն հնդկական իշխանությունները դա համարում են միֆ[3]։ Ավելի ուշ Փհուլան Դևին հանձնվել է, երկու անգամ հաղթել ընտրություններում որպես Սամաջվադի կուսակցության ներկայացուցիչ։ Դևիին սպանողներին այդպես էլ չեն գտել. հավանաբար նրա սպանությունը եղել է վրեժ Բեհմայի բնակիչների նկատմամբ կազմակերպած արյունահեղ հաշվեհարդարի համար[4]։ 1994 թվականին նրա կենսագրության մոտիվներով նկարահանվել է «Ավազակների թագուհին» ֆիլմը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փհուլան Դևին ծնվել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ջալաուն շրջանի ոչ մեծ գյուղում[5]։ Նա եղել է Մալահների (նավավարների) կաստային պատկանող ընտանիքի չորրորդ երեխան[6][7]։

Փհուլանի հայրն ունեցել է 1 ակր (0,4 հա) հողամաս, որտեղ աճում էր նիմ ծառ։ Նա հույս ուներ, որ դրա շնորհիվ կկարողանա ամուսնացնել դստերը՝ գումար հավաքելով նրա օժիտի համար[8]։ Երբ Փհուլանը եղել է տասնմեկ տարեկան, մահացել են նրա տատն ու պապը, ընտանիքի գլխավոր է դարձել նրա հորեղբայր Բիհարին։ Վերջինս խաբեությամբ տիրացել է ժառանգությանը՝ աղջկա ընտանիքը թողնելով աղքատության մեջ։ Հորեղբոր մահվանից հետո նրա որդին՝ Մայադինը, իրեն հայտարարել է ընտանիքի գլխավոր[9]։ Օգտվելով Փհուլանի հոր բացակայությունից՝ նա կտրել է նիմ ծառն ու վաճառել այն՝ փողը վերցնելով իրեն[10]։ Թեև Փհուլան Դևիի հայրը բավարարվել է միայն մեղմ բողոքով, աղջիկը չի զիջել և ծաղրել է հորեղբորորդուն ու հրապարակավ նրան կոչել գող[8]։ Ավագ քրոջ հետ նա նստադուլ է արել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Փհուլանին հարվածել են աղյուսով, նա չի հանձնվել։ Աղջկանից ազատվելու համար նրա հարազատները պայմանավորվել են տասնմեկամյա աղջկան ամուսնացնել Լալ Փութի անունով մի մարդու հետ, որը երեսունից անց էր և ապրում էր հարյուրավոր կիլոմետրեր հեռու[3]։ Հետագայում Փհուլանն իր ինքնակենսագրության մեջ պնդել է, որ նա ուներ «շատ վատ բնավորություն»։

Փհուլանի ամուսինը վատ է վերաբերվել երիտասարդ կնոջը, բռնության է ենթարկել նրան։ Վերջինս մի քանի անգամ փախել է ծնողների տուն, սակայն ամեն անգամ աղջկան հետ են տարել ամուսնու մոտ, որը նրան խստորեն պատժել է։ Ի վերջո Փութի Լալը դուրս է արել տնից կնոջը, և նա վերադարձել է հոր տուն[10]՝ դառնալով վտարյալ իր հայրենի գյուղում։ Չնայած այդ ամենին՝ Փհուլանը չի ցանկացել հաշտվել դրության հետ և շարունակել է Մայադինին մեղադրել գողության մեջ։ Նա նույնիսկ դիմել է դատարան, սակայն պարտվել է[10]։

1979 թվականին Մայադինը Փհուլանին մեղադրել է գողության մեջ և հասել նրան, որ ոստիկանությունը ձերբակալել է նրան երեք օրով։ Բանտում աղջկան ծեծել են ու բռնաբարել[10]։ Ազատություն ստանալուց հետո նա խուսափել է հայրենի գյուղից՝ ցավ զգալով իր անօգնականության համար։

Ավազակախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Փհուլանն առևանգվել է Բաբու Գուջարի ավազակախմբի կողմից։ Ըստ վարկածերից մեկի՝ Մայադինը վճարել է ավազակներին իր ազգականուհու առևանգման համար[9]։ Աղջկան հավանել է ավազակախմբի գլխավորը, սակայն նրան պաշտպանել է Վիկրամ Մալահը, որը երկրորդն էր ավազակախմբում, և որը պատկանում էր այն նույն կաստային, ինչ Փհուլանը։ Մի գիշեր, երբ Բաբուն փորձել է բռնաբարել Փհուլանին, Վիկրամն սպանել է նրան և իր վրա վերցրել ավազակախմբի ղեկավարությունը։ Փհուլանը սիրահարվել է Վիկրամին ու դարձել նրա երկրորդ կինը։ Ավազակախումբը թալանել է այն գյուղը, որտեղ ապրում էր Փհուլանի առաջին ամուսինը։ Փութի Լալին գյուղի բնակիչների աչքի առաջ քարշ են տվել փողոց և ծեծել՝ թողնելով ճանապարհին պառկած մերձիմահ վիճակում և թողնելով գրություն՝ որպես նախազգուշացում երիտասարդ աղջիկների հետ ամուսնանալ պատրաստվող ծեր մարդկանց։

Փհուլան Դևին դարձել է ոչ միայ Վիկրամի կինը, այլև ինքն էլ մասնակցել է ավազակախմբի կողոպուտներին Ուտար Պրադեշ և Մադհյա Պրադեշ նահանգների տարածքում։ Ավազակախումբը հիմնականում թալանել է գյուղերի բնակիչների վերին կաստաներից, առևանգել հարուստ հողատերերի՝ պահանջելով փրկագին, ինչպես նաև կատարել հարձակումներ երկաթուղու վրա։ Յուրաքանչյուր կողոպուտից հետո Փհուլան Դևին այցելել է հինդուիստակա մարտնչող աստվածուհի Դուրգայի տաճար և երախտագիտություն հայտնել պաշտպանության համար[7]։ Հանցագործությունների միջև ընկած ժամանակահատվածներում ավազակախմբի անդամները թաքվել են հարևան Ռաջաստան նահանգի Դհոլպուր շրջանում՝ Չամբալ գետի կիրճերում։

Հաշվեհարդար Բեհմայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ անց ավազակախումբ են վերադարձել եղբայրներ Շրի Ռամն ու Լալա Ռամը, որոնք պատկանում էին Տհակուր վերին կաստային։ Նրանք վրդովված էին ավելի ցածր կաստայի ներկայացուցչի կողմից ավազակախմբի գլխավորի սպանության պատճառով[10]։ Շրի Ռամն սկսել է հետամտել Փհուլանին, սակայն Վիկրամը նրան ստիպել է ներողություն խնդրել նրանից, ինչը լարվածություն է առաջացրել ավազակախմբի նոր գլխավորի ու եղբայրների միջև։ Դրան ի պատասխան՝ կողոպուտների ժամանակ Շրի Ռամն սկսել է ծեծել ու վիրավորել մալահների։ Դա առաջացրել է մալահների կաստան ներկայացնող ավազակների դժգոհությանը, որոնցից շատերը հեռացել են ավազակախմբից։ Միաժամանակ Շրի Ռամը ավազակախմբի կազմում ներառել է տհակուրների։ Վիկրամն առաջարկել է ավազակախումբը բաժանել երկու մասի, բայց Շրի Ռամը մերժել է։ Այնուամենայնիվ, Շրի Ռամն ու տհակուր այլ ավազակներ որոշ ժամանակ անց փորձել են սպանել Վիկրամին ու Փհուլանին, որոնք կարողացել են փախչել։ Սակայն ավելի ուշ Շրի Ռամը սպանել է Վիկրամին, իսկ Փհուլանին առևանգել ու փակել Բեհմայ գյուղում[7]։

Բեհմայում Փհուլանը բազմից ենթարկվել է ծեծի ու բռնաբարվել[10]։ Երեք շաբաթ անց նա ցածր կաստայի ներկայացուցիչ տեղացիների օգնությամբ կարողացել է փախչել Վիկրամի ավազակախմբի անդամ եղած երկու մալահների հետ միասին։ Փհուլանը Վիկրամի զինակից Ման Սինգհի հետ հավաքել է նոր ավազակախում մալահներից և կատարել մի շարք անողոք կողոպուտներ Հյուսիսային և Կենտրոնական Հնդկաստանում, որոնց զոհերը եղել են հիմնականում վերին կաստայի ներկայացուցիչներ։ Գոյություն ունի վարկած, թե Փհուլանը թալանել է միայն վերին կաստայի ներկայացուցիչների ու ավարից բաժանել ցածր կաստայի ներկայացուցիչներին, բայց Հնդկաստանի իշխանությունները դա համարում են միֆ[3]։

Բեհմայից փախչելուց տասնյոթ ամիս անց Փհուլանը վերադարձել է գյուղ, որպեսզի վրեժ լուծի։ 1981 թվականի փետրվարի 14-ին նա և ավազակախմբի այլ անդամներ մտել են գյուղ ոստիկանների հագուստով։ Տեղացի տհակուրներն այդ ժամանակ պատրաստվում էին հարսանիքի։ Ավազակները պահանջել են, որ Փհուլանին առևանգողները և առաջին հերթին Շրի Ռամը[11] հանձնվեն իրենց գյուղի արժեքավոր իրերի հետ միասին։ Իրականում տեղի ունեցած դեպքերի մանրամասները հայտնի չեն, սակայն նշվում է, որ Փհուլանը ճանաչել է իրեն բռնաբարածներից երկու տղամարդու։ Չկարողանալով գտնել բոլոր առևանգիչներին՝ նա ավազակներին հրամայել է հավաքել բոլոր երիտասարդ տահուրներին ու գնդակահարել։ Սպանվել է քսաներկու տղամարդ, որոնց մեծ մասը չէր մասնակցել նրա առևանգմանը կամ բռնաբարություններին։ Ավելի ուշ Փհուլան Դևին պնդել է, որ ինքը ոչ ոքի չի սպանել, և բոլոր սպանությունները կատարվել են ավազակախմբի անդամների կողմից[7]։

Բեհմայում տեղի ունեցած կոտորածից հետո պաշտոնից հեռացել է Ուտար Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Վ. Պ. Սինգհը[12]։ Իշխանությունները կազմակերպել են մի քանի լայնամասշտաբ շուրջկալումներ, որոնք ոչ մի արդյունք չեն տվել։ Փհուլան Դևին ճանաչում է ձեռք բերել ողջ Հնդկաստանում՝ զանգվածային լրատվամիջոցներում արժանանալով «Ավազակների թագուհի» մականունին[3]։ Փհուլանի վայելած ժողովրդականությունը հանգեցրել է նրան, որ Ուտար Պրադեշ նահանգի շուկաներում սկսել են վաճառել Փհուլանի տեսքով տիկնիկներ Դուրգա աստվածուհու հագուստով։

Ձերբակալում և բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարի ոստիկանությունը չի կարողացել բռնել Փհուլան Դևիին։ Ի վերջո Ինդիրա Գանդիի կառավարությունը որոշել է սկսել բանակցություններ։ Մինչ այդ Փհուլանի առողջությունը զգալիորեն վատացել էր, իսկ նրա ավազակախմբի անդամների մեծ մասը սպանվել էին։ 1983 թվականի փետրվարին Փհուլանը որոշել է հանձնվել իշխանություններին։ Սակայն նա հայտարարել է, որ չի վստահում Ուտար Պրադեշի ոստիկանությանը և պատրաստ է հանձնվել միայն Մադհյա Պրադեշի ոստիկանությանը։ Նա նաև պնդել է, որ զենքը վայր դնի Մահաթմա Գանդիի ու Դուրգա աստվածուհու դիմանկարների առաջ[13]։ Փհուլանն իշխանություններին ներկայացրել է այլ պահանջներ ևս, մասնավորապես պահանջել է հաստատել մահապատժից հրաժարվելը և ավազակախմբի մյուս անդամներին դատապարտել ազատազրկման ութ տարուց ոչ ավելի ժամկետով։

Ոստիկանության պետը առանց զենքերի դիմավորել է Փհուլանին և ուղեկցել նրան մինչև Բհինդ քաղաք, որտեղ նա դրել է իր զենքը Գանդիի ու Դուրգա աստվածուհու դիմանկարների առաջ։ Քաղաքում նրան դիմավորել է Մադհյա Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Արջուն Սինգհը, շուրջ 10 000 մարդ և 300 ոստիկան, որպեսզի ձերբակալեն Փհուլանին ու ավազակախմբի մյուս անդամներին։

Փհուլան Դևին մեղադրվել է 48 հանցագործությունների կատարման մեջ, այդ թվում նրան ներկայացվել է 30 մեղադրանք ավազակության ու մարդկանց առևանգելու համար։ Հակառակ իշխանությունների խոստումներին՝ «Ավազակների թագուհին» բանտում անցկացրել է 11 տարի։ Այդ ամբողջ ընթացքում շարունակվել է հետաքննությունը։ Այդ ընթացքում նա վիրահատվել է ձվարանի կիստայի պատճառով՝ ստանալով ոչ անհրաժեշտ գիստերէկտոմիա։ Հետագայում հայտնի է դարձել, որ վիրահատող բժիշկն ասել է, թե «պետք չէ, որ կյանք տրվի նոր Փհուլան Դևիի»[14]։ 1994 թվականին Ուտար Պրադեշի կառավարությունը սոցիալիստ Մալայամ Սինգ Յադավի գլխավորությամբ հաել է Փհուլան Դևիին ներկայացված բոլոր մեղադրանքները։ Փհուլանի՝ ազատություն ստանալու գործում մեծ դեր է կատարել Վիշամբար Պրասադ Նիշադը՝ ձկնորսների Nishadha միության առաջնորդը։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատություն ստանալուց հետո Փհուլան Դևին որոշել է զբաղվել քաղաքականությամբ՝ ցանկանալով պաշտպանել կանանց և ստորին կաստաների ներկայացուցիչների իրավունքները։ 1996 թվականին նա հաջողությամբ ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի 11-րդ գումարման ստորին պալատում Ուտար Պրադեշ նահանգի Միրզապուր ընտրական շրջանից որպես Ուտար Պրադեշ Սամաջվադի նահանգի Սոցիալիստական կուսակցության թեկնածու։ 1998 թվականի ընտրություններից հետո նա կորցրել է իր տեղը խորհրդարանում, սակայն 1999 թվականին վերադարձել է Լոկ Սաբխա և մնացել պատգամավոր մինչև իր մահը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հուլիսի 25-ին Փհուլան Դևին սպանվել է զինված ու դիմավավորած երեք անձանց կողմից Նյու Դելիի իր տան մոտ։ Մարդասպանները կրակել են հինգ անգամ՝ երեք անգամ գլխին և երկու անգամ մարմնին, ինչից հետո հեռացել են դեպքի վայրից Maruti մեքենայով[4]։ Փհուլանը հասցվել է մոտակա հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Նրա սպանության գլխավոր մեղադրյալը դարձել է Շեր Սինգհը (մականունը՝ Փանկանջ), որն ավելի ուշ ինքն է հանձնվել ոստիկանությանը[15]։ Նա պնդել է, թե Փհուլան Դևիին սպանել է Բեհմայի կոտորածի համար վրեժ լուծելու նպատակով[16]։

Ոստիկանությունը մեղադրվել է անիրազեկության համար սպանության հետաքննության ընթացքում[17]։

2014 թվականին Շեր Սինգհը դատապարտվել է ցմահ ազատազրկման[18]։

Կինո և ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Շեկխար Կապուրը նկարահանել է Փհուլան Դևիի կյանքին նվիրված «Ավազակների թագուհին» ֆիլմը 1993 թվականին հրատարակված Մալ Սենի «Ավազակների հնդիկ թագուհին։ Փհուլան Դևիի իրական պատմությունը» (India’s Bandit Queen: The True Story of Phoolan Devi) գրքի հիման վրա[19]։ Փհուլան Դևին դժգոհ էի ֆիլմից՝ համարելով, որ այն ճիշտ չի ներկայացնում իր պատմությունը։ Նա պայքարել է Հնդկաստանում ֆիլմի ցուցադրությունն արգելելու համար և նույնիսկ սպառնացել է այրել իրեն,եթե ֆիլմը չհանվի վարձույթից։ Ի վերջո Փհուլանը դադարեցրել է բողոքները, երբ նրան վճարել են 40000 ֆունտ ստերլինգ[19]։ Ֆիլմի շնորհիվ նա արժանացել է միջազգային ճանաչման։ Ավելի ուշ հնդիկ գրող Արունդատի Ռոյը, որը հայտնի է իր ձախամետ հայացքներով, իր The Great Indian Rape Trick հոդվածում Կապուրին մեղադրել է Փհուլան Դևիի կերպարը շահագործելու, ինչպես նաև նրա կենսագրությունն ու նրա նշանակությունն աղավաղելու համար[20]։

Փհուլան Դևին եղել է անգրագետ, սակայն արտասահմանցի հեղինակներ Մարի Թերեզ Կյունիի ու Փոլ Ռամբալիի օգնությամբ հրատարակել է իր ինքնակենսագրությունը «Հնդկաստանի ավազակների թագուհին։ Հնդիկ կնոջ զարմանալի ճանապարհորդությունը գեղջկուհուց մինչև միջազգային լեգենդ» (The Bandit Queen of India: An Indian Woman's Amazing Journey From Peasant to International Legend)[21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Phoolan Devi: Champion of the poor» (անգլերեն). BBC News. 2001 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  4. 4,0 4,1 «The queen is dead» (անգլերեն). The Guardian. 2001 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  5. Henry Scholberg Hindi Movie, A Novel. — South Asia Books, 1994. — P. 24. — ISBN 978-81-7223-097-5
  6. India today. — Thomson Living Media India Ltd., 2001. — Vol. 26.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Phoolan Devi, India's Bandit Queen» (անգլերեն). GoodBye!. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  8. 8,0 8,1 Jan Stradling 12: Phoolan Devi - 'Bandit Queen', freedom fighter, politician // Good Girls Don’t Make History. — Pier, 2011. — ISBN 978-1-74266-623-5
  9. 9,0 9,1 Anthony Bruno. "Phoolan Devi the Bandit Queen of India". The Crime Library(անգլ.)(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 John Arquilla Insurgents, Raiders, and Bandits. — 2011. — P. 245–251. — ISBN 9781566638326
  11. Ինչպես գրում է Էնթոնի Բրունոն, Շրի Ռամը հետագայում սպանվել է իր եղբոր՝ Լալ Ռամի կողմից կնոջ պատճառով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
  12. «Kshatriya Samaj to honour Phoolan's killer» (անգլերեն). The Tribune, Chandigarh, India. 2006 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  13. Anuja Pande (1996 թ․ հուլիսի 14). «Phoolan Power» (անգլերեն). Sunday. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  14. «Phoolan Devi» (անգլերեն). The Telegraph. 2001 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  15. «Profile of Sher Singh Rana» (անգլերեն). Times of India. 2001 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  16. «Man arrested for murder of 'Bandit Queen'» (անգլերեն). The Telegraph. 2001 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  17. «Mystery surrounds Bandit Queen murder» (անգլերեն). The Guardian. 2001 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  18. «Убийца «Королевы бандитов» осужден в Индии». Русская служба Би-би-си. 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  19. 19,0 19,1 «Obituaries: Mala Sen» (անգլերեն). The Telegraph. 2011 թ․ մայիսի 30. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  20. Arundhati Roy (1994 թ․ օգոստոսի 22). «The Great Indian Rape-Trick I» (անգլերեն). SAWNET - South Asian Women's NETwork. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  21. Phoolan Devi, Marie-Therese Cuny, Paul Rambali The Bandit Queen of India: An Indian Woman's Amazing Journey from Peasant to International Legend. — Guilford, Connecticut: Lyons Press, 2006. — 512 p. — ISBN 978-1-59228-641-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր Փհուլան Դևիի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Richard Shears, Isobelle Gidley Devi: The Bandit Queen. — Allen & Unwin, 1984. — P. 258. — ISBN 978-0049200975
  • Mala Sen India's Bandit Queen: The True Story of Phoolan Devi. — Pandora / HarperCollins, 1991. — 254 p. — ISBN 978-0002720663
  • Phoolan Devi, Marie-Thérèse Cuny, Paul Rambali I, Phoolan Devi: The Autobiography of India's Bandit Queen. — Little, Brown And Company, 1996. — 472 p. — ISBN 978-0316879606.
  • Roy Moxham Outlaw: India's Bandit Queen and Me. — Random House UK, 2010. — 214 p. — ISBN 978-1-84604-182-2
  • Phoolan Devi, Marie-Therese Cuny, Paul Rambali The Bandit Queen of India: An Indian Woman's Amazing Journey from Peasant to International Legend. — Guilford, Connecticut: Lyons Press, 2006. — 512 p. — ISBN 978-1-59228-641-6
  • N. Pugazhendhi Phoolan Devi / Coimbatore in Tamil translated from Malayalam.
  • John Arquilla Insurgents, Raiders, and Bandits: How Masters of Irregular Warfare Have Shaped Our World. — Ivan R. Dee, 2011. — 336 p. — ISBN 978-1-56663-832-6

Այլ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]