Տիկին Սի Ջեյ Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկին Սի Ջեյ Ուոքեր
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1867(1867-12-23)[1]
ԾննդավայրDelta, Մեդիսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 25, 1919(1919-05-25)[1][2] (51 տարեկան)
Մահվան վայրIrvington, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունգործարար, բարեգործ, գյուտարար և ձեռնարկատեր
ԱմուսինMoses McWilliams?, John H. Davis?, Charles Joseph Walker? և Jhosep Lopez?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներA'Lelia Walker?
 Madam C. J. Walker Վիքիպահեստում

Սառա Բրիդլավ (անգլ.՝ Sarah Breedlove), հայտնի որպես տիկին Սի Ջեյ Ուոքեր (անգլ.՝ Madam C. J. Walker, դեկտեմբերի 23, 1867(1867-12-23)[1], Delta, Մեդիսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - մայիսի 25, 1919(1919-05-25)[1][2], Irvington, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար կին ու մարդասեր, որն ԱՄՆ-ում համարվել է միլիոն դոլլար կարողություն ստեղծած առաջին կինը։ Եկամտի աղբյուրը եղել է կոսմետիկայի հաջողակ գիծն ու աֆրոամերիկացի կանանց համար նախատեսված մազերի խնամքի միջոցները։ Ապրանքատեսակների թողարկումը, գովազդն ու տարածումը կատարվել է «Madame C. J. Walker Manufacturing Company» ընկերության միջոցով։

Տիկին Սի Ջեյն ընկերների հետ ավտոմեքենայում

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Բրիդլավը ծնվել է 1867 թվականի դեկտեմբերի 23-ին Լուիզիանա նահանգի Դելտա քաղաքում, Օուեն և Միներվա Բրիդլավների ընտանիքում։ Ունեցել է Լուվենիա անունով մեկ քույր և հինգ եղբայր՝ Ալեքսանդր, Ջեյմս, Սողոմոն և Օուեն-կրտսեր։ Ծնողներն ու նրանց ավագ երեխաները Ռոբերտ Ու․ Բերնիի տնկադաշտերում ստրուկներ էին[4]։ Սառան Բրիդլավների առաջին երեխան էր, որը ստրուկների ազատության հռչակագրի շնորհիվ ազատ է ծնվել։ 1872 թվականին հավանաբար խոլերայից մահացել է մայրը, որից հետո հայրը կրկին ամուսնացել է, սակայն ինքը ևս շուտով վախճանվել[5]։

Սառան տեղափոխվել է ավագ քրոջ ու վերջինիս ամուսնու՝ Վիլլի Պաուելի մոտ։ 14 տարեկանում ամուսնացել է Մոզես Մակուիլյամսի հետ, որպեսզի խուսափի Պաուելի վատ վերաբերմունքից։ Երեք տարի անց ծնվել է նրա դուստրը՝ Ա՛Լելիա Ուոքերը։ Երբ Մոզեսը մահացել է, Սառան եղել է ընդամենը 20 տարեկան, իսկ նրա դուստրը՝ երկու։ Դրանից հետո նա տեղափոխվել է Սենթ Լուիս, որտեղ ապրում էին վարսավիր աշխատող նրա երեք եղբայրները։ 1906 թվականին ամուսնացել է Չառլզ Ջոզեֆ Ուոքերի հետ, որը լրագրերում հրատարակված գովազդների միջոցով ապրանքներ էր վաճառում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու ազգանունից ստանալով տիկին Սի Ջեյ Ուոքեր անունը՝ Սառան սկսել է իր ապրանքները վաճառել ամբողջ ԱՄՆ-ում։ Նրա դուստրը՝ Ա՛Լելիա Ուոքերն զբաղվում էր փոստային պատվերներով, իսկ Ուոքերները տեղաշարժվում էին հարավային ու հյուսիսային նահանգներով։ 1908 թվականին բնակություն են հաստատել Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում, որտեղ հիմնել են «Լելիա քոլեջ» անունով դպրոց ու դասավանդել մազերի խնամքի մասին։ 1910 թվականին Ուոքերները տեղափոխվել են Ինդիանապոլիս, որտեղ բացել են ընկերության գլխավոր գրասենյակն ու գործարան կառուցել։

Սկսել է ուսուցանել այլ սևամորթ կանանց՝ օգնելով նրանց հիմնել սեփական բիզնեսը, նաև ազդեցիկ սևամորթների ընկերությունների կողմից կազմակերպվող ժողովներում հանդես է եկել դասախոսություններով քաղաքական, տնտեսական և սոցիալական թեմաների շուրջ։ Արևելյան Սենթ Լուիսում անկարգություններից հետո անդամագրվել է Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիային (NAACP) Լինչի դատաստանը դաշնային հանցագործություն ճանաչելու համար պայքարում։ 1918 թվականին ոչ սպիտակամորթ կանանց ազգային ասոցիացիայի համագումարում տիկին Սի Ջեյը ճանաչվել է աբոլիցիոնիստ Ֆրեդերիկ Դուգլասի՝ Վաշինգտոնում գտնվող տունը փրկելու նախաձեռնության գլխավոր մասնակից։ Ամբողջ կյանքի ընթացքում տիկինը շարունակել է ֆինանսական օգնություն ցուցաբերել գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիային, Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիային, սևամորթ երեխաների համար նախատեսված դպրոցներին ու ապաստաններին, ինչպես նաև աֆրոամերիկացիներին օգնություն ցուցաբերող այլ անձանց ու կազմակերպությունների։

Տիկին Սի Ջեյի գերեզմանը

1917 թվականին Նյու Յորք նահանգի Էրվինգտոն-օն-Հադսոն քաղաքում տիկին Սի Ջեյը կառուցել է «Վիլլա Լևարո» կոչվող սեփական կալվածքը[6], որը նախագծել է Նյու Յորք նահանգի առաջին հավաստագրված սևամորթ ճարտարապետ Վերտներ Տանդին. առանձնատան կառուցումն արժեցել է 250 000 դոլլար[6]։

1919 թվականի մայիսի 25-ին վախճանվել է իր տանը արյան բարձր ճնշման բարդացումներից, 51 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Նյու Յորքի Վուդլոն գերեզմանատանը։ Մահվան պահին համարվել է Ամերիկայի ամենահարուստ սևամորթ կինը, և առաջինը, որն ինքնուրույն հասել է մեկ միլիոն դոլլարի կարողության։ Վերջին բնութագրումն ընդգրկված է «Գինեսի ռեկորդների գրքում», թեև ըստ «Նյու Յորք Թայմս» օրաթերթում տպագրված մահախոսականի՝ «երկու տարի առաջ, 1917 թվականին, նա ասել էր, որ դեռևս միլիոնատեր չէ, սակայն հույս ունի դառնալ այդպիսին ժամանակի ընթացքում»[6]։

Տիկին Սի Ջեյ Ուոքերի մահից հետո «Madam C.J Walker Manufacturing Company» ընկերության նախագահ է դարձել նրա դուստրը՝ Ա՛Լելիա Ուոքերը։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին տիկին Սի Ջեյ Ուոքերն ընդգրկվել է Չիկագոյի Գիտության և արդյունաբերության թանգարանի՝ բիզնեսի փառքի սրահում։

1993 թվականին նրա անունն ընդգրկվել է Նյու Յորք նահանգի կանանց ազգային փառքի սրահում[7]։

1998 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ-ի փոստային ծառայությունը «Սևամորթների ժառանգություն» շարքի շրջնակներում նրան նվիրված դրոշմանիշ է թողարկել[8]։

2010 թվականի մարտի 16-ին կոնգրեսմեն Չառլզ Ռենջելը ներկայացրել է HJ81 բանաձևը[9], որը նվիրված էր հանրային կյանքում տիկին Սի Ջեյ Ուոքերի ներդրումը ճանաչելուն։

2010 թվականի դեկտեմբերին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն օրինագիծ է ստորագրել, համաձայն որի 136-րդ փողոցի և Մալքոլմ Իքսի (Լենոքս ավենյու) բուլվարի միջև գտնվող թաղամասն անվանակոչվել է տիկին Ուոքերի և նրա դստեր անունով[10]։

Ընդգրկված է նաև կոսմետոլոգիայի փառքի ազգային սրահում և ուղղակի վաճառքի փառքի ազգային սրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bundles A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. https://www.womenofthehall.org/inductee/madam-c-j-walker/
  4. «MADISON PARISH, LA – AN ANALYSIS OF THE 1850 CENSUS DATA». sites.rootsweb.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  5. A’Lelia Bundles, On Her Own Ground: The Life and Times of Madam C. J. Walker, New York: Scribner (2001).
  6. 6,0 6,1 6,2 «Wealthiest Negress Dead». New York Times. 1919 թ․ մայիսի 26. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  7. «Madam C. J. Walker». National Women's Hall of Fame. 2010. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  8. «Madam C. J. Walker Beauty products entrepreneur; local philanthropist». Background summaries of people & events by The Star's library. IndyStar. updated 1-22-01. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «Text of H. J. Res. 81: Recognizing Madam C.J. Walker for her achievements as a trailblazing woman in business, philanthropist, and 20th century activist for social justice». 111th CONGRESS. GovTrack. 2010 թ․ մարտի 16. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  10. «New York Street Named for Madam Walker and A'Lelia Walker». 2010 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bundles, A'Lelia. On Her Own Ground: The Life and Times of Madam C. J. Walker. — Lisa Drew Books/Scribner, 2001. — ISBN 0-7434-3172-3
  • Bundles, A'Lelia. Madam C. J. Walker: Entrepreneur. — Chelsea House/Facts on File, 2008. — ISBN 978-1-60413-072-0
  • Colman, Penny. Madam C.J. Walker: Building a Business Empire. — The Millbrook Press, 1994. — 48 p. — ISBN 978-1-56294-338-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկին Սի Ջեյ Ուոքեր» հոդվածին։