Տարեկանի վիսկի
Տարեկանի վիսկի | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | Հացահատիկային վիսկի |

Տարեկանի վիսկի (անգլ.՝ rye whiskey), վիսկիի տեսակ, որը պարունակում է առնվազն 51% տարեկանի հացահատիկ։ Այն թորվում է ոչ ավելի, քան 80% (160 proof ) թնդությամբ և շշալցվում է առնվազն 40% (80 proof) թնդությամբ։ Հնեցվում է առնվազն երկու տարի նոր ածխացած կաղնու տակառներում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշորայի բաղադրության մեջ տարեկանը հատուկ համային բնութագիր է հաղորդում պատրաստի ըմպելիքին, քանի որ հացահատիկի այս տեսակն ինքնին բավականին յուրահատուկ է իր համային հատկանիշներով։ Տարեկանի վիսկին պատրաստվում է բուրբոնի նման, միայն այն տարբերությամբ, որ բուրբոնում կա 51% եգիպտացորեն, մինչդեռ տարեկանի վիսկին պարունակում է համապատասխանաբար 51% տարեկան։ Մնացած տոկոսը լրացվում է եգիպտացորենից մինչև ածիկավոր գարի, ցորեն և այլն։ Ճիշտ այնպես, ինչպես բուրբոնը, տարեկանի վիսկին հնեցվում է նոր ածխացած կաղնու տակառներում, որտեղ պատրաստի ըմպելիքը ստանում է իր վերջնական գույնը և հետագայում հարստանում է կծու բույրով։ Բուրբոնի նման տարեկանի վիսկին թորվում է մինչև 80%-ից ոչ ավելի թնդությամբ և շշալցվում առնվազն 40% թնդությամբ[2]։
Տարեկանի վիսկիի և բուրբոնի հիմնական տարբերությունը պղպեղի շեշտադրումների ավելի կծու համն է։ Կաղնու տակառներում հնեցման շնորհիվ բույրում առկա են կարամելի և վանիլի երանգներ[3]։
Տարբերակիչ առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրբոնի և տարեկանի վիսկիի (եգիպտացորենի կամ տարեկանի) արտադրության մեջ քաղցուի գերակշռող բաղադրիչը, որը կազմում է ընդամենը 51%, կարող է էական տարբերություն չթվալ, բայց այդքանը բավարար է պատրաստի ըմպելիքների մեջ զգալի տարբերություններ առաջացնելու համար։ Նրանց համային գունապնակը կարելի է հեշտությամբ սահմանել. բուրբոնն ավելի փափուկ է, ինչը նպաստում է դրա ավելի մեծ ժողովրդականությանը։ Եգիպտացորենն ավելի շատ քաղցրություն է հաղորդում, ինչպես նաև ավելի յուղոտ տեքստուրա, որն ավելի հեշտ է դարձնում խմելը։ Լավ պատրաստված բուրբոնի մեջ ամենաակնառու համերն են կարամելի, մուգ մրգերի և համեմունքների երանգները, որոնք ընկած են քաղցրության հիմքում[4]։
Տարեկանի վիսկին ընդգրկում է համերի ավելի լայն տեսականի։ Քաղցրահյութի բաղադրիչների հարաբերակցությունն ավելի փոփոխական է։ Բացի այդ՝ դրա բաղադրությունն օրինականորեն կարող է պարունակել մինչև 2,5% հավելումներ, մինչդեռ բուրբոնը կարող է նոսրացվել միայն ջրով։ Այս համապատասխանությունը նշանակում է, որ պատրաստի ըմպելիքի համը կարող է տատանվել՝ սկսած քաղցր եգիպտացորենի սպիրտից, որը բուրբոն է հիշեցնում, մինչև 100% տարեկանի սպիրտը։ Բույրը տատանվում է վանիլից և բուսական համերից մինչև հողոտ համեր կամ պղպեղի, մշկընկույզի և դարչինի ուժեղ երանգներ[5]։
Կանադական տարեկանի վիսկին չի համապատասխանում նույն չափանիշներին, ուստի այս տարեկանի վիսկիի մեկ շիշը կարող է չպարունակել տարեկանի քաղցուի մեծ մասը, և որոշ դեպքերում կարելի է պարզել, որ կանադական տարեկանի վիսկին ընդհանրապես չի պարունակում տարեկան[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեկանի վիսկիի պատմությունը սկսվում է 1750 թվականից՝ բուրբոնի գյուտից մի քանի տասնամյակ առաջ։ Տարեկանի վիսկին ստեղծվել է Փենսիլվանիայում, երբ ֆերմերներն ու ներգաղթյալները փորձել են ստեղծել այնպիսի վիսկի, որը նման էր իրենց հայրենի երկրներում վայելածին։ Քանի որ տարեկանը լավ էր աճում Փենսիլվանիայի և հարակից նահանգների միջինատլանտյան կլիմայական պայմաններում, այն դարձավ քաղցուի հիմքը օղեթորման փոքր ձեռնարկությունների համար։ Տարեկանի վիսկին արագորեն դարձել է սիրված ըմպելիք առաջին ամերիկացիների համար, հատկապես անկախության համար մղվող պատերազմից հետո, երբ ամերիկացիները զրկվել են այլ վայրերում արտադրված ոգելից խմիչքների հասանելիությունից (օրինակ՝ ռոմը, որը չափազանց տարածված էր գաղութային Ամերիկայում), և նրանք ստիպված էին ապավինել իրենց սեփական արտադրությանը[7]։
Նման թորման գործարանի սեփականատերերից մեկն էլ ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնն էր։ Տարեկանի վիսկիի արտադրության հզորությունը թորման հինգ կաթսաներով նրա գործարանում կազմում էր տարեկան 11,000 գալոն[8]։
1810 թվականին Կենտուկիում արտադրվել է 2,2 միլիոն գալոն բուրբոն, Փենսիլվանիան արտադրել է գրեթե երեք անգամ ավելի շատ տարեկանի վիսկի։
Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում տարեկանի վիսկիի ժողովրդականությունը նվազել է։ Քանի որ ըմպելիքն արտադրելը հեշտ չէր, այն հաջողություն չի ունեցել բուտլեգերների մոտ Չոր օրենքի ժամանակ[4]։
Իրականում տարեկանի վիսկին միայն վերջերս է վերականգնել իր ժողովրդականությունը՝ ավելի քան 200 տարի անց։ Վիսկիի, հատկապես դրա արհեստագործական տարբերակների նկատմամբ աճող հետաքրքրությունը կյանքի է կոչել Միացյալ Նահանգներում երբեմնի գերիշխող այս խմիչքը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rye whiskies from the US | Amathus Drinks». www.amathusdrinks.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 03-ին.
- ↑ Staff, words: VinePair. «Rye Whiskey Guide | Learn About Rye Whiskey». VinePair (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 03-ին.
- ↑ «Rye Whiskey». Distilled Spirits Council of the United States (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 03-ին.
- ↑ 4,0 4,1 Felten, Eric (2014 թ․ հուլիսի 28). «Your 'Craft' Whiskey Is Probably From a Factory Distillery in Indiana». The Daily Beast (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 03-ին.
- ↑ Lowry, T. S. (2021 թ․ դեկտեմբերի 29). «16 Best Bourbons To Use In Your Old Fashioned». Tasting Table (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Micallef, Joseph V. «Ten Exceptional Rye Whiskey Values That You Have Probably Never Heard Of». Forbes (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 03-ին.
- ↑ «American Whiskey & How It Got This Way: John and Linda Lipman search for the origins of America's Spirit... and Discover America». ellenjaye.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 03-ին.
- ↑ «Distillery». George Washington's Mount Vernon (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 03-ին.
- ↑ «The History of Rye Whiskey - Limestone Branch». limestonebranch.com (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2024 թ․ փետրվարի 03-ին.