Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անկախության պատերազմը Հյուսիսային Ամերիկայում 1775—83, Հյուսիսային Ամերիկայում անգլիական 13 գաղութների հեղափոխական ազատագրական պատերազմը, որի ընթացքում կազմավորվեց ԱՄՆ-ի անկախ պետությունը։ Անկախության պատերազմը նախապատրաստվել էր գաղութների կապիտալիստական զարգացմամբ և հյուսիսամերիկյան ազգի կազմավորմամբ, երբ ասպարեզ էր եկել տեղական բուրժուազիան և ձևավորվել ներքին միասնական շուկան։ Մինչդեռ Անգլիան գաղութները դիտում էր իբրև սոսկ հումքի աղբյուր, ապրանքների սպառման շուկա և ամեն կերպ արգելակում էր նրանց ինքնուրույն տնտեսական և քաղաքական զարգացումը։ Բնակչությունը ենթարկվում էր հարկային ուժեղ ճնշման։ Անգլիայի այդ քաղաքականությունն ուժեղացրեց ամերիկացիների պայքարն ընդդեմ գաղութային կարգերի։ 1770-ին զինված ընդհարումներ եղան անգլիական զինվորների և բոստոնցիների միջև։ 1773-ին Բոստոնում հայրենասերները նավերից ծովը նետեցին անգլիական թեյը («Բոստոնի թեյախմություն»)։ Գաղութների ներկայացուցիչների Մայրցամաքային I կոնգրեսը (1774) որոշում ընդունեց անգլիական ապրանքների բոյկոտի մասին։ Ի պատասխան Անգլիան Ամերիկա ուղարկեց նոր զորքեր և նավատորմիղ։ Գաղութաբնակները դիմեցին զենքի։ 1775ապրիլի 19-ին Քոնքորդի և Լեքսինգթոնի մոտ անգլիական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ 1776հուլիսի 4-ին ընդունվեց Անկախության դեկլարացիան։ Կոնգրեսը երկրորդ մայրցամաքային բանակի գլխավոր հրամանատար նշանակեց Ջ. Վաշինգտոնին։ Առաջին տարիներին ամերիկացիները անհաջողության մատնվեցին և ժամանակավորապես կորցրին Նյու Յորքը (1776) և Ֆիլադելֆիան (1777)։ Սակայն պատերազմի ընթացքում ամերիկյան բանակի մարտունակությունը բարձրացավ։ 1777հոկտեմբերի 17-ին Սարատոգայի մոտ ամերիկացիների տարած հաղթանակը նպաստեց ԱՄՆ-ի ռազմական և միջազգային դրության բարելավմանը։ Ամերիկյան դիվանագիտությունը, օգտագործելով Անգլիայի և նրա մրցակիցների հակասությունները, ստեղծեց հակաանգլիական միացյալ ճակատ։ Փարիզ ուղարկված Բ. Ֆրանկլինը ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի հետ, որը զորք և նավատորմ առաքեց Ամերիկան՝ անգլիացիների դեմ։ 1779-ին Անգլիայի դեմ պատերազմի մեջ մտավ Իսպանիան, 1782-ին՝ Հոլանդիան։ ԱՄՆ-ի նկատմամբ բարյացակամ դիրք գրավեց նաև Ռուսաստանը, որի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք պետություններ կազմեցին «չեզոքների լիգա» և հայտարարեցին, որ շարունակելու են առևտուրն Ամերիկայի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 419 CC-BY-SA-icon-80x15.png