Jump to content

Վլադիմիր Իոնեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Իոնեսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1937(1937-08-27)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 1, 1964(1964-02-01) (26 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունսերիական մարդասպան

Վլադիմիր Միխայլովիչ Իոնեսյան (օգոստոսի 27, 1937(1937-08-27), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 1, 1964(1964-02-01), Մոսկվա, ԽՍՀՄ) , խորհրդային առաջին սերիական մարդասպանն էր, որի հանցագործությունները հասարակական արձագանք էին ստացել[1]։ Ժողովրդի մեջ հայտնի էր «Մոսգազ» մականվամբ, քանի որ Իոնեսյանը մուտք էր գործել բնակարաններ՝ ներկայանալով որպես Մոսգազի աշխատող։

Վաղ կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Իոնեսյանը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 27–ին՝ Թբիլիսիում, ազգությամբ հայ էր[2]։ Մանկության տարիներին նա լավ էր երգում և ծնողներն ակտիվ խրախուսում էին նրա վոկալային ընդունակությունների զարգացմանը։ Միջնակարգ կրթությանը զուգահեռ, Իոնիսյանն ունեցել է երաժշտական դպրոցի դիպլոմ, որի շնորհիվ, նրան՝ որպես լավ ուսանող, ընդունել են Թբիլիսիի Պետական Կոնսերվատորիա։ Կոնսերվատորիայի երկրորդ կուրսում նա գնացել է աշխատելու թատրոնում, որտեղ աշխատել է մինչև 1963 թվականի դեկտեմբերի 13–ը[3]։

Իոնեսյանի կենսագրական տվյալները տարբեր աղբյուրներում ներկայացված են տարբեր ձևերով։ Մի վարկածի համաձայն, երբ Իոնիսյանը դեռ սովորել է դպրոցում, նրա հորը դատապարտում են յոթ տարով՝ առևտրային մեքենայությունների համար, ինչի համար հավանաբար Վլադիմիրը ծուռ ճանապարհով է գնացել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ 1954 թվականին, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Իոնիսյանը բռնվել է գողության համար և դատապարտվել 5 տարի պայմանական ազատազրկման։ 1959 թվականին նրան զորակոչել են բանակ, քանի որ նա այն ժամանակ սովորել է կոնսերվատորիայում, ստիպված է եղել թողնել ուսումը, ինչպես ինքն է նշել հարցաքննության ժամանակ «մաքուր նյարդային հիվանդության» պատճառով։ Երբ նա զինկոմիսարիատ է ներկայացել՝ բուժզննության, նրան ուղարկել են հետազոտության Թբիլիսիի առաջին հիվանդանոց, որտեղ բժիշկները եզրակացություն են տվել, որ նա չի կարող ծառայել։ Նա համապատասխան փաստաթղթերը բերել է զինկոմիսարիատ, որտեղ իր խոսքերով ոմն մեկը, վերացրել է դրանք, իսկ Իոնիսյանին պատասխանատվության են ենթարկել զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Նրան դատապարտել են երկուս ու կես տարվա ազատազրկման (Քրեական օրենսգրքի 68 հոդված)։ Դատի ժամանակ նա փորձել է ապացուցել իր անմեղությունը, բայց այն մարդուն, որը պատռել էր իր տեղեկանքները, չգիտես ինչու դատարան չէին կանչել[3]։

Կենսագրականի մեկ այլ վարկածի համաձայն Իոնիսյանն առաջին պատիժը ստացել է զինվորական պարտականություններից խուսափելու համար՝ դպրոցից հետո (ինչին ակտիվությամբ օգնել են ծնողները), քանի որ համարում էր, որ բանակում ծառայությունը կկործանի իր վոկալային տաղանդը, և այդ ժամկետը կազմել է նույն երկու տարին։ Մինչ նա կրում էր պատիժը, ձերբակալել են նրա հորը։

Գոյություն ունի նաև Իոնեսյանի կենսագրության երրորդ վարկածը՝ շարադրված «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում, որը որոշակի հատվածներ է ներկայացրել նրա հարցաքննությունից։ Համաձայն դրա՝ առաջին պատիժը նա ստացել է զինվորական պարտականություններից խուսափելու համար՝ 1959 թվականին․ 1954 թվականի դատվածության մասին այդտեղ ոչինչ չի նշվում[3]։

Դատից հետո Իոնեսյանին ուղարկել են Գորի՝ թեթև ռեժիմի ճամբար։ Այնտեղ նա իրեն լավ է պահել, նույնիսկ մշակութային միջոցառումներ է կազմակերպել, ինչի համար նրան երբեմն թողել են քաղաք գնալ։ Արձակուրդներից մեկի ժամանակ Իոնեսյանը ճամբար չի վերադարձել, քանի որ նյարդերը տեղի են տվել և նա գնացել է տուն։ Դրանից հետո նրա պատիժը փոխել են մեկ տարվա հարկադիր աշխատանքով և շուտով բաց թողել։ Դրանից հետո Իոնեսյանին նորից բանակ են զորակոչել և նորից ուղարկել են կենտրոնական նյարդաբանական դիսպանսեր, որտեղ եզրակացություն են տվել, որ նա նյարդային հիվանդ է և չի կարող ծառայել։ Դրանից հետո նա վերջապես զինվորական գրքույկ է ստացել[3]։ Որոշ ժամանակ անց նա ամուսնացել է Մեդեյայի հետ, որն ավարտել էր Թբիլիսիի կոնսերվատորիան։ Նրանք ունեցել են որդի։ Չկարողանալով լավ վարձատրվող աշխատանք գտնել, կատարել է խմբակային գողություն և ձերբակալվել։ Այդ անգամ դատարանը, հաշվի առնելով նրա տարիքն ու ընտանեկան վիճակը, նրան դատապարտել է 5 տարի պայմանական ազատազրկման։ Կնոջ խնդրանքով, որը ցանկանում էր նրան բաժանել իր հանցակից ընկերների հետ շփումից, Իոնեսյանն ընտանիքով տեղափոխվել է Օրենբուրգ, որտեղ Երաժշտական կոմեդիայի թատրոնում աշխատել է որպես մենակատար–տենոր (մեկ այլ վարկածի համաձայն՝ կոնցերտմեյստեր)[3]։

1963 թվականի նոյեմբերին Կազանից թատրոն աշխատելու է գալիս ոմն նկարիչ՝ կնոջ հետ, որն էլ իր հերթին Կազանից իրենց մոտ է կանչում բալերինա Ալևտինա Նիկոլաևնա Դմիտրիևային (ծնվ. 1942)։ Ամուսինները և Դմիտրիևան տեղավորվել էին Իոնեսյանի ընտանիքի հարևանությամբ և Վլադիմիրի ու Ալևտինայի միջև սիրավեպ է սկսել։ Սակայն թատրոնի տնօրինությունը Դմիտրիևայի աշխատանքից գոհ չէր, նրան հայտնեցին, որ նա չի համապատասխանում թատրոնին և որ նա դեռ պետք է պարել սովորի։ Ինչպես հարցաքննության ընթացքում նշել է Իոնեսյանը, իր համար դա լուրջ հարված էր, իր խոսքերով, ինքը ցանկանում էր «բոլոր իմաստներով օգնել շատ լավ մարդու» և առաջարկել է իր հետ մեկնել Իվանովո, որտեղ բնակվում էր իր բարեկամը՝ Օրենբուրգի թատրոնի օպերետի նախկին ռեժիսորը։

Հանուն Դմիտրիևայի՝ Իոնեսյանը որոշել է լքել կնոջը և երեխային և առանց հարցնելու լքել է աշխատավայրը[3]։ Քանի որ Դմիտրիևան այնքան էլ հետաքրքրված չէր նրանով, ապա նա, որպեսզի համոզի մեկնելու իր հետ, խաբել է նրան՝ ասելով, որ աշխատում է ԱԱԾ–ում և իր ունեցած կապերի օգնությամբ նրան կդարձնի Մեծ թատրոնի առաջատար երգչուհի։ Իվանովոյում սիրահարների մոտ ոչինչ չի ստացվել և Վլադիմիրը համոզել է Ալևտինային՝ գնալ Մոսկվա՝ նրան ասելով, որ Մոսկվայում ժառանգություն ունի, որն իրեն թողել է Գերմանիայում մահացած քեռին[2]։ Մոսկվայում մի թոշակառուի մոտ, որի հետ նրանք ծանոթացել են մայրաքաղաք գալու առաջին ժամերին, նրանք բնակարան են վարձակալել՝ Մեշանսկի երկրորդ փողոցում՝ Ռիժսկովյան կայարանի մոտ։ Սակայն ապրելու միջոցները չեն բավականացրել․ Դմիտրիևային ոչ մի մայրաքաղաքային թատրոնում աշխատանք չեն տվել և Իոնեսյանը որոշել է փող աշխատել գողությամբ։ Ալևտինային նա նորից խաբել է, որ ծառայական առաջխաղացում է ունեցել և ստիպված է լինելու հաճախ գնալ «առաջադրանքներ կատարելու»։ Այն հանգամանքը, որ ԱԱԾ–ի գործակալը բավականին համեստ է հագնվում, Դմիտրիևային բացատրել է այնպես, որ քողարկված է աշխատում և չպետք է աչքի ընկնի։

Սպանությունների դրդապատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ իշխանությունները շտապել են մահապատժի հարցում, ուստի Իոնեսյանի արարքի դրդապատճառները չեն բացահայտվել։ Գործում՝ որպես դրդապատճառ նշվել է գողությունը, որն ընդհանրապես չի ընդգծում Իոնեսյանի արարքը, քանի որ մի շարք դեպքերում նա չէր վերցրել աչքի զարնող իրապես թանկարժեք իրեր և դրա փոխարեն վերցրել էր տարբեր մանրուքներ, որոնք իր կարծիքով կարող էին դուր գալ Դմիտրևային և որոնք հետագայում նվիրել է նրան։ Իոնեսյանի կենսագրության մեջ բացակայում է մանկության մասին որևէ տեղեկություն և հավանաբար նմանատիպ գործոնների փնտրման նպատակով Իոնեսյանի մանկության ուսումնասիրություն չի կատարվել, որը կբացատրեր նրա կողմից հետագայում կատարված հանցագործությունները[4]։ Հարցաքննության ընթացքում Իոնեսյանը հաստատել է, որ ինքն ուղղակի փող է փնտրել։ Առաջին սպանության դրդապատճառ է նշել, որ փողի պակասության պատճառով ինքը նյարդային, սթրեսային վիճակում է եղել, սակայն հետագա սպանությունների պատճառը նա չի կարողացել բացատրել։

Քրեաբանության ոլորտի հետազոտողները, մասնավորապես հայտնի մարդաբան և քանդակագործ Միխայել Գերասիմովը եկել են այն եզրակացության, որ Վլադիմիր Իոնեսյանը պատկանում է հիստերոիդ տեսակին և հանցագործություն կատարելը նրա համար ինքնահաստատման միջոց է, որով նա ցանկացել է համընդհանուր ճանաչման հասնել[5]։ Դա հաստատվում է նրանով, որ Օրենբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնում Իոնեսյանը, չնայած վոկալային կրթությանը, երկրորդական դերեր է խաղացել, բայց համարել է, որ ավելիին է արժանի։ Դա է գլխավոր պատճառ հանդիսացել, որ 1963 թվականին նա իր ուժերը փորձել է Մոսկվայում։

Կարծիք կա նաև, որ Իոնեսյանն ամենևին էլ սերիական մարդասպան չէ (մանյակ), որի համար զոհի տանջանքն ու սպանությունը պետք է հանցագործության գլխավոր նպատակը լինի, այլ կողոպտիչ, որի համար առաջնայինը շահադիտական դրդապատճառներն են, իսկ սպանությունը միջոց է հանցագործության վկաներին չեզոքացնելու համար[6]։

Իոնեսյանը երբեք իր կատարած սպանությունները նախապես չի պլանավորել։ Ներկայանալով որպես Մոսգազի հսկիչ կամ № 13 ԺԷԿ–ի աշխատող, նա անցել է բնակարաններով, հանել է հաշվիչների տվյալները, ստուգել է գազի այրիչները։ Ընտրելով ապագա գողության վայրը՝ նա մեծ մասամբ կողմնորոշվել է ոչ թե բնակարանի հարուստ կահավորումով, այլև այդ պահին բնակարանում եղած մարդկանց թվաքանակով։ Որպես հանցագործության գործիք օգտագործել է զբոսաշրջային կացին, որը գնել է խանութից։ Արտաքինից տարբերակող դետալ է եղել ականջակալով գլխարկը, որն Իոնեսյանն ի տարբերություն մոսկվայաբնակների մեծ մասի, կապել է ծոծրակին, այլ ոչ թե գլխի գագաթին, որը քննիչներին անմիջապես կողմնորոշել է, որ մարդասպանն այլ քաղաքից է։ Բայցևայնպես կան դեպքեր, երբ Իոնեսյանը ականջակալով գլխարկի փոխարեն կեպի է կրել[7]։

Առաջին սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոնեսյանն առաջին սպանությունն իրականացրել է 1963 թվականի դեկտեմբերի 20–ին Սոկոլի շրջանի Բալտիսկի փողոցի № 4 շենքի չորրորդ հարկում գտնվող № 95 բնակարանում։ Մոսգազի աշխատակցի կարգավիճակով նա անցել է շենքի մի շարք բնակարաններով, որտեղ գազային սարքավորումների պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու պատճառաբանությամբ զննել է առավել հարմար զոհին։ Զոհը դարձել է 12 ամյա Կոնստանտին Սոլոբևը[8]։ Համոզվելով, որ տանը ոչ ոք չկա՝ Իոնեսյանը կացնով մեծաթիվ կտրած վերքեր է հասցրել տղային (այլ տվյալներով մարդասպանը դանակ է օգտագործել, և դա եղել է ընդամենը մեկ անգամ, որ նա դանակ է օգտագործել)։ Սպանելով երեխային՝ Իոնեսյանը վերցրել է մանկական վերնազգեստ, 60 ռուբլի, ռուս.՝ «Шипр» օդեկոլոնի սրվակ և ծովափնյա ակնոցներ։

Շենքի բնակիչներին հարցաքննելով՝ ոստիկանության աշխատակիցները դուրս են եկել իննամյա Վլադիմիր Տեպլովի պատմած հետքերի վրա (բոլոր փաստաթղթերում, նույնիսկ դատարանում, վկայի ապահովության նպատակով նրա անունը նշվում էր որպես Արտյոմ Ֆրոլով)։ № 86 երեք սենյականոց կոմունալ բնակարանը, որ գտնվում էր երկրորդ հարկում, առաջինն էր, որ մտել էր Իոնեսյանը (առաջին հարկում բնակելի տներ չեն եղել)։ Այնտեղ գտնվող անչափահասից Իոնեսյանը հարցրել է, ուրիշ ինչ–որ մեկը կա արդյոք տանը, որին տղան մեխանիկորեն պատասխանել է, որ բոլորը տանն են, չնայած բնակարանում բացի իրենից գտնվել են յոթանասունամյա տատիկն ու նորածինը։ Հավանական է, որ այդ պատճառով Իոնեսյանը տղայի վրա չի հարձակվել, սակայն կասկածելով մտել է խոհանոց և ստուգել գազօջախը, որից էլ հետագայում ոստիկանները կարողացել են ճշգրիտ հանել նրա մատնահետքերը։ Տեպլովի ցուցմունքները (մասնավորապես այն մասին, որ անծանոթն արծվաքիթ է, չնայած նրա կովկասյան ծագումն արտահայտված չէր) մեծ դեր են խաղացել քրեագետ Սոֆի Ֆայնշտեյնի կողմից ֆոտոռոբոտ կազմելու աշխատանքներում։ Հանցագործի արտաքինի վերաստեղծման նպատակով՝ դիմել են նաև նկարիչ Նաում Կարպովսկիին և հայտնի քանդակագործ ու մարդաբան Միխայիլ Գերասիմովին։ Ինչ–որ պահի, երբ Ֆայնշտեյնն աշխատել է Տեպլովի հետ, նրա աշխատասենյակ է մտել Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցներից մեկը, որը պատահականորեն արտաքնապես շատ նման է եղել Իոնեսյանին, որն էլ թույլ է տվել կազմելու մարդասպանին շատ նման պատկերը։ Հենց Տեպլովն է առաջին անգամ պատմել անծանոթի ականջակալներով գլխարկի, որ այն կապված էր ծոծրակին, որն այդ ժամանակ բնորոշ չէր մոսկվացիներին և մատնել է հանցագործի եկվոր լինելու մասին։ Արդյունքում քննչական փորձարարության ժամանակ Տեպլովը ճանաչել է հանցագործին և ցուցմունք է տվել Ռուսաստանի Գերագույն դատարանում։

Սպանություն Իվանովոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի դեկտեմբերի 25–ին, երբ Իոնեսյանը Դմիտրիևայի հետ ժամանել է Իվանովո, անմիջապես երկու սպանություն է կատարել։ Շարունակելով ներկայանալ որպես գազային տնտեսություն աշխատակից՝ նա մտել է բնակարաններ և փնտրել զոհեր։ Կալինինա փողոցի բնակարանում նա կացնով սպանել է տասներկուամյա տղայի՝ Միխայիլ Կուլեշովին, տարել է բաճկոնը, կոֆտան, երկու ինքնահոս և մի քանի բաժնետոմսեր։ Օկտյաբրսկայա փողոցի ուրիշ բնակարանում սպանել է 74 ամյա կնոջ, բայց նրա տնից վերցրել է միայն գրպանի լապտերիկ և 70 կոպեկ։ Վերադառնալով Կալինինա փողոց՝ նա նորից սկսել է անցնել բնակարաններով։ Դրանցից մեկում նա հարձակվել է տասնհինգամյա աղջկա՝ Գալինա Պետրոպավլովսկայայի վրա, որին բռնաբարել է, հետո կացնով ինն անգամ հարվածել է գլխին։ Վերցրել է սվիտերը, բրդե գլխաշորը, կոֆտան և 90 ռուբլի։ Չնայած վնասվածքներին՝ Պետրոպավլովսկայան ապրել է և կարողացել է նկարագրել Իոնեսյանի արտաքինը։

Երեկոյան Իոնեսյանը Դմիտրիևային ասել է, որ իր կողմից իրականացրած «կառավարական առաջադրանքի» համար իրենց երկուսին կարող են սպանել, դրա համար էլ անհրաժեշտ է շուտ փախչել Իվանովոյից։ Նրանք ոտքով դուրս են եկել Իվանովոյից, 10 կիլոմետր գնացել են Մոսկվայի ուղղությամբ, հետո միայն նստել ավտոբուս։

Իվանովոյի սպանություններից հետո «մարդասպան՝ Մոսգազից» գործը ստացավ հատուկ կարևոր կարգավիճակ, այն անցավ հասարակական կարգի պահպանության նախարարի՝ Վադիմ Տիկունովի և նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսեյ Կոսիգինի անձնական վերահսկողության տակ (ինչպես այն ժամանակ կոչվում էր ոստիկանությունը)։ Գործի ընթացքին հետևել է անձամբ Նիկիտա Խրուշչովը։

Չորրորդ սպանությունը Մոսկվայում դեկտեմբերի 28 –ին Լենինգրադյան պողոտայի վրա գտնվող թաղամասում Իոնեսյանը սպանել է տասնմեկամյա տղայի՝ Ալեքսանդր Լիսովցին։ Երբ Իոնեսյանը նրան կացնով առաջին հարվածն է հասցրել, տղան վազել է զուգարան և փորձել է փակվել այնտեղ, սակայն հանցագործը հասել է նրան և սպանել զուգարանում։ Իոնեսյանը բնակարանից ոչինչ չի վերցրել։ Սենյակի դուռը, որտեղ գտնվել է պահարանը, փակ է եղել, իսկ բանալին գտնել, կամ դուռը ջարդել նա չի կարողացել։

Վերջին սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոնեսյանն իր վերջին սպանությունը կատարել է 1964 թվականի հունվարի 8–ին Շերեմեյտևո փողոցում՝ Մարինյան պուրակի շրջանում։ Զոհը քառասունվեցամյա Մարիա Երմակովան էր, որին այս անգամ նա ներկայացել էր, որպես ԺԷԿ–ի աշխատող։ Իոնեսյանը նրան մոտ քսան անգամ կացնով հարվածել է։ Բնակարանից վերցրել է հինգ կծիկ թել, երեք զույգ գուլպա, դրամապանակ, 30 ռուբլի, «Միր» սեղանի ժամացույց և «Ստարտ-3» հեռուստացույց։

Ձերբակալությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինյան պուրակի մի քանի բնակիչներ ոստիկաններին հայտնել են, որ սպանության օրը տեսել են, թե ինչպես է հարավային արտաքինով մի երիտասարդ սավանի մեջ փաթաթած հեռուստացույցով բեռնատար մեքենայով հեռացել է Շերեմեյտևո փողոցից։ Տեղամասային տեսուչ Մալիշևը նույնպես տեսել էր և հիշել էր ինքնաթափի պետհամարանիշի առաջին երկու համարը՝ 96։ Հետախույզներն արագ հաստատել են մեքենայի ամբողջական համարը՝ МОЖ 96-26։ Վարորդից իմացել են, որ նա իսկապես տեղափոխել է կովկասյան արտաքինով մի տղամարդու և նրան իջեցրել է Տրիֆոնովսկայա և Մեշանսկայա 2 փողոցների անկյունում։ Հարցաքննվել են մոտակա բնակարանների բնակիչները։ Շեպկինա փողոցում բնակվող մի կին հայտնել է, որ իր հարևանուհու մոտ բնակվում է զարմուհին՝ ամուսնու հետ, որը նման է կովկասցու, վերջերս հեռուստացույց է բերել և անմիջապես վաճառել է կողքի բնակարանի բնակչին։ Ստուգելով այդ բնակչին՝ ոստիկանության աշխատակիցները գտել են հեռուստացույցը և պարզել, որ դա նույն հեռուստացույցն է, որ կորել էր Երմակովի բնակարանից։ Ոստիկանները դարանակալվեցին Իոնեսյանի բնակարանում, բայց մարդասպանի փոխարեն բռնեցին Ալևտինա Դմիտրևնային, որը հետախույզներին հայտնեց, որ Իոնեսյանն աշխատում է ԱԱԾ–ում և գաղտնի առաջդրանք է կատարում։ Արագ ստուգումը, որը ղեկավարվել է այն ժամանակվա ԱԱԾ–ի ներկայացուցիչ Վլադիմիր Սեմիչաստնին, ցույց է տվել, որ Իոնեսյանը ԱԱԾ ցուցակում հաշվարկված չէ։ Դմիտրիևային բանտարկեցին մենախցում։ Նա խոստովանել է, որ Իոնեսյանը մեկնել է Կազան, որտեղ էլ որոշ ժամանակ անց պետք է ինքը մեկներ։ Կայարանում նրան «ց պահանջ» հեռագրով պետք է դիմավորեր Իոնեսյանը։ Որպես խայծ՝ Դմիտրիևայի փոխարեն Կազան ուղարկեցին Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակցին։ Իոնեսյանի ձերբակալումը ղեկավարում էր անձամբ Թաթարստանի հասարակական կարգի պաշտպանության նախարար Սալիխ Յապեևը։ 1964 թվականի հունվարի 12–ին առանց որևէ դժվարության «Մոսգազ» մականունով մարդասպանին ձերբակալեցին հենց Կազանի կայարանի կառամատույցում[9]։

Դատ և դատավճիռ

[խմբագրել | խմբագրել կոդը]

НТВ–ի «Բացեք, Մոսգազն է» փաստավավերագրական ֆիլմում վկայություններ են բերվում, որ Իոնեսյանի հետ զրուցել է անձամբ ԽՍՀՄ–ի գլխավոր դատախազ Ռոման Ռուդենկոն, որը վերնախավի հանձնարարականով իր ծառայողական մեքենայով նրան հասցրել է պետության փաստացի ղեկավար Ն․Ս․ Խրուշյովի աշխատասենյակ։ Այդ վարկածի համաձայն՝ նայելով Իոնեսյանին Խրուշյովը հանձնարարել է․ «Որպեսզի երկու շաբաթից նա արդեն չլինի…»։ Իոնեսյանի գործընթացը երկարատև չէր և փակ բնույթ էր կրում։ Փաստորեն մեղադրյալի ճակատագիրը, մինչև դատաքննությունն, արդեն որոշվել էր։ Քանի որ նրա գազանային սպանությունները մեծ հնչեղություն էին ստացել և ցնցել էին հասաևրակությանը, ուստի հասարակական կարգի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել որքան հնարավոր է արագ ավարտել քննությունը, իրականացնել դատաքննություն և մահապատժի դատավճիռ կայացնել Իոնեսյանի նկատմամբ։ Ոստիկանության Կենտրոնական հանձնաժողովի ղեկավարության գրագրության մեջ հիշատակվում է հետևյալ նախադասությունը․ «Իոնեսյանին կախելու միջոցով մահապատժի ենթարկել և դատավճիռն ի կատար ածել հրապարակայնորեն»։ Առաջարկվել էր նաև այլ՝ պատասխանատվության ավելի բացառիկ միջոցներ։ ԽՍՀՄ ԱԱԾ–ի ղեկավարի առաջին տեղակալ պաշտոնաթող Ֆիլիպ Բոբկովը 2001 թվականին նշել է, որ ստորաբաժանում էին ստացվում քաղաքացիների, աշխատավորական կոլեկտիվների նամակներ, որոնք երեխաների նկատմամբ կատարված դաժանությունների հանար պահանջել էին հրապարակայնորեկ կախել մարդասպանին, կամ քառատել նրան Կարմիր հրապարակի ճակատային հատվածում։

Սակայն ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ղեկավարության պլանների մեջ չէր մտնում գործընթացի լայն լուսաբանումը, ինչը պնդում էին նաև այդ կազմակերպության մի շարք աշխատողներ։ Դրա հետ մեկտեղ հաշվի էր առնվել նաև հանցագործի ազգությունը և այդ հողի վրա կրքեր բորբոքելուց խուսափելը։

Քննությունն ու դատական պրոցեսը տևել է երկու շաբաթ։ 1964 թվականի հունվարի 30–ին Ռուսաստանի Գերագույն դատարանը կայացրել է դատավճիռ՝ մահապատիժ։ Դատավճռում հստակեցվում էր, որ «դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»։ Ներման խնդրանքը տեղում մերժվել է և արդեն հաջորդ օրը՝ 1964 թվականի հունվարի 31–ին, ժամը 23–ին Վլադիմիր Իոնեսյանը գնդակահարվել է Բուտիրսկի բանտում։

Ալրտինա Դմիտրիևային դատարանը ճանաչել է հանցակից, թեպետ Իոնեսյանը հարցաքննության ընթացքում միշտ առանձնացրել է նրան՝ նշելով, որ նա ոչինչ չի իմացել սպանությունների մասին, նույնիսկ նրա մեղքը՝ ավելի ուշ քրեաբան–փորձագետների կարծիքով, դատարանում չի ապացուցվել։ Նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման, սակայն հետագայում 1972 թվականին (կամ 1971) նա վաղաժամկետ ազատվել է։

Մասսայական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մոսգազ»– Անդրեյ Մալյուկովի տաս սերիանոց գեղարվեստական հեռուստասերիալ, որն էկրան է բարձրացել 2012 թվականին։ Սերիալն իրենից ներկայացնում է իրական փաստերի ազատ շարադրանք, Վլադիմիր Իոնեսյանը վերանվանվել է Վլադիսլավ Վիխրովի (դերը խաղացել է Մաքսիմ Մատվեևը)
  • Ախտորոշում․մոլագար (2004)
  • «Զանգում են, փակեք դուռը»–Առաջին ալիքի փաստավավերագրական ֆիլմ (առաջնախաղը եղել է 2012 թվականի նոյեմբերի 2–ին)
  • «Բացեք, Մոսգազն է» –НТВ–ի Լեոնիդ Կանևսկիի՝ «Քննությունը վարում են…» փաստավավերագրական հաղորդաշարի սերիաներից մեկը։
  • «Սարսափ մայրաքաղաքի վրա։ Գործ «Մոսգազ»–Առաջին ալիքի փաստավավերագրական ֆիլմ (1998 թվական)։

2015 թվականի մարտին Մոսկվայում ձերբակալվել է Տաջիկստանի քսանամյա քաղաքացի Անուշերովոն Ռախմանովը, որը ընդօրինակել էր Իոնեսյանին։ Ռախմանովը նույնպես մտնում էր մոսկվացիների բնակարանները՝ որպես գազային ծառայության աշխատակից և ոչնչացրել ամբողջ ընտանի անդամներին, մարդկանց հասցնելով ծեծած–կտրած վերքեր։ Քննությամբ կասկածվել է 7 սպանության կատարման մեջ։ Հայտնաբերվել է ապրիլի 2–ին «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում կախված։ Փրկվել է, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է հաջորդ օրը՝ գիտակցության չգալով[10]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Модестов Н. С. Маньяки… Слепая смерть : Хроника серийных убийств. — М.: Надежда-I, 1997. — 284 с. — (Уголовные тайны). — ISBN 5-86150-041-X

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Владимир Ионесян — Убийца из Мосгаза». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 Борис Сопельняк (26 мая 2006). «Кровавые дела Мосгаза (часть 2)». Хранитель. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Алексей Богомолов (20 декабря 2012). «Маньяка по кличке Мосгаз допрашивали министр внутренних дел и Генеральный прокурор». Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Владимир Ионесян». 22 декабря 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. {{cite web}}: Text "Энциклопедия Смерти" ignored (օգնություն)
  5. Маргарита Троицына (29 сентября 2011). «Маньяки XX века: «Мосгаз» — первый маньяк в СССР». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Серийные убийства».
  7. Сергей Ефимов (1 Ноября 2012). «Я до сих пор помню лицо Мосгаза» (ռուսերեն). Комсомольская Правда. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. «Где дремлют мёртвые» (ռուսերեն).
  9. «ПРЕСТУПНИКА ВЗЯЛИ НА ВОКЗАЛЕ». www.stopstamp.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. «СКР начал проверку по факту суицида подозреваемого в убийстве москвичей жителя Таджикистана». Interfax.ru (ռուսերեն). 2015 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.