Վարդակակաչ հայկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդակակաչ հայկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Շուշանածաղկավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Ցեղ Վարդակակաչներ
Տեսակ Վարդակակաչ հայկական
Լատիներեն անվանում
Tulipa armena


Վարդակակաչ հայկական (Tulipa armena, Armenian tulip), շուշանազգիների ընտանիքի սոխուկավոր բազմամյա բույսերի ցեղ: Պատկանում է վարդակակաչի ասիական տեսակներին: Հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Հանդիպում է Հայաստանում, ժամանակակից Թուրքիայում, Իրանում և Հարավային Կովկասում[1]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ անկայուն բույս է[2]: Սոխուկը պատված է համեմատաբար սակավ մազմզուկներով, ցողունի երկարությունը 8-25 սմ է, տերևները 3-6 են, բավականին լայն, երկարությունը հասնում է 20 սմ-ի, պատված են մազիկներով կամ հարթ են, ունեն ալիքաձև եզրեր, գույնը՝ գորշ կանաչավուն[3]: Ծաղիկները մեկական են, թասաձև և փոփոխական: Հիմնականում կարմիր են՝ մուգ մանուշակագույն, սև կամ մուգ կանաչ բծերով, հաճախ դեղնավուն շերտաբծերով կամ դեղին[4]: Որպես կանոն, ծաղկաթերթիկները օվալաձև են, սրածայր: Առէջքները սև են կամ մուգ մանուշակագույն, փոշանոթները՝ դեղին կամ սև: Հայկական վարդակակաչը հաճախ շփոթում են Վարդկակաչ Յուլիայի հետ, որի սոխուկն առավել մազմզոտ է[5]:

Բնական միջավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական վարդակակաչը տարածված է հյուսիս-արևելյան Թուրքիայում, Հարավային Կովկասում (Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) և հյուսիս-արևմտյան Իրանում[1]: Հիմնականում աճում է ծովի մակարդակից 1000-2700 մ բարձրությունների միջև՝ լեռների քարքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին[3]:

Հանդիպում է նաև Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մարմարիսի թերակղզում՝ առավել ցածրադիր վայրերում[3]: Հավանաբար այնտեղ հայտնվել է Օսմանյան կայսրության ժամանակներից, ուր տարվել է որպես զարդաբույս:

Տեսակն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի տակ՝ բնական միջավայրի և աճը խթանող պայմանների վատթարացման պատճառով: Հիմնականում խոչընդոտ են հանդիսանում անտառօգտագործումը, արոտավայրերի ծայրահեղ չափերի հասնող ընդարձակումը, ճանապարհաշինարարությունը և էկոտուրիզմի հետ կապված խախտումները: Ծաղկի այս տեսակն այժմ հանդիպում է միայն հյուսիս-արևելյան Անատոլիայում[6]: Աճում է տափաստանային շրջաններում, թթվայնություն պարունակող և հումուսով հարուստ հողերում[7]:

Այլ անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական վարդակակաչն առաջին անգամ նկարագրվել է 1859 թվականին, շվեյցարիացի բուսաբան, ճանապարհորդ և մաթեմատիկոս Պիեռ Էդմոն Բուասյեի կողմից՝ հյուսիս-արևելյան Թուրքիայում: Հայաստանի և Արցախի լեռնային գոտիներում հայտնաբերված նմանատիպ վարդակակաչները կոչվում են Tulipa karabachensis, սակայն դա սոսկ Tulipa armena-ի հոմանիշն է[1][8]: Արևելյան Թուրքիայում և հյուսիս-արևմտյան Իրանում հանդիպող՝ առավել մազմզոտ սոխուկներով ու առավել երկար ցողունով ծաղիկները կոչվում են Tulipa willmottiae Freyn[9]:

Tulipa mucronata Fomin, Tulipa karabachensis Grossh. pro parte, Tulipa confusa Gabrielian անուններով հայտնի ծաղիկները նույնպես հայկական վարդակակաչի անվանումներն են[10]: Tulipa galatica անվանումով հայտնի է ծաղկի բացառապես դեղին տեսակը[11], իսկ Tulipa gumusanica անվանումով այն հայտնի է արդեն իսկ որպես առանձին տեսակ[7]:

Գործածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական վարդակակաչը օգտագործվում է նաև այգեգործական նպատակներով: Պահանջկոտ է արևի լույսի և ջերմության նկատմամբ, լավ է աճում չորային և շոգ պայմաններում[12]:

Տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Tulipa armena», World Checklist of Selected Plant Families, Royal Botanic Gardens, Kew, http://apps.kew.org/wcsp/namedetail.do?name_id=289694, վերցված է 2013-10-15 
  2. Anna Pavord, The Tulip (London, Bloomsbury 1999) 22f
  3. 3,0 3,1 3,2 Anna Pavord, The Tulip (London, Bloomsbury 1999) 289
  4. W. Marais, Notes on Tulipa (Liliaceae). Kew Bulletin 35/2, 1980, 257 f. Stable URL: https://www.jstor.org/stable/4114569
  5. Anna Pavord, The Tulip (London, Bloomsbury 1999) 23
  6. Terzioğlu S., Coşkunçelebi K., Ayaz S. (2014)։ «Tulipa gumusanica.»։ The IUCN Red List of Threatened Species 2014։ Վերցված է 31 December 2017 
  7. 7,0 7,1 Kamil Coşkunçelebi, Salih Terzioğlu, Zafer Türkmen, Serdal Makbul, Ayhan Usta 2008, A comparative study on two closely relative Tulipa L. taxa from NE Anatolia. Plant Systematics and Evolution 276/3-4, 191–198
  8. Christenhusz, Maarten J.M.; Govaerts, Rafaël; David, John C.; Hall, Tony; Borland, Katherine; Roberts, Penelope S.; Tuomisto, Anne; Buerki, Sven և այլք։ (2013), «Tiptoe through the tulips – cultural history, molecular phylogenetics and classification of Tulipa (Liliaceae)», Botanical Journal of the Linnean Society 172 (3): 280–328, doi:10.1111/boj.12061 
  9. W. Marais, Notes on Tulipa (Liliaceae). Kew Bulletin 35/2, 1980, 257. Stable URL: https://www.jstor.org/stable/4114569
  10. W. Marais, Notes on Tulipa (Liliaceae). Kew Bulletin 35/2, 1980, 258. Stable URL: https://www.jstor.org/stable/4114569
  11. Richard Wilford, Tulips, Species and hybrids for the gardener (Portland, Timber Press 2006), 80
  12. Richard Wilford, Tulips, Species and hybrids for the gardener (Portland, Timber Press 2006), 81